HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Տաթեւիկ Հովհաննիսյան. «Ժողովրդական երաժշտությունն է իմ արմատը, մնացածը տերեւներն են»

Տասը տարվա ընդմիջումից հետո ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը երգելու է Հայաստանում: Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում սեպտեմբերի 29-ին կայանալիք համերգից երկու օր առաջ երգչուհին ասում էր, որ հրավերի դեպքում միշտ էլ պատրաստ է գալ եւ երգել հայրենիքում:

Մինչ այս համերգը Տաթեւիկ Հովհաննիսյանին արդեն ընդունել են Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում եւ այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են «Քարնեգի Հոլլ»-ը, «Լինքոլն Սենթր»-ը: Նրա համար երգեր է գրել հայտնի ժամանակակից երգահան Միշել Լեգրանը: Նրան հրավիրում են դասավանդելու ամենահեղինակավոր ջազ դպրոցներում: 

Տաթեւիկ Հովհաննիսյանն ընտանիքով ապրում է Նյու Յորքում: Իրականում երգչուհին հաճախ է լինում Հայաստանում. այստեղ են ապրում նրա մայրը` ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը, հայրը, եղբայրը: «Երաժշտական ընտանիքում ծնվելն էլ Աստծո պարգեւ էր: Տանը մայրս երգում էր, հայրս` նվագում, եղբայրս անընդմեջ ջազ էր լսում: Եթե այդպես չլիներ, գուցե ճանապարհս ուրիշ լիներ»,- ասում է նա:

Նրա առաջին բեմելը 1970- ականներին Պետական ջազային նվագախմբի կազմի հետ էր` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարութամբ: Հինգ տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի` «Ջազի Թագուհի», նրա մասին ասում էին` «Էլլան Երեւանից»` նկատի ունենալով ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդին:

1980-ական թվականներին Տաթեւիկը մեկնում է Միացյալ Նահանգներ: Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ապրել Նյու Յորքում եւ լինել ջազ երգիչ` արդեն իսկ մարտահրավեր է: Ես երբեք չեմ ընտրել հեշտ ուղիներ: Սա ինձ համար յուրօրինակ մրցակցություն է: Դեռեւս հաջողվում է հաղթել այս պայքարում»:

ԱՄՆ-ում նա ելույթ է ունենում Դաթեւիկ անունով: Այդպես են արտասանում նրա անունն արեւմտահայերը:
Երգչուհու համերգացանկը շատ բազմազան է` ամերիկյան, բրազիլական ջազ եւ նրա հայտնությունն աշխարհին` էթնիկ հայկական ջազ: Այսինքն` Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով: Այս հայտնությունը պատմություն ունի:

Ամեն մի համերգի վերջում երգչուհին երգում է հայկական ժողովրդական որեւէ երգ: Այդպես մի քանի տարի առաջ Նյու Յորքի հայտնի ակումբներից մեկում համերգի վերջում կատարելով «վերջին երգ»-ը` նա ապշած էր, թե ինչպիսի ջերմությամբ մարդիկ ընդունեցին այն: «Գուցե տարօրինակ հնչի, բայց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներով ծրագրի ստեղծման գաղափարն ինձ տվեցին մարդիկ, որոնց արյան մեջ մի կաթիլ հայկական արյուն չկար»,- պատմում է նա:

Երկու տարի Տաթեւիկն ու ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանը մշակեցին այդ երգերը: Սկավառակը կոչվում է «Listen to My Heart» (Լսիր իմ սիրտը): Հայկական էթնիկ ջազ երգչուհի Տաթեւիկի կատարումներին նվագակցել են բրազիլացի, ամերիկացի, հրեա, իսպանացի, աֆրիկացի եւ հայ երաժիշտներ:

«Ես կարծում եմ, որ ջազը միջազգային արվեստ է, բայց այն ունի զարգացման շատ ազգային ճանապարհներ: Շատ բան կախված է, թե որքան խորն է կատարողը զգում իր ազգային արմատները եւ հասկանում ավանդական ջազի արվեստը: Ժողովրդական երաժշտությունն իմ արմատն է, մնացածը տերեւներն են»,- ասում է երգչուհին:

Նա ասում է նաեւ, որ հայկական ժողովրդական երաժշտությունը շատ լավ է կապակցվում ջազային երաժշտության հետ, որովհետեւ հարուստ մեղեդիներ ունի:

«Հայկական մեղեդիները ջազի հետ կապելու ցանկությունն իմ մեջ ավելի հարստացավ, սնվեց դրսում լինելու ժամանակ: Այստեղ սիրում էի, երգում էի, լսում էի, բայց այդպես չէի անդրադառնում, ինչպես հեռվում: Հեռվում զգացվեց դրա մեծ կարոտը, քաղցրությունը, հեռվում զգացվեց, որ դա կլինի մի հրաշալի, յուրօրինակ ստեղծագործություն: Էթնիկ հայկական ջազ ես հիմա դասավանդում եմ տարբեր ազգերի մարդկանց: Ես մի գերմանացի աշակերտուհի ունեմ, որ «Հով արեք» է երգում, զարմանալի հնչեղություն կա դրա մեջ»,- պատմում էր Տաթեւիկը:

Համերգից առաջ տված ասուլիսի ժամանակ լրագրողները հարցնում էին, թե ի՞նչ է նա մտածում հայ ջազմենների մասին, արդյոք չի՞ ուզում ապրել Հայաստանում, եւ ինչո՞ւ Երեւանի խանութներում չկան երգչուհու օրինական սկավառակները:

Հայ ջազ նվագողների մասին նա ասում էր, որ ծանոթ է նրանց, երգել է նրանց հետ: «Կա մի սերունդ, որի կատարումների որակը հավասար է համաշխարհային չափանիշների պահանջներին: Ջազ երգիչ չգիտեմ: Դրա համար լավ դպրոց է պետք, լավ մասնագետներ»: Երգչուհին մի պահ շփոթվում է, ասում` «մեղավոր եմ, մեղավոր ենք»` ի նկատի ունենալով, որ Հայաստանում չի ստեղծագործում: Հետո ավելացնում. «Ես այստեղ եմ, իմ երաժիշտներն այստեղ են, կարող ենք նաեւ վարպետության դասընթացներ կազմակերպել: Ես նպատակ չեմ ունեցել անպայման գնալ Միացյալ Նահանգներում ապրել, այդպես ստացվեց: Պարզապես ջազի հայրենիքում ընդլայնվելու, ստեղծագործելու հնարավորությունն ավելի շատ է: Ես մեծ սիրով, եթե ինձ հրավիրեն, կգամ այստեղ դասավանդելու»,- ասում էր երգչուհին:

Երգչուհու նոր սկավառակները Հայաստան չեն բերվել: «Ավազակությունը շատ է: Ես իմ ձայնապնակը տեսել եմ այստեղ խանութում, եւ սիրտս կոտրվել է. անտանելի վատ որակի կազմով եւ հնչեղությամբ պատճեն էր»:

Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը կազմակերպվել է հայկական ջազի հոբելյանական տարվա շրջանակներում: Կազմակերպիչը «Հայկական Ջազ-70» կազմակերպությունն է` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter