HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական կամք եւ ժողովրդավարություն

Երկար ժամանակ հավատացած էի, որ որեւէ իշխանության վերջնականապես բռնապետական չդառնալու համար հերիք է ցուցաբերել քաղաքական կամք` իրականացնելու համար ինչ-ինչ բարեփոխումներ: Ընկերներիցս մեկը, որը մոտ երկու տարի ապրել եւ սովորել է ԱՄՆ-ում, ասաց, որ Արեւմուտքում «քաղաքական կամք» արտահայտություն չկա:

Բայց ավելին նա չասաց: Թողեց, որ ինքս հասկանամ, թե ինչու: Հիմա ինձ թվում է, թե գիտեմ` ինչու: 


Իրականում գոյություն ունի, բայց հակառակն անելու համար. ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներ անելու համար է անհրաժեշտ քաղաքական կամք, այլ հատկապես չանելու համար, եւ ահա թե ինչու: Բանն այն է, որ եթե երկիրը ժողովրդավարական է, այնտեղ քաղաքական կամք ցուցաբերելու կարիք չկա: Նախ` ո՞վ պիտի ցուցաբերի այդ կամքը եւ ինչու՞: Տեսականորեն քաղաքական կամք ցուցաբերում է երկրի առաջնորդը, ասենք, երկրում խոսքի ազատություն հաստատելու համար: Ո՞վ է առաջնորդը: Նա մարդ է: Նշանակում է` խոսքը մի մարդու կամքի մասին է: Կուզի՞ նա, որ երկրում լինի խոսքի ազատություն, կլինի, չի՞ ուզի` չի լինի:

Այստեղ «քաղաքական կամք» ձեւակերպման ներքո կարելի է հասկանալ մարդկանց այն շրջանակը, որոնց վրա հենվում է երկրի քաղաքական ղեկավարը` նախագահը, առանց որոնց նրան երբեք չի հաջողվի միահեծանորեն կառավարել երկիրը: Այս դեպքում էլ պետք է հիշել, որ նախագահը մարդ է, որին խորթ չէ սխալական լինելը: Եվ նրան շրջապատողներն էլ մարդիկ են, որոնք նույնքան սխալական են: Եվ որքան նրանց պատկերացրած իշխանությունը տարբերվում է ընդհանուր չափանիշներ ունեցող իշխանությունից, այնքան նրանք ավելի ու ավելի սխալական են, քանի որ կարծում են, որ եթե խոսքի ազատությունը վտանգում է հանգիստ կառավարելուն, այդպիսի ազատության առաջը պետք է առնել:

Բայց ո՞վ է որոշում, թե ի՞նչ է քաղաքական կամքը, որպեսզի իմանա, թե որպես ինչ այն ցուցաբերի: Երբ իշխանությունը բացարձակ անտարբերություն է հանդես բերում ժողովրդավարական արժեքների նկատմամբ, նա ցույց է տալիս, որ իր համար այդպես ավելի հեշտ է կառավարելը: Նա գիտի, որ հասարակության համար ավելի լավ կլինի, եթե նա գիտի, թե ինչ է անում իր իշխանությունը եւ ինչ չի անում, ում է սպանում եւ ում հանդեպ է ողորմած:

Այսպիսով, «քաղաքական կամք»-ի մյուս սահմանումն այն է, երբ իշխանությունը տեղյակ է հասարակության պահանջներից, որոնք հակասության մեջ են այդ հասարակության հետ հարաբերվելու իր պատկերացումների հետ եւ, ըստ այդմ, որոշում է խաղալ խաղի այն կանոններով, որոնք հաճո են հասարակությանը, այսինքն` որոշում է չկեղծել ընտրությունները, որոշում է չփակել հեռուստաընկերություններ, չծեծել լրագրողներին, չճնշել դատավորներին եւ այլն:

Այստեղից էլ մյուս եզրահանգումը, ըստ որի` քաղաքական կամքն այն է, երբ իշխանությունը որոշում է պետության ղեկավարման մեջ կատարել կառավարման մասին իր պատկերացումներին հակառակ քայլեր: Այսինքն` չհովանավորել միայն իր շրջապատի մարդկանց, այսինքն` ընդհանրապես չհովանավորել մարդկանց, կամ որ նույնն է` իշխանությունն իր անձով չդառնա օրենք մահակի տեսքով ոմանց համար, մյուսների համար` անօրինության երաշխավոր, չկալանավորել նրանց, ում հայացքները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցիչների հայացքներին:

Եթե պետության մեջ ամեն ինչ որոշում է մեկ հոգի, ապա այդտեղ քաղաքական կամք չկա, դա կարող է լինել այն դեպքում, երբ նրա որոշումները իր իսկ համակարգին դեմ են: Այսինքն` կա ժողովրդավարություն, եւ քաղաքական կամք է ցուցաբերվում դադարեցնել ժողովրդավարական գործընթացները: Ահա սա է քաղաքական կամքը, քանի որ այն կարող է արտահայտվել միայն հասարակական շահի դեմ` ի օգուտ ոմանց շահի:

Այսպիսով, ժողովրդավարությունը եւ քաղաքական կամքը հակոտնյաներ են: Քաղաքական կամք կարող են ցուցաբերել մարդիկ, մինչդեռ ժողովրդավարությունը, այսպես ասած, գրված է երկնքում` մի արա ուրիշին այն, ինչ չէիր ուզենա, որ քեզ հետ անեն: Ժողովրդավարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական կամքը: Կարելի է այլ կերպ ձեւակերպել` ոչ մի ժողովրդավարական երկրում քաղաքական կամք չկա, քանի որ հենց այդ պատճառով էլ այն ժողովրդավարական է:

Իսկ եթե առարկայացնենք, թե իրականում ինչպե՞ս է դրսեւորվում քաղաքական կամքը որեւէ երկրում, կնկատենք, թե իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում այն իշխանությունը, որն ապավինում է հատկապես գերիշխանություն հաստատելու մոլուցքին: Հայտնի է, որ ուժի կիրառման վրա հիմնված իշխանությունն իրականում վախկոտ իշխանություն է:

Այսպես. ու՞մ մտքով կարող է անցնել, որ նա որեւէ քաղաքացու քաղաքական հայացքների վրա սեւեռվի այն նույն կասկածամիտ ուշադրությամբ, որով կարող է սեւեռվել ահաբեկչության վտանգի նկատմամբ: Ու՞մ մտքով կանցնի այդ աստիճան կարեւորել մարդու քաղաքական նախապատվությունը, որն ընդամենը քաղաքական նախապատվություն է այս կամ այն գաղափարի կամ այն կրողի հանդեպ: Նա, ով կարեւորում է այդ նախապատվությունը, այսինքն` դրանից վտանգ է զգում, ցույց է տալիս, որ իշխանությունը չի ընկալում իբրեւ պատասխանատվություն նրանց նկատմամբ, ովքեր նրան վստահել են իրեն ծառայելու գործը, նա ցույց է տալիս, որ իշխանության իր պատկերացումներում մյուս մարդիկ չկան, քանի որ նա ուզում է իշխել, իսկ իշխել ասելով մարդը հասկանում է դիմադրության բացակայություն:

Այսպիսով, «ու՞մ մտքով կանցնի» հարցադրումն ունի մեկ պատասխան` դա կարող է անցնել այն մարդու մտքով, որն իշխանությունը միայն իր դեմքով է պատկերացնում: Եթե նա այդ իշխանությունը պատկերացնի հասարակության դեմքով, կհասկանա, որ քաղաքական հայացքները ինչ աստիճանի տարբեր էլ լինեն, ընդամենը մարդու մտքում ծավալվող իրողություններ են, որոնք կրակել չեն կարող:

Երբ որ դու այդ հասարակության մեջ տեսնում ես քո քաղաքական պատկերացումներից տարբերվող հայացքներ, որոնք իրենց բնույթով ոչ թե քաղաքական են, այլ պարզապես մարդկային, քանի որ վերաբերում են մարդու արժանապատվությանը, ասենք` դատարանների անկախությանը, խոսքի ազատությանը, իրավահավասարությանը, որոնք սպառնում են ոչ թե քո անձին, այլ դիրքին, հնարավոր է, որ դու այդ պատկերացումների մեջ փամփուշտի հետագիծ չես տեսնում, բայց քեզ պարտավորված ես զգում կրակել նրա վրա, քանի որ, ըստ քեզ, խաթարվել է քո կառավարման համակարգի փիլիսոփայությունը:

Մարդն ավելի ազատ է մտածում եւ արտահայտվում, քան դու թույլ ես տալիս: Իսկ այդպիսի մարդը վտանգավոր է: Ու կրակում ես: Որովհետեւ մտածելը դու պատկերացնում ես թույլտվությամբ, ինչպես թույլտվությամբ ես պատկերացնում զենք կրելը կամ մշակութային արժեք արտահանելը: Այսպիսով, դու երկրում քաղաքականություն ես թելադրում քո պատկերով եւ նմանությամբ այն համոզմունքով, որ դու անսխալական ես, մինչդեռ մյուսների ուզածը քաղաքականությունը չէ, ում պատկերով եւ նմանությամբ էլ դա լինի:

Մարդիկ չեն ուզում, որ իշխանությունն իրենց կերակրի գաղափարներով եւ համոզմունքներով, որոնք նրանց կդնեն ճիշտ ուղու վրա: Մարդիկ չեն ուզում, որ իշխանությունն իրենց ուղի ցույց տա, թե ինչպես ապրեն: Պատահակա՞ն է, որ քաղաքական կամքի դրսեւորումը հենց իշխանության մենաշնորհն է: Ինչու՞ հենց նա պիտի քաղաքական կամք դրսեւորի` հաղթահարելու ինչ-ինչ խնդիրներ: Չէ՞ որ այդ քաղաքական կամքը հենց խնդիրները չհաղթահարելով է արտահայտվում. ես տեսնում եմ, որ ինչ-որ լրագրող հոդվածներ է գրում իմ ունեցվածքի մասին, որի ծագումը միայն ինձ է հայտնի: Ի՞նչ պիտի անեմ ես: Եթե փորձեմ հասարակությանը հաշվետու լինել, ինչը պահանջվում է իշխանությունը ստանձնելու քաղաքացիական համակարգի շնորհիվ, նոր հարցեր կառաջանան:

Այդ հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս կարող է իշխանավորը իր աշխատավարձով դառնալ այնպիսի ունեցվածքի տեր, որը չուներ իշխանությունն ունենալուց մեկ օր առաջ: Ես չեմ ուզում խայտառակվել, հատկապես այն դեպքում, երբ տիրապետում եմ ահռելի լծակների: Նշանակում է` պետք է լռեցնեմ այդ լրագրողին, իսկ ավելի ցանկալի է` նրա լրատվամիջոցը: Այդպիսով ես քաղաքական կամք եմ ցուցաբերում, քանի որ մարդկային կամք ցուցաբերելու դեպքում ես ոչ թե կմտածեի նրան չլռեցնելու մասին, այլ այդպիսի ունեցվածքի չտիրանալու մասին:

Քաղաքական կամք եմ ցուցաբերում, որովհետեւ չեմ ուզում երկար մտածել, թե ուրիշ ինչ կերպ պիտի վարվեմ, քաղաքական կամք եմ ցուցաբերում, որովհետեւ չեմ տիրապետում իշխանության իրական նշանակությանը: Ես կարծում եմ, որ «քաղաքական կամք» ձեւակերպման տակ թաքնված է բռնապետը: Իսկ բռնապետը մի երեւույթ է, որը սիրում է թաքնվել: Նա ամենուր հայտարարում է իր մասին պայմանով, որ ոչ ոք իրեն չտեսնի: Դա մեծացնում է նրա հանելուկայնությունը, նրան հզոր է դարձնում, նա ամեն ինչի ետեւում կա: Նա բոլորի մտքում է, բայց ոչ մեկի կյանքում չկա: Այդպես է նա ստեղծում իր հզորության լեգենդը: Եվ սկսում է կառավարել խաղաղ եւ առանց ցնցումների: Նա քաղաքական կամք է ցուցաբերել երկիրն ամեն գնով ցնցումներից հեռու պահել, իսկ դա ենթադրում է, որ ոչ ոք ծպտուն չպետք է հանի: Այլապես ցնցումներն անխուսափելի են:

Իսկ երբ մարդը հզոր է թվում, նրա աչքերից նայում է մահը, այսինքն` նրանից սպասելի է, որ կսպանի: Եվ այդ աչքերը տեսնողի մեջ ծնվում է ստրուկը: Նա առաջնորդի քաղաքական կամքն է: Ծնվեց ստրուկը, այսինքն` արտահայտվեց ինչ-որ մեկի քաղաքական կամքը: Երբ չես ուզում մտածել, որ ինչ-որ մեկն ուղն ու ծուծով բռնապետ է, ասում ես, որ նրանից պահանջվում է քաղաքական կամք բարեփոխումներ իրականացնելու համար, քաղաքական կամք` խոսքի ազատություն ապահովելու համար, քաղաքական կամք` դատարանների վրա ճնշումներ թույլ չտալու համար:

Բայց արդյո՞ք այս ամենի համար քաղաքական կամք է պահանջվում: Ինքնին չի ենթադրվու՞մ, որ դատարանները չպետք է ենթարկվեն որեւէ ճնշման, որ ոչ թե չի կարելի բռնանալ մարդու արտահայտվելու իրավունքի վրա, այլ մտքով անգամ չի կարելի անցկացնել նման բան: Ժողովրդավարությունն այն է, երբ բոլոր արժեքների նկատմամբ որեւէ վտանգի առկայությունը չի էլ ենթադրվում, այդ արժեքները գոյություն ունեն եւ կիրառության մեջ են հենց այն օրինաչափությամբ, որ օրինաչափությամբ մարդը քնում է եւ արթնանում: Մենք կարիք ունե՞նք մտածելու, որ նա որոշակի ճիգ ու ջանք է գործադրում քնել եւ արթնանալու համար:

Այսպիսով, ենթադրում եմ, որ կա մեկ եզրակացություն` ժողովրդավարությունից հեռու որեւէ երկրի քաղաքական իշխանությունից քաղաքական կամք չի պահանջվում երկիրը ժողովրդավարական հունի մեջ դնելու համար: Նրանից հատկապես պահանջվում է, որ ինքը իշխանություն չվերցնի իր անձնական մենթալիտետով: Նրանից պահանջվում է, որ քաղաքական կառավարման մասին իր պատկերացումները չտարածվեն մարդկանց վրա, քանի որ մարդիկ անհատականություններ են, նրանք, ի վերջո, տեսնում են, որ նախագահը չի կարող իր որոշումների եւ գործողությունների մեջ անսխալական լինել: Նրանք, բնականաբար, այդ որոշումների մեջ կարող են ճանաչել դրանք կայացնողի թերմտությունը կամ դիտավորությունը, որոնք էլ հենց, ի վերջո, մտնում են «քաղաքական կամք» ձեւակերպման տակ:

Քաղաքական կամքը ենթադրում է պահի թելադրանք, որը կայացվում է ոչ իբրեւ դոգմա: Այն կարող է փոխվել իրենից ավելի վատով: Իսկ ժողովրդավարությունը ենթադրում է օրենքներ, որոնք կախում չունեն քաղաքական առաջնորդների քմահաճույքներից: Այդ օրենքները նույնպես փոփոխական են, բայց դրանք չեն կարող փոխվել ընդդեմ մարդու, քանի որ իրենց ակունքում ունեն ողջ հասարակության շահը, որոնցից յուրաքանչյուրը դիմացինի, նույնիսկ երկրի առաջնորդի նկատմամբ իրավահավասար է:

Ես կարող եմ չնկատել օրենքի առկայությունը, բայց այն խախտել չեմ կարող, քանի որ խախտելով` անպայման վնասելու եմ ինչ-որ մեկին կամ շատերին: Քաղաքական կամքի արտահայտման դեպքում իրավահավասարություն չկա, քանի որ արտահայտվել է մեկի կամքը, որը պարտադիր է մնացածի համար: Խախտելու դեպքում պատասխանատու եմ այդ ինչ-որ մեկին, եւ ոչ թե հասարակությանը: Ահա թե ինչու երկրի նախագահը հնարավորինս պիտի ձեռնպահ մնա քաղաքական կամքի արտահայտությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter