Հիմնանորոգված ճանապարհները նորոգվում են եւ նորոգման կարիք ունեն
Լուսինե Թոփլաղալցյան
ՀՀ Կառավարության 2007 թ. uեպտեմբերի 6-ի 997-Ա որոշմամբ Կառավարության պահուuտային ֆոնդից Գեղարքունիքի մարզին հատկացված 877 մլն 700 հազար դրամով իրականացվել է 36 ծրագիր:
Ծրագրերի բաշխվածությանը մարզում` ըստ 5 վարչական տարածքների եւ 92 համայնքների: Նշենք, որ ծրագրեր են իրականացվել բոլոր վարչատարածքներում, 4 քաղաքային եւ 35 գյուղական համայնքներում: Յուրաքանչյուր ծրագիր վերաբերում է մեկ կամ մեկից ավելի համայնքների (աղյուսակը` ստորեւ):
| Վարչատարածքը (նախկին շրջանը) |
Վարչատարածքի համայնքների քանակը |
Ծրագրերում ընդգրկված համայնքների քանակը |
Իրականացված ծրագրերի քանակը |
1-ից ավել անգամ ծրագրերում ընդգրկված համայնքները եւ ծրագրերի քանակը | Ընդհանուր գումարը հազ. դրամ |
| Գավառ | 12 | 4 | 3 | - | 217.000.0 |
| Ճամբարակ | 16 | 10 | 11 | ք. Ճամբարակ-2 ծրագիր | 188.100.0 |
| Մարտունի | 17 | 12 | 9 | ք. Մարտունի-5 ծրագիր գ. Աստղաձոր-2 ծրագիր գ. Ծովինար-2 ծրագիր |
312.800.0 |
| Սեւան | 11 | 2 | 2 | - | 20.000.0 |
| Վարդենիս | 36 | 11 | 11 | - | 139.800.0 |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 92 | 39 | 36 | 4 | 877.700.0 |
Վերլուծելով մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների քանակն ու հատկացված գումարները` կարելի է եզրակացնել, որ Սեւանի վարչատարածքի համայնքներում առաջնահերթ լուծման կարիք ունեցող հիմնախնդիրները շատ քիչ են, իսկ ամենից շատ հիմնախնդիրներ կուտակվել են Մարտունու վարչատարածքի համայնքներում, քանի որ Գեղարքունիքի մարզին հատկացված գումարի շուրջ 36 %-ը իրացվել է հենց այստեղ: Զարմանալիորեն, ուշադրության չեն արժանացել սահմանամերձ, հեռավոր եւ մեկուսացած մի շարք համայնքների (Կուտական, Ջաղացաձոր, Շատջրեք, Դարանակ, Գեղաքար, Գետիկ, Կալավան, Սեմյոնովկա եւ այլն) առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Անտեսվել են նաեւ Ճամբարակ քաղաք տանող անմխիթար ճանապարհները, Գավառ քաղաքի հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, մի շարք դպրոցներ տանող ճանապարհները եւ այլն:
Մարզին հատկացված գումարի շուրջ 40 %-ը` 350 մլն դրամ, ծախսվել է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաuի եւ Նորատուu համայնքով հոսող Գավառագետի հունի մաքրման (200 մլն դրամ) եւ Մարտունի գետի Գեղհովիտ-Մարտունի հատվածի ամրացման եւ մաքրման (150 մլն) աշխատանքների համար: Երկու ծրագրերով կատարված աշխատանքներին ծանոթացանք տեղում, կատարված աշխատանքների մասին զրուցեցինք այն իրականացնողների հետ: Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ Գավառագետի մաքրման աշխատանքները դեռեւս ավարտված չեն, աշխատանքներն իրականացնող «Արտաշես եւ Տաթեւիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հավաստմամբ` այն կավարտվի մոտակա օրերին: Բացի գետի մաքրման աշխատանքներից, իրականացվել են նաեւ գաբիոնապատման եւ բետոնային ամրացման աշխատանքներ: Չեն ավարտվել հեղեղատարի բետոնապատման աշխատանքները, դրա դիմացի հողը չի տեղափոխվել, 3 հատվածում պետք է իրականացվեն մաքրման աշխատանքներ, ինչպես նաեւ «Հին գետ» կոչվող հատվածում դեռ պետք է կատարվեն բետոնապատման կամ բետոնե խորանարդների տեղադրման աշխատանքներ: Ի պատասխան մեր հարցադրման` համայնքի ղեկավարը նշեց, որ ծրագրի հետ կապված որեւէ փաստաթուղթ կամ կատարողական ակտի պատճե իրենց չի տրամադրվել:
Հասկանալի է, որ կատարողական ակտը կազմվում է պատվիրատուի եւ կատարողի կողմից, սակայն համայնքների խնդիրների լուծմանը միտված ծրագրերի պարագայում ցանկալի է տեսնել աշխատանքների ընթացքին հետեւող հանձնաժողովի ձեւավորում, որտեղ ընդգրկված կլինեին համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներ` համայնքի ղեկավար, ավագանու անդամներ: Այդ պարագայում պատվիրատուն ու վերահսկողը նույն հաստատությունը չէր լինի` տվյալ դեպքում Գեղարքունիքի մարզպետարանը, այլ կապահովվեր մասնակցություն, համայնքի ներգրավվածություն, որոնք կառավարման ժողովրդավարական սկզբունքի չափանիշներ են:
Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհ փողոցի 550 մ-անոց ճանապարհահատվածը հիմնանորոգելու համար հատկացվել է 40 մլն դրամ: Ամիսներ անց այդ ճանապարհն արդեն վերանորոգման կարիք ունի, ինչը վկայում է կատարված աշխատանքների ոչ պատշաճ որակի մասին:
Հուլիսի առաջին օրերին իրականացված դիտարկման ժամանակ ճանապարհի տարբեր մասերում վերանորոգման նպատակով բազում փոսային կտրվածքներ էին արված, իսկ հուլիսի 30-ին, երբ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը պետք է այցելեր Ճամբարակ, փոսալցման աշխատանքներ էին կատարվում: Սակայն մարզպետի տեղ հասնելուց առաջ փոսերն արագորեն լցվեցին, իսկ աշխատանքներն իրականացնող ասֆալտապատման տեխնիկան անհետացավ:
Վարդենիս քաղաքի հիվանդանոց տանող ճանապարհի հիմնանորոգված 860 մ հատվածը, որի համար հատկացվել է 60 մլն դրամ, ըստ քաղաքի բնակիչների, այս տարվա գարնանն արդեն ենթարկվել է հատվածային նորոգման: Վերանորոգված հատվածներն անզեն աչքով տեսանելի են: Նկատելի են նաեւ վերանորոգման կարիք ունեցող նոր հատվածներ, որից կարելի է կրկին եզրակացնել կատարված աշխատանքների ոչ պատշաճ որակի մասին: Ճանապարհի նորոգված հատվածը սկիզբ է առնում Վարդենիսի կենտրոնական հրապարակի խաչմերուկից, որտեղից մինչեւ հիվանդանոց ընկած հեռավորությունը 1700 մ է: Այնպես որ, մինչեւ հիվանդանոց տանող ճանապարհի մնացած 840 մ հատվածը` ճանապարհի գրեթե մյուս կեսը, չի վերանորոգվել, կնշանակի` հիվանդանոց տանող ճանապարհի հիմնանորոգման նպատակը մնացել է անկատար: Վարդենիս քաղաքի հիվանդանոցի տնօրեն Գագիկ Մկրտչյանը նշում է, որ իրենք շատ էին ուրախացել ճանապարհի վերանորոգման առիթով, սակայն ուրախությունը կարճ է տեւել, քանի որ վերանորոգումն այդպես էլ մինչեւ հիվանդանոց չի հասել: Միաժամանակ զարմանում է, թե ինչու՞ մենք չենք բարձրացնում Գավառ քաղաքի հիվանդանոց տանող ճանապարհի վերանորոգման հարցը, որն իր բնորոշմամբ` իր տեսակը չունի ամբողջ հանրապետությունում:
Նկատենք, որ «հիմնանորոգում» ասածը ենթադրում է մի քանի տարվա ընթացքում վերանորոգված վիճակի պահպանում, ինչպես նաեւ` ընթացիկ նորոգման բացառում: Մինչդեռ հիմնանորոգված ճանապարհները նորոգվել են, նորոգվում են եւ էլի նորոգման կարիք ունեն:
Կառավարության նույն որոշմամբ uողանքի պատճառով բնակարան չունեցող Այգուտ գյուղի uողանքների գոտու բնակիչների համար 15 տնակներ են գնվել հատկացված 15 մլն դրամով: Պարզ հաշվարկով` 1 վագոն-տնակ ձեռք բերելու համար նախատեսվել եւ հատկացվել է 1 մլն դրամ: Այգուտում տեղեկացանք, որ բոլոր 15 տնակները 2007 թ. դեկտեմբերին հասել են հասցեատերերին: Վագոն-տնակները եղել են օգտագործված եւ վերանորոգման կարիք են ունեցել, սակայն նոր տերերին հաջողվել է հաշված օրերի ընթացքում պաստառապատել պատերը, ներկել հատակը եւ Նոր տարին դիմավորել նոր կացարաններում: Տնակատերերը դեռեւս չունեն որեւէ փաստաթուղթ, որում ամրագրված լինեն այդ տնակների նկատմամբ նրանց իրավունքները: Մեր հարցին, թե նրանք գիտե՞ն իրենց վագոն-տնակների արժեքը, մարդիկ պատասխանում են, թե Գյումրիում ու Վանաձորում նման տնակները վաճառվում են 600-700 դոլարով: Թեպետ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ նշված չէ տնակների տեղափոխում ու տեղադրում, այլ միայն գնում, այդուհանդերձ, եթե հավելենք նաեւ դրանց տեղափոխման ու տեղադրման ծախսերը, միեւնույն է, դժվար է հասկանալ 1 վագոն-տնակի համար 1 մլն դրամ հատկացնելը:
Սոթք գյուղում 20 մլն դրամով հիմնանորոգվել է 7 կմ երկարությամբ խմելու ջրագիծ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աիդա Թերզիկյանը նախ նշեց, թե առանց համայնքապետի ներկայության չի կարող ոչինչ ասել: Ապա հայտնեց, թե խմելու ջրի վիճակը բարվոք է, շատերը ջրհորներ ունեն, որոշ տնտեսություններ ծորակներ են տեղադրել բակերում: Հիշատակեց նաեւ ջրամատակարարման հետ կապված վերջին ծրագիրը, որն իրականացվել է Հասանսու անունով տարածքում, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Համայնքապետարանի ֆինանսիստ Յուրա Մակյանը մեզ ուղեկցեց դեպի նշված Հասանսու տարածք, որտեղ գտնվում է համայնքի մեծ ջրավազանը` նշելով, որ այդ ճանապարհով է ձգվում վերանորոգված ջրագիծը: Քանի որ ջրագիծը գտնվում է հողի տակ, դժվար է գնահատական տալ կատարված աշխատանքների ծավալին եւ որակին:
Համայնքի ղեկավար Էվրիկ Կարախանյանը տեղեկացրեց, որ այդ ծրագրով ջրավազան է կառուցվել, տարածքը ցանկապատվել է, փոխվել են ջրավազանից դուրս եկող փտած խողովակները, փոխվել եւ տեղադրվել են 8 տրամաչափի խողովակներ ջրագծի 650 մ երկարությամբ մի հատվածում, տեղ-տեղ փոխվել են նաեւ այլ վնասված խողովակներ: Նշված ջրագծից, ըստ համայնքապետի, օգտվում են համայնքի 250 տնտեսություններ (բնակիչներից մեկի կարծիքով` առավելագույնը 40 տնտեսություն), ովքեր ապրում են Խճուղի փողոցում, իսկ համայնքի հիմնական մասը` շուրջ 350 տնտեսություն, գտնվում է վերին թաղում, որտեղ ջրամատակարարման վիճակը շատ վատ է: Վերին թաղի խմելու ջրագիծը կառուցվել է 1950-ական թվականներին, ազբեստյա խողովակներով, ինչը հակացուցված է առողջության տեսանկյունից: Հենց այդ թաղում բազմաթիվ տնտեսություններ օգտվում են ինքնաշեն ջրհորներից:
Համայնքի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ համայնքի բնակիչները բողոք էին ներկայացրել կառավարություն, եւ վարչապետի Վերահսկողական ծառայությունը նշված ծրագրի կապակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել: Ուսումնասիրություն է կատարվել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (DFID) ֆինանսական օգնության միջոցներից Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրով Սոթքի ճանապարհների նորոգման ծրագրի առնչությամբ, որի իրականացման համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումով հատկացվել է 7,6 մլն դրամ: Հետաքրքրվեցինք նաեւ այդ ծրագրով եւ տեղեկացանք, որ հարթեցման աշխատանքներ են իրականացվել համայնքի մի քանի հողային ճանապարհների տարբեր հատվածներում: Երբ ցույց են տալիս այդ ճանապարհները, դժվարանում ես հավատալ, թե այդտեղ ինչ-որ աշխատանքներ են կատարվել. սովորական գյուղամիջյան գրունտային ճանապարհներ են եւ, ըստ էության, ոչնչով չեն տարբերվում գյուղամիջյան մյուս ճանապարհներից: Լուծված չէ այդ ճանապարհների ջրահեռացման հարցը, իսկ գարնանը հալոցքի ջրերն արդեն քանդել ու փոսեր են առաջացրել դրանց վրա:
Նայում ես այդ աշխատանքներն ու ափսոսում այն միջոցները, որոնց արդյունքը մնայուն ու հիմնավոր չէ: Եթե համայնքապետարանի ուղեկցող աշխատակիցը չբացատրի, թե որտեղ ինչ աշխատանք է արվել, անտեղյակ անցորդը չի կարող ենթադրել, թե քայլում է 7,6 մլն դրամով ամիսներ առաջ վերանորոգված ճանապարհով: Անկասկած, մարզում նման ճանապարհներ կան բազմաթիվ համայնքներում, սակայն կոնկրետ Սոթքի ճանապարհների նորոգման ծրագրի արդյունավետությունը համայնքի բնակիչները, լավագույն դեպքում, կարող են տեսնել 1-2 տարվա ընթացքում, քանի որ վերստին կառաջանա այդ ճանապարհները հարթեցնելու ու նորոգելու անհրաժեշտություն:
Թե որ կազմակերպություններն են իրականացրել Սոթքի ճանապարհների նորոգման եւ 7 կմ-անոց ջրագծի հիմնանորոգման ծրագրերը, համայնքի ղեկավարը չկարողացավ նշել: Խնդրեցինք ցույց տալ կատարողական ակտեր, սակայն այդպես էլ չհրկիզվող պահարանի բանալին բերող հաշվապահը չեկավ, ու պարզ չդարձավ` կա՞ն նման ակտեր, թե՞ ոչ: Համայնքի ղեկավարը նշեց, որ վարչապետի Վերահսկողական ծառայությունը նույնպես ակտ է կազմել, սակայն նման փաստաթուղթ նույնպես չներկայացվեց: Նա խոստացավ 3 օր անց տրամադրել փաստաթղթերը, բայց այդպես էլ խոստումը չկատարեց:
ՀՀ քաղաքացիներն ամեն օր հեռուստաեթերից տեղեկանում են հարկերի հավաքման կապակցությամբ իշխանությունների գործադրած ջանքերի մասին: Տարբեր «տրամաչափի» հարկատուներն էլ լարված են. մի մասը դժվարությամբ հարկեր է մուծում, մյուսները շարունակում են մասամբ կամ ամբողջովին մնալ ստվերում:
Գաղտնիք չէ, որ հարկահավաքման տեմպերի աճը ցանկացած երկրում պայմանավորված է հարկերի ծախսման արդյունավետությամբ, երբ յուրաքանչյուր մանր ու մեծ հարկատու, տեսնելով կատարված աշխատանքները, առավել վստահաբար է կատարում իր հարկային պարտավորությունները: Սակայն մեզանում հարկատուներին ոգեւորելու ցանկություն ու ձգտում, ավելին` հաշվետվողական վերաբերմունք չկա:
Հաշվետվողականությունը ժապավեն կտրելը չէ կամ պաշտոնական լրատվություն ապահովելը: Այն ներառում է հասցեական ընտրություն, թափանցիկության ու հրապարակայնության ապահովում, շարունակական վերահսկում, բարեխիղճ վերաբերմունք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել