HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հրդեհի հետեւանքով երկու կին է զոհվել

Օգոստոսի 8-ին «Լեյկոալեքս» դեղագործական արտադրամասում բռնկված հրդեհի հետեւանքով երկու երիտասարդ կին մահացավ: 21-ամյա Սոնյա Մարգարյանի եւ 29-ամյա Աննա Կիրակոսյանի դիակները հրշեջները գտել են զուգարանում, որտեղ նրանք փորձել են փրկվել հրդեհից:

Մահացած աղջիկներից մեկը «Լեյկոալեքս» ՍՊԸ-ի գործավարն էր, մյուսը` հաշվապահը:

Հրդեհը բռնկվել է աշխատանքային օրվա ավարտին մոտ՝ ժամը 19:00-ին: Հրշեջները կրակը մարել են կես ժամ անց: Այդ ընթացքում այրվել է ամբողջ արտադրամասը՝ մոտ 250քմ տարածք: Բացի մահացած աղջիկներից, արտադրամասում եղել են նաեւ տնօրենը եւ մի քանի այլ աշխատակիցներ: Տնօրենը եւ երկու աշխատակիցներ Հոկտեմբերյանում են ապրում եւ սպասում էին, որ միասին տուն գնան: Սակայն, դրա փոխարեն, տարբեր վնասվածքներով եւ այրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:

23-ամյա Վարուժան Անտոնյանն արտադրամասում վիրակապ էր փաթեթավորում: Այդ օրը 3- 4-րդ աստիճանի ոտքերի այրվածքներով նրան տեղափոխեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

«Իմ աշխատասենյակում էի, երբ պայթյուն լսեցի: Վազեցի, որ տեսնեմ՝ ինչ է եղել, օգնեմ: Երբ հասա, այրվող սենյակի դուռը բաց էր, ու այնտեղից բոց էր դուրս գալիս, կրակը կպավ շալվարիս ու կոշիկներիս: Հազիվ հասցրեցի հանել շալվարս ու կոշիկներս: Ոչ մի բան անել չկարողացանք. ծխից խեղդվում էինք: Սենյակում երկու աղջիկ են եղել, փախել են զուգարան, որ իրենց վնաս չլինի, բայց ծխից խեղդվել են»,- պատմում է Վարուժանը:

Այն սենյակը, որտեղից սկսվել է հրդեհը, ճաշասենյակ է եղել: Վարուժանի ասելով` գազ կամ այլ դյուրավառ նյութ այդ սենյակում չի եղել, սակայն, նա պայթյուն է լսել եւ ասում է, որ հրդեհը պայթյունից է առաջացել:

\"\" «Ես չեմ պատկերացնում, թե ինչի՞ց պետք է այդ սենյակում պայթյուն լիներ, որովհետեւ մենք գազօջախ չունենք, ուտելիք տանից էինք բերում, պարզապես այդ սենյակում էինք հաց ուտում»,- ասում է Վարուժանը:

«Լեյկոալեքս» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ալեքսանյանը հրդեհից փրկվելու համար թռել է երկրորդ հարկից եւ վնասել ոտքը: Նա հրաժարվեց որեւէ կարծիք հայտնել դեպքի առնչությամբ` ասելով, որ ժամանակ եւ տրամադրություն չունի: «Ես միայն իմ աշխատակիցների համար եմ ցավում, իսկ հրդեհի պատճառները կպարզի հետաքննությունը»:

Հրդեհի բռնկման պատճառների հետաքննությունը վարում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության հրդեհների հետաքննության բաժինը: Մինչ հետաքննության ավարտը, հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

Արտադրամասում հրդեհի ազդանշանային կամ ցնցուղային համակարգ չի եղել: «Հրդեհի մարման միջոցներ գուցե կային, բայց ես տեղյակ չեմ եղել: Հետո այնպիսի խառը վիճակ էր, որ մտքովս չէր էլ անցնում»,- ասում է Վարուժանը: Սովորաբար, հրդեհի ժամանակ հրամարիչն օգնության առաջին միջոցներից է, որ մարդիկ հիշում են:

Դեղագործական գործունեության իրավունք (լիցենզիա) «Լեյկոալեքս» ընկերությանը 2007 թվականին տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Լիցենզիա պահանջող գործունեություն իրականացնելու համար՝ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ, սանիտարահամաճարակային անվտանգության եւ հակահրդեհային նորմերը եւ կանոնները: Դա է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջը:

Այդ նորմերը եւ կանոնները սահմանում են դրանց համար լիազորված պետական կառավարման մարմինները: Տվյալ դեպքում հակահրդեհային կանոնների ցանկը սահմանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչությունը:

Պարտադիր պահպանման կանոնների ցանկը լիցենզավորված անձին հանձնում է լիցենզավորող մարմինը՝ լիցենզիայի հետ միասին: Իսկ հսկողություն իրականացնելու համար լիցենզավորող մարմինը տրված լիցենզիաների մասին հայտնում է համապատասխան մարմիններին, որոնք էլ պարբերաբար այցելում եւ ստուգումներ են անցկացնում:

Այլ խնդիր է, թե որքա՞ն հաճախ եւ արդյունավետ են այդ ստուգումներն իրականացվում: «Լեյկոալեքս» ընկերության պարագայում արտադրամասի աշխատակիցը նույնիսկ տեղեկացված չէր, թե որտե՞ղ է գտնվում հրամարիչը:

ՀՓԾ Հրդեհային տեսչության կանոնադրության առաջին տողում գրված է. «Տեսչության հիմնական նպատակն ու խնդիրը հակահրդեհային քարոզչության իրականացումն ու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքը, առողջությունը եւ գույքը հրդեհներից պահպանելն է»:

Հրդեհային տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետի` արձակուրդում լինելու պատճառով չկարողացանք պարզել, թե հրդեհային հսկողության տեսուչը քանի՞ անգամ է այցելել «Լեյկոալեքս» ընկերության արտադրամաս, հակահրդեհային անվտանգության ի՞նչ խախտումներ է հայտնաբերել, եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել:

Հրդեհային հսկողության տեսուչների աշխատանքի արդյունավետության մասին պատմեցին դեղագործական այլ կազմակերություններ:

Աբովյանում գործող «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանն ասում է, որ հրդեհային հսկողության տեսուչը վերջին անգամ իրենց արտադրամաս մայիսին է այցելել: «Տարվա ընթացքում տեսուչները մեզ մոտ երկու անգամ են գալիս: Ստուգում են հրամարիչի փրփուրի ժամկետը, ջրի հասանելիությունը, ծխի ազդանշանային համակարգերի սարքին լինելը»,- ասում է պրն Ղազարյանը:

Իր արտադրած դեղորայքը եվրոպական երկրներ արտահանելու թույլտվություն ունենալու համար «Արփիմեդ» ընկերությունն իր արտադրությունը կազմակերպում է միջազգային GMP (Պատշաճ արտադրության պահանջներ) օրինագծի համաձայն:

«Քանի որ մենք աշխատում ենք GMP-ի պահանջներով, արտադրության անվտանգության հարցերը մեզ մոտ շատ խիստ են: Մասնավորապես, գերմանական կառավարության կողմից մեզ արտոնագիր տրամադրած ներկայացուցիչները պարտադիր այցելում են մեր արտադրամաս, զգուշացնում, թե որ նյութերը չի կարելի պահել մյուսի կողքին, ինչ ռեակցիաներ կարող են լինել: Նման բաներ մեր հրդեհային հսկողության տեսուչները չգիտեն»,- ասում է «Արփիմեդ» ընկերության տնօրենը:

«Ճիշտն ասած` մենք հույսներս մեզ վրա ենք դրել: Մեր աշխատակիցներից մեկը նախկին հրշեջ է, եւ նա վերահսկում է հրդեհային անվտանգության համակարգերի սարքին լինելը: Հրդեհային հսկողության տեսուչներն այցելում են մեզ պարբերաբար, բայց նրանց խորհուրդները շատ համընդհանուր են, իսկ այս գործում շատ նրբություններ կան»,- ասում է «Ֆարմատեկ» դեղագործական ընկերության տնօրեն Վահան Արուշանյանը:

Դեղորայք արտադրելու իրավունք Հայաստանում ունեն 17 տնտեսվարողներ: Նրանցից միայն երեքն են իրենց արտադրության մեջ ներդնում GMP-ի օրինագծի պահանջները: Դրանք «Ֆարմատեկ», «Լիկվոր» եւ «Արփիմեդ» ընկերություններն են:

Հրդեհված «Լեյկոալեքս» ընկերությունը դեղամիջոց դեռ չէր արտադրում: Միայն մի քանի ամիս առաջ ընկերությունը հայտ էր ներկայացրել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» հակակոշտուկային սպեղանու արտադրության փորձաքննություն անցկացնելու համար:

Արտադրամասում արտադրվում եւ փաթեթավորվում էին բժշկական վիրակապ, բամբակներ, ներարկումից առաջ օգտագործվող սպիրտային գնդիկներ, որոնք փաթեթավորված վիճակում պահպանում են անհրաժեշտ խոնավությունը:

Անվտանգության կանոնների պահպանումը պետք է որ առաջին խնդիրը լիներ մի արտադրամասում, որտեղ կար մեծ քանակությամբ բամբակե նյութ եւ սպիրտ: Արտադրամասի ղեկավարությունը եւ աշխատակիցները բավարար ուշադրություն չեն դարձրել անվտանգության կանոնների պահպանմանը, չիմացության պատճառով կանայք, տարածքից դուրս գալու փոխարեն, թաքնվել են զուգարանում, իսկ օգնության հասնողը չգիտեր հրամարիչի տեղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter