Բաց նամակ
ՀՀ Գրողների միության նախագահ Լ. Անանյանին, ՀՀ գրողների միությանը,
«Գրական թերթի» խմբագիր Ս. Կոսյանին
Պարոնայք, ես վաղուց էի ուզում հանդիպել եւ սրտաբաց զրուցել Ձեզ հետ, բայց զանազան պատճառներով շարունակ ձգձգվում էր այն։ Ես այնքան էլ հաճախ չեմ Երեւան գալիս, սակայն այնպես է ստացվել, որ մայրաքաղաքում լինում էի առավելապես ոչ հաճելի առիթներով՝ հիվանդանոց, հարազատների կորուստ...
Բայց այդ մասին չէ խոսքս։ Ես ուզում էի Ձեզ պատմել իմ հոր մասին, Ձեզ տրամադրել մեծագույն դժվարությամբ հետմահու տպագրած նրա լավագույն ստեղծագործություններից, գրքերից...
Ձեզ ուզում էի ասել, որ, ցավոք, Դուք Արցախին ու տեղական գրականությանը նայում եք Վարդան Հակոբյանի աչքերով։ Կարճատեւ Ձեր այցելությունները շարունակ պտտվում են նրա շուրջ, Ձեզ հետ հիմնականում զրուցում-կիսվում են նրա նեղ շրջապատի մարդիկ։ Արցախին դուք նայում եք որպես գավառի, որովհետեւ, հանգամանքների բերումով, նայում եք մեր գավառամիտների աչքերով։ Բայց հավատացեք, որ իրական Արցախը միանգամայն այլ բեւեռում է, եւ այնտեղ վերոհիշյալ պարոնը տեղ չունի։ Դուք ամենեւին չգիտեք, որ նրան այստեղ չեն սիրում, չեն ընդունում, որ նրա շրջապատից դուրս մեզ մոտ հազիվ 1-2 մարդ գտնեք, ովքեր նրանից թեկուզ մի քառյակ իմանան...
Ձեզ ուզում էի պատմել այն իրական պատճառների մասին, թե ինչու հորս՝ Վազգեն Օվյանին այսօր ցավալիորեն շատ քիչ գիտեն Հայաստանում։ Խորհրդային տարիներին նա հայաստանյան մամուլում առավելապես տպագրում էր իր երգիծական ստեղծագործություններից։ Երբ արդեն որոշել էր վերջապես լուրջ գրքով ներկայանալ հայաստանյան ընթերցողին (չափածո եւ արձակ ժողովածուներն ուղարկել էր «Սովետական գրողին», այդ մասին տեղյակ էր հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը), ծանր հիվանդացավ եւ 2 տարի հետո վախճանվեց։
Նրա մահից ուղիղ մի տարի հետո` 1988 թ. փետրվարին, սկսվեց Արցախյան շարժումը... Հետո եկան պատերազմական խառն ու դժվարին ժամանակները... Այդ օրերին ո՞վ էր մտածում գիրք տպագրելու մասին... Երբ նույն այդ տարիներին, ավելի ճիշտ՝ 1989 թ., ինձ ոչ անհայտ մարդու ջանքերով Երեւանում այդպես էլ լույս չտեսավ արդեն խմբագրված, տպարան իջած իմ գիրքը, մի քանի տարի հետո ծանոթներիս շնորհիվ երեւանյան հրատարակչությունից բերել տվեցի քրքրված, փոշեկոլոլ այն ամենը, որ մնացել էր հորս ներկայացրած ժողովածուներից...
Հայրս հարուստ գրական ժառանգություն է թողել, ընդ որում՝ գրեթե բոլոր լավագույն ստեղծագործությունները անտիպ էին մնացել այն պարզ պատճառով, որ խորհրդային տարիներին դրանք երբեք չէին տպագրի։ Բրեժնեւյան տարիներին, երբ շատերը ամենաանմեղ քաղաքական անեկդոտները պատմում էին միայն մտերիմների նեղ շրջապատում, հայրս պամֆլետներ, քաղաքական առակ-պոեմներ է գրել Բրեժնեւի, Սուսլովի, Ալիեւի, Կեւորկովի մասին, թուրք-ազերական հակահայկական քաղաքականության դեմ, գրել է բազմաթիվ հայրենասիրական բանաստեղծություններ եւ դրանք հաճախ էր ընթերցում ոչ միայն ծանոթների շրջապատում...
Արցախյան գոյամարտի տարիներին մի քանի անգամ փորձել եմ տպագրել տալ հորս գրքերից, սակայն ամեն անգամ հանդիպում էի նույն «շլագբաումին», իսկ լավագույն դեպքում ստանում էի քաղցր-մեղցր խոստումներ, որոնք իրական ցանկության հետ բացարձակապես կապ չունեին։ Վերջապես համբերությանս բաժակը լցվեց. ընկերներիս աջակցությամբ հետմահու տպագրեցի հորս առաջին գիրքը` այդ ժողովածուի մեջ դնելով նաեւ անշուշտ ոչ տպագրության համար գրած Վազգեն Օվյանի «Ես անկեղծորեն հավատում եմ քեզ, Դու Ղարաբաղի մասին երգ չունես...» տողերով սկսվող պամֆլետը, որը Վարդան Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...» բանաստեղծության պարոդիան է։ Առայսօր ոչ ոք այնպես ճշմարիտ չի բնութագրել Վ. Հակոբյանին, որքան հայրս՝ այդ բանաստեղծությամբ...
...Այդ գրքի տպագրությունից հետո Վազգեն Օվյանը դարձավ նրա ոխերիմ թշնամին... Նույն տարում իբր «պատասխան» թխեց իր գրքում։ Հետո հաշտության ձեռք մեկնեց ինձ, բայց թաքուն ամեն ինչ անում էր հորս պախարակելու, նրա անվան վրա ցեխ շպրտելու համար։ Մի քանի անգամ նրան ասացի. «Հանգիստ թող հորս, կռվել ես ուզում՝ իմ դեմ կռվիր...»։ Երդվեց, որ նրա դեմ ոչինչ չունի... Բայց թաքուն շարունակում էր մուր նետել հորս անվան վրա... Նա երբեք չի ներում կամ մեծ դժվարությամբ է ներում բոլոր նրանց, ովքեր տրորում են իր կոշտուկները։ Նման բանի համար ժամանակին նա «Սովետական Ղարաբաղ» թերթում «Գամփռը» վերնագրով կեղտոտ մի բանաստեղծություն է գրել իր ավագ գրչեղբոր՝ ճանաչված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի դեմ...
1989-ից ես ԽՍՀՄ գրողների միության անդամ եմ եղել, բայց առայսօր, Հակոբյանի ցանկությամբ, իմ անունը դուրս է մնացել ՀՀ ԳՄ անդամների ցուցակից։ Այն դեպքում, երբ նրա «դոբրո»-ով ՀՀ ԳՄ են սողոսկել անձինք, ովքեր, լավագույն դեպքում, կարող են 6-7-րդ դասարանի աշակերտի մակարդակով շարադրություն գրել...
Այսօր նա հորս դեմ նոր արշավանք է ձեռնարկել իր «Եղիցի լույս» թերթ կոչվածում։ Տեղական մամուլում («Դեմո») նրան պատասխանել է մեր հայտնի մտավորականներից մեկը` հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Սարգսյանը։ Սակայն իր նույն թերթում այժմ էլ Դավիթ Միքայելյան մի գրչակի ստորագրությամբ երկրորդ հոդվածն է տպել եւ անմիջապես ուղարկել նաեւ «Գրական թերթին»... Կառչել է 1958 թ. երիտասարդ տարիքում Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշի» ազդեցությամբ գրած մի պոեմից` անտեսելով, որ Վազգեն Օվյանը դրանից հետո գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք, համենայնդեպս, գրողի մահից 21 տարի անց չեն կորցրել իրենց գեղարվեստական արժեքը... Այսօր էլ առանց որեւէ մեկի միջամտության կամ աջակցության տարբեր գրական միջոցառումներում արտասանում, ասմունքում են Օվյանի ստեղծագործություններից։ Այսօր էլ նա շարունակում է ժողովրդականություն վայելել։ Այդ մասին կարող են վկայել շա՜տ-շատերը... Ի դեպ, նույնիսկ հեռավոր Կանադայում հուշ-երեկոներ են կազմակերպում նրա հիշատակին, այնտեղ նրան ավելի լավ գիտեն, քան Հայաստանում։
Հարց է ծագում. ինչո՞ւ Վ. Հակոբյանը այն տարիներին՝ 1960-1987 թվականներին, չբարձրացրեց իր «հերոսական» ձայնը, երբ Օվյանը դեռեւս կենդանի էր։ Այդպես ավելի բարոյական չէ՞ր լինի։ Ինչո՞ւ հետին թվով հանկարծ տոգորվել է մարտական տրամադրությամբ՝ բայց շարունակ պատսպարվելով «ԳՄ նախագահության» կամ այլոց ստորագրությունների հետեւում...
Թե՞ այն տարիներին ավելի կարեւոր գործով էր զբաղված՝ իր բնույթին հավատարիմ, օրվա տերերին քծնելով ու «դարի մեծագործությունները» գովերգելով. «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունը, բնական գազի անցկացումը, արդյունաբերական ու կուլտուրական նշանակության բազմաթիվ օբյեկտների շինարարությունը, անասնապահական խոշոր համալիրի կառուցումը եւ նման այլ մեծագործություններ իրենց արժանի արտացոլումն են գտնում մարզի գրողների գեղարվեստական գործերում: Ասել է թե՝ անընդհատ զարգացող կյանքն առաջադրում է իր պահանջները» (Վ. Հակոբյան, «Գրական Ադրբեջան»)... Անհրաժեշտություն կա՞ պատմության աղբանոցից դուրս բերել տամ այդ տարիների նրա մյուս «գոհարները»...
Մնացածը Ձեզ հայտնի է։ Դուք սիրով արտատպել եք Վ. Հակոբյանի թխած զրպարտագիրը մի գրողի մասին, որի կենդանության ժամանակ նրա ստվերում անգամ չէր կարողանում իր տեղը գտնել։ Ասացեք, խնդրեմ, հարգարժան պարոնայք, բարոյակա՞ն է, արդյոք, կրքերը հանդարտեցնելու փոխարեն յուղ լցնել ուրիշի բորբոքած կրակի վրա։ Որքանո՞վ է ճիշտ անմիջապես հայ ընթերցողի գլխին փաթաթել մի լուտանքագիր, որի դրդապատճառների մասին ոչ Դուք եք տեղյակ, ոչ երեւանյան խեղճ ընթերցողը։ Որքանո՞վ է Ձեր կողմից ազնիվ բարբաջանք տպագրել մարդկանց դեմ, որոնց Դուք չեք ճանաչում (քանզի ամեն ինչ արել են, որ չճանաչեք), որոնց մասին ընդամենը գիտեք վերոհիշյալ «Շլագբաումի» ասեկոսեներից։
Այդ հոդվածում ցեխ են շպրտել ոչ միայն վաղամեռիկ հորս անվան ու գրական վաստակի վրա, վիրավորել են անաչառ մի մարդու՝ Եղիշե Սարգսյանին, ով համարձակվել է վարդանհակոբյանիզմից պաշտպանել հորս պատիվը։ Այնտեղ շոշափվում է նաեւ իմ անունն ու պատիվը։ Դուք արդյո՞ք ճանաչում եք ինձ։ Իմ գրքերից երեքը Ձեզ արդեն հայտնի պատճառներով ես տպագրել եմ իմ սեփական, տնտեսած միջոցներով։ Դուք ծանո՞թ եք, արդյոք, իմ գրական-հրապարակախոսական ստեղծագործություններին, որ Ձեզ իրավունք եք վերապահել նույնիսկ մեզանում ոչինչ չասող, բայց Վ.Հակոբյանի շնորհիվ գրականության լուսանցքներում քուջուջ անող Սերժիկ-Դավիթ Միքայելյան կոչվող՝ «գրական ասկարիդ» մականվամբ ողորմելի մի մարդուկի ստորագրությամբ (որը բոլորովին ընդունակ չէ նման կարգի հոդված գրելու, էլ չեմ խոսում բարոյական իրավունքի մասին) մուր նետել հորս անվան ու ինձ վրա։ Հորս եւ իմ մասին Դուք կարծիք եք կազմել միայն մի՝ Վ. Հակոբյանի կողմից աղտոտված աղբյուրից...
Գրական (ոչ միայն գրական) էթիկան պահանջում է տպագրել նաեւ հակառակ կողմի կարծիքը։ Ընդ որում, հավատացեք, որ հակառակ այս կողմը, ի տարբերություն այդ մեկի, ԱԶՆԻՎ ու ԱՐԴԱՐ է եւ ստիպված է լինելու հայաստանյան մտավորականությանը ներկայացնելու Վարդան Հակոբյանի ոչ միայն պոետական «փառահեղ» կերպարն ու անցած ուղին... Արդյո՞ք լավ եք ճանաչում նրան։ Համոզվա՞ծ եք, արդյոք, որ լավ գիտեք նրան։ Խորապես կասկածում եմ։ Համոզվա՞ծ եք, արդյոք, որ տպագրելով այդ զրպարտագիրը՝ ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել...
Այսօր Դուք ակամա մասնակիցն եք դարձել մի շիլափլավի, որ եփել է Վ. Հակոբյանը։ Ես չեմ ուզում, որ նրա անձնական օգտագործման թերթի կեղտաջրերն աղտոտեն նաեւ գրական Մայր թերթը (չնայած` ինձ համար այն այլեւս մայր թերթ չէ)։ Որդին, զավակները կարող են սխալվել, բայց Մայրը իրավունք չունի սխալվելու։ Թերեւս ակամա Դուք մեծ վիրավորանք եք հասցրել հորս հիշատակին, շատ մեծ մի բան է փշրվել նաեւ իմ մեջ... Փորձեք գոնե հնարավորինս մաքուր դուրս գալ այն ցեխաջրից, որի մեջ ձեզ գցել է Ձեր «բարեկամը»...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ, 13.09.08
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել