Նամակ «Հետքի» խմբագրությանը
Բաց նամակ ԼՂՀ իշխանություններին, Արցախի մտավորականությանը
Այսօր ԼՂՀ գրողների միությունն իր անդամներին միավորելու, ազգային-հոգեւոր արժեքներ ստեղծելու փոխարեն զբաղված է գրական կյանքը պառակտելու, մերձավորներին ամեն ձեւով բարձրացնելու, ոչ մերձավորներին պախարակելու գործով։ Արժանավորներին փորձում են մեկուսացնել, որպեսզի անարժանների համար ասպարեզ բացեն։ Վերջերս պետական բարձր շքանշաններ են հանձնվել նաեւ այնպիսի գրողների, ովքեր իրենց գրական-հասարակական գործունեությամբ, իրենց գրական «բագաժ»-ով գտնվում են գրական կյանքի հետնամասում։
Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ որքան էլ ծառերը կտրես, այնտեղ աճած թփերը երբեք ծառ չեն դառնալու։
Դրան զուգահեռ, վերջին 1-2 ամսում ԼՂՀ գրողների միությունն իր իրավասության տակ գտնվող թերթերի էջերից գրականության հետ շատ թե քիչ առնչություն ունեցող մարդկանց ստորագրությամբ սկսել է զրպարտություններ հրապարակել հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգեւի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած, արցախցի հայտնի գրող եւ մտավորական, առայսօր մեզանում լայն ժողովրդականություն վայելող, մեզնից անժամանակ հեռացած գրող Վազգեն Օվյանի դեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ամենը կատարվում է ԼՂՀ ԳՄ նախագահի անմիջական նախաձեռնությամբ։ Այդ հերյուրանքները նման են պղպջակի. բավական է թեթեւակի դիպչես, իսկույն պայթում են...
«Ես անձամբ չեմ կասկածում, որ «Այս Ղարաբաղն է» բանաստեղծության հեղինակը Վազգեն Օվյանն է։ Չեմ հավատում, թե գրողի որդին է «սրբագրում» այդ ամենը կամ ուրիշ մեկը, եւ բոլորովին անիմաստ է «գրական էքսպերտիզա» պահանջել՝ պարզելու համար Վազգեն Օվյանը ի՞նքն է գրել «Խանքենդի» վիպակը, թե՞ դա արել է որդին...
Դա իսկը հիշեցնում է 1930-ական թվականները... Ի՞նչ իրավունքով է ԳՄ անդամ եւ գրականության ուսուցիչ կոչվում մեկը, ով պահանջում է գրադարաններից հավաքել Վազգեն Օվյանի «Խանքենդի» վիպակը։ Սա ի՞նչ ինկվիզիցիայի կոչ է, որ ցավոք, տեղ է գտել ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթի էջերում։ Ամոթ է, պարոնայք, գրական ստեղծագործությունը, գիրքը մշակութային արժեք է, այն պատկանում է սերունդներին, եւ միայն սերունդներն են իրավասու դատել՝ ի՞նչն է ազգային, ինչը՝ ոչ... Օվյանը իրոք մեծատաղանդ գրող է։ Եվ դա էլ որեւէ կասկածից դուրս փաստ է»,- այս ծավալուն մեջբերումը կատարել եմ բանասեր, ԼՂՀ ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահ Վահրամ Աթանեսյանի «Հայրենիք» թերթում տպագրած հոդվածից։ Թերեւս բոլորն էլ գիտեն, որ ով՝ ով, բայց Վ. Աթանեսյանն իմ բարեկամն ու իմ «անձնական շահերի» պաշտպանը չէ։
Վազգեն Օվյանն, ըստ իս, առաջին հերթին հայ գրող է, հետո միայն իմ հայրը։ Նրա ստեղծածը պատկանում է ոչ թե ինձ, այլ գրականությանը, հասարակությանը։ Ես ուզում եմ առանձապես ընգծել այդ պարզ ճշմարտությունը։ Չարենցը պատկանում է մեզ, ժողովրդին, հետո միայն Արփենիկ Չարենց դստերը։
Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնեւի, Ալիեւի, Կեւորկովի եւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի եւ այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Զեւս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ եւ փառք, եւ անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» եւ այլն), արտացոլում էին խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» եւ այլն) եւ, բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին, կանադահայ ազնիվ բարերար «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի հովանավորությամբ լույս տեսան միայն վերջերս։
Հետմահու լույս տեսած «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս» եւ «Կապույտ տարիներ» անտիպ գրքերը պերճախոս վկայությունն են այն բանի, որ գրողը ստեղծել է մնայուն լուրջ գործեր, որոնք մի անգամ եւս վկայում են, ինչպես հայտնի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանն է գրել, որ «Վազգեն Օվյանն իր ձեռքով է գրել իր անմահության հավերժախոս լեգենդը»։
Նշանավոր գրականագետ Սերգեյ Աթաբեկյանը զուգահեռներ է անցկացրել Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչեւ Ստեփանակերտ») վիպակի եւ մեր մեծ դասականների ստեղծագործությունների միջեւ, գրելով՝ «Այն իր «ելման» կետում առնչություններ ունի Չարենցի «Երկիր Նաիրի»-ի, Բակունցի «Կյորես»-ի, Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեեւ խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա եւ անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» եւ Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի միջեւ, քիչ այն կողմ է նաեւ Մահարու «Այրվող այգեստանները»։ Օվյանն իր «Լեռնակերտ» վիպակով դառնում է մեր նախորդների ավանդների շարունակողներից մեկը...»։
Վազգեն Օվյանի գրական ժառանգությանը բարձր գնահատական են տվել նաեւ պրոֆեսոր Ա. Արշարունին, գրականագետներ Աշոտ Տեր-Մինասյանը, Արտեմ Հարությունյանը, Լենա Գրիգորյանը, գրողներ Գուրգեն Գաբրիելյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Նվարդ Ավագյանը, Կոմիտաս Դանիելյանը եւ այլք։ Վազգեն Օվյանի հոբելյանին նվիրած իր հիանալի հաղորդման մեջ Նորեկ Գասպարյանը գրողի մասին իր խոսքը սկսում է հենց այդ անմահ վեպից... Իսկ այսօր ինչ-որ Դավիթ Միքայելյան իրեն իրավունք է վերապահում ցեխ շպրտել տաղանդավոր գրողի այդ ստեղծագործության վրա՝ ձեռնածություն անելով 50 տարի առաջ Չարենցի «Խմբապետ Շավարշի» անմիջական ազդեցությամբ երիտասարդ տարիքում գրած «Թեւան-դհոլ» պոեմում բացասական կամ երգիծական գծերով ներկայացված հերոսների անունների վրա (չմոռանալով ձեռաց այնտեղ խցկել նաեւ Անդրանիկ զորավարի անունը)։
«Ո՞վ գիտե Դրոյին։ Այո, ո՞վ գիտե։ Կարող է սարքել հազար դավ... Դեռ երեկ էր՝ սպանեց իր տղերքից երկուսին...Իհարկե, Դրոն վարվել էր անվայել, վարվել էր տմարդի. Խաբելով կանչել էր նրանց միլիցատուն- Այդպես չի վարվի տղամարդը։ Խաբելով կանչել էր, թե կների... Ու կռնակից խփել... Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։ Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքան է նա այդպես գաղտագողի հնձել...»։ «Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ Դուք անկախության պայքարի մասին..»,- մեծն Չարենցը այս տողերը գրել է Դրոյի եւ դաշնակցության մասին։ Նարեկացուն եւ Քուչակին ոչ միայն «լուսապսակ ճակատ» է անվանել, այլեւ՝ «Օ՜ մառախլապատ դպիրներ սեւ... Դո՛ւ, Շնորհալի՛, եւ դու, Նարեկ... Դո՛ւք - պատան մտքի, դո՛ւք անարեւ...»։ Հետո՞։ Այս տողերից մազաչափ խունանո՞ւմ է Չարենցի մեծությունը, դրանից ստվերվո՞ւմ է նրա մեծարժեք գրական ժառանգությունը...
Վազգեն Օվյանն Արցախի առաջին դրամատուրգն էր: Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969-ին բեմադրել է նրա «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ Այդ ներկայացումն ու 1980-ին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով։
«Թե կենդանության օրոք, թե հիմա նա Արցախում ամենից շատ սիրված եւ ընթերցվող գրողն է: Քսանմեկ տարի է անցել նրա մահից հետո, բայց մենք դեռ չունենք նրան հավասար երգիծաբան:
Հանցանք կլինի ուրանալ եւ նրա 30-ամյա բեղմնավոր գործունեությունը լրագրության ոլորտում: Մյուսները, երբ իրենց համար ոչ ծանրաբեռ աշխատանքի էին անցնում աշխատավայրում գրական գործ երկնելու համար, նա իր ուսերին էր առել ահռելի, հոգի մաշող ծանր աշխատանք՝ մարզային ռադիոյում, ու տքնում էր առավոտից մինչեւ երեկո, միայն ու միայն գիշերները գրում սեփական գրական գործերը: Ի՜նչ արժեին միայն նրա ջանքերը «Մախաթ» երգիծական հաղորդաշարի ստեղծման համար»,- գրել է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Սարգսյանը: Ադրբեջանի տիրապետության ծանր ժամանակներում Ղարաբաղի մարզային ռադիոյի գրական-երաժշտական հաղորդումների բաժնի ավագ խմբագիր աշխատելու տարիներին Վազգեն Օվյանը ռադիոյով պարբերաբար հնչեցնելով հայեցի ռադիոբեմադրություներ, հայկական ժողովրդական երգեր, անկասկած մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու եւ, ընդհանրապես, Արցախը հայեցի պահելու գործում...
«ԼՂՀ գրողների միության նախագահության վերդիկտով չէ, որ պետք է գնահատվեն Վազգեն Օվյանի գրական վաստակն ու հասարակական-քաղաքական գործունեությունը» (Ե. Սարգսյան): Մեկ-երկու գրողները չեն, որ անձնական ինչ-ինչ հաշիվներից ելնելով պիտի գնահատական տան Արցախի արժանավոր զավակի գրական հարուստ ժառանգությանը, ազնիվ մտավորականի եւ մեծ հայրենասերի գրական-հասարակական գործունեությանը։
Դարեր շարունակ հայ գրողները, հայ մտավորականները մշտապես եղել են հասարակական-քաղաքական կյանքի ավանգարդում։ Հիշենք թեկուզ Հովհ. Թումանյանի հիմնադրած «Վերնատունը», որը ամենից առաջ հայ գրողներին ու արվեստագետներին միավորելու միտումով էր ստեղծվել եւ, բնականաբար, այդ հավաքներին ներկա էին լինում ոչ միայն գրողներ, այլեւ կոմպոզիտորներ, ժամանակի հայտնի նկարիչներ, թատերագետներ...
Մեր երկրում մշակութային հարցերը մի տեսակ մղվել են հետին պլան։ Մինչդեռ գրողները, արվեստագետները առաջին հերթին պիտի լինեն հասարակական գիտակցության վրա ազդողներ, հասարակությունը, ժողովրդին իրենց հետեւից տանողներ։ Այդպե՞ս է արդյոք մեզ մոտ։ Խիստ կասկածում եմ։
Այսօր ԼՂՀ ԳՄ նախագահը չափից դուրս մեծ բեռ է վերցրել իր ուսերի վրա. նա է որոշում, թե գրականության եւ արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան Եղիշեի անվան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն եւ այլն։ Մի հոգու համար շա՞տ չէ արդյոք...
Միաժամանակ՝ Ղարաբաղի գրական կազմակերպության անփոխարինելի նախագահ (25 տարի)։ Արդյունքում՝ 2 անգամ ԼՂՀ պետական շքանշան է ստացել, մի քանի անգամ՝ Եղիշեի անվան պետական մրցանակ, ճոխ հոբելյանական միջոցառում՝ իր 60-ամյակին, 5 տարում՝ 7 շքեղ գիրք, որոնց տպագրության համար պետությունը ծախսել է 6 մլն դրամ... Այս երեւույթը կոչվում է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Բրեժնեւյան ավանդույթներից դեռ չե՞նք ձերբազատվել...
Իսկ ինչո՞վ է զբաղված այսօր գրողների միությունը՝ զրպարտություններ տպագրելու գործո՞վ։ Սա՞ է նրա առաքելությունը։ ԼՂՀ ԳՄ-ն որպես հասարակական կազմակերպություն փաստորեն հասարակական ոչ մի գործունեություն չի իրականացնում, սակայն մշտապես լայնորեն օգտվում է պետական հովանավորությունից։
Մեր գրողները, բացառությամբ 1-2 հոգու, լիովին հեռացել են հասարակական կյանքից, հասարակական հնչեղության հարցերը, հասարակության սոցիալական խնդիրները նրանց չեն հուզում, դուրս են մնացել նրանց «գրական» տեսադաշտից։ Գրողը, մտավորականը պիտի առաջնորդի՞ հասարակությանը, թե՞ քարշ գա նրա հետեւից։ Մինչդեռ նրանց մասին հասարակությունն իմանում է միայն հոբելյանական միջոցառումներից եւ շքանշան-մրցանակներ ստանալու արարողություններից։
Դիմելով մեր իշխանություններին, ոչ միայն իմ անունից, խնդրում եմ վերանայել վերաբերմունքը գրականության եւ, ընդհանրապես, ողջ մշակույթի ոլորտի նկատմամբ։ Առաջին հերթին գրականությամբ, ազգային մշակութային արժեքներով են ներկայանում աշխարհին։
Այսօր երբ Ղարաբաղի ճակատագիրը առավել քան երբեւէ հայտնվել է գերտերությունների շահերի բախման կիզակետում, մեր հայրենի մտավորականներին առաջարկում-խնդրում եմ, մշտապես աչքի առաջ ունենալով Չարենցի հայտնի պատգամը, վեր կանգնել մանր-մունր խմբակային վեճեր հրահրելուց եւ ակտիվորեն մասնակցել մեր երկրին ու հասարակությանը հուզող խնդիրների լուծման գործընթացին։ Ինչ վերաբերում է արվեստագետի վաստակի գնահատմանը, դրա արդար դատավորը Ժամանակն է եւ Ժողովուրդը։
Վարդգես Օվյան
գրող, հրապարակախոս
24.09.08
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել