HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կարգադրիչները հակասական ցուցմունքներ են տալիս

Չնայած ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հարությունյանի գործի դատաքննության սկզբում մեղադրող դատախազը նշեց, թե գործով տուժողների ցուցմունքներում հակասություններ չկան, բայց ինչպես պարզվեց, նրանք հակասական ցուցմունքներ են տալիս դեռ նախաքննությունից, և պաշտպան Տ. Հայրապետյանը իրավացիորեն էր պնդում, որ դատարանում նրանք առանձին-առանձին հարցաքննվեն:

Ըստ Աշոտ Հարությունյանի՝դատարանի բակ մտնելուց հետո դարպասներն իրենց հետևից փակվել են:

Իր գործընկերուհու՝Նունե Պառավյանի՝ իրեն տուն տանելու պահանջով ցանկացել է դուրս գալ դատարանի տարածքից, բայց դատավորը թույլ չի տվել: Ի վերջո կարգադրել է բացել դարպասները: Երբ երկրորդ անգամ Նունե Պառավյանի հետ վերադարձել է դատարանի տարածք, 4 կարգադրիչ կանգնած է եղել դատարանի բակում: Կանգնեցրել են Աշոտ Հարությունյանին: Վերջինս, ավտոմեքենան թողնելով դարպասներից դուրս, ներս է մտել դատարանի բակ: Դատավորն ու կարգադրիչները պահանջել են դատարանի շենք մտնել և զրուցել դատավորի հետ, ինչին ինքը չի համաձայնել, որից հետո իրեն ծեծել են: Ինքը ոչ ոքի չի հարվածել:

Գործով տուժողներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը դատարանում հետևյալ ցուցմունքները տվեցին. Էդգար Չատինյանն ասաց, որ դատավորի հետևից դատարանի բակ մտնելով ու մեքենայից իջնելով՝Աշոտ Հարությունյանը հետևյալ արտահայտությունն է արել. «Էս ուր եմ եկել ես»: Էդգար Խանվելյանի ցուցմունքով՝ նա ասել է. «Էս ուր ես ինձ բերել» (սա նաև նրա նախաքննական ցուցմունքն է): Տուժողները ցուցմունք տվեցին, որ մինչև դատավորի գալը դատարանի դարպասները փակ են եղել: Էդգար Խանվելյանի ասելով՝դատավորը զանգել նախազգուշացրել է իր գալու մասին, կոնկրետ Էդգար Չատինյանի հետ է խոսել: Չնայած վերջինս նախաքննության ընթացքում նմանատիպ ցուցմունք էր տվել, դատարանում, սակայն, հերքեց այդ հանգամանքը: Ասաց, որ պատուհանից են տեսել դատավորի գալը և դարպասները բացելով՝դուրս են եկել նրան դիմավորելու:

Ցուցմունք տվեցին, որ դատավորի և Աշոտ Հարությունյանի ներս մտնելուց հետո դարպասները փակվել են: Եվ դարպասները փակ վիճակում էլ Աշոտ Հարությունյանին ասել են՝գնա, հեռացիր: Էդգար Խանվելյանը հաստատեց, որ եթե Աշոտ Հարությունյանը ուզենար հեռանալ, չէր կարող: Նունե Պառավյանի խոսելուց հետո է դատավորը կարգադրել բացել դարպասները:

Կարգադրիչները հայտնեցին, որ դեպքի օրը իրենք երկուսով են հերթապահություն իրականացրել: Երբ Աշոտ Հարությունյանը երկրորդ անգամ դատարան է եկել, նրանց միացել է ևս երկու կարգադրիչ՝Ալբերտ Քոչարյանն ու Արթուր Բաղդասարյանը:

Էդգար Չատինյանի ցուցմունքով՝ ինքն է զանգել կանչել նրանց: Երկրորդ անգամ Աշոտ Հարությունյանը դատարան է վերադարձել այն պահին, երբ ինքն ու Էդգար Խանվելյանը մուտքի մոտ դիմավորելիս են եղել նրանց:

Սակայն Էդգար Խանվելյանը ցուցմունք տվեց, որ Աշոտ Հարությունյանը կարգադրիչների գալուց հետո է վերադարձել դատարան:

Հարցին, թե ինչու Աշոտ Հարությունյանի հեռանալուց հետո կարգադրիչները չեն զանգել ոստիկանություն՝ հնարավոր միջադեպը կանխելու համար, Էդգար Չատինյանը հակասական պատասխան տվեց. «Մտածեցինք՝ կարող ա չգա, կարող ա՝ էդ աղջիկը չթողա», ապա՝ «Զանգեցի Ալիկին, Արթուրին կանչեցի, ասի՝կարող ա՝Աշոտը գա, զինված գա»:

Կարգադրիչ Էդգար Խանվելյանը հակասեց իրեն՝պատասխանելով այն հարցին, թե արդյոք Աշոտ Հարությունյանը գիտե՞ր, որ դատավորի հետ է վիճաբանում. «Ես ինչ գիտեմ. կարող ա ըտեղ իմացավ, կամ հետո ա իմացել… Ասինք՝ գիտես ում հետ ես խոսում, սա դատավորն ա»: Մեղադրող դատախազը նշեց. «Համ ասում ես՝ասեցինք էս մարդը դատավորն ա, համ ասում ես՝եսիմ գիտեր, որ դատավորն ա, թե չէ»: «Կոնկրետ ես ասեցի՝ կգնա, իմանալով, որ դատավոր ա, կարող ա զենք բերի, ահաբեկի»,- իր պատասխանում կողմնորոշվեց կարգադրիչ Խանվելյանը:

Վերջինս նաև ցուցմունք տվեց, որ Աշոտ Հարությունյանն իրեն չի հարվածել, բայց հարվածել է Էդգար Չատինյանին: Ապա փորձեց շտկել իր պատասխանը. « Հարվածել ա, քաշել ա, չգիտեմ: Որ կուրտկեն հանել ա, միգուցե կուրտկից ա ճակատը ճղվել»: Դատախազը այս հակասությունն էլ նկատեց:

Էդգար Չատինյանի ասելով՝իր վնասվածքները Աշոտ Հարությունյանի հետ քաշքշուկի ընթացքում է ստացել, կոնկրետ որ պահին, ինչի հետևանքով, չի հիշում. Աշոտ Հարությունյանը բռնել էր բաճկոնից, բաց չէր թողնում, քաշել, պատռել է: Ցուցմունք տվեց, որ Աշոտ Հարություննյանն իրեն չի հարվածել:

Էդգար Չատինյանը դատարանում հայտնեց, որ դեպքից հետո՝գիշերը, հավանաբար դատավորի զանգով ոստիկաններ են եկել իրենց հետևից ու տարել հարցաքննության: Վերցրել են նաև իր բաճկոնը: Այդ գիշեր իրենք ոչ մի գրություն չեն գրել: Ինքը ոստիկաններին հայտնել է, որ միջադեպը ոչ թե իրենց, այլ դատավորի հետ էր կապված:

Էդգար Խանվելյանն էլ դատարանում ասաց, որ Աշոտ Հարությունյանը անհարգալից էր սկզբում դատավորի, հետո նաև իրենց նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter