Կռվից վերադարձավ, բայց գերի ընկավ խաղաղ պայմաններում
35-ամյա Նելսոն Մնացականյանը 4 տարի 7 ամիս գերության մեջ է եղել Ադրբեջանում: Նա այդ մասին չի սիրում պատմել: Գերությունը ամբողջությամբ քայքայել է առողջությունը:
Չնայած բուժումներ է ընդունել Հայաստանում եւ Ռուսաստանում, սակայն շատ բան չի փոխվել, եւ հիմա Նելսոնը հույսը կապում է արտասահմանյան երկրներից մեկում բուժվելու հետ:
Արցախյան պատերազմի մասնակիցը երբեւէ չէր պատկերացնում, որ խաղաղ պայմաններում գերու կարգավիճակում կհայտնվի: 1996 թ. հոկտեմբերին էր, երբ համագյուղացի երկու ընկերների հետ գնացին Ֆիզուլու շրջան, ինչպես մայրը` տիկին Դոնարան է ասում, հանգստանալու ու քեֆ անելու: Ղարաբաղի Ավետարանոց գյուղի երեք տղաները քեֆից հետո որոշեցին նույն տեղում գիշերել ու առավոտյան վերադառնալ գյուղ: Բայց որոշումը ճակատագրական դարձավ երիտասարդների համար. գիշերը ադրբեջանական զորքերի հետախույզներն անցան հայկական պահակակետերի մոտով եւ հայտնվեցին գիշերող երիտասարդների կողքին: Տղաներից երկուսին սպանեցին, իսկ Նելսոնին դաժանաբար ծեծելուց հետո գերի վերցրին:
«Երբ ուշքի եկա, արդեն չորս կողմս ադրբեջանցիներ էին: Որոշ ժամանակ հետո ադրբեջանական գյուղից ինձ տեղափոխեցին Բաքու, որտեղ էլ սկսվեց իմ մյուս կյանքը` ծեծ, սով, տանջանքներ...»,- վերհիշում է Նելսոնը:
Նա ծնվել ու մեծացել է Ավետարանոց գյուղում, որտեղ դպրոցը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործական ֆակուլտետը: Պատերազմի տարիներին նա թողեց ուսումը եւ եկավ Ղարաբաղ, որտեղ էլ հետագայում շարունակեց ուսումը` ընդունվելով Արցախի պետհամալսարանի նույն ֆակուլտետը: Երբ պատերազմն ավարտվեց, նա չհեռացավ բանակից ու շարունակեց ծառայությունը մինչեւ գերի ընկնելը:
«Գերության տարիներին Նելսոնը հոգեբանորեն այնքան վատ վիճակում էր հայտնվել, որ մի օր իրեն գցեց 3-րդ հարկից, ինչի արդյունքում ոտքերը, ողնաշարը եւ գլուխը վնասվեցին: 6 ամիս պառկեց Բաքվի հոսպիտալում»,- արտասվելով պատմում է տիկին Դոնարան ու հիշում որդու վերադարձին սպասելու տարիները: Ամուսինը` Գեորգի Մնացականյանը, որը Ավետարանոցի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, երկար ժամանակ փնտրել է որդուն: «Իսկ գտնելուց հետո նա մեկ տարի դիմացավ ու վշտից մահացավ»,- ասում է կինը:
Մեծ ջանքերի շնորհիվ 2000 թ. մայիսին Նելսոնին ազատեցին: Մոր խոսքերով` որդին դեպրեսիայի մեջ էր: Ազատվելուց եւ հայրենիք վերադառնալուց մոտ մեկ ամիս հետո, Նելսոնի խոսքերով, «իրեն ջղայնացրեցին եւ գյուղապետի հետ վիճաբանության մեջ մտավ, ինչի արդյունքում վերջինս դատի տվեց նրան»: Փորձում էին նրան 3 տարվա ազատազրկման դատապարտել, բայց ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների փնտրման եւ գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի (համանախագահներ` Սվետլանա Գաննուշկինա, Բերնխարդ Կլազեն, Պաատա Զակարեշվիլի) միջամտությամբ Նելսոնը բանտում չհայտնվեց: Վերոնշյալ խմբի ղարաբաղյան համակարգող, «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալբերտ Ոսկանյանն էլ է շատ լավ հիշում Նելսոնի հետ կապված դեպքերի բոլոր մանրամասները` գերի ընկնելուց մինչ օրս, երբ երկար ժամանակ իր կապերով փորձում էր գտնել Նելսոնին, սակայն նրան թաքցնում էին մինչեւ 1997 թ:
Նելսոնը բանտում չհայտնվեց, սակայն, ինչպես ինքն է պատմում, նրան ոստիկաններն անմիջապես տարան Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսեր, որտեղ նա մնաց մոտ մեկ շաբաթ: «Դրանից հետո առողջական վիճակս ավելի վատացավ. հիմա ուղեղս հաճախակի կծկվում է, գլխացավեր եմ ունենում, ջղայնանում եմ: Արարքներս չեմ կարողանում կառավարել»,- պատմում է նախկին ռազմագերին: Երեւան եւ Պյատիգորսկ քաղաքներում բուժում ստանալուց հետո համեմատաբար նորմալ է զգում իրեն, սակայն լիարժեքորեն չի բուժվել: «Ներկա պահին ինձ համար ամենագլխավորը բուժում ստանալն է»,-ասում է Նելսոնն ու ավելացնում, որ յուրօրինակ բուժում կլինի նաեւ մի տեղ աշխատելն ու զբաղվելը: Գերության մեջ՝ Բաքվում, տեւական ծեծերի արդյունքում գլխուղեղի վնասվածքից տուժել է Նելսոնի կենտրոնական նյարդային համակարգը:
Մոր եւ տղայի միակ եկամուտն այս պահին նրանց թոշակն է` 78-ամյա մայրը 30 հազար դրամ է ստանում, իսկ երկրորդ կարգի հաշմանդամ Նելսոնը` ընդամենը 15 հազար դրամ: Մայրն ասում է, որ այդպես էլ չկարողացան նրա համար զինվորական հաշմանդամության թոշակ ձեւակերպել: Տիկին Դոնարայի խոսքերով` հանձնաժողովում պատճառաբանել են, թե գերի ընկնելիս նա չէր ծառայում ՊԲ-ում, չնայած Նելսոնին զորացրելու մասին որեւէ հրաման չկար: «1996-ին, երբ նրանց զորամասը ցրվեց, Նելսոնը գնաց զինկոմիսարիատ` ճշտելու, թե որտեղ է շարունակելու ծառայությունը: Նրան ասացին, որ մի քիչ սպասի ու կկանչեն: Հենց այդ ժամանակ էլ նա գերի ընկավ»,- պատմում է մայրը:
Մայրը եւ Նելսոնն արդեն 10 տարի է ապրում են Ստեփանակերտում` իրենց բարեկամին պատկանող բնակարանում, իսկ մինչ այդ նրանք գյուղում էին` հայրական տանը, որը շատ վաղուց մեծ եղբորն է պատկանում: «Տան կարիք էլ ունենք, բայց առաջնայինը իմ աշխատանքի եւ բուժման հարցն է»,- կցկտուր ասում է Նելսոնը:
Հարազատներին որոշ չափով օգնում է նաեւ մեծ որդին, որը հիմա Ռուսաստանում է ապրում, բայց, ինչպես ասում է մայրը, դա հաճախակի չի լինում, ու իրենց եկամուտով մի կերպ են գոյատեւում: «Ես 30 հազար եմ ստանում ու կարող եմ մի կերպ յոլա գնալ, իսկ ի՞նչ կլինի վաղը, երբ ես չլինեմ, այս երեխան ո՞նց պետք է 15 հազար դրամով ապրի»,- հարցնում է տիկին Դոնարան, որը երկար տարիներ ամուսնու հետ Ավետարանոցի տեղամասային հիվանդանոցում մանկաբարձուհի է աշխատել: Այժմ հայտնվելով ծանր վիճակում` միեւնույն է, մի փոքրիկ հույս դեռ ունի, որ բարի մարդիկ կաջակցեն Նելսոնին:
Հ.Գ. ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանի խոսքերով` ներկայումս ցուցակում ընդգրկված են 730 անհայտ կորածներ: Նրանցից 239-ը ազատամարտիկներ են, մնացածը` քաղաքացիական անձինք: Թե նրանցից քանի՞սն են ողջ, Վերա Գրիգորյանը չգիտի. «Այդ ցուցակները դեռ մինչեւ վերջ ճշտված չեն, դեռեւս ուսումնասիրություններ են ընթանում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել