HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռմբակոծությունից տուժած Մեծ Մասրիկի բնակիչները դեռեւս սպասում են պետության բարեհաճությանը

Լուսինե Թոփլաղալցյան

Անցել է 15 տարի, սակայն Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչները լավ են հիշում 1993 թ. հուլիսի 24-ը, երբ ադրբեջանական 3 ինքնաթիռներ ռմբակոծեցին իրենց գյուղը եւ Վարդենիս քաղաքը: Ականատեսները պատմում են, որ ռումբերը վնասել են գյուղի մանկապարտեզը, տները:

 

Ռումբ է նետվել նաեւ երկաթգծի վրա, վնասներ են հասցվել Վարդենիս քաղաքին ու նրա բնակիչներին: Ռմբակոծությունից տուժել են Վարդենիս քաղաքի հարեւանությամբ գտնվող Մեծ Մասրիկ գյուղի մի շարք շինություններ, ջարդվել են տների ապակիները, կահ-կարասին, տանիքները, վիրավորվել են մի ընտանիքի 2 անդամներ, զոհվել են 3 քաղաքացիներ 3 ընտանիքներից:

Տուժած ընտանիքների բնակիչները պատմում են, որ ռմբակոծությունից շատ չանցած` մի քանի ավտոմեքենաներով բազմաթիվ մարդիկ (իրենց կարծիքով` դիտորդներ) են եկել գյուղ եւ սեփական աչքերով ու տեսախցիկներով արձանագրել տեղի ունեցածը: Այդ պահին գյուղ է եկել եւ նկարահանումներ է իրականացրել նաեւ իրենց համագյուղացի Մելիք Գասպարյանը, ով հետագայում ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Նման ուշադրությունից հետո տուժած եւ հատկապես զոհվածների ընտանիքները տարիներ շարունակ սպասել են պետության աջակցությանը: Սակայն աջակցությունը սահմանափակվել է զոհվածներին 3 դագաղ հատկացնելով: Այլ աջակցություն, անգամ այցելություն չի եղել առ այսօր, թեեւ տուժածները համբերատար սպասել են, որ մի օր, երբ պետությունը միջոցներ կունենա, կհիշի իրենց, կփորձի փոխհատուցել կրած վնասը:

2002 թ. իմանալով, որ նույն օրը ռմբակոծությունից տուժած Վարդենիս քաղաքի ընտանիքների կրած վնասը փոխհատուցել են, զոհվածների ընտանիքները դիմել են տարբեր ատյաններ` գրավոր բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին: Տարբեր դիմումների պատասխանների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս անձանց բնակարաններն ընդգրկված են «ոչ ուղղակի հրետակոծված բնակարանների ցուցակում»: Մեծ Մասրիկի բնակիչ Ռուբեն Ավագյանին տրված Գեղարքունիքի մարզպետի 30.09.2003 թ. պատասխանում մասնավորապես նշված է. «ՀՀ պետական բյուջեից նշված նպատակի համար հատկացումներ լինելու դեպքում Ձեզ կտրվի համապատասխան փոխհատուցում»: Գեղարքունիքի մարզպետի մեկ այլ` 01.07.2004 թ. պատասխանից տեղեկանում ենք, որ «1992-93 թթ. ուղիղ հրետակոծությունից տուժած բնակելի տներին 2002 թ. տրվել է փոխհատուցում հաշվարկված վնասի 16,3 %-ի չափով»:

Զոհեր տված Մեծ Մասրիկի բնակիչների համար խնդիրն արդեն ստացել է բարոյական նշանակություն: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ ասել է ուղղակի կամ անուղղակի հրետակոծությունը: Չէ՞ որ մարդկային կորուստներ են եղել: Ռմբակոծության պահին զոհված 53-ամյա Ամալյա Ավագյանի մահվան վկայականում մահվան պատճառն արձանագրված է այսպես. «Սուր անոթային անբավարարություն, սուր արնահոսություն ռմբակոծությունից հետո»: 22-ամյա Սեյրան Ասատրյանի մահվան պատճառը` «բազմաբեկորային հրազենային վնասվածքներ, ռմբակոծության հետեւանք»: Մյուս զոհվածի` Ժորա Ավագյանի ընտանիքի անդամները հեռացել են Մեծ Մասրիկից: Ռուբեն Ավագյանը, ով կորցրել է կնոջը, պատմում է, որ զոհվածների մարմինները մասնատվել ու անճանաչելի էին դարձել, մարմնի տարբեր հատվածներ ցրիվ էին եկել ողջ տարածքում, որոնք հավաքել եւ պարկերի մեջ են լցրել` հողում ամփոփելու համար:

Ադրբեջանից բռնագաղթած եւ նման կորուստներ ունեցած ընտանիքները դեռ դժվարին 90-ականներին մնացել են նաեւ իրենց նյութական վնասներն ինքնուրույն վերականգնելու խնդրին դեմ հանդիման: Ռուբեն Ավագյանը տունը վերականգնելու համար պարտքեր է կուտակել եւ մինչ օրս չի կարողանում մարել դրանք: Զոհված Սեյրան Ասատրյանի մայրը` Սեդա Ասատրյանը, ապրած ողբերգության պատճառով ձեռք է բերել մի շարք հիվանդություններ եւ տարիներ շարունակ բուժվում է հարազատների աջակցությամբ: Նա նշում է, որ հսկայական նյութական կորուստներ են կրել, իսկ ներկայումս էլ ի վիճակի չեն բարելավել իրենց բնակարանային պայմանները: Թեեւ չգիտեն իրենց վնասների դրամական չափը, սակայն սպասել ու սպասում են, որ մի օր պետությունը կհիշի իրենց ու օգնության ձեռք կմեկնի:

Այդ նպատակով պետական, հիմնականում իշխանության տարբեր բարձր ատյաններ հղված գրություններն անպայմանորեն իրենց վերջնական հանգրվանն են գտել Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ էլ դիմումատուներին տրվել են նույնատիպ պատասխաններ: 2008 թ. պատասխանները, սակայն, ավելի շատ տեղեկություններ են պարունակում նախորդների համեմատ: Այսպես՝ 17.03.2008 թ. Գեղարքունիքի մարզպետի պատասխանում 15 տարի անց դիմումատուներին վերջապես մեկնաբանել են, որ 1993 թ. ռմբակոծությունից հետո Վարդենիսի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ստեղծած հանձնաժողովների ուսումնասիրության արդյունքում Վարդենիս քաղաքում եւ Մեծ Մասրիկ գյուղում «վնասված շենքերը բաժանվել են երկու կարգի` ուղղակի վնասված եւ անուղղակի վնասված»: Չմեկնաբանելով նշված կարգերի տարբերությունները` պատասխանում նշվում է. «Քանի որ, ըստ կազմված ակտերի, ուղղակի վնասված շենքերի գնահատված վնասները շատ ավելի մեծ են եղել, ուստի ՀՀ 2002 թ. պետական բյուջեից հատկացված միջոցներից փոխհատուցում է տրվել դրանց տերերին` կրած վնասի 16,3 %-ի չափով»:

Դիմումատուների համար դարձյալ անհասկանալի է իրենց բնակարանների` անուղղակի վնասված լինելու ձեւակերպումը, քանի որ, անգամ իրենց իրականացրած վերանորոգումներից հետո, ակնհայտորեն տեսանելի է տների ուղղակի վնասված լինելը: Մարդիկ մատնացույց են անում շինությունների բեկորային վնասվածքները ու արդարացիորեն զարմանում` ի՞նչ է, սա ուղղակի հրետակոծությու՞ն չէ...

Բնական է, քաղաքացիների յուրաքանչյուր դիմումի պատասխանելիս մեր պաշտոնյաները չեն կարող տեսնել դիմումատուների զարմացած հայացքները, սակայն մի՞թե դժվար է ավելի սրտացավորեն վերաբերվել մարդկանց ողբերգությանը, փորձել առավել հանգամանորեն ու հասկանալի պատասխանել նրանց: Չէ՞ որ դժվարին պայմաններում ապրող մարդկանց հասու չեն կառավարության ընդունած ծրագրերը, որոշումները, նրանցում տեղ գտած դասակարգումները, որի պատճառով էլ ամեն անգամ դիմում են նույն հարցով` հույս կապելով քաղաքական իրավիճակի փոփոխության, ընտրությունների, պաշտոնական անձանց հետ: Եվ դիմումները հղվում են հնարավորինս բարձր ատյաններ, քանի որ վստահության պակաս կա տեղական իշխանությունների նկատմամբ:

Մեծ Մասրիկի բնակիչների վերջին դիմումին կրկին պատասխանել է Գեղարքունիքի մարզպետը 11.06.2008 թ. գրությամբ, որից դիմումատուները տեղեկանում են, որ իրենց գյուղում անուղղակի հրետակոծությունից տուժել են 57 բնակարաններ, որոնց վնասի չափը կազմել է 16 մլն 178 հազար դրամ: Սակայն պատասխանի վերջին մասը դիմումատուների համար անըմբռնելի է. «Անցել է շուրջ 16 տարի, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելը ներկայումս անհնարին է եւ, բացի այդ, անուղղակի հրետակոծությունը ուղղակիով փոխարինելու ոչ մի հիմք չկա»:

Միաժամանակ նշենք, որ ՀՀ վարչապետի 05.02.2003 թ. թիվ 35-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով ՀՀ uահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետեւանքով վնաuված բնակելի տների բնակիչների լուծում չuտացած բնակարանային խնդիրների ուuումնաuիրման նպատակով, ինչպես նաեւ հանձնաժողովի ղեկավարին հանձնարարվել է ուuումնաuիրել եւ մեկամuյա ժամկետում uահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն: Կնշանակի` ուսումնասիրությունների կարիք կա, այլապես հանրապետության վարչապետի մակարդակով նման որոշում չէր կայացվի:

15-16 տարի սպասումների մեջ գտնվող, հարազատներ կորցրած եւ շարունակաբար նույն հարցով դիմող քաղաքացիներին գոնե կարելի էր օրերից մի օր լիարժեք գրավոր պատասխանով տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 25.04.2001 թ. ընդունել է «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների առաջին փուլի մասին» թիվ 343 որոշումը, որում նշվում է. «1992-1994 թթ. ռմբակոծությունների հետեւանքով ՀՀ Տավուշի, Uյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի uահմանամերձ շուրջ 170 բնակավայրում ավերվել եւ վնաuվել են հազարավոր բնակելի տներ, որից` 69 բնակավայրում, ելնելով դրանցում uտեղծված uոցիալ-տնտեuական իրավիճակից, բնակչությանը հաuցված վնաuների չափի որոշման նպատակով մարզերում uտեղծված հանձնաժողովների կողմից հաշվառվել են վնաuվածության տարբեր աuտիճանի բնակելի տներ եւ 2000 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 6214 բնակելի տուն, այդ թվում` 191 բազմաբնակարան եւ 6023 առանձնատուն»:

Նույն որոշմամբ նշված են նաեւ շահառուները. «Հաշվի առնելով uտեղծված uոցիալ-տնտեuական իրավիճակը եւ հանրապետությունում տարվող բնակարանային քաղաքականության ռազմավարությունը` անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին բնակելի տարածությամբ ապահովել քանդված կամ քանդման ենթակա, ինչպեu նաեւ վերականգնման ենթակա բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող բնակելի տների բնակիչներին` ցուցաբերելով տարբերակված մոտեցումներ նշված ընտանիքներին ցույց տրվող պետական աջակցության չափի որոշման ժամանակ: Արդյունքում, առաջնահերթ լուծում է պահանջում 534 վնաuված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրը»:

Իսկ առաջնահերթ ծրագրում չընդգրկված վնասված շինությունների մասին վերոհիշյալ որոշման մեջ նշվում է. «Առաջնահերթ ծրագրում չընդգրկված` պետական միջամտություն պահանջող` ռմբակոծության հետեւանքով վնաuված շահագործվող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները նախատեuվում է իրականացնել uահմանամերձ բնակավայրերի զարգացման նպատակային ծրագրերի շրջանակներում»:

Անորոշ մի ձեւակերպում, որն ակամա հիշեցնում է «Մինչեւ գարուն գա, կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը» ժողովրդական տխուր, բայց փորձված իմաստությունը:

Սակայն այս հրապարակման գլխավոր եզրահանգումը հետեւյալն է. մեր պաշտոնյաները սրտացավորեն չեն վերաբերվում քաղաքացիների դիմումներին, նրանց չեն ուղարկում հասկանալի, մատչելի, լիարժեք տեղեկատվություն պարունակող պատասխաններ: Չէ՞ որ քաղաքացին իրավաբան չէ, նրան հասու չեն օրենքները, կառավարության ծրագրերը, որոշումները, ուստի անհրաժեշտ է քաղաքացուն գրել մանրամասն եւ ոչ թե բավարարվել պաշտոնական գրագրությանը հարիր սեղմ շարադրանքով: Մինչդեռ շատ հաճախ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների դիմումներին տրված պատասխաններն ասես ցույց են տալիս պատասխանողների անբարեհաճությունը, խուսափողականությունը, մարդկանց հոգսերի նկատմամբ անտարբերությունը:

Մեծ Մասրիկի բնակիչ, ռմբակոծության հետեւանքով 21-ամյա որդուն կորցրած Եդիգար Ասատրյանը նշում է, որ պետությունն առանց հիշեցնելու պետք է հոգար, ուշադրություն դարձներ իրենց խնդիրներին, օգնության ձեռք մեկներ գոնե զոհվածների ընտանիքներին: Ամենավիրավորականը հենց այդ անտարբերությունն է, որ արդեն 15 տարի ճաշակում են իրենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter