Կոլեկտիվ հարսանիք Ղարաբաղում
Արդեն մի քանի ամիս է Ղարաբաղում, կարծես թե, ապրում են աշնան սկզբին սպասվող կոլեկտիվ հարսանիքի գաղափարով, որի հեղինակը հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանն է: Այստեղ մեծ ոգեւորությամբ են պատրաստվում Ղարաբաղի համար այդ բացառիկ միջոցառմանը:
Իսկ բացառիկ է նախ այն առումով, որ ամուսնացող զույգը ֆինանսական աջակցություն կստանա եւ' հովանավորների, եւ' պետության կողմից, ու ստիպված չի լինի հարսանյաց արարողության համար մեծ ծախսեր անել:
Հովանավորները զույգերին տրամադրելու են 2000 ԱՄՆ դոլար, իսկ պետությունը, նախատեսված 300 հազար դրամից բացի, զույգերին կտրամադրի նաեւ 500 ԱՄՆ դոլար` հարսանյաց հագուստի եւ մատանիների ձեռքբերման համար:
Ղարաբաղի հարսանյաց սրահների հաճախորդների թիվը զգալիորեն մեծացել է, այնքան, որ սրահի տերերը ստիպված են հին ու մի կողմ դրած զգեստները նույնպես հանել ու ներկայացնել «երիտասարդ զույգերին»:
Դա պայմանավորված է ոչ միայն կոլեկտիվ հարսանիքով, այլ այս տարվա հունվար ամսից պետության կողմից իրականացվող այն ծրագրով, որի համաձայն` ամուսնացող զույգերին տրամադրվում է 300 հազար դրամ: Այդ նպատակով 2008 թ. պետբյուջեով նախատեսվել է 450 մլն դրամ` 1500 զույգի համար, սակայն արդեն իսկ այժմ պարզ է, որ նախատեսվածից բավականին մեծ թվով ամուսնություններ են գրանցվելու ամբողջ տարվա ընթացքում: Դա արդեն ակնհայտ էր դեռեւս ապրիլի վերջերին. ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008 թ. հունվար-ապրիլին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 1887` 2007 թ. հունվար-ապրիլի 224-ի դիմաց: Ի դեպ, 1887 զույգերի մի մասն արդեն ամուսնացած է, սակայն ժամանակին ամուսնությունը չի գրանցել եւ նախընտրել է բաց չթողնել պետական ծրագրից օգտվելու հնարավորությունը: 2007 թ. Ղարաբաղում գրանցվել է 519 ամուսնություն՝ 2006 թ. 827-ի դիմաց:
Այս տարվա ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ 2008-ը ամուսնությունների առումով ռեկորդային է լինելու Ղարաբաղի համար:
Ոչ բոլոր զույգերն են ոգեւորվում կոլեկտիվ հարսանիքի գաղափարով ու նախընտրում են ամուսնանալ առանձին, բայց երիտասարդ զույգերի մեծամասնությունը նախընտրում է դառնալ նոր ձեւավորվող ավանդույթի անմիջական մասնակիցը:
Նախաձեռնության հեղինակ Լեւոն Հայրապետյանը հայրենի Վանք գյուղում եւ Ղարաբաղի տարբեր շրջաններում շարունակում է ներդրումներ կատարել: Բարերարի անունով ստեղծվել է բարեգործական հիմնադրամ, որտեղ ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող սփյուռքահայ բարերարները նույնպես կկատարեն իրենց ներդրումը: Նախնական տվյալներով` արդեն կան բավականին մեծ թվով մասնակցել ցանկացողներ:
Լեւոն Հայրապետյանի մտադրությունը, հավանաբար, իրականություն կդառնա հոկտեմբերի սկզբներին. մայրաքաղաք Ստեփանակերտում, հինավուրց Շուշիում եւ պատմական Գանձասարում կկազմակերպվի նորապսակների համատեղ պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն: Միջոցառման կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որում ընդգրկված են տարբեր ոլորտների պատասխանատուներ: Հանձնաժողովն ուսումնասիրում է հունիսի 28-ից հուլիսի 15-ը ԼՂՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համապատասխան տարածքային բաժիններ դիմած զույգերի տվյալների համապատասխանությունը առաջադրված պահանջներին: ԼՂՀ սոցապահովության փոխնախարար Սրբուհի Արզումանյանի խոսքերով` նշված ժամանակահատվածում ՔԿԱԳ բաժիններ են դիմել 690 զույգեր:
Ըստ սահմանված պահանջների` համատեղ պսակադրությանն ու հարսանյաց հանդիսությանը չեն կարող մասնակցել այն զույգերը, որոնցից մեկն ամուսնալուծվել է 2008 թ. հունվարի 1-ից հետո, ովքեր ունեն երեխա (երեխաներ), կամ այն զույգերը, որոնց ամուսնության գրանցման պահին լրացած է եղել ամուսինների (տղամարդու եւ կնոջ) 40 տարին: Նման դեպքեր հազիվ թե գրանցվեն, քանի որ մինչեւ գրանցման ժամկետն արդեն հայտարարվել էր այս պահանջների մասին: Ուստի, հոկտեմբերին հարսանիք կլինի միանգամից շուրջ 700 զույգի համար:
Միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Շուշիում, Գանձասարում եւ Ստեփանակերտում շինարարական աշխատանքներ են ընթանում. Շուշիում եւ Գանձասարում բարեկարգվում է եկեղեցու շրջակայքը, իսկ Ստեփանակերտում վերանորոգվում են Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանները: Նախատեսված է, որ զույգերը Գանձասարում եւ Շուշիում պսակադրության արարողությունից հետո գալու են Ստեփանակերտ եւ հենց այդ աստիճաններով են իջնելու մարզադաշտ, որտեղ կայանալու է հիմնական միջոցառումը:
Սոցապահովության փոխնախարար Ս. Արզումանյանը տեղեկացրեց, որ պսակադրությունից հետո, ըստ ծրագրի, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հարսանյաց պարահանդես կկազմակերպվի, ապա զույգերը շքերթով կհասնեն մարզադաշտ, որտեղ նորապսակներին ամուսնության վկայականներ եւ ոսկյա քարտեր (2 հազար դոլար) կտրամադրվեն:
Միջոցառման եզրափակիչ մասում կկազմակերպվի համերգ հայ աստղերի մասնակցությամբ: Իսկ վերջում կլինի հրավառություն:
Հանդիսավոր այս արարողությունը կնկարահանվի նաեւ ուղղաթիռից: Այն լուսաբանելու նպատակով Ղարաբաղ կժամանեն արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք արդեն տեղեկացրել են իրենց մտադրության մասին:
Ինչպես մեր զրույցի ժամանակ շեշտեց Սրբուհի Արզումանյանը, միջոցառման նպատակը ոչ միայն ծնելիության խթանման ծրագրի շրջանակներում ամուսնությունների խրախուսումն է, այլ միջոցառմանը մասնակցող բարերարներին «Ղարաբաղի եւ նրա հողի հետ կապելը»: Խոսքը հիմնականում այն բարերաների մասին է, ովքեր հանդես կգան մեկ կամ մի քանի զույգերի քավորների դերում: Ղարաբաղի պաշտոնյաները, սակայն, նշում են, որ սա դեռ ամենը չէ, անակնկալներ են լինելու նաեւ միջոցառման օրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել