Ջրերով շրջապատված Լանջազատը ոռոգման ջուր չունի
Մինչդեռ նույն գյուղի վերին հատվածով Գառնիից եկող խմելու ջրի մայր ջրատարն է անցնում: Տեղի բնակիչներն էլ, ովքեր հնարավորություն ունեն, իրենց տնամերձ հողամասերը ոռոգում են խմելու ջրով: Մյուսներն էլ չեն վճարել կամ, ըստ «Հայջրմուղի», քիչ են վճարել:
Տեւական բանակցություններից հետո համայնքապետարանն ու «Հայջրմուղը» եկել են համաձայնության, որ վերջինս հայցը դատարանից ետ կվերցնի, եթե ամբողջ գյուղը շատ կարճ ժամանակամիջոցում ջրաչափեր տեղադրի: «Հիմա փորձում ենք համեմատաբար էժան հաշվիչներ գտնել գյուղի համար: Գիտենք, որ ձմռան ամիսներին, ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ դրանք սառելու են, շարքից դուրս գան, բայց քանի որ սա է պահանջը, պետք է կատարենք»,- ասում է համայնքապետի տեղակալ Նորայր Խորենյանը:
Ոռոգման համակարգերի զարգացման գրասենյակի օգնությամբ, գյուղի 15 % համաֆինանսավորմամբ (4.3 մլն դրամ) կարողացել են վերեւի հատվածի 30 հա հողատարածքի համար (որը ոռոգվում էր հիմնականում խմելու ջրով) ոռոգման փակ ցանց անցկացնել: «Հայրջրմուղն» էլ իր միջոցներով գյուղի այդ հատվածի համար մղիչ պոմպ է տրամադրել: Հասկանալի է, որ դա արել են` ելնելով իրենց շահերից, որ գյուղացին խմելու ջուրը չօգտագործի ոռոգման նպատակով: «Ցավոք, դրանք էլ իրենց չեն արդարացնում, մեկ աշխատում են, մեկ` չէ: Հիմա էլ «կանգնած են»: Այդուհանդերձ, այդ մասի հարցն արդեն լուծված է, եւ այդ հատվածում ոռոգման նպատակով խմելու ջուր չի օգտագործվի»,- ասում է համայնքապետ Հրայր Հակոբջանյանը:
Միայն գյուղի վերին հատվածն է ապահովված խմելու ջրով, իսկ գյուղի հիմնական մասում վիճակն այնքան էլ բարվոք չէ: Լանջազատի ջրագծերն ավելի քան 60 տարվա վաղեմության են: Ասիական բանկը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել «Հայջրմուղին»` Լանջազատի ջրագծերը փոխելու համար: Մասնագետները տեղում ուսումնասիրել են իրավիճակը եւ, գյուղի ղեկավարության ասելով, խոստացել, որ շուտով ամեն ինչ կարգի կբերեն: Այլապես գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ փողոցից դուրս, բլրի գլխին գտնվող տներ կան են (Լանջազատը, գտնվելով Արարատյան դաշտի գրեթե կենտրոնում, արտահայտված լեռնային գյուղի կառուցվածք ունի) ու տասնամյակներ առաջ մինչեւ հարյուր մետր, երբեմն էլ ավելի, ջրագիծ են անցկացրել հարեւանների հողամասերով, որն արդեն փտել է: Դրա հետեւանքով մի կողմից տան տիրոջը ջուր չի հասնում, մյուս կողմից էլ, անցնելով ուրիշների հողամասով, նրանց հողն է ճահճացնում: Նման դեպքերը եզակի չեն: Փողոցներ կան, որ ջուր չեն ունեցել, հիմա արդեն կարգավորվում է: «Բայց քանի որ գյուղը բարձր ռելիեֆային է, ներքեւի հատվածներում ջուր կա, իսկ վերեւներում պատահում է, որ չի լինում»-, ասում է համայնքապետը:
Լանջազատը շուրջ 2000 հա հողատարածք ունի (դրա մի զգալի մասն արոտավայր է): Մնացած մոտ 90 հա-ը զբաղեցնում են բնակավայրերը, որից էլ միայն 20 հա-ն է ոռոգելի: Մնացած տարածքներն արդեն 15 տարուց ավելի է չեն ոռոգվում: Ամբողջ գյուղն ընդամենը 2 հա պտուղ եւ 18 հա ոռոգելի վարելահող ունի: Մինչեւ 90-ականները այստեղ ավելի քան 300 հա ոռոգելի հողատարածք կար:
Ազատի ջրամբարը կառուցելուց հետո, որն անմիջապես գյուղի թիկունքում է գտնվում, ջրամբարից ջուրը մղվում էր պոմպերի միջոցով` ճանապարհին ոռոգելով ամեն ինչ, հասնում էր Ողջաբերդ գյուղ, եւ չօգտագործված ջուրը ինքնահոս ետ էր գալիս Լանջազատ: Այդուհանդերձ, գյուղը ոռոգման ջրի խնդիր չուներ: «Շուրջ 200 հա խաղողի այգիներ ունեինք, որը գյուղի ամենալավ, ամենաբերրի հողերն էին: Ոռոգելու համար ջուրը մեր գյուղից մի քանի կմ մղվում էր Բարձրաշեն, այնտեղ կիսվում էր, եւ ջրի կեսը վերադարձվում էր այդ այգիներին: Քանի որ Բարձրաշենում նախկինում շատ քիչ էին հողագործությամբ զբաղվում, ջուր շատ չէր օգտագործվում, եւ Լանջազատի խաղողի այդ 200 հա-ը հիմնականում առանց դժվարության ոռոգվում էր: Հիմա այդ այգիների միայն հետքերն են մնացել»,- ասում է պրն Խորենյանը: Գյուղն ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Բայց քանի որ միայն այդ ծրագրով ոռոգման հարցերն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, ծրագիր է մշակվել գյուղից ավելի քան 20 կմ հեռու, Գեղարդալճից Ողջաբերդով ջուր հասցնել այստեղ: «Տեղացիների պնդմամբ` այդ լճակի ջուրը Գողթ գյուղին չի բավարարի, եւ խիստ կասկածելի է, որ այնտեղից մեզ ջուր հասնի»,- ասում է Նորայր Խորենյանը: Համայնքապետի ներկայացմամբ` մեկ այլ ծրագիր էլ կա. Ազատ գետի վերին հատվածից ջուրը վերցնեն, որ կարողանան ինքնահոս հասցնել գյուղ:
Առայժմ ոռոգման խնդիրը մասնակի ու ժամանակավոր լուծելու համար ջրային տնտեսությունը գյուղում պոմպեր է տեղադրել` տնամերձ հողամասերի եւ խաղողի այգիների համար առանձին-առանձին: Սակայն պոմպակայանը ճիշտ տեղում չեն կառուցել եւ հուլիս-օգոստոս ամիսներին, երբ լճի ջրի մակարդակն իջնում է, այն չի աշխատում, եւ դրա գոյությունը, կարելի է ասել, անիմաստ է դառնում:
Մի կողմից ջուր չկա, մյուս կողմից` գյուղի բնակավայրի տակ գտնվող տարածքը շատ ցածր է, եւ այստեղ էլ ֆիլտրացիոն ջրեր են դուրս գալիս, հետեւաբար բնակավայրում ճահճացման ակտիվ երեւույթներ են տեղի ունենում: «Վերջին տարիներին հատկապես ջրերի շարժը, կարծես, մեծացել է, ստորգետնյա աղբյուրները փոփոխվում են, հոսքերը սկսել են շատանալ, եւ գյուղում մի քանի տուն արդեն ջրերի ազդեցությունից ուղղակիորեն քանդվում է: Պատերը ճաք են տվել, եւ որոշ ժամանակ հետո այդ տները բնակության համար պիտանի չեն լինի: Հասկանալի է, որ նման երեւույթների 90 %-ը տեղի է ունենում ոչ ճիշտ ոռոգման արդյունքում, բայց գյուղը փաստի առաջ է կանգնել »,- ասում է համայնքապետի տեղակալը:
Չնայած գյուղի ավելի քան 90 %-ը չի ոռոգվում, բայց հողի հարկ գանձվում է 95-99%-ով: Իհարկե, որպես անջրդի տարածքի հարկ: Այդ պատճառով էլ հարկերը չնչին են: Մարդիկ վճարում են ու չեն էլ հրաժարվում հողից` հուսով, որ մի օր, ի վերջո, դրանք կոռոգվեն:
Հարցնում ենք` ինչպե՞ս են ապրում մարդիկ, եթե ոչ հող ունեն, ոչ էլ այլ աշխատանք: «Ոչ ոք չի կարող հասկանալ, թե այս գյուղում ոնց են ապրում: Ոչ մի բան չեն անում ու ապրում են: Նախկինում լանջազատցին միլիոնատիրոջ ասոցիացիա էր առաջացնում: Հիմա լրիվ հակառակն է: Եղած-չեղածը բակերի պտուղն է: Դեղձը հասավ մինչեւ հոկտեմբեր ամիսը` մի կերպ կապրեն, պարտքերը կտան, որից հետո նորից կսկսեն պարտքեր հավաքել, մինչեւ նոր դեղձի հասնելը: Մի բանկից տոկոսով փողը վերցնում, մյուսին են տալիս, երկրորդից վերցնում` երրորդին են տալիս: Այդպես էլ ապրում են: Առաջ «Ազատի» ջրամբարը ձեռնարկություն էր, որտեղ գյուղից նվազագույնը 20-30 մարդ էր աշխատում: Ձեռնարկությունն ուներ բյուջե, բավականին լուրջ ֆինանսավորում, եւ եթե գյուղում ինչ-որ բան էր լինում, իրենց միջոցներով ամեն ինչ կարգի էին բերում: 1994 թ. համակարգը փոխվեց, անունն էլ, իսկությունն էլ մի քանի անգամ փոխվեցին, եւ հիմա 5-6 սեզոնային աշխատողով հազիվ գոյատեւում է: Ժամանակին գյուղի տարածքում մի քանի համամիութենական նշանակության հիմնարկներ կային, որ բավականին բարձր վճարվող աշխատանքով էին ապահովում: Դրանից զատ` ոռոգման ջուր կար, եւ մարդիկ այդ աշխատանքից հետո իրենց տնամերձն էին մշակում ու բավականին լավ ապրում էին: Հիմա անցյալից միայն հուշեր են մնացել ու մի լիմոնադի ցեխ` 4-5 աշխատողով»,- ասում է համայնքաապետը: Մեկ էլ` հույսը, որ, ի վերջո, գյուղի հողերը կոռոգվեն:
Գյուղի բյուջեն կազմում է 13 մլն դրամ, որից 10 մլն դրամը պետության տրամադրած դոտացիան է: «Եթե դոտացիան չլինի, մենք չենք կարող գյուղապետարան պահել: Անունն է «պահել»: Ամենաբարձրը, բնականաբար, համայնքապետի աշխատավարձն է` 60 հազար դրամ, 1.5 մլն դրամ էլ հատկացրել ենք օգնության ֆոնդին»,- ասում է Լանջազատի ղեկավարը:
«Չնայած ընտանեկան նպաստ ստացողները քիչ են, բայց, եթե անկեղծ լինենք, գյուղի բնակչության 90%-ը սոցիալապես անապահով է,- ասում է Նորայր Խորենյանն ու շարունակում:- Գյուղում աղբահանություն է իրականացվում: Աղբատար մեքենան յուրաքանչյուր ամսվա համար 100 հազար է պահանջել: 50 հազարը համայնքապետարանն է տալիս, մնացածն էլ ժողովրդից ենք հավաքում` տունը միջին հաշվով 200-300 դրամ: Իհարկե, ոչ բոլոր տներն են կարողանում տալ: Եղավ մի պահ, որ ստիպված էինք տնից 500 դրամ հավաքել: ժողովուրդն ընդգծված ձեւով իր դժգոհությունն արտահայտեց, եւ նախընտրեցին այլ տեղից միջոցներ հայթայթել»: Իրավիճակը շատերին ստիպում է մեկնել արտագնա աշխատանքի, գյուղից մոտ 250 մարդ է դուրս եկել, մի քանիսն էլ ընտանիքներով են հեռացել:
Այս պայմաններում ավագանուն գրեթե բան չի մնում անելու: «Գյուղի մյուս բնակիչների նման, եթե հետաքրքրող հարց կա, հետամուտ են, եթե ոչ` այնքան էլ ակտիվ չեն: Նիստի կանչենք` կգան, չէ` ինչպես ամենուր: Աճուրդ արեցինք, վերջին շունն էլ իմացավ: Բայց, ի տարբերություն «փոխվող աշխարհի», այս գյուղում հնուց մնացած թասիբ ասվածը կա. եթե մեկը ասեց, որ էս հողը ուզում եմ առնել, ոչ մեկը մոտ չի գնա, բոլորը գիտեն, որ էս հողն այսինչինն է: Պրծավ: Փող ունեցողներ էլ կան, բայց չեն էլ փորձում նման բան անել: Իհարկե, լինում է, որ համաձայնության են գալիս: Գյուղը դրսից մարդ չի ընդունում: Վերջին տասը տարիներին ընդամենը երկու նորեկ ընտանիք է եկել»,- ասաց Լանջազատի համայնքապետի տեղակալը:
Մեկնաբանել