HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչն է ցավ պատճառում մեզ

Հայաստանի վարչապետին ցավ են պատճառում ընդդիմության հրապարակած փաստերը, որոնք արժանահավատ կերպով հերքելու համար պետք է օգտագործել մարդկության հորինած այն գործիքները, որոնք ստեղծված են հատկապես կասկած փարատելու նպատակով։

Լեւոն Տեր-Պետրոսյանն աշնանային հանրահավաքներից մեկում խոսեց ներկրվող բենզինի իրական ծավալները թաքցնելու, ղազախական գազը վիճակագրության մեջ չարտացոլելու մասին։ Ավելի ուշ նա հասարակության ուշադրությունը հրավիրեց ԿԲ-ում եղած ոսկու պաշարների վաճառքի վրա՝ դա համարելով ձախորդ գործարք։ 

Հունվարին Էներգետիկայի նախարարությունը հրապարակեց մի տեղեկանք, որով իբր բացատրում էր, թե Տեր-Պետրոսյանի նշած ծավալի գազն ընդհանրապես չի եղել եւ դրա համար չէր կարող վիճակագրվել։ Տեղեկանքը գրված էր մի լեզվով, որը հասկանալի չէ միջին մտավոր կարողություններ ունեցող մարդուն՝ տեղեկատվություն սպառողին։ Տեղեկանքին չհավատալու, բայց եւ չկասկածելու հիմք չունենալով՝ փորձեցի դիմել ծանոթ մասնագետների օգնությանը։ Նրանք ասացին, թե ոչինչ ասել չեն կարող, քանի որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։ Մի խոսքով՝ կառավարությունը համարեց, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տեղեկանք տպագրելով` հարցը փակել է, իսկ իմ եւ, կարծում եմ, շատ-շատերի կասկածները մնացին չփարատված։

Սա հրապարակայնորեն հնչած մեղադրանքները հերքելու միակ եւ, թույլ տվեք ասել, անհաջող փորձն էր։ Բենզինին վերաբերող փաստերը եւ ոսկու վաճառքի արդյունավետությունը կասկածի տակ առնող հայտարարությունները մնացին ձայն բարբառոյ յանապատի։ Թեեւ, եթե դրանք «ցավ պատճառելու» նպատակով հնչեցված դատարկ հայտարարություններ էին, կարելի էր հերքել ոչ թե ութ ամիս անց, այլ հենց քարոզարշավի օրերին՝ արժանի հակահարված տալով մրցակցին։

Սույնով, իհարկե, չեմ ուզում ասել, թե չեմ հավատում վարչապետ Տիգրան Սարգսյանի հերքումներին, բայց չեմ դադարում հավատալ նաեւ Տեր-Պետրոսյանի պնդումներին, որովհետեւ երկուսն էլ ասում են մի բան, որին հավատալ կամ չհավատալու համար հարկավոր է լայնածավալ հասարակական քննարկում։

Իսկ որտե՞ղ պետք է լինի այդ քննարկումը, եւ ո՞վ պիտի մասնակցի դրան։ Ժամանակակից աշխարհում (քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում, իհարկե) նման քննարկումները լինում են բոլորին հասանելի, երեւացող մի վայրում, որն է հեռուստաեթերը։ Այստեղ են հավաքվում հավատացողներն ու անհավատները, կասկածողներն ու չկասկածողները եւ, օգտագործելով լրագրողների հմտությունն ու հայթայթած նյութերը, քննարկում՝ «եղե՞լ է, թե՞ չի եղել», «կարո՞ղ է, թե՞ չի կարող» հարցերը։

Հիմա պատկերացրեք, որ այդ վայրը կա, ու դեմ դիմաց նստած են վարչապետի եւ առաջին նախագահի տեսակետները պաշտպանողները։ Վարչապետի ներկայացուցիչը բենզինի չգրանցման փաստը հերքելու համար ասում է. «… բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ բենզինը հատում է մի քանի պետությունների սահման…»։ Այսինքն՝ ուզում է ասել, որ նման բան կարելի է անել միայն տարանցիկ երկրների համապատասխան մարմինների հետ հանցավոր համաձայնության գալով։ Սրանով վարչապետի ներկայացուցիչը կասկածողներին ուղարկում է տարանցիկ երկրների մաքսային ծառայություններում կամ բենզին վաճառող կազմակերպության հաշվապահությունում ստուգումներ կատարելու։ Յուրաքանչյուր դպրոցական գլխի կընկնի, որ հարեւան պետությունների համապատասխան ծառայությունները կամ բենզին վաճառող կազմակերպությունը կարող են շատ հեռու ուղարկել հետաքրքրասերին՝ չպատճառաբանելով կամ պատճառաբանելով՝ «պետական գաղտնիք է», «գերատեսչական գաղտնիք է», «բիզնես գաղտնիք է» եւ այլն։

Ընդդիմախոսը, սակայն, ապավինում է սեփական ուժերին։ Նա ասում է՝ ի՞նչ գործ ունենք տարանցիկ երկրների հետ, եկեք նայենք մեր թվերը։ Այսինքն՝ եկեք գնանք ճանապարհային ոստիկանություն, տեսնենք քանի՞ մեքենա կա գրանցված, հետո գնանք գազի թույլտվություն տվող կազմակերպություն ու պարզենք, թե եղած մեքենաներից քանի՞սն են գազով։ Հետո հաշվենք տարբերությունը եւ բենզինով աշխատող մեքենաների հնարավոր միջին ծախսը համեմատենք ներկրվող բենզինի ծավալների հետ։

Եթե վարչապետի ներկայացուցիչն ասի՝ գնանք, պետք է գնալ։ Եթե ասի, թե, գիտեք, դա լուրջ մոտեցում չէ, պետք է խնդրել ներկայացնել ավելի լուրջ մոտեցում։ Այսպես պետք է քննարկել բենզինի, ոսկու պաշարի, կոռուպցիայի եւ նմանատիպ այլ հարցերը։ Թե չէ` ըննդիմությունն ասում է՝ եղել է, իշխանությունն ասում է՝ չի եղել, ու երկուսն էլ ուզում են, որ իրենց հավատանք։

Ճիշտն ասած` այս հարցում իմ մեջ կասկած չկա, ես միանշանակ հավատում եմ ընդդիմությանը, որովհետեւ հեռուստաեթերում հասարակությանը հուզող հարցերի (ոչ միայն ա՛յս հարցերի) քննարկումները կասեցրել է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ իշխանությունը։

Եթե իշխանությունն ուզում է իրեն հավատան, պետք է եթեր վերադարձնի «Ա1+» հեռուստաընկերությանը, պետք է վերացնի մյուս հեռուստաընկերությունների վրա դրված վերահսկողությունը եւ հասարակությանը պետք է մասնակից դարձնի քննարկումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter