Շաբաթը ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նստաշրջանում
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանը: Մոտ մեկ շաբաթ շարունակ ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները հնարավորություն ստացան Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից իրենց կարծիքը կիսել աշխարհի հետ:
Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը լայն էր, ամենաքննարկվող հարցերը, սակայն, պատերազմն էր Հարավային Օսիայում եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:
Այս վիճահարույց հարցերի շրջանակում, բնականաբար, փոխադարձ մեղադրանքներից խուսափել չհաջողվեց: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, օրինակ, Ռուսաստանին մեղադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ: «Մենք պետք է միասնական լինենք Վրաստանի ժողովրդին աջակցելու գործում: ՄԱԿ-ի Կանոնադրությունը սահմանում է բոլոր` մեծ ու փոքր ազգերի իրավունքների հավասարությունը: Ռուսական ներխուժումը Վրաստան հակասում է այս դրույթներին»,- նշեց Ջ. Բուշը:
ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքներ ուղղեցին Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների շատ ղեկավարներ: Վաշինգտոնին մեղադրեցին համաշխարհային տնտեսությունը ցնցող կատակլիզմների մեջ: Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները մտադիր են 700 մլրդ դոլար հատկացնել երկրի բանկային համակարգին աջակցելու համար: Հոնդուրասի նախագահ Մանուել Զիլայան Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից նշեց, որ «այս գումարի 1/3-ը բավարար կլիներ Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում աղքատությունը հաղթահարելու համար»:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ արեց միջազգային հանրությանը չճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները, այլ «ստեղծել հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի լիարժեք գործընթաց, որը խաղաղ ճանապարհով կվերամիավորի Վրաստանը»:
Վրաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոստացավ երկրում անցկացնել «երկրորդ վարդերի հեղափոխություն»: Սահակաշվիլին նշեց, որ երկրում կուժեղացվի ժողովրդավարական ինստիտուտների զսպումների եւ հակակշիռների համակարգը` ավելի շատ անկախություն տալով խորհրդարանին եւ դատական իշխանությանը: Միաժամանակ միջոցներ կհատկացվեն քաղաքական բազմակարծության ապահովման համար, կֆինանսավորվեն ընդդիմադիր կուսակցությունները, եթերի ավելի մեծ հնարավորություններ կտրվեն նրանց:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւս հանդես եկավ ԱՄՆ-ի հասցեին մեղադրանքներով: Նա Վաշինգտոնին մեղադրեց Իրաքի եւ Աֆղանստանի ողբերգությունների մեջ: «Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդները դարձել են ՆԱՏՕ-ի եւ որոշ արեւմտյան տերությունների սադրանքների զոհերը»,- նշեց Իրանի նախագահը: Ընդգծելով, որ Իրանը կողմնակից է երկխոսությանը, Ահմադինեջադը ավելացրեց, որ այն երբեք չի ենթարկվի «անօրինական պահանջների»` հրաժարվելով խաղաղ ատոմի օգտագործման իրավունքից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց միջազգային համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, հակամարտությունների խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության խնդիրների մասին: Անդրադառնալով հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանը»` Ս. Սարգսյանը նշեց. «Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել»:
ՄԱԿ-ի նստաշրջանները, ինչպես հայտնի է, պետությունների ղեկավարների կողմից օգտագործվում են նաեւ երկկողմ եւ բազմակողմ այլ հանդիպումների համար: Հակառակ կանխատեսումներին` Լավրով-Ռայս հանդիպումն անցավ առանց սկանդալների: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ԱԳ նախարարների զրույցը եղել է «կոշտ, բայց կոռեկտ»: «Հակասությունները բավական ակնհայտ էին: Սակայն չեն եղել գոռգոռոցներ, բռունցքով սեղանին ոչ ոք չի խփել: Երկու նախարարներն էլ պրոֆեսիոնալներ են»:
Հայտնի է, որ Լավրովը այդպես էլ չի համաձայնել մասնակցել Իրանի միջուկային հարցով վեցյակի արտգործնախարարների հանդիպմանը` հղում կատարելով իր խիստ զբաղված գրաֆիկին: Շրջանառվող լուրերի համաձայն` Միացյալ Նահանգները մտադիր էին հանդիպման արդյունքում հասնել Իրանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցների ընդունմանը: Ավելի ուշ նախարար Լավրովը բացահայտեց իր այս քայլի շարժառիթը` հայտարարելով, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվի փորձել պատժել Ռուսաստանին (նկատի ունի Վաշինգտոնի այն հայտարարությունները, որ Ռուսաստանին սպառնում է մեկուսացումը) եւ միաժամանակ նրա հետ համագործակցել Իրանի հարցում:
Իրանի միջուկային հարցով որոշում, այնուամենայնիվ, ընդունեց: Սակայն այն չի նախատեսում նոր պատժամիջոցներ, այլ հաստատում է, որ վեցյակը հետեւողականորեն կհասնի Իրանի կողմից նախորդ երեք բանաձեւերի կատարմանը:
Երեքը Նյու Յորքում
Ուրբաթ օրը կայացավ մեկ այլ` երկար սպասված եռակողմ հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի նախաձեռնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:
Երեք երկրների ԱԳ նախարարները ընդհանուր առմամբ իրենց գոհունակությունն են հայտնել հանդիպումից: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Եթե Կովկասում ձեռք բերվի խաղաղություն եւ կայունություն, ապա հավատում եմ, որ մենք կարող ենք շատ բան իրականացնել»: Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները: Արդեն հիմա վերլուծաբանները քննարկում են, թե ինչ տեղաշարժերի կհանգեցնի այս հանդիպումը:
Ալի Բանաջանը, սակայն, ավելի վաղ նշել էր, որ զարգացումները Թուրքիա-Հայաստան եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում սպասվում են հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Turkish Daily News-ը սպասվող «զարգացումները» հայ-թուրքական հարաբերություններում մեկնաբանում է որպես «դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում», իսկ «զարգացումները» հայ-ադրբեջանական հարաբերություններում` «առաջընթաց Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում»:
Ընդ որում, թերթը նշում է «առաջընթացի» մոտավոր ժամկետներ: «Ադրբեջանում հոկտեմբերի 15-ի ընտրություններից հետո Ղարաբաղի հարցում ադրբեջանցիներին բավարարող եզրահանգում ձեռք կբերվի մինչեւ 2008թ. ավարտը` ավելի կոնկրետ նոյեմբերին կամ դեկտեմբերին: Միաժամանակ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւ կողմերը կհայտարարեն սահմանների բացման մասին»,- կանխատեսում է Turkish Daily News-ը:
Անդրադառնալով երեք նախարարների նյույորքյան հանդիպմանը` թուրքական Today\\\'s Zaman-ը գրում է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը հսկայական ազդեցություն կունենա Թուրքիայի` որպես տարածաշրջանային ուժի դերի վրա` թույլ տալով նրան ապահովել էներգետիկ հոսքերը Կասպից ծովից»: Միաժամանակ թերթը նշում է, որ «Հայաստանի հետ լավ հարաբերությունները կարող են խթանել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու խնդրահարույց հայտը»:
Փորձագետները եւ դիվանագետները, սակայն, ի տարբերություն մամուլի վերլուծաբանների, այնքան էլ լավատես չեն հարաբերությունների կարգավորման հարցում: Նրանք գտնում են, որ թեեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը քայլեր են ճիշտ ուղղությամբ, այնուամենայնիվ, դրանք չեն հանգեցրել ոչնչի, բացի նրանից, որ թուլացրել են քաղաքական հռետորությունը: «Հայկական կողմը չի կատարել որեւէ հետքայլ: Նկատվում է միայն փոփոխություն հռետորության մեջ»,- ասում է դեսպան Մուրաթ Բիլհանը: «Հայաստանը պետք է իմանա, որ սա առ-ու-տուրի գործընթաց է, բայց նա կարծես թե պատրաստ չէ որեւէ բան տալու»,- հայտնել է դեսպանը Anatolia News Agency-ին:
«Դժվար թե հնարավոր լինի ճեղքում իրականացնել կարճաժամկետ հեռանկարում` հաշվի առնելով մոտեցող ընտրությունները Ադրբեջանում եւ այն փաստը, որ Հայաստանը որեւէ քայլ չի կատարի առանց Ռուսաստանի օրհնության»,- գտնում է Անկարայի Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (ASAM) փորձագետ Յիլդիզ Դեվեչին:
Թուրքիան` համաշխարհային գերտերությո՞ւն
Իսկ մինչ այդ թուրք վերլուծաբանները Թուրքիայի դերի բարձրացման լուրջ կանխատեսումներ են անում` ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մակարդակով: Նման կանխատեսումների հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Աբդուլլա Գյուլի, ինչպես նաեւ Նյու Յորքում հեղինակավոր Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդում ԱԳ նախարար Ալի Բաբաջանի ելույթները:
Այս կանխատեսման մյուս հիմքը Գյուլի եւ Բաբաջանի` Նյու Յորքում ունեցած բազմաթիվ երկկողմ հանդիպումներն են տարբեր երկրների ղեկավարների հետ` Գրենադայից եւ Բենինից մինչեւ Վանուատու եւ Զիմբաբվե: Թուրքիան այժմ լուրջ քայլեր է կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամություն ձեռք բերելու ուղղությամբ: Երկու տեղերից մեկի համար Թուրքիան մրցում է Ավստրիայի եւ Իսլանդիայի հետ` 2009-2010 թթ. անդամության համար: Ընդ որում` Թուրքիայի հնարավորություններն այս հարցում բավական մեծ են: Վերջին անգամ Թուրքիան Անվտանգության խորհրդում եղել է 1961 թ. եւ մոտ հիսուն տարի անց ակտիվ դիվանագիտական քայլեր է կատարում այնտեղ վերադառնալու համար:
«...Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ճանապարհ է ընկնում դեպի նոր հորիզոններ, որ ավելի հեռու են իր անմիջական հարեւանությունից կամ դասական արտաքին քաղաքական շահերից»,- գրում է Turkish Daily News-ի լրագրող Սեմիհ Իդիզը: «Թուրքիան այլեւս պարզապես մտահոգված չէ իր հարեւանությամբ եւ տարածաշրջանով: Այն նաեւ հետաքրքրված է ավելի հեռու երկրներով եւ այն հարցերով, որ հուզում են նրանց` աղքատությունից մինչեւ կլիմայի փոփոխություն»:
Թուրքիայի աճող դերի մասին գրում է նաեւ KyivPost-ը: «Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամը, որը հույս ունի միանալ Եվրամիությանը, վերջին տարիներին դիվանագիտական եւ առեւտրային կապեր է հաստատել Կենտրոնական Ասիայի, Իրանի, Ռուսաստանի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հետ... Թուրքիան այժմ միջնորդում է Իսրայելի եւ Սիրիայի միջեւ բանակցությունները: Այն նաեւ իր մոտ է հյուրընկալել կարիբյան ժողովուրդների հանդիպումը եւ աֆրիկյան առաջնորդների գագաթնաժողովը այս ամառ, իրադարձություններ, որ կապված են Անվտանգության խորհրդում տեղ գրավելու նրա ցանկությունների հետ»:
Թուրքիայի համաշխարհային հավակնություններն ապացուցում են դեռեւս Նյու Յորք մեկնելու ճանապարհին Աբդուլլա Գյուլի արած այն հայտարարությունը, թե «Սա այն Թուրքիան է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունն ուզում է տեսնել»:
Անդրադառնալով Թուրքիայի առաջնայնություններին` Սեմիհ Իդիզն առանձնացնում է «կայունությունը հարեւանությամբ» եւ «կայունությունը համաշխարհային մակարդակով»: Այս ամենը հիշեցնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգախոսը. «Խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում»: Սակայն, Թուրքիան ներքին խնդիրների մի ամբողջ շարան ունի լուծելու, խնդիրներ, որ անխուսափելիորեն ազդում են նրա արտաքին քաղաքականության վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել