HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաքավաբերդ. բնակավա՞յր, թե՞ արգելոց

Նարեկ Խաչատրյան

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղը թերեւս չարժանանար մեր ուշադրությանը, եթե պաշտոնական բոլոր տեղեկագրերում սրան կից չնշվեր Կաքավաբերդ անունը: Բարձրաշենը մայրաքաղաքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա է գտնվում, Նուբարաշենի հարեւանությամբ:

Սրան, ինչպես տարածաշրջանի, եւ ընդհանրապես հանրապետության բոլոր գյուղերին, բնորոշ են բազմաթիվ խնդիրներ` մի մասը լուծելի, մյուսներն` առայժմ բավականին բարդ: Սակայն Բարձրաշենը մյուս բոլորից առանձնանում է նրանով, որ այս գյուղի վարչական տարածք է համարվում երբեմնի բնակավայր Կաքավաբերդը, որը Բարձրաշեն գյուղից 25 կմ հեռավորության վրա է գտնվում` Կոտայքի մարզի Գառնի գյուղից մի քանի կմ վերեւ, Ազատ գետի աջ ափին, Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ:

Իրենք` բարձրաշենցիները, բոլորովին անտեղյակ են Կաքավաբերդի գոյության, առավել եւս իրենց գյուղի վարչական սահմանների հետ նրա առնչության մասին: Բարձրաշենի համայնքապետ Կամո Բաբայանը պատմեց, որ Կաքավաբերդը գտնվում է Արարատի մարզի վարչական տարածքում: «Սա հանրապետությունում միակ համայնքն է, որ նման կարգավիճակ ունի, բայց ոչնչից տեղյակ չենք: Չկա մի իրավաբանական փաստաթուղթ, որում արձանագրված լինի, որ դա մեր համայնքի սեփականությունն է: Բարձրաշենը շատ աղքատ վիճակում է, եւ եթե Կաքավաբերդը փաստացի տրվեր գյուղին, դա եզակի հնարավորություն կլիներ գյուղացիների սոցիալական վիճակը փոքրիշատե բարելավելու համար»,- ասում է պրն Բաբայանը: Վերջինիս ներկայացմամբ` սա անասնապահական ընտիր տարածք է Խոսրովի արգելոցի անմիջական հարեւանությամբ եւ վաղուց ի վեր այդտեղ զբաղվել են անասնապահությամբ:

80-ական թվականների սկզբներին այստեղ նույնիսկ ոչխարաբուծական ֆերմա-համալիր է ստեղծվել, որը, սակայն, «իրեն չի արդարացրել» եւ լուծարվել է: Դրանից հետո, արդեն 80-ականների կեսերին, կառավարության որոշմամբ Կաքավաբերդը լուծարվել է, եւ տարածքը տրվել է երեք համայնքների, այդ թվում եւ Բարձրաշենին: Մինչ այդ այն պատկանելիս է եղել Մխչյան գյուղին: Երկրորդ լուծարումից հետո այստեղ ապրում էին ավելի քան 30 ադրբեջանցի եւ երկու հայ ընտանիք: Իշխան Մարտիրոսյանի ընտանիքը, նրանց ասելով, մինչ օրս էլ շարունակում է ապրել այնտեղ:

Իսկ մինչ այդ, սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից մինչեւ հողերի սեփականաշնորհումը, Կաքավաբերդը իրավաբանորեն եւ փաստացի ղեկավարել է Բարձրաշենի գյուղխորհուրդը: «Մենք ամեն շաբաթ մեքենայով գնում էինք այնտեղ, կարգավորում բնակիչներին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու եւ այլ հարցերը: Հայ ընտանիքների տները քարաշեն էին, բավականին լավը: Մնացածը` ոչ այնքան: Տարածքում ընտիր աղբյուրներ կան, այնպես որ ջրի խնդիր չկար: Գյուղը Էլեկտրական հոսանք չուներ, բայց գեներատոր էին աշխատեցնում, եւ այդ հարցն էլ էր լուծված»,- պատմում է ե՛ւ այն օրերի, ե՛ւ այօրվա համայնքապետարանի քարտուղար տիկին Նարվարդը:
Սեփականաշնորհման օրերին դրա գոյության մասին կարծես մոռացել էին: 80-ականների վերջերին, պայմանավորված ղարաբաղյան շարժումով, ադրբեջանցիները հեռացել են: Մնացել էին երկու հայ ընտանիքներ: Համայնքապետ Կամո Բաբայանը, ով 1990-92 թթ. Բարձրաշենի գյուղխորհրդի նախագահն էր, պատմում է, որ այն ժամանակ էլ, այսօր էլ գյուղխորհրդում կամ գյուղապետարանում Կաքավաբերդին վերաբերող որեւէ փաստաթուղթ չկար եւ չկա: «Բայց 2004 թ., երբ կադաստրի ներկայացուցիչները եկել էին Բարձրաշեն գյուղի հողերի վերջնական գույքագրման, նրանց քարտեզներում Բարձրաշենի բալանսում 200 հա տարածք էր ամրագրված նաեւ Կաքավաբերդից: Վերջիններս առաջարկեցին գույքագրում անցկացնել նաեւ այդ տարածքներում, բայց հետո անհասկանալի պատճառներով դա չարվեց»,- պատմեց համայնքապետը: Դրանից հետո համայնքապետը սկսում է հետաքրքրվել Կաքավաբերդով: Մարզի գլխավոր հողաշինարարի հետ բոլոր հնարավոր գերատեսչություններում փորձում են ճշտել, թե «ինչն ինչոց է»: Ոչ մի արդյունք: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պաշտոնական ոչ մի հիմք չեն գտնում, ու հարցն այդքանով փակվում է: Մեկ էլ, համայնքապետի ներկայացմամբ, մեկ-երկու տարի առաջ կառավարությունից զանգահարել են համայնքապետարան` թե «Կաքավաբերդին վերաբերող ի՞նչ ունեք ասելու»: Համայնքապետն էլ, թե. «Անունը կա, ինքը չկա, ոչ մի փաստաթուղթ չկա, եւ փաստացի այն մեր համայնքի մաս չի»: Կառավարության հետաքրքրությունը Կաքավաբերդի նկատմամբ այդքանով վերջանում է:

Չնայած պաշտոնական որեւէ փաստաթուղթ չկա, բայց տարբեր գերատեսչություններում ոչ պաշտոնապես համայնքապետին փոխանցել են, որ տարածքը միացվել է Խոսրովի արգելոցին: Նույնն ասաց նաեւ մարզի գլխավոր հողաշինարար Արտավազդ Օրդոյանը: Նաեւ` Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանը:

Տկն Նորվարդը պատմում էր, որ ադրբեջանցիները հեռացել են 1988 թ. հայտնի դեպքերի պատճառով, իսկ երկու հայ ընտանիքներն այդպես էլ չեն հեռացել տարածքից: Ավելին, նրա ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանը, որ բավականին լուրջ փոխհատուցում պետք է ստանար իր գույքի դիմաց, այդպես էլ չի ստացել: «Անտառապետի» (որ այդ պաշտոնը ստանձնել է միայն 1994 թ.) ներկայացմամբ` Իշխան Մարտիրոսյանն ինքն է հրաժարվել գումարից: Հետո անտառապետը մեզ պատմեց, որ Իշխանը, իրոք, ապրել է այդ տարածքում, բայց ընդամենը որպես արգելոցի աշխատակից, շատ լավ իմանալով, որ ինքն այդտեղ ոչ մի գույք չունի: Նրա մահից հետո անտառում են մնացել եղբորորդին ու հարսը, որն աշխատում է արգելոցում:

Այդ դեպքում զարմանալի է, թե ինչո՞ւ կառավարությունը Կաքավաբերդը չի հանում Բարձրաշեն գյուղի հաշվեկշռից: Ահավասիկ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի մարզերը թվերով 2004-2006 թթ.» տեղեկագիրը. Կաքավաբերդը դարձյալ Բարձրաշենի տարածքում է:

Կաքավաբերդից ոչ հեռու, նույն կուսական անտառի գրկում, դարձյալ լքված բնակավայրում, որ նույնպես այլեւս արգելոցի տարածք է (համենայնդեպս, մեզ այդպես ներկայացրին), տեղաբնակ ադրբեջանցիների կողմից ժամանակին թաղված եւ միայն վերջերս հայտնաբերված հրաշք եկեղեցու հարեւանությամբ, իրազեկ մարդկանց պնդմամբ, Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը հսկա հյուրանոցային համալիրի շինարարություն է նախաձեռնել: Խոսրովի արգելոցի տնօրեն Ս. Շաբոյանը հաստատեց, որ այդ հատվածում 192 հա հող է տրվել վարձակալության, թե ու՞մ` «հստակ» չէր հիշում: Այդքանից հետո մնում է միայն զարմանալ, որ մեկին տարածքում ապրել չի կարելի, մյուսին թույլատրվում է համալիրներ կառուցել` «այն, ինչ չի կարելի եզին, կարելի է Զեւսին» սկզբունքով: Իսկ դա Հայաստանի համար նորություն չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter