HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Մովսեսի դժվարին ներկան եւ մշուշոտ ապագան

Բերդ քաղաքից սահմանամերձ Մովսես գյուղ տանող երկու ուղի կա. մեկը Նորաշենով ձգվող, նախկին հանդամիջյան 17 կմ երկարությամբ ճանապարհն է, մյուսը` Այգեպարից թեքվող, սահմանի երկայնքով ձգվող 14 կմ-ոց ճանապարհը:

Այս ճանապարհը գոնե մինչ Այգեպար ասֆալտապատ է, որից հետո սկսվում է «չարչարանաց ուղին»: Նախկին օդանավակայանի խաչմերուկում Մովսեսի ուղղությունը ցույց տվող ճանապարհային ոչ մի նշան չկա, ուստի տեղանքին անծանոթը դժվար է կողմնորոշվում: Բերդ քաղաքում ռազմական ոստիկանության սպան մեզ խորհուրդ տվեց ռիսկի չդիմել, այդ վտանգավոր ճանապարհով չանցնել: «Մոտ 15 օր առաջ ճանապարհի վրա կրակում էին»,- տեղեկացրեց Մովսեսի բնակչուհի Ժասմինա Այվազյանը:

Վերընթաց խճապատ ճամփան խորդուբորդ է: Մեքենաների երթեւեկը մոտակա ադրբեջանական հենակետերից պաշտպանելու համար ճանապարհի եզրերին բարձր, շուրջ 4մ բարձրությամբ հողապատնեշներ են կառուցել: Այնպիսի տպավորություն է, կարծես թունելի միջով ես անցնում: Գյուղի ծայրին 80-ականների վերջին կառուցված, սակայն պատերազմի վտանգի պատճառով այդպես էլ չբնակեցված մի քանի տներ են:

Մովսես գյուղը 270 տարվա պատմություն ունի, բնակավայրի անունն առնչվում է գյուղի Մովսես քահանայի հետ: 2005 թ.-ից համայնքը ղեկավարող Լյուդվիգ Ապերյանն ասում է, որ գրանցված 2700 բնակիչներից փաստացի բնակվում է 1800-ը, մնացածն արտագաղթել է: Համայնքի այս տարվա բյուջեն 18 մլն 100 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 15.5 մլն դրամ: Տեղական բյուջեի զգալի մասը ծախսվում է համայնքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող մշակութային, կրթական հիմնարկների 13 աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Անցյալ տարի հողի հարկը գանձվել է նախատեսվածի 48%-ի չափով: Համայնքի ղեկավարի վկայությամբ` սեփականաշնորհումից մինչ այժմ հողի հարկի եւ գույքահարկի պարտքը կազմում է 11.4 մլն դրամ: Հողատերերից շատերն անվճարունակ են, ոմանք էլ տարիներով բացակայում են, հողերի մի մասն էլ չի մշակվում սահմանին մոտ լինելու պատճառով: Սակայն կան նաեւ անբարեխիղճ հարկատուներ:

Լյուդվիգ Ապերյանի խոսքերով` առկա են պայմանագրային զինծառայողներ եւ մանկավարժներ, ովքեր 50 հազար դրամից ավելի հարկային պարտավորություններ ունեն: Համայնքապետարանը դիմել է մարզպետարան, որպեսզի պարտքեր ունեցող զինծառայողները պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ինչպես նաեւ մանկավարժները, աստիճանաբար մարեն դրանք: Արդյունքում մի քանի մանկավարժ որոշ չափով նվազեցրել է պարտքը, սակայն, ընդհանուր առմամբ, պատկերը նույնն է մնացել: Մովսեսն Ադրբեջանի հետ 37 կմ-ոց սահման ունի: Այստեղ պատերազմի հետքերը դեռ նկատելի են: Թեւեւ ադրբեջանական հրետակոծությունից վնասված տների մի մասի տերերը պետական աջակցություն են ստացել, սակայն ռմբակոծված 55 առանձնատան վերականգնման համար դեռեւս պետական օգնություն չի հատկացվել` կառավարությունը գումարներ չունի:

Գյուղում 540 հա վարելահող կա: Շուրջ 200 հա-ն ականապատված է, գտնվում է վտանգավոր գոտում կամ հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ: Դրանից շուրջ 100 հա-ը եղել է խաղողի եւ պտղատու այգի: Մշակվող 350 հա տարածքում հացահատիկ, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանջարանոցային մշակաբույսեր են ցանում: Ոռոգելի միակ տարածքը 34 հա խաղողի այգին է: Մովսեսը քարքարոտ տեղանքում է, տնամերձերն ամռան տապին ժամանակացույցով տրվող խմելու ջրով են ոռոգում, իսկ գյուղի միջով հոսող գետի ջրերն ադրբեջանցիների դաշտերն են ոռոգում: Հողերը ոռոգելի դարձնելու համար համայնքապետարանը 2 ծրագիր է ներկայացրել կառավարություն` 100 մլն դրամ ընդհանուր արժեքով: Պատասխանել են, որ դրանք կընդգրկվեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Սա Մովսեսի համայնքապետին լավատեսություն չի ներշնչում. նախ` Հայաստանում այս ծրագրի իրականացումը կասկածի տակ է: Համայնքն էլ ի զորու չէ վերոհիշյալ ծրագրով նախատեսված 15% ներդրումը կատարել: Խմելու ջուրն այստեղ հիմնահարց է: Այն տրվում է 3 օրը մեկ, սակայն թաղերում, տներից 150-200 մ հեռավորությամբ ծորակներ կան տեղադրված, որտեղից միշտ կարելի է ջուր վերցնել: Խնդիրը լուծելու համար հունական ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացվող «Հելլենիկ օգնություն» ծրագրի երկու փուլով խմելու 18 կմ ջրագիծ եւ ներքին ցանց պիտի կառուցվեր: Սակայն մինչ 2004 թ. իրականացվել է միայն առաջին փուլը, կառուցել են 10 կմ-ը: Ծրագիրն ավարտելու խնդրանքով համայնքապետը 2 տարի առաջ դիմել է Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, սակայն ապարդյուն... Հիմա 2.5 կմ երկարությամբ խմելու ջրագծի ներքին ցանցի շինարարությունն ավարտին է մոտենում: Խողովակների արժեքը` 2.5 մլն դրամ, տրամադրել է «ՎիվաՍելը», 700 հազար դրամ ներդրել է է համայնքը, որոշ չափով աջակցել են Մոսկվայում ապրող մովսեսցիները:

Պետբյուջեի 100 մլն դրամ ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում մշակույթի տան հիմնանորոգումը: Դեկտեմբերին կգործարկվի մանկապարտեզի նոր շենքը: Այդ նպատակով 37 մլն դրամ է տրամադրել «ՎիվաՍելը», եւս 23 մլն դրամ հանգանակել են Մոսկվայում ապրող մովսեսցիները: Մոսկվաբնակ մի մովսեսցու (ով չցանկացավ հրապարակել իր անունը) ավելի քան 1 մլն դոլար ներդրմամբ գյուղի կենտրոնում բազալտակուռ եկեղեցի է կառուցվում: Կրկին մոսկվաբնակ մովսեսցիների միջոցներով լուծվում է գիշերային լուսավորության խնդիրը:

Այս կառույցները թեեւ ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծում, սակայն չլուծված են մնում գյուղի ամենակենսական խնդիրները` գյուղտեխնիկայի մաշվածությունը եւ արտադրված մթերքների իրացումը: Գյուղտեխնիկայի հավաքակայանը սահմանի մոտ է եղել: Կռիվների ժամանակ թեեւ հասցրել են մեքենաներն ու տրակտորները կրակի տակից դուրս բերել, սակայն շարքացանները, կուլտիվատորները, մեքենաների պահեստամասերը ադրբեջանական ռմբակոծության տակ են մնացել: Գյուղում երկու կոմբայն կա` 28 եւ 26 տարեկան: Համայնքապետարանի տրամադրության տակ գտնվող 2 տրակտորները նույնպես հին են` 1981 եւ 1968 թվականների արտադրության: Տեխնիկան հաճախ է շարքից դուրս գալիս, իսկ նորոգելու հնարավորությունները սուղ են:

Գյուղացին առանց ոռոգման ջրի, դժվարությամբ աճեցրած սակավ բերքն իրացնելու հնարավորություն չունի: Միայն խաղողն է հանձնում Բերդում գործող Երեւանի կոնյակի գործարանի ընդունման կետ: Խորհրդային շրջանում 3 հերթափոխով աշխատում էր Այգեպարի պահածոների գործարանը, որտեղ գյուղացիներից նույնիսկ թութ էին ընդունում: Մովսեսի երիտասարդության զգալի մասն արտագաղթել է, անասնապահությամբ զբաղվողների թիվն էլ նվազել է: Համայնքապետի վկայությամբ` նախկինում Մովսեսում 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կար, այժմ` 300: Գյուղացին չի ցանկանում անասնապահությամբ զբաղվել, քանի որ այն եկամտաբեր չէ: «Աշտարակ կաթ»-ը Նորաշենի ընդունման կետում կաթի լիտրը 90-100 դրամով է գնում»,- ասում է Լյուդվիգ Ապերյանը:

Հեռավորության պատճառով մովսեսցին հնարավորություն չունի բերքը Երեւանում վաճառել, տեղում էլ վերամշակող ձեռնարկություններ չկան: Ռուսաստանում բնակվող մովսեսցիներն առայժմ գյուղում գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկություն հիմնելու մտադրություն չունեն: Մինչդեռ ժամանակը չի սպասում, վտանգված է Մովսեսի ապագան: Նվազել են ծնունդները, ավելացել` մահերը: Գյուղի երկու գերեզմանատներին անցյալ տարի նորն է ավելացել:

«1989 թ. գյուղի դպրոցում 1090 աշակերտ կար, հիմա` 220: Մոսկվայի դպրոցներում ավելի շատ մովսեսցի դպրոցականներ կան, քան այստեղ»,- տխրությամբ փաստում է համայնքապետ Ապերյանը, ում 4 զավակներից 3-ը Ռուսաստանի մայրաքաղաքում են բնակվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter