Համայնքապետը չի կարող աշխատել, եթե մարզպետարանը չի ցանկանում
Լուսինե Թոփլաղալցյան
Միջանձնային խնդիրները կամ սուբյեկտիվ վերաբերմունքը մեզանում հաճախ օրենքից վեր են դասվում: Ճիշտ այդպիսի վերաբերմունք դրսեւորեց Գեղարքունքի մարզպետարանը 2007 թ. մարտի 4-ին արտահերթ ընտրության արդյունքում Նորաբակի համայնքապետ ընտրված Վազգեն Ասատուրյանի նկատմամբ (այդ մասին «Հետքը» քանիցս հրապարակումներ ունեցավ):
Ընտրություններից հետո Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.03.2007 թ. վճռով Վազգեն Ասատուրյանը ճանաչվեց Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավարի հաղթող թեկնածու, որի մասին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ նախագահը 15.03.2007 թ. թիվ 179 գրությամբ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետին: Սրան պետք է հետեւեր մարզպետարանի կողմից գործերի հանձնում-ընդունում իրականացնելը, ինչը նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով. «Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը», սակայն համայնքի ղեկավարի հաղթող թեկնածու ճանաչված Վազգեն Ասատուրյանը պաշտոնը ստանձնեց մայիսի 31-ին` ընտրվելուց գրեթե երկուսուկես ամիս անց:
Հետայդու համայնքի բյուջեն հայտնվել է արգելանքի տակ, ինչը տեւել է 1 տարի եւ 3 ամիս: Այսինքն` համայնքի նոր ղեկավարի համար փակուղային նոր վիճակներ են ստեղծել` պարտավորեցնելով վճարել նախկին աշխատողների աշխատավարձերի պարտքերը, ավագանու անդամները նիստերին չեն ներկայացել, ինչի արդյունքում տուժել եւ շարունակում է տուժել տեղական ինքնակառավարման կենսագործումն այս համայնքում:
Նորաբակի բյուջեն արգելանքի տակ առնելու ընթացքում հաջողվել է 6-7 մլն դրամի չափով հարկեր գանձել, սակայն համայնքը տարիների ընթացքում կուտակված 18 մլն դրամի ապառքներ ունի: Ներկայումս համայնքի բյուջեն կրկին արգելանքի տակ հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած, քանի որ հարկային տեսչությունը տեւական արգելանքի ժամկետը լրանալուց 15 օր հետո դիմել է Նորաբակի համայնքապետարանին շուրջ 4 մլն 109 հազար դրամ սոցվճարի պարտքի գանձման հարցով, որը մարելու համար 4 ամիս ժամկետ է սահմանվել: Համայնքապետարանի աշխատողները աշխատավարձ են ստացել 2 ամիս` արգելանքից առաջ եւ հետո: Այսինքն` հին պարտքերի մարմանը զուգընթաց գոյանում ու կուտակվում են նոր պարտքեր: Ընթացիկ գանձումները չեն կարողանում կարգավորել ստեղծված իրավիճակը, որը հուսահատության է մատնում համայնքապետարանի աշխատակիցներին:
Նորաբակի համայնքապետարանը դատական ճանապարհով կարողացել է հարկերի գանձումներ իրականացնել, սակայն ներկայումս համայնքային դատարկ բյուջեն հնարավորություն չի տալիս շարունակել այդ գործընթացը, ինչը որոշակի ծախսեր է պահանջում: Մինչդեռ համայնքի 60 հարկատուներից 3-4 են պարտաճանաչ, ունեն վճարման կտրոններ, կնշանակի` նախկին տարիներին կուտակված ու ներկայումս կուտակվող հարկերի գանձման համար տեւական աշխատանք, ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ: Ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ հարկահավաքման աշխատանքներն այս դեպքում ենթադրում են շարունակական դատական գործընթաց, ինչը չի կարող բնականոն աշխատաոճ դառնալ: Համայնքն ունի հարկատուներ, որոնք ոչ միայն սեփական վարելահողերի եւ խոտհարքների հարկի զգալի պարտքեր ունեն, այլեւ գյուղում չեն բնակվում, համայնքապետարանի աշխատակիցները նրանց չեն ճանաչում, որպեսզի ծանուցագրեր ուղարկեն եւ համապատասխան աշխատանք իրականացնեն հարկերը հավաքելու ուղղությամբ:
Այդ խնդիրը կամ, ավելի ճիշտ, սեփական վարելահողերի եւ խոտհարքների հարկի պարտք ունեցող 27 անձանց անվանական ցուցակը, որոնց ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 8 մլն 174 հազար դրամ, համայնքապետարանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանին: Մարզպետարանն էլ խնդիրը ներկայացրել է դատախազությանը, որպեսզի հարկահավաքման գործը իրավական ճանապարհով լուծում ստանա: Այդ առնչությամբ ներկայումս ընթանում է նախաքննություն:
Համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Ղազարյանը նշում է, որ 27 անձից բաղկացած ցուցակում կան անձինք, որոնք հաշվառված չեն համայնքում, փաստացի կամ ժամանակավոր չեն բնակվում Նորաբակում եւ համայնքի հետ առհասարակ որեւէ կապ չունեն: Համայնքապետարանի ներկայացուցիչները նշում են, որ այս անձանց չեն ճանաչում նաեւ հողերի սեփականաշնորհման տարիներին պաշտոնավարած գյուղխորհրդի նախկին նախագահ Վոլոդյա Մամիկոնյանը եւ գյուղխորհրդի քարտուղար Խաչատուր Ասատուրյանը: Թե ինչպե՞ս են նրանք դարձել վարելահողերի ու խոտհարքների սեփականատերեր, պարզ չէ. օգտվե՞լ են սեփականաշնորհումից եւ ի՞նչ հիմքով, արդյոք կրկնակի չեն օգտվե՞լ սեփականաշնորհումից, վարելահողերն ու խոտհարքները գուցե գնե՞լ են եւ այլն: Յուրաքանչյուր հարց պարզելու համար ուսումնասիրություն է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով էլ հետաքննչական մարմիններն են զբաղվում այս հարցերով:
Վերոհիշյալ ցուցակում համայնքի 2 մահացած բնակիչներ են ընդգրկված, որոնց վարելահողերը տնօրինում են ժառանգները, սակայն նրանք եւս հարկեր չեն վճարում: Այս ցուցակում է հայտնվել նաեւ անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի տարածքային ստորաբաժանման պետ Երվանդ Բուդոյանի կինը` Աննա Բուդոյանը (ունի 10,36 հա վարելահող): Համայնքի պատասխանատուները նշում են, որ նա այդ հողը գնել է անհատ անձանցից, որոնք նույնպես Նորաբակի հետ կապ չեն ունեցել:
Համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Ղազարյանը նշում է, որ այս ցուցակից զատ` պարտքեր ունի նաեւ անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի տարածքային ստորաբաժանման պետի աներորդին` Գոռ Համբարձումյանը: Նա ունի 10 հա վարձակալական, ջրովի վարելահող, սակայն 4 տարի է հարկեր չի վճարել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել