HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիրանառատ տարի գյուղնախարարությունում

Աշոտ Խաչատրյան

Այս տարին պակաս ծիրանառատ չէր, քան 2000, 2005, 2006 թթ.-ը: Ինչպես վերոնշյալ գրեթե բոլոր տարիները, այս տարին նույնպես բացառություն չեղավ ծիրանի բերքին վերաբերող թվաբանության շարժերի առումով: Տարեսկզբին գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ սպասվում է ծիրանի 60 հազար տ բերք:

Որոշ ժամանակ անց, նույն պաշտոնյայի ներկայացմամբ, սպասվելիք բերքի ծավալներն էապես աճեցին` հավասարվելով 100 հազարի: Սակայն որոշ ժամանակ անց, ԶԼՄ-ների վերլուծական հրապարակումներից հետո, նախարարության ներկայացուցիչները հապշտապ հայտարարեցին, որ հանրապետությունում ստացվել է ծիրանի 70-75 հազար տ բերք: «Դա այն դեպքում, երբ վերջին 15 տարիների ընթացքում արտադրվել է տարեկան 50-55 հազար տոննա ծիրան»,- ներկայացնելով իրավիճակը` հուլիսի 22-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Հայաստանի համար 70-75 հազարն, իհարկե, բավականին բարձր ցուցանիշ է, բայց որտեղի՞ց է այն ստացվել: Ինչի՞ հիման վրա է նման ցուցանիշ հրապարակվում: Հարցն այն է, որ գյուղատնտեսության նախարարությունը ռեգիստր չունի եւ այդ առումով օգտվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Այսինքն` ԱՎԾ-ում ամիսը մեկ անգամ մարզային կառույցներից ստանում են բերքատվությանը վերաբերող տվյալները, ի մի բերում եւ հրապարակում, որից էլ օգտվում է գյուղնախարարությունը: Ամսվա վերջին, մինչեւ հաջորդ ամսվա 5-ը համայնքներից տվյալները փոխանցվում են մարզային ծառայություններին, վերջիններս էլ, դրանք ի մի բերելով, փոխանցում են Ազգային վիճակագրական ծառայությանը: Այսինքն` յուրաքանչյուր նախորդ ամսվա ցուցանիշները պարզ են դառնում միայն հաջորդ ամսվա 15-20-ը:

Ծիրանի զանգվածային բերքահավաքն այս տարի Հայաստանում սկսվեց բավականին շուտ` հունիսի 20-ից, եւ «պիկը» համընկավ հունիսի վերջին: Այդուհանդերձ, հանրապետությունում արտադրված ծիրանի բերքի զգալի մասը հավաքվեց հուլիսին: Հունիսի տվյալները հայտնի են դարձել միայն հուլիսի 20-ին, իսկ հուլիսի տվյալները պարզ կլինեն միայն օգոստոսի կեսերից հետո: Այդ դեպքում որտեղի՞ց են ստացել 70-75 հազար տոննա ցուցանիշըը: Շատ ավելի լուրջ կընկալվեր, եթե նախապես հայտարարվեր այս տվյալի աղբյուրը:

Գյուղնախարարության կողմից նման թյուր տվյալի հրապարակումը եզակի դեպք չԷ: 2005 թ. նույնպես հանրապետությունում ծիրանի բավականին բարձր բերք ստացվեց: Դեռ գարնանը նախարարության պաշտոնյաները հայտարարեցին, որ սպասվում է ծիրանի շուրջ 30 հազար տ բերք: Որոշ ժամանակ անց սպասվող բերքի քանակը հավասարվեց 50 հազար տ: Հաշված օրեր անց նույն փոխնախարար Սամվել Գալստյանը ազդարարեց, որ սպասվում է ծիրանի ռեկորդային բարձր բերք` 75 հազար տ (զուգադիպությու՞ն է, թե՞ պրն փոխնախարարը հատուկ վերաբերմունք ունի այդ թվի նկատմամբ): Բերքահավաքի նախօրեին նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ կստացվի ծիրանի շուրջ 80 հազար տ բերք: Ազգային վիճակագիրներն ավելի առատաձեռն գտնվեցին` հրապարակելով հանրապետությունում աճեցված ծիրանի 82 հազար տոննա բերքի ցուցանիշ:
Սամվել Գալստյանի ներկայացմամբ` վերջին 15 տարիներին նման ցուցանիշ (70-75 հազար տոննա) մեզանում չի արձանագրվել: Ինչպես նշվեց, ընդամենը 3 տարի առաջ պաշտոնական վիճակագրությամբ ծիրանի շատ ավելի մեծ բերք էր ցույց տրվել:

Թերեւս նույնը կարելի է ասել հանրապետությունից արտահանված ծիրանի ծավալների մասին: Ըստ Գյուղնախարարության ներկայացուցչի` այս տարի հանրապետությունից արտահանվել է 7 հազար 183.5 տ ծիրան, որը գերազանցել է նախկին տարիների բոլոր ցուցանիշները: Եվ դա այն դեպքում, երբ «երկիրն ուներ լուրջ դժվարություններ` կապված Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի ավտոմայրուղու փակ լինելու հետ»: Օգտվելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության» բուսասանիտարական հավաստագրերից` ստիպված ենք փաստել, որ 2006 թ. հանրապետությունից արտահանվել է շուրջ 9400 տ պտուղ (առանց խաղողի), որից 8760 տոննան` ծիրան: Ընդ որում, 2006 թ. հուլիսի կեսերին գյուղատնտեսության նախարարության մեկ այլ պատասխանատուի հրապարակմամբ` հանրապետությունից արտահանվել էր 8300 տ ծիրան եւ 1500 տ էլ սառնարաններում սպասում էր արտահանման:

2007 թ. արտահանվել է 875 տ ծիրան (փոխնախարարի ներկայացմամբ` 772 տ): Նշված թվերը գյուղատնտեսության նախարարությանն են: Մինչդեռ 2006 թ. համար ՀՀ արտաքին առեւտրի մաքսային վիճակագրության տարեկան տեղեկագրում արտահանված ծիրանի քանակը 6300 տ է:

«Թյուրիմացությունները», ցավոք, այդքանով չեն վերջանում: Նույն գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնյաների գրեթե նույն կազմով (բացառությամբ գործող նախարարի) 2005 թ. հայտարարեց, որ Հայաստանից արտահանվել է 8 հազար 100 տ ծիրան: Մինչդեռ տարեվերջին վիճակագրության ամփոփումից հետո պարզվեց, որ արտահանվել է ընդամենը 4 հազար 683 տ ծիրան:

Վերադառնանք, սակայն, այսօրվան: Փոխնախարարի ներկայացմամբ` 2007 թ. արտադրվել է ընդամենը 15 հազար տ ծիրան: Միանշանակ հնարավոր է, որովհետեւ Արարատի մարզում 1 հա-ից 100-200 կգ բերք չէին կարողանում հավաքել (13-14 գյուղերից մի ֆուռ չկարողացան լցնել այն դեպքում, երբ նախորդ տարում միայն մի գյուղից մի քանի մեքենա էին լցնում): Արմավիրի մարզում, ըստ մարզպետարանի գյուղվարչության աշխատակցի (նա չցանկացավ հրապարակել իր անունը), նախնական տվյալներով ստացվել էր ծիրանի շուրջ 870 տ բերք, մինչդեռ պաշտոնական տեղեկագրերում այն դարձավ ավելի քան 6 հազար տ: Եվ դրանում հիմնական դերակատարությունը դարձյալ վերապահված էր նույն գյուղատնտեսության նախարարությանը: Այստեղ ամեն ինչ արվեց 30 հազար տ բերք ցույց տալու համար: Նախարարության պաշտոնյաները բազմիցս հայտարարեցին, որ ստացվել է ծիրանի 30 հազար տ բերք: Տարեվերջին, սակայն, վիճակագիրները փոքր-ինչ ավելի համեստ տվյալներ ներկայացրին` 25 հազար տ բերք: Այդքանով թվային անհամապատասխանությունները չեն ավարտվում: Ավելի ազնիվ կլիներ, եթե ասուլիսի ժամանակ փոխնախարարն արտահանումների վերաբերյալ համեմատությունները կատարեր ոչ թե անպտուղ անցած տարվա հետ, այլ, ասենք, 2006 թ.: Այդ դեպքում այս տարվա 223 տ կեռասի դիմաց արտահանումը կկազմեր ոչ թե 131, այլ 326 տ, 398 տ սալորի դիմաց կլիներ 248 տ, եւ ոչ` 6 տ եւ այլն: Եվ տպավորություն չէր լինի, որ տարեցտարի արտահանման ծավալներն աճում են, այլ պարզ կերեւար, որ գյուղմթերքների արտահանման կորն իրենից ներկայացնում է ոչ մի տրամաբանության չենթարկվող զիգզագ:

Մի փոքր թվաբանություն

2005 թ. «արտադրված» 82 հազար տ ծիրանից 6450 տ մթերել էին վերամշակող ձեռնարկությունները, չնայած պաշտոնական վիճակագրությամբ թարմ վիճակում արտահանվել էր 4.7 հազար տ ծիրան: Այդուհանդերձ, որպես հիմք ընդունենք գյուղնախարարի այն ժամանակ հրապարակած 8.1 հազար տոննան, որը, Դավիթ Լոքյանի ներկայացմամբ, գնել էին անհատ ձեռներեցները` 5 հազար տոննա չիր արտադրելու նպատակով (մինչդեռ նույն նախարարության տվյալներով` վերջիններս գնել էին ընդամենը 1.2 հազար տոննա): Ստացվում էր, որ հանրապետությունում իրացվել է 52-53 հազար տ ծիրան (իրականում այդ թիվը 40 հազարի էլ չէր հասնում): Այդ դեպքում ի՞նչ եղավ մնացած 30 հազար տոննա ծիրանը: Ոչ ոք այդ հարցի պատասխանը չուներ:

Բառացիորեն նույն հաշվարկը կարելի է կատարել նաեւ այսօր: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեկ շունչը երրորդ եռամսյակում (մրգառատ փուլ) ամսական սպառում է 4-6 կգ թարմ միրգ (բոլոր տեսակները միասին վերցրած): Եթե հաշվենք, որ բոլորը միայն ծիրան են կերել եւ ընդունված նորմայից կրկնակի-եռակի անգամ ավելի, միեւնույն է, ստացվում է, որ այս տարի իրացվել է 43-45 հազար տ ծիրան: Այդ դեպքում ու՞ր է մնացած 25-30 հազար տ: Այս պարագայում հնարավոր երկու տարբերակ կա. կամ այդքան բերք չի արտադրվել, կամ 25-30 հազար տ պարզապես թափվել-փչացել է:

Մեր կարծիքով, թվերն ուռճացնելով` ոլորտի այսօրվա պատասխանատուները պարզապես փորձում են ՀՆԱ-ում մեծացնել գյուղատնտեսության մասնաբաժինը, մյուս կողմից էլ, լինելով առավելապես խորհրդային ժամանակաշրջանի մտածելակերպի կրողներ, կարծում են, թե բերքի առատությունը պայմանավորված է նախարարության արդյունավետ գործունեությամբ:

Ո՞ր տարբերակն է ավելի հավանական: 2001-2002 թթ. նախարարության ակտիվ մասնակցությամբ մշակվեց, սակայն կառավարության հավանությանը չարժանացավ Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության առաջին տարբերակը: Սա բավականին հարուստ էր եղած իրավիճակի վիճակագրությամբ, եւ նշվում էր, որ հանրապետությունում կա 3.5 հազար հա ծիրանի այգի: Նախատեսվում էր դրանց տարածքները մինչեւ 2010 թ. հասցնել 6.7 հազար հա-ի: Գյուղնախարարության մասնագետները հաշվարկել էին, որ 8-9 տարում հնարավոր է կրկնապատկել ծիրանենիների այգիները: Սակայն անհասկանալի տրամաբանությամբ 2003-2004 թթ. այս եւ գյուղատնտեսության մյուս ոլորտներին ու ճյուղերին վերաբերող թվերը, առանց որեւէ հիմնավորման, շեշտակի աճեցին: Պտղատուների տարածքն ավելացավ ավելի քան 35 %-ով: Մինչ օրս ոլորտում հաշվառում չի անցկացվել (նման բան նախատեսվում է առաջիկայում), բայց սկսած 2004 թ.-ից` գյուղատնտեսությանը վերաբերող (ոչ միայն տարածքներին) բոլոր տվյալներն անբացատրելիորն աճում են: Յուրաքանչյուր հաջորդ տարում (չնչին բացառություններով) նախորդի նկատմամբ բոլոր ճյուղերում շեշտակի աճ է արձանագրվում` անկախ բնակլիմայական եւ մնացած բոլոր պայմաններից (տես` «Հայաստանի գյուղատնտեսությունը թվերով 2000-2005» եւ «Աղքատությունը եւ պարենային ապահովությունը» 2006, 2007 տարեկան զեկույցները):

Այդքանով հանդերձ` այսօր գյուղնախարարության տվյալներով հանրապետությունում մշակվում է 9.5 հազար հա ծիրանենի, Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 10.5 հազար (տարածքների 300% աճ), իսկ ոլորտի մասնագետների կարծիքով` ոչ ավել, քան 5-5.5 հազար հա: Եթե ծիրանի միջին բերքատվությունը հանրապետության կտրվածքով 100 ցենտներով էլ հաշվենք (մասնագիտական գրականության մեջ լիարժեք բերքատվության դեպքում հաշվարկվում է 150-200 ց, «Հազարամյակի մարտահրավերներում» մեր մասնագետները Արարատյան դաշտավայրի համար միջին բերքը հաշվարկել են 80 ցենտներով), ապա այս տարվա համար առավելագույնը ստացվում է 50-55 հազար տ բերք:

Երկու տարի առաջ Արարատի եւ Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքապետարաններում պատասխանատուների հետ բավականին մանրամասն քննարկել ենք գուղատնտեսական վիճակագրությանը վերաբերող հարցերը: Օրերս ստիպված էինք մի քանի գյուղերով նորից անցնել: Առանց չափազանցության` մարզային վիճակագրական ծառայությունները ենթարկվում են մարզային գյուղվարչություններին: Գոնե այդ մարզերում այդպես է: Մեր տեղեկություններով` այստեղից հրահանգում են համայնքապետարաններին, թե որ մշակաբույսի առումով ինչքան տարածք են ցույց տալու, ինչքան բերք: Պատմեցին, որ գյուղապետարանի ներկայացուցիչն անգամ կնքել-ստորագրել է համապատասխան մաքուր բլանկը, որից հետո գյուղվարչությունում վերջինիս փոխարեն լրացրել են: Սկզբնական շրջանում մի քանի գյուղերի ներկայացուցիչներ համառում էին, առաջարկում իրենց գյուղի համար գոնե մոտավոր թվեր գրել, բայց ...: Որոշ ժամանակ անց այդ համառները հասկացան, որ ամեն ինչ անիմաստ է, հիմա կարծես համակերպվել են, գրում են այն, ինչ պահանջում են: Հասկանալիորեն մարզպետարանի գյուղվարչության պետն էլ նախարարության համապատասխան պաշտոնյաներին «սրտամոտ» թվեր է ներկայացնում:

Այն դեպքում, երբ 10-20 հազար տոննան է այս ու այն կողմ տարվում, բնականաբար, 1000 տ-ի համար խոսելն ամոթ է: Բայց ստիպված ենք: Փոխնախարարի ներկայացմամբ` վերամշակողների կողմից մթերված 6140 տ ծիրանից Արտաշատի պահածոների գործարանն ու «Բորոդինոն» միասին գնել են 3200 տ ծիրան: Սա հերթական «թյուրիմացությունն» է, որովհետեւ այս երկուսը միասին գնել են ավելի քան 4.5 հազար տ ծիրան: Եվս 1000 տ մթերել է «Եվրոթերմ» ընկերությունը: Արդյունքում ստացվում է, որ ծիրան մթերող մնացած 12 ձեռնարկությունները միասին գնել են ամբողջի 10%-ից էլ պակաս: Սրանցից մեկը մթերել է 260 տ, մյուսը` 176, իսկ մնացածը 0.5-ից մինչեւ 45 տ: Ելնելով դրանից` ստիպված ենք թեժ գծին ուղարկված 369 ահազանգերին ավելացնել եւս մեկը` մթերված ծիրանի ավելի քան 40 %-ի գումարը ամիս ու կես անց գյուղացին չի ստացել: Թերեւս արժեր լրագրողների հետ խոսակցությունը սկսել հենց դրանից ու ներկայացնել, թե ինչ է արել նախարարությունը մթերածի գումարը գյուղացուն հասցնելու ուղղությամբ: Արժեր նաեւ, որ նախարարության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ գյուղացու եւ վերամշակողների միջեւ մինչեւ մթերումը կնքվեր եռակողմ պայմանագիր առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վճարելու մասին: Եվ ոչ թե տեղի ունենար մրցակցային դիրքի կոպիտ չարաշահում, ինչն արվում է այսօր:

Բոլորովին անտեղի չէր լինի հիշատակել նաեւ այն մասին, թե ինչպես էր նախարարությունը նախապատրաստվել` օգնելու գյուղացուն բերքի իրացման գործում: 2000 թ., օրինակ, կառավարությունը վերամշակողներին էր տրամադրել 3 մլն դոլարին համարժեք դրամ մթերումների կազմակերպման համար, ինչպես նաեւ ստեղծվել էր արտահանման աջակցման վարչությունը, որը հսկայական գործ կատարեց, սակայն, ցավոք, բերքահավաքից հետո մեկընդմիշտ փակվեց: 2005 թ. կառավարությունը էներգետիկների հետ պայմանավորվել էր վերամշակողների այդ փուլում օգտագործած գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարներն ավելի ուշ գանձել: Ի՞նչ էր արվել այս անգամ: Թերեւս ոչինչ, այլապես կասվեր: Ու մինչ փոխնախարարը նշում էր, որ ծիրանենու մշակության աշխարհագրությունն ընդարձակվել է, նախալեռնային գոտին նույնպես ընդգրկվել է դրա մեջ, կարող էր նշել նաեւ, որ այդ հատվածներում մշակված ծիրանի հիմնական մասը 40 դրամով հանձնվել է միջնորդ օղակներին: Եւ ընդհանրապես, 55 ու ավելի գումարի փայատերը եղել են միջնորդ օղակները: Վերամշակողներին հանձնվել է միջնորդների միջոցով, կգ-ը` 40 դրամով, որ իրականում ավելի էժան է, քան 2005 թ.-ի 30 դրամն էր: Փաստորեն, գրեթե ոչինչ չէր արվել եւ չէր էլ արվելու: Արդեն քանի տարի Գյուղնախարարություն-Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն-Զարգացման հայկական գործակալություն եռանկյունում փնտրվում է այն մարմինը, որը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտահանումների աջակցությամբ:

Հայերս աշխարհին ներկայանում ենք երկու բրենդով` հայկական կոնյակը եւ հայկական ծիրանը: Պարզվում է, որ անկախանալուց 17-18 տարի անց` միայն այս տարի են Հայաստան բերվել ծիրանի` Եվրամիության ընդունած ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի արտահանման ենթակա մեր ծիրանը: Զարմանալի է, ի՞նչն էր խանգարում մինչեւ հիմա դա անելուն: Հատկապես, որ տարիներ առաջ հանրապետության նախագահի հրահանգով նախարարությունը մեղրի եւ ձկան համար նման ստանդարտներ մշակում էր:

Չկա մի մարմին, որն ուղղակի կամ անուղղակի ինչ-որ բան անի Հայաստանից գյուղմթերքների արտահանման ուղղությամբ: Մինչդեռ, ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան գրասենյակի պատասխանատուները բազմիցս են հայտարարել, որ իրենց գործունեության նպատակը ամերիկացի ֆերմերների համար շուկաներ գտնելն է: «Սոցիալիստական» Չինաստանը ողողել է աշխարհը իր պոմիդորով ու դրա մածուկով: Եվ դա արվում է պետական մակարդակով: Իսրայելը, որն իր տարածքով, հարեւանների հետ ունեցած հարաբերություններով ու կոմունիկացիաներով շատ մոտ է Հայաստանին, տարեկան միջին հաշվով 6 մլրդ դոլարի գյուղմթերք է արտահանում: Եվ դա արվում է պետականորեն մշակված ռազմավարության շրջանակներում: Իսկ մե՞նք: Բոլոր այս տարիներին մեր արտահանած թարմ գյուղմթերքի ավելի քան 90 %-ը ծիրանն է` 2-3 մլն դոլար գումարի չափով:

Ի՞նչն է խանգարում մեզ. ամենից առաջ` համատարած կեղծ թվերի առկայությունը, ծուռ հայելիների քաղաքականությունը: Եթե հնարավոր լինի խուսափել դրանից, գուցե կարելի կլինի մտածել նաեւ` ինչ անել եւ ինչպես անել: Իրականում ստացված 40-50 հազար տոննայի կեսն անգամ չենք կարողանում իրացնել: Եթե վաղը, իրոք, 70-80 հազար տ բերք ստանանք, ինչպե՞ս ենք այն իրացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter