HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ինչի մասին է լռում Իրանը

Վերջին մեկուկես ամսվա իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասի գործընթացներում ավելի խորը ներգրավվեցին այստեղ ազդեցության համար պայքարող հիմնական խաղացողներից բոլորը, բացի Թեհրանից: Իրանը, որն ավանդաբար հանդես է եկել եւ համարվել է տարածաշրջանի կայունությանը նպաստող պետություններից մեկը, շատ զուսպ արձագանքեց այս ամենին:

Իրանը նախկինում բազմիցս է արտահայտվել տարածաշրջանային հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամության մասին, սակայն ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չարտահայտեց: Արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին սահմանափակվեց միայն ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցով` արտահայտելով հակամարտության արագ ավարտը տեսնելու Իրանի ցանկությունը` հանուն «տարածաշրջանում կայունության եւ խաղաղության»: 


Իրանի նախագահը միայն անուղղակի կերպով քննադատեց Ռուսաստանի ախոյաններին: «Այն երկրները, որոնք տարածաշրջանի մաս չեն, չեն միջամտում այդ տարածաշրջանի երկրների գործերին»,- հայտարարեց նա Համագործակցության շանհայյան կազմակերպության գագաթաժողովում:

Հակառակ շատ կանխատեսումների` Թեհրանը չի շտապում ճանաչել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, այն դեպքում, երբ այն ճանաչել է «հակաամերիկյան» Նիկարագուան, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի կողմից այս հանրապետությունների ճանաչմանը, իսկ Սիրիայի նախագահը գովասանքի խոսքեր է շռայլել Մոսկվայի հասցեին` արդարացնելով նրա ռազմական քայլերը:

Իրանը ընդհանրապես չարձագանքեց Թուրքիայի կողմից «Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի» նախաձեռնությանը, որը, ի տարբերություն դրա բոլոր նախատիպ առաջարկությունների, չի նախատեսում Իրանի մասնակցությունը համագործակցությանը: Այն դեպքում, երբ համաշխարհային ուժային կենտրոնները ողջունեցին Թուրքիայի նախագահի այցը Հայաստան, պաշտոնական Թեհրանը կրկին լռեց: Ճիշտ է, Մ. Մոթաքին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միջնորդ դառնալու պատրաստակամություն էր հայտնել դեռեւս Գյուլին Հայաստան հրավիրելուց հետո, սակայն նրա այս առաջարկությունն այդպես էլ անպատասխան մնաց: Իրանական մամուլը եւս աչքի ընկավ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ անտարբերությամբ` խուսափելով խորը վերլուծություններից եւ կանխատեսումներից:

Իրանի նման զգուշավորությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Հարավային Կովկասում պատերազմի վերածված լարվածությունը մի շարք դրական եւ բացասական հանգամանքներ առաջացրեց Իրանի համար: Նախ, համաձայն տարածված տեսակետի, պատերազմը Հարավային Օսիայում խափանեց Իրանի վրա օգոստոսի վերջին - սեպտեմբերի սկզբին նախատեսվող ամերիկյան հարձակումը: Պատերազմի շնորհիվ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը դուրս մղվեց համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերից: Պատերազմը եւ դրա հետեւանքով նաեւ լարվածության շարունակումը հնարավորություն տվեց Իրանին ձգձգել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ: Իսկ ժամանակը տվյալ դեպքում աշխատում է Իրանի օգտին: Ինչպես նշում են մասնագետները, Իրանը, շարունակելով զարգացնել իր միջուկային հնարավորությունները եւ դրա տեղհասցման միջոցները, միաժամանակ ունենալով հուսալի հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), շատ շուտով անհասանելի կլինի ուժային ճնշման համար, քանի որ ի վիճակի կլինի լուրջ վնաս պատճառել ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին` միաժամանակ դառնալով իսլամական երկրների առաջնորդ, ինչը լուրջ հարված կլինի տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերին:

Մյուս կողմից, Արեւմուտքի այն մտավախությունը, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը անհնարին կդարձնի ՄԱԿ-ում Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, կարծես թե չի արդարանում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հասկացրեց, որ չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է աջակցել Իրանի կողմից միջուկային զենքի յուրացումը կանխելու միջոցներին: Մոսկվան աջակցեց Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ երեք որոշումների ընդունմանը: Այս հանգամանքը լարվածություն առաջացրեց ռուս-իրանական հարաբերություններում: Վերլուծաբանները ռուս-վրացական պատերազմի հարցում Իրանի զուսպ դիրքորոշումը պայմանավորում են հենց այս հանգամանքով:

Իրանի հարցում Ռուսաստանի գործողությունները, սակայն, հակասական են: Մի կողմից Ռուսաստանը հանդիմանում է Իրանին միջուկային անվտանգությունը խախտելու համար, մյուս կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Բուշարայում ատոմակայան կառուցելու գործում, որը էական դեր ունի իրանական ատոմային արդյունաբերության մեջ, կնքում շահութաբեր առեւտրային գործարքներ եւ ընդլայնում դիվանագիտական հարաբերությունները:

Վերլուծաբանների խոսքերով` Ռուսաստանն այսպիսով հեռահար նպատակներ է հետապնդում: Ինչպես գրում է The Boston Globeգs-ը, Իրանին եւ Ռուսաստանին ընդհանուր առմամբ գոհացնում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից Թեհրանի հանդեպ ՄԱԿ-ի` անընդհատ աճող եւ ավելի շատ սիմվոլիկ պատժամիջոցների կիրառումը. «Մոսկվան հասկանում է, որ քանի դեռ դիվանագիտական գործընթացն ընթացքի մեջ է, Ամերիկան չի կարողանա ռազմական հարված հասցնել, որն ի զորու կլինի ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Միաժամանակ թեոկրատական ռեժիմն ընտելացել է պատժամիջոցների քաղաքականությանը, որոնց ազդեցությունը փաստացիորեն չեզոքացնում են նավթի գները: Ու թեեւ Թեհրանը շնորհակալ կլինի Ռուսաստանին ապագայում ցանկացած պատժամիջոցների կրրառման որոշումների վրա վետոյի համար, նրան գոհացնում է Ռուսաստանի դիրքորոշումը, որը թույլ է տալիս մեղմել ՄԱԿ-ի որոշումները եւ միաժամանակ խորացնել իր առեւտրային կապերը Իրանի հետ»:

Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ Իրանի միջուկային ծրագիրը հավասարաչափ սպառնալիք է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության համար: Ռուսաստանի ռազմական հաջողությունները, իրենց հերթին, չէին կարող չանհանգստացնել Իրանին, ինչպես եւ Ռուսաստանի բոլոր հեռու եւ մոտիկ հարեւաններին` ազդարարելով այսուհետ ռուսական ուժի ցուցադրության այլ օրինակների ականատես լինելու հնարավորությունը: Իրանը եւ Ռուսաստանը, չնայած շատ հարցերում շահերի համընկնմանը եւ համագործակցությանը, շարունակում են մնալ մրցակիցներ, այնպես, ինչպես մրցակիցներ են շարունակում մնալ Ռուսաստանն ու Թուրքիան` չնայած հարաբերությունների ջերմացմանը:

Իրանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների ճանաչման կամ գոնե այդ ճանաչման վերաբերյալ դիրքորոշման մասին խոսք անգամ չի կարող լինել: Իրանն ինքը բազմաէթնիկ պետություն է, եւ ցանկացած նման գործընթաց լուրջ սպառնալիք է Իրանի համար: Իրանի նման դիրքորոշումը կանխատեսելի է, եթե հիշենք, թե ինչ հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշում է վերջինս որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցում:

Իրանի լռությունը «Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի» վերաբերյալ եւս հասկանալի է: Թուրքական նախաձեռնությունը չի նախատեսում Թեհրանի մասնակցությունը այս ձեւաչափին` նպատակ ունենալով դուրս մղել Իրանին տարածաշրջանային գործընթացներից: Տարածաշրջանային համագործակցության ծրագրերին Իրանի մասնակցությունը, սակայն, կարեւորում են շատերը: Դա հատկապես կարեւոր է Հայաստանի համար, որն Իրանին ավանդաբար համարում է Թուրքիային հակակշիռ ուժ: Ստեղծված պայմաններում Իրանը այս հարցում նույնիսկ ավելի կարեւոր դեր կարող է խաղալ, քան Ռուսաստանը: Տարածաշրջանային համագործակցության տարբեր ձեւաչափերի բոլոր նախորդ առաջարկություններում Հայաստանն աջակցել է դրանցում Իրանի ներգրավմանը: Նույնիսկ եթե հնարավոր լինի նման ծրագրում չընդգրկել Վաշինգտոնին եւ Բրյուսելին, իրանական գործոնն անտեսել անհնար է:

Կարող ենք արձանագրել, որ փոփոխությունները Հարավային Կովկասում մի կողմից հնարավորություն են տվել Իրանին ժամանակ շահել եւ մանեւրել իր միջուկային ծրագրի հարցում, մյուս կողմից մեծ հարված են հասցրել Իրանի տարածաշրջանային ազդեցությանը:

Ներկայումս ԻԻՀ համար առաջնային խնդիրներից մեկը Արեւմուտքի կողմից իր հանդեպ կիրառվող մեկուսացումը չեզոքացնելն է: Իրանը դա փորձում է անել նախեւառաջ տարածաշրջանային պետությունների հետ համագործակցության միջոցով: Օրինակ` Թուրքիայի հետ կան գազի ոլորտում համագործակցության ծրագրեր: Սա հնարավոր եղավ մասնավորապես այն հանգամանքի շնորհիվ, որ Թուրքիայում իշխող կուսակցությունն ավելի ինքնուրույն քաղաքականություն վարելու փորձ է անում եւ հակված է կարգավորել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Այնուամենայնիվ, օգոստոսի կեսերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Անկարա, հավանաբար ԱՄՆ ճնշման շնորհիվ, այդպես էլ չհանգեցրեց սպասվող պայմանագրի ստորագրմանը, որը թույլ պիտի տար իրանական բնական գազը հասցնել Եվրոպա, ինչպես նաեւ` փոխադրել թուրքմենական գազը Իրանի եւ Թուրքիայի տարածքով:

Նման պայմաններում, երբ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, եւ Ռուսաստանն ու Թուրքիան անկանխատեսելի քայլեր կարող են կատարել, Իրանի համար ավելի կարեւոր է դառնում Երեւանի հետ համագործակցությունը: Անցյալ շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թեհրան կատարած այցի ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին առաջարկել է միջնորդ հանդիսանալ Երեւանի եւ Բաքվի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Փաստորեն, Իրանը երրորդ երկիրն է, որն առաջարկում է իր միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս: Նրանից առաջ նման առաջարկությամբ հանդես են եկել Թուրքիան եւ Ռուսաստանը: Իրանը, ի դեպ, արդեն իսկ ԼՂ կարգավորման գործում միջնորդական առաքելության փորձ ունի: Ինչպես հայտնի է, Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության փորձ է արել դեռեւս հակամարտության սկզբում` դրա համար առաջարկելով մի շարք գործուն, կոնկրետ ծրագրեր եւ միջոցներ: Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն, ձախողվեց ռազմական գործողությունների վերսկսման պատճառով:

Պետք է նշել, որ Իրանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում ունի բավականին վստահելի եւ կառուցողական միջնորդի համբավ: Բավական է հիշել միայն Տաջիկստանի հարցում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, Չեչնիայի հակամարտության կարգավորման միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամությունը, եւ այս ամենը` հստակ եւ կառուցողական դիրքորոշման ցուցադրմամբ:

Ինչպես իր հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը նշել է Մոթաքին, Հայաստանն ու Իրանը ընդհանուր շահեր եւ միասնական դիրքորոշում ունեն տարածաշրջանային խնդիրների շուրջ: Թեհրանը, այսպիսով, փորձում է դուրս չմնալ տարածաշրջանային գործընթացներից` շեշտը դնելով մասնավորապես Երեւանի հետ համագործակցության վրա: Իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Մոթակին նշել էր, թե Իրանը ծրագրում է Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն աջակցելու համար ռազմավարության առաջարկ անել:

Հասկանալի է, որ իրանական հնարավոր առաջարկության հաջողությունը պայմանավորված կլինի տարածաշրջանի պետությունների պատասխան արձագանքով: Բնական է, որ այս հարցում Իրանն ակնկալելու է նախեւառաջ Հայաստանի աջակցությունը: Անկախ վերջնական արդյունքից, սակայն, կարեւորը հայ-իրանական հարաբերությունները չվնասելն է: Իրանն ու Հայաստանը այսօր միմյանց կարիքն ունեն` ինչպես երբեք: Վրաստանը եւս մեկ անգամ հանդես եկավ որպես Հայաստանի համար անկայուն եւ խոցելի գործընկեր, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը դեռ շարունակում է մշուշոտ մնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter