Տեղական ինքնակառավարման ներկա վիճակի հետ հաշտվելն աններելի է
ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության, թափանցիկության եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու առնչությամբ տարբեր համայնքներում կատարված դիտարկումները հնարավորություն են տալիս կատարել մի քանի ընդհանուր եզրահանգումներ.
- համայնքների անդամները մեկուսացած են կառավարման գործընթացից, քիչ են հետաքրքրվում տեղական իշխանությունների աշխատանքներին մասնակցելու եւ որոշումներ կայացնելու գործընթացներով,
- ավագանու նիստերի եւ որոշումների մասին բնակչությունը չի տեղեկացվում.
- չեն հրատարակվում համայնքային տարեկան բյուջեները, բյուջեների կատարողականները,
- հրատարակման դեպքերը հիմնականում պայմանավորված են ոչ պետական կազմակերպությունների` համայնքներում իրականացվող ծրագրերով,
- հրատարակվելու պարագայում էլ բյուջետային տեղեկությունները չեն տարածվում համայնքի բնակիչների շրջանում եւ մատչելի ձեւով չեն ներկայացվում հանրությանը,
- ավագանին շատ եւ շատ համայնքներում պարզապես համայնքի ղեկավարի կցորդն է եւ ոչ թե հասարակական շահերի ներկայացուցիչն ու պաշտպանը. այն հանդես չի գալիս իբրեւ համայնքի գործադիր իշխանության հակակշիռ, չի իրականացնում վերահսկողական գործառույթ,
- տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերություններում կան անհստակություններ, որոնք չեն նպաստում ապակենտրոնացման ու վերահսկողության գործընթացների իրականացմանը:
Եզրահանգումների այս ոչ ամբողջական շարքը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ մեր բոլորի կյանքի որակը կախված է տեղական ինքնակառավարման որակից: Սակայն մենք ոչ միայն հանդուրժում ենք այս իրականությունը, այլեւ հաճախ վատն ու վատթարագույնը համեմատելով` մխիթարվում ենք կամ հուսահատությունից հաշտվում իրականության հետ:
Ամիսներ առաջ համայնքապետարաններից մեկի ներկայացուցիչը, փորձելով հակադարձել իրենց գործունեության մասին մի հոդվածում տեղ գտած գնահատականներին, շատ ինքնավստահ հայտարարեց, թե «մեր համայնքի ղեկավարն այնպիսի ղեկավար է, որ իր գրպանից է ծախսում»: Համայնքային ծառայողին գուցեեւ կարելի է չմեղադրել «շեֆին» կամ գործատուին տված գնահատականի համար, սակայն հարկ է խորհել, թե ինչպես են մեզանում ձեւավորվում համայնքապետարանի աշխատակազմերը:
Սովորաբար, ՏԻՄ ընտրություններից հետո հաղթող թեկնածուն իրեն սատարող անձանց, անկախ նրանց կրթական ցենզից ու աշխատանքային կենսագրությունից, պարգեւատրում կամ երախտահատույց է լինում «աշխատանք տալով», իսկ վերջիններս, չկարողանալով ազատվել ընտրապայքարի հոգեբանական հետեւանքներից, իրենց աշխատանքը սկսում ու իրականացնում են մի տեսակ պայքարի ոգով: Ատամներով պահելով շեֆին` իրենց քծնանքով շատ հաճախ վնասում ու շեղում են իշխանության ղեկին հայտնված մարդուն:
Տեղական ինքնակառավարման էությունն ու իմաստը լիարժեք չըմբռնած համայնքապետարանի աշխատակիցները համայնքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների աշխատանքային հաջողությունները, համայնքային բյուջեով կատարվող աշխատանքները, այլ աղբյուրների միջոցներով իրականացվող տարաբնույթ ծրագրերը համայնքների բնակիչներին ներկայացնում են որպես համայնքի ղեկավարի հաջողություն: Համայնքների ղեկավարները հաճախ ներկայացվում են իբրեւ գործարար-բարեգործներ, որոնք հովանավորում են, ծախսում են իրենց գրպանից, իսկ թե որտեղի՞ց նրանց գրպանում այդքան փող, դա հանրությանը չի հուզում: Եթե համայնքի ղեկավարը իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա ինչպե՞ս կարող է լինել գործարար կամ ծախսել իր գրպանից, որտեղ բացի աշխատավարձից ուրիշ ոչինչ չպետք է լինի: Չնայած` աշխատավարձով լցվող գրպանի տերը մեզանում չի կարող հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին...
Դիտարկումները ցույց են տալիս, որ համայնքների ղեկավարները շռայլորեն են վերաբերվում ոչ միայն իրենց գրպանին, այլեւ սեփական համայնքի բյուջեին: Առանց լուրջ հանրային քննարկումների` բյուջեում տեղ են գտնում էական ծախսեր նախատեսող ծրագրեր, եւ համայնքների ղեկավարները կյանքի են կոչում իրենց մտքի ցանկացած արգասիք: Որպեսզի բյուջեն չուղղվի չհիմնավորված աշխատանքի կամ ծրագրի իրականացմանը, անհրաժեշտ է իրավական ճանապարհով կարգավորել խնդիրը. ասենք` 10 մլն-ը գերազանցող աշխատանքների ու ծրագրերի իրականացման պարտադիր պայման սահմանել գրավոր հարցման անցկացումը համայնքի 2000 բնակիչների շրջանում: Այն համայնքները, որոնց բնակչության թվաքանակը չի հասնում 2000-ի, հարցում կարելի է անցկացնել համայնքի բոլոր` քվեարկության իրավունք ունեցող բնակիչների շրջանում:
Այս մոտեցումը կարող է նպաստել նաեւ տեղական հանրաքվեների մշակույթի ձեւավորմանը, որը լավագույն գործիքն է տեղական ժողովրդավարության զարգացման համար: Հարցումն անցկացնելու կազմակերպչական խնդիրները կարելի է լուծել 2 ճանապարհով` ավագանու ստեղծած ժամանակավոր հանձնաժողովին կամ համայնքում գործող ՀԿ-ներին պատվիրելու միջոցով: ՀԿ-ների ներգրավումը ժողովրդավարության տեսանկյունից ավելի ողջունելի է, իսկ ներգրավման ընտրությունը նույնպես կարելի է կատարել ավագանու ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի միջոցով:
Միայն ավագանու ինստիտուտին ապավինելը բավարար չէ, քանի որ համայնքների ավագանիների որոշումների արձանագրությունները վկայում են ավագանու «պոլիտբյուրոյական» կեցվածքի մասին: Իհարկե, պատահում են բացառիկ դեպքեր, երբ ավագանին կտրուկ անհամաձայնություն է դրսեւորում (նման իրավիճակի հանդիպել ենք Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում), սակայն, որպես կանոն, նման «բոյկոտը» լինում է կարճատեւ, օրենքով չհիմնավորված, նաեւ` ոչ գրագետ:
Համայքնի բնակիչները, անգամ` ավագանին, չգիտեն, որ ավագանին` որպես ներկայացուցչական մարմին, պետք է արտահայտի համայնքի բնակիչների ցանկությունները, պատասխան տա ընտրողներին գործադիրի առաջարկած բյուջեին հավանություն տալու համար, հակադրվի գործադիրին, երբ չի պահպանվում հաշվետվողականության սկզբունքը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է համայնքի ավագանու անդամի հետեւյալ պարտականությունը. «...պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մաuին»: Եթե հանրապետության տարբեր համայնքների բնակիչների շրջանում հարցում արվի, թե մասնակցե՞լ են իրենց համայնքի ավագանու անդամների, այն էլ «պարբերաբար», կազմակերպած հանդիպումներին, տխուր, սակայն սպասելի արդյունքներ կտեսնենք:
«Բյուջետային համակարգի» մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է.
«Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար
ա) համայնքի բյուջեի մաuին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո եռoրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում: Միաժամանակ պատրաuտվում եւ հրատարակվում են բյուջեի հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ ներառող տեղեկատուներ եւ գրքույկներ,
բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամuյակից հետո մեկ ամuվա ընթացքում հրապարակվում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամuյակային կատարման մաuին,
գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաuտատելուց հետո հնգoրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում»:
Տեղական մամուլում բյուջետային փաստաթղթերի հրատարակման մասին օրենքի պահանջները մնում են անկատար, իսկ համայնքների ղեկավարներն արդարանալու լավ պատճառաբանություն ունեն` տեղական մամուլ չունենք: Թեպետ տեղական մամուլի գոյության պարագայում էլ մեծ տեղաշարժեր չեն լինի: Կնշանակի` անհրաժեշտ է ավելի խստացնել օրենքի պահանջները, ներառել վարչական պատասխանատվություն օրենքի պահանջները չկատարելու համար, քանի որ թե «Տեղական ինքնակառավարման մասին», թե «Բյուջետային համակարգի մասին», եւ թե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներով սահմանված թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետու լինելու սկզբունքները մնում են թղթի վրա:
Առհասարակ, տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը մշտական վերանայումների, փոփոխությունների ու լրացումների կարիք ունի, քանի որ ամրագրված դրույթները չեն կիրառվում: Օրենսդրության պահանջները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել