HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդերքի ոլորտում վարվող քաղաքականությունը պետք է փոխվի

Անհատները հարստանում են, հայ ժողովուրդը կորցնում է կյանքի հենարանները

Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի նկատմամբ պետական վերաբերմունքը: Անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է իրականացվելիք նախագծերի, այդ թվում նաեւ ընդերքօգտագործման նախագծերի ընթացակարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի քայքայվել-ամայացվել է նախկին ընթացակարգը:  

Մեկ տասնամյակ առաջ նախագծերը մանրազնին ուսումնասիրվում էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում, իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացության համար հիմք էին ծառայում մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունները:

Այժմ նշված ուսումնասիրություններին փոխարինում է մեկական ներկայացուցիչներով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որով եւ հիշյալ ծրագրերին ընթացք է տրվում: Դժբախտաբար, միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները կայացվում են առանց լուրջ քննարկումների:

Բացի նշվածից, ՀՀ բնապահպանության նախարարը 2005 թ. լուծարեց երկրաբանական վարչության գիտական խորհուրդը, որը համակարգում ու ամփոփում էր երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվությունները եւ հանքավայրերը շահագործելու կամ չշահագործելու խնդիրներում ուներ իր վճռորոշ ձայնի իրավունքը: Նախարարը լուծարեց նաեւ պետական էկոլոգիական փորձաքննական վարչության հանձնաժողովը, որն ամփոփում էր իրականացվելիք նախագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների եզրակացությունները: Նույն բնապահպանության նախարարությունը ընդունում եւ հաստատում է նշված ուսումնասիրությունները, իրականացնում դրանց հիման վրա ստեղծված նախագծերի էկոլոգիական փորձաքննությունը եւ տալիս` եզրակացություն, այն դեպքում, երբ այդտեղ ժամանակին գործող մասնագիտական կառույցները քայքայվել, ձեւական են դարձել:

Պատահական չէ, որ այսօր պետականորեն այնպիսի ծրագրեր են իրականացվում կամ նախատեսում են իրականացնել, որոնք ուղղված են հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ:

Հանքարդյունաբերության ոլորտում հայեցակարգ գոյություն չունի

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն հայեցակարգը, թե ո՞ր հանքա֊վայ֊րերը պետք է շահագործվեն, որո՞նք ընդհանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է պահպանվեն ապագա սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտագործել (չկա նույն հանքատեսակի տարեկան օգտագործման չափաբաժնի սահմանումը):

Հանքավայրերի միաժամանակյա եւ հապճեպ օգտագործելու այսօրվա քաղաքականության եւ հանքահանման-հանքավերամշակման բնագավառում առկա նորագույն հզոր տեխնիկան մեկ-երկու տասնամյակների ընթացքում ակնհայտորեն կարող են բերել Հայաստանի Հանրապետության հանածո հարստությունների պաշարների սպառման, սակայն չափավոր եւ արդյունավետ օգտագործման պարագայում դրանք կարելի է հարյուրավոր տարիներ շահագործել: Օրինակ` Խորհրդային իշխանության օրոք ծրագրված էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործել 300-350 տարիների ընթացքում: Աժմ Քաջարանի հանքավայրից տարեկան հանվում է 10,8 մլն տոննա, առաջիկա տարիներին նախատեսվում է տարեկան 20-25, իսկ հեռանկարում` տարեկան 40-45 մլն տոննա հանքաքար վերամշակել:

Չբավարարվելով աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկի` Քաջարանի եւ մի քանի այլ պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործումով` այժմ ՀՀ կառավարությունը բազմաթիվ ընկերությունների նորանոր հանքավայրեր շահագործելու արտոնագրեր է տվել: Գործընթացը շարունակվում է:

Միայն 2004-2006 թթ. օտարերկրյա եւ տեղական ընկերություններին ոսկու 27 հանքավայրերում ուսում֊նասի֊րություններ կատարելու (հետագայում շահագործելու նպատակով) արտոնագրեր են տրվել: Այսքանը երեք տարիներին միայն ոսկու հանքավայրերին տրված արտոնագրերն են: Եթե դրան ավելացվեն վերջին 5-6 տարիներին մետաղային այլ հանքավայրերին տրված արտոնագրերը եւ շահագործվողները եւ ոչ մետաղային հանքավայրերի ցանկը, ապա պարզ կդառնա, թե ինչ գիշատչային արագությամբ կարող է հոշոտվել Հայաստանի Հանրա֊պետության օրգանիզմը:

Այսօրվա հանքարդյունաբերության տրամաբանությունը հետեւյալն է` հանք շահագործողները գերշահույթներ են ստանում եւ հանքանյութը սպառվելուց հետո վերադառնում իրենց երկրները, որոշ իշխանավորներ եւ միջնորդներ հարստանում են, իսկ հայ ժողովրդին բաժին են հասնում դատարկ հանքախորշեր, անառողջ ու բզկտված բնական համակարգեր, հազարամյակներ շարունակ ավերման ու կենդանի աշխարհին վտանգ սպառնացող հանքարդյունաբերական թափոններ, ինչպես նաեւ ոչնչացված գետերի, կիրճերի, անտառների, վարելահողերի, արոտավայրերի, ինչպես նաեւ մշակութային օբյեկտների հուշեր:

Ահա թե ուր է տանում հանքահանման-հանքավերամշակման հայեցակարգի բացակայությունը, օրենքների անտեսումը, ընկերությունների շահերին ծառայող նոր օրենքների ընդունումը, ոչ մասնագիտական պետական կառավարման համակարգը, անձնական հարստություն կուտակելու` պաշտոնյաների մոլուցքը եւ տնտեսական ու քաղաքական խնդիրներում տհաս լինելը:

ՀՀ պետական մարմինների ղեկավարների գործունեությունից կարելի է անել այն տխուր հետեւությունը, որ կարծես հայ ժողովրդի ապագան նրանց առանձնապես չի հուզում եւ ղեկավարվում են հակազգային-հակապետական այն մտայնությամբ, թե միեւնույն է, այդ հանքերը ապագայում կարող են շահագործվել, ուրեմն թող շահագործվեն հենց իրենց իշխանության օրոք: Գուցե այդպիսի մտածելակերպն է պատճառը, որ ցանկանում են մեր երկրում ուրանի հանքահա֊նություն իրականացնել, ինչպես նաեւ անտառները հանքահանության տակ դնել:

Ինչո՞վ է պայմանավորված օտարերկրյա ընկերությունների` Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվելու շահագրգռվածությունը

Ներկայումս աննախադեպ ակտիվություն է տիրում Հայաստանի ընդերքի շահագործման խնդրում: Մեր ընդերքի հարստություններին տիրանալու գործում առանձնա֊հատուկ հետաքրքրվածություն են դրսեւորում օտարերկրյա ընկերությունները (անհրաժեշտ է նշել, որ առանձին նախագծերի ուսումնասիրությունները եւ այդ նախագծերի հետ կապված զարգացումները հուշում են, որ օտարերկրյա ընկերությունների անվան տակ, հավանաբար գործում են մեր երկրի ազդեցիկ անձինք), ինչը պայմանավորված է այն բանով, որ մեր երկրում առկա են հանքավայրերը հեշտությամբ ձեռք բերելու, օրինականությունը շրջանցելով գերշահույթ ստանալու եւ անպատիժ մնալու լայն հնարավորություններ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտի գործարարների համար գերշահույթ ունենալու գլխավոր գրավականն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն արտոնված է միլիարդավոր դրամի հարկեր չվճարել եւ պետական գանձարան չմուծել նախագծերի իրականացման հետեւանքով առաջացած տնտեսական վնասը:

Փորձենք պարզաբանել, թե արդյո՞ք հիմնավորված են իրականացվելիք նախագծերի հետեւանքով առաջացած տնտեսական վնասը չհատուցելը եւ հանքարդյունաբերական թափոնների դիմաց հարկեր չվճարելը, ինչպես նաեւ այն, թե դրանք ինչ աղետալի հետեւանքներ կարող են ունենալ մեր երկրի տնտեսության եւ բնական համակարգերի համար:

ա) Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությամբ զբաղվողներին արտոնված է իրականացվելիք նախագծերի հետեւանքով առաջացած տնտեսական վնասը չհատուցել: Օրինակ` Թեղուտի հանքավայրի Աշխատանքային նախագծում գրված է. «Տնտեսական վնասը բնութագրում է ձեռնարկության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Չնայած որ տնտեսական վնասը հաշվարկվում է պայմանականորեն եւ վճարման ենթակա չէ, նա թույլ է տալիս գնահատել ձեռնարկության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» (հատոր 7, էջ 67):

Հետաքրքիր է իմանալ, թե ինչ հիմնավորմամբ օրենսդիրներն ու պետական պաշտոնյաները շահագրգռված չեն, որ պետական գանձարան մտնեն հսկայածավալ գումարներ: Օրինակ` նույն Թեղուտի հանքավայրի նախագծում գրված է, որ հանքավայրի շահագործման դեպքում տնտեսական վնասը կազմում է տարեկան 2,078 մլրդ դրամ (արդեն պարզված է, որ այդ թիվը միտումնավոր նվազեցված են ցույց տվել), սակայն ընկերությունն արտոնված է այդ գումարը չմուծել պետական գանձարան:

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերողները մեր երկրի տիրոջ կարգավիճակ ունեն:

բ) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի երրորդ հոդվածը սահմանում է. «Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են` ... լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ - 0 դրամ»:

Ի՞նչ հիմնավորմամբ է լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց, այսինքն` հանքավայրերը շահագործողներին օրենսդրորեն արտոնվում իրենց արտադրած թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց չվճարել: Ի՞նչ է, հանքարդյունաբերությամբ զբաղվողները համարվում են Խորհրդային Միության իրավահաջո՞րդը, այսինքն` Հայաստանի Հանրապետության տե՞րը:

Խորհրդային իշխանության օրոք հանքարդյունաբերական թափոններ պահեստավորելու համար վճարներ սահմանված չէին, բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանզի պետությանն էին պատկանում բնական պաշարներն ու դրանց շահագործման մենաշնորհը, եւ պետությունն էլ լուծում էր նշված թափոնները մեկուսացնելու, օգտահանելու, երկարաժամկետ կառավարելու եւ մյուս խնդիրները:

Փոխվել է հասարակարգը, փոխվել են սեփականության ձեւերը, նաեւ` իրերի դրությունը: Մեր պետությունը զրկվել է իր իսկ բնական հարստությունները շահագործելու իրավունքից: Այժմ ՀՀ կառավարությունը ոչ միայն նոր հանքավայրեր չի շահագործում, այլեւ օտարերկրյա ընկերություններին է հանձնում շահագործվող հանքավայրերը (օրինակ` Քաջարանի պղնձամոլիբդենային, Սոթքի ոսկու եւ այլ հանքավայրերը):

Հանքարդյունաբերությունը դարձել է ընկերությունների եւ անհատների մենաշնորհ, սակայն թափոնների կառավարման խնդրում չի փոխվել նախկին կարգը: Թափոնների երկարաժամկետ կառավարման խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնացել է պետության վրա: Իսկ պետությունն ինչպե՞ս կկարողանա իրականացնել հսկայածավալ ֆինանսական, տեխնիկական միջոցներ եւ մարդուժ պահանջող այդ խնդիրը, երբ հանքարդյունաբերությունից առաջացած շահույթին հիմնականում տիրանում են շահագործողները, իսկ պետությանը միայն փշրանքներ են հասնում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանքարդյունաբերական թափոնների, գլխավորապես պոչանքների անվտանգ պահպանությունը հազարամյակներ շարունակ ֆինանսական խոշոր ծախսեր է պահանջելու:

Ըստ իմ հաշվարկների` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի` գործարարների շահերը պաշտպանելու հետեւանքով, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 2007 թ. մակաբացման ապարներ ու պոչանք (10,65 մլն տոննա) շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետական գանձարան չի մուծել ավելի քան 36 միլիարդ դրամ: Այդ թվականին վերամշակել է 10,8 մլն տոննա հանքաքար: Ըստ հանքավայրի մակաբացման գործակցի` ամեն մեկ տոննա հանքանյութ հանելիս առաջանում է մոտ 2,4 տոննա մակաբացման ապար (միջին ծավալային կշիռը` 2,4), այսինքն` 25,9 մլն տոննա: 10,8մլն տոննա հանքաքարի վերամշակումից առաջանում է մոտ 10,65 մլն տոննա պոչանք:

Առայժմ մակաբացման ապարները համարվում են ոչ վտանգավոր թափոններ, իսկ պոչանքը` չորրորդ դասի վտանգավորության թափոն, այն դեպքում, երբ հայտնի է, որ պոչանքը եւ մակաբացման ապարները պարունակում են բուսակենդանական աշխարհի համար խիստ վտանգավոր նյութեր` ծանր մետաղներ եւ այլ թունավոր նյութեր, որոնք ունեն սաղմնաթունավոր, մուտագեն, իմունային համակարգը վնասող հատկություն, առաջացնում են ժառանգական խաթարումներ եւ այլաբնույթ հիվանդություններ: Մակաբացման ապարները եւ պոչանքը միմյանցից հիմնականում տարբերվում են նրանով, որ պոչանքը փոշիացված-ակտիվացված է եւ ծանր մետաղների հետ մեկտեղ պարունակում է թունավոր այլ նյութեր եւ հեշտությամբ է տարածվում: Այսինքն` հիմնավորված չէ նաեւ մակաբացման ապարները ոչ վտանգավոր, իսկ պոչանքը միայն չորրորդ դասի վտանգավորության թափոն համարելը:

Վստահորեն կարելի է ասել, որ մանրազնին ուսումնասիրությունների եւ անկողմնակալ մոտեցման դեպքում պոչանքը հավանաբար կհամարվի առաջին, իսկ մակաբացման ապարները` միջինացված երրորդ կամ չորրորդ դասի վտանգավորության թափոններ (մակաբացման ապարները ըստ ծանր մետաղների պարունակության խտությունների լինում են ոչ վտանգավորից մինչեւ խիստ վտանգավոր): Հասկանալի է, որ այդ թափոնների վտանգավորությունը բարձրացնելով` կմեծանա բերված հաշվարկային 36 միլիարդ դրամը:

Ակնառու է, որ հանքարդյունաբերական թափոններն իրենց վտանգավորության աստիճանին համապատասխան չդասելը եւ դրանք համապատասխան վայրերում լցնելու դիմաց բնապահպանական վճարներ չպահանջելը, փաստորեն, նշանակում է հափշտակել պետության-ազգային ունեցվածքը:

Օրենսդրորեն սահմանված այդ կարգը ճանապարհ է հարթում օգտակար հանածոների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերի շահագործման համար, ինչն ակնհայտորեն կբերի փոխկապակցված աղետալի ու կործանարար հետեւյալ երեւույթների՝

- օգտակար հանածոների պաշարների արագ սպառման,
- բնական համակարգերի լայնածավալ ավերման, դրանց կայուն աղտոտման եւ ոչնչացման,
- ջրագոյացման համակարգերի ավերման եւ վերացման, ինչպես եւ ջրերի աղտոտման եւ դրանց որակական հատկանիշների վատացման,
- վարելահողերի, անտառների, այգիների, արոտավայրերի կորստի, ինչպես նաեւ պահպանված տարածքների աղտոտման եւ անօգտագործելի դառնալուն,
- ավանդական երկրագործության գոյություն ունեցող մշտակայուն աշխատատեղերի նվազեցման եւ վերացման, գյուղատնտեսական մթերքի որակական հատկանիշների վատացման եւ արտադրական ծավալների նվազեցման,
- հողի բերրիության անկման,
- աղքատության խորացման եւ ծավալման,
- կենդանիների, այդ թվում` մարդկանց հիվանդացությունների աճի,
- կենսատարածքի նվազման,
- բնակչության արտագաղթի,
- պետության հիմքերի թուլացման:

Ամփոփում

Համարելով բարեկեցության հիմք եւ սերունդների գանձ` հայ ժողովուրդը հպարտացել է իր ընդերքի հարստություններով, սակայն ներկայումս, երբ համաժողովրդական այդ հարստությունը հիմնականում բաժին է հասնում սահմանափակ թվով մարդկանց, այն էլ` օտարներին, եւ միաժամանակ մահաթույն նյութերով աղտոտվում է կենսոլորտը, երկրի բնական հարստությունները բարեկեցության երաշխիքից ուղղակի վերածվում են համազգային չարիքի:

Հանքահանությունն օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Հանածո հարստությունների պաշարները միաժամանակյա ու խոշոր ծավալներով շահագործումը նաեւ բազում անլուծելի խնդիրներ է առաջացնում: Ընդամենը մոտ 30 հազար քառ. կմ տարածք ունեցող Հայաստանը միաժամանակ չի կարող երաշխավորել համընդհանուր ու հապճեպ հանքահանություն եւ մարդու կյանքի համար տանելի պայմաններ:

Հետագա զարգացումներում պետք է նկատի ունենալ, որ օրեցօր դեպի սպառում են գնում բնական չվերականգնվող պաշարները, այդ թվում` մետաղային հանքավայրերը, կտրուկ բարձրանում են մետաղների գները: Ահա թե ինչու այժմ արդեն սկսել են շահագործել մետաղների ցածր պարունակությամբ հանքավայրերը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը բարձր լեռնային, հրաբխային երկիր է, հետեւաբար եւ մեր ընդերքը հիմնականում բազմամետաղային հանածո հարստություններ է պարունա֊կում: Եթե չփոխվի մեր Երկրում ընդերքի նկատմամբ վարվող քաղաքականությունը, եւ այն չհամապատասխանեցվի հայ ժողովրդի ու հայոց պետա֊կանության շահերին, ապա ամենեւին չի բացառվում, որ մոտ ապագայում մեր Երկիրը մի ընդհանրական հանքավայր դառնա:

Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է` չափավորել հանքարդյունաբերությունը, պետությանը վերադարձնել ընդերքի շահագործման մենաշնորհը, արգելել մետաղների խտանյութերի արտահանումը, կառուցել մաքուր մետաղների եւ դրանց ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղների ստացման ժամանակակից (էկոլոգիապես նախընտրելի) արտադրություններ: Ինչպես նաեւ` Հայաստանի անկախությունից հետո մեր երկրում հանքարդյունաբերությամբ զբաղվողներից գանձել մակաբացման ապարները եւ պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու համար եւ նախագծերի-ծրագրերի իրականացման հետեւանքով Հայաստանի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասի անհրաժեշտ գումարները, այսինքն` հանքարդյունաբերությունը համապատասխանեցնել հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին:

Հակոբ Արբակի Սանասարյան                                

Հայաստանի կանաչների միության նախագահ

Օգոստոս, 2008 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter