HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգի տակ է Սեւանա լճի ողջ էկոհամակարգը

Ս.թ. օգոստոսի 7-ին ՀՀ կառավարությունը հանդես է եկել Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում համապատասխան փոփոխություն է կատարվելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում:

Նման քայլը պատճառաբանվում է արտակարգ բնակլիմայական պայմաններով, ջրի ամբարման ցածր մակարդակով, ջրապահանջարկի աճով եւ այլն, եւ այլն:


Անկախ գիտնականների կարծիքով Սեւանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է եւ վտանգավոր: 2008թ. ոռոգման ջրի պահանջարկի աճի վերաբերյալ հիմնավորումները շատ թույլ են: Իսկ բնակլիմայական պայմաններն այնքան արտակարգ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, հատկապես որ արդեն իսկ կատարվել էր օրենսդրական փոփոխություն 2008թ. հունիս ամսին եւ բացթողնման ծավալներն ավելացվել էին մինչեւ 240 մլն. քառ. մետր:

Սեւանա լճից ջրառի կրկնապատկման ծրագիրն անհասկանալի պատճառներով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության: Դրա մասին նախապես չեն իրազեկվել ոչ միայն բնապահպանական հասարակական կազմակերպությունները եւ փորձագետները, այլեւ անմիջապես Սեւանա լճի շուրջ բնակվող գյուղացիները:

Մինչդեռ նախաձեռնության իրական պատճառները հասկանալի են բոլորին... Իշխանությունները փորձում են փրկել օրիգարխների անօրինական կառույցները, որ ջրասույզ են լինելու լճի մակերեւույթի բնական բարձրացման պատճառով: Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին...

Վտանգի տակ է Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի պաշարը եւ Սեւանա լճի ողջ էկոհամակարգը:

Մինչեւ երբ կարող է շարունակվել երկրի թալանը... Սեւանի, ընդերքի հանածոների, անտառների, կենսառեսուրսների ճակատագիրը պետք է որոշվի դրանց սեփականատիրոջ` Հայաստանի ժողովրդի անմիջական մասնակցությամբ: Իսկ որոշումները պետք է ընդունվեն գիտական հիմնավորումներով եւ թափանցիկ գործընթացների հիման վրա:

Օգոստոսի 19-ին, 11:30-ից ՀՀ Ազգային ժողովի առջեւ,
Բաղրամյան փողոցի կողմից, տեղի կունենա բողոքի ակցիա:

ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ...
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter