HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Լույսի մարդու» աճպարարությունը

ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղից ստացած գրավոր նախազգուշացումը վրդովմունք է առաջացրել էջմիածնեցի 15 անհատ ձեռներեցների մոտ: Գրությամբ տեղեկացվում է էներգետիկներին ունեցած նրանց` վեցանիշ թվերի հասնող պարտքերի մասին, որոնք ձեռներեցներն իբր «կուտակել» են 2002 թվականից:

Պարտքը չմարելու դեպքում «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանը սպառնում է հոսանքազրկել ձեռնարկություններն ու հարցը տեղափոխել իրավական հարթություն:


Անհատ ձեռներեց Վահան Մահտեսյանը, ում փայտամշակման արհեստանոցի պարտքը 7 մլն դրամ է, չէր հասկանում, թե նման պարտքի առկայության պայմաններում ինչպե՞ս է եղել, որ տարիներ շարունակ այդ մասին իրեն ոչ միայն չեն տեղեկացրել, այլեւ արտադրամասը չեն հոսանքազրկել: «Եթե 1000 դրամի համար բնակարանը հոսանքազրկում են, միլիոնների վրա ո՞նց են աչք փակել»,- ասաց Վ. Մահտեսյանը:

Այլ իրավիճակում են «գոյացել» տնտեսվարողներից երկուսի` Սերյոժա Հակոբյանի եւ Սերգեյ Ներսիսյանի պարտքերը: Եթե Վ. Մահտեսյանի 7 մլն պարտքը «գոյացել» էր ձեռնարկության գործունեության ընթացքում, ապա Հակոբյանի եւ Ներսիսյանի ձեռնարկությունները պարապուրդի մեջ են եղել: Ս. Հակոբյանի փոխանցմամբ` իր ջերմատնային փոքրիկ տնտեսությունը չի աշխատել 2008 թ. հունվար-մարտ ամիսներին, որոնց ընթացքում էլ, ըստ ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի, 300.000 դրամի էլեկտրաէներգիա է ծախսվել:

3,3 մլն դրամի պարտք էլ հաշվարկվել է Սերգեյ Ներսիսյանի շինարարական կազմակերպության նկատմամբ, որը պարապուրդի մեջ է եղել 2002 թվականից եւ որի մասին տեղեկացվել է նաեւ հարկային տեսչությանը: Ս. Ներսիսյանի համոզմամբ` «թվային նկարչությունն արվել է հենց այդ` չաշխատած տարիներին»: «Մինչ այդ եւ\' աշխատել եմ, եւ\' վճարել ծախսած հոսանքի դիմաց: Հաշվիչի ցուցիչը զրոյացվել է: Բայց հետո թե ո՞նց է զրոյացած ցուցմունքին տույժեր եկել` չեմ հասկանում»,- ասաց անհատ ձեռներեցը:

Գոհար Ասլանյանն էլ բողոքում էր իր բնակարանին վերագրված 130.000 դրամ պարտքից, որն իբր ծախսել է օգոստոս ամսվա ընթացքում: Տիկնոջ ասելով` իրենց տարածքը սպասարկող տեսուչ Արթուր Մելքոնյանն իրեն ասել է, թե իբր ինքը` Գոհարը, «գոյացած» պարտքի 100.000 դրամը մարել է, մնում է 30.000-ը: «Ես ոչ մի 100.000 էլ չեմ մուծել: Եւ հետո, անհավանական չէ՞, որ մեկ ամսվա ընթացքում այդքան հոսանք օգտագործվի, երբ գազ էլ կա: Եթե ամսական իմ ծախսած հոսանքը առավելագույնը 5-6000 դրամը չի գերազանցում, միանգամից 130.000-ը տարօրինակ չի թվու՞մ»,- ասաց տիկինը:

Գրեթե նույն իրավիճակում է հայտնվել նաեւ աֆղանական պատերազմի վետերան Վարդան Թամազյանը. թերթելով վճարումների էպիկրիզը` պարզել է, որ ինքն էլ է ամիսներ շարունակ 100.000-ներ մուծել: «Երբեք 10.000-ից ավել չեմ վճարել, բայց իմ նկատմամբ 1 մլն 700.000 դրամի պարտք է գրվել, որը 17 տարում էլ չեմ մարի: Դժվար չէ հասկանալ, թե ինչու են 100.000-ների վճարում ցույց տվել. դա նրա համար է, որ կարողանան 1 մլն 700.000-ը մեկուկես տարվա մեջ տեղավորել ու պահանջել»,- ասաց Վ. Թամազյանը` միանալով իրենց տուժած համարող ձեռներեցների կարծիքներին, թե այս ամենի մեղավորը տեսուչ Արթուր Մելքոնյանն է: Վերջինս իր «պարտականությունները կատարելիս» այնքան վստահություն էր «վաստակել» բաժանորդների մոտ, որ արտոնություն էր ստացել անգամ նրանց բացակայությամբ ազատ տնօրինել հաշվիչները: Պարզվում է` ձեռնարկությունների եռաֆազ հաշվիչների ցուցիչների թվային նկարչությունը Արթուր Մելքոնյանի ձեռքի գործն է: Տեսուչն աճպարարի ճարպկությամբ հասցրել է ոչ միայն հաշվիչները ստուգման պատրվակով հանել-տանել ու նոր թվերով բերել-տեղադրել, այլեւ, այրելով դրանք, բաժանորդներին զրկել թվերը համեմատելու հնարավորությունից: Իսկ մինչ այդ արդեն աստղաբաշխական թվերը մուտքագրվել են գլխավոր համակարգիչ...

Արթուր Մելքոնյանն Արշալույս գյուղից է` գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականը: Խոշոր գումարներ շորթելու եւ անպատիժ մնալու նրա համոզմունքը, թերեւս, պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով: Բայց, անաշխատ միլիոնների փայլն այնքան է կուրացրել գեներալի զարմիկին, որ մի կլորիկ գումար էլ գեներալի կնոջ` Նազիկ Ամիրյանի ընկերության համար է սարքել: Պարտք ունեցողների ցուցակից դուրս չեն մնացել նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը` Շմայս) եւ Էջմիածնում «անուն ունեցող» մի խումբ տղերք:

Տնտեսվարողներին «քցելու» ծրագիր, պարզվում է, տեսուչը վաղուց է ունեցել, որովհետեւ հրաժարվել, առանձին դեպքերում էլ չի կատարել գանձվող գումարի անդորրագրերը բաժանորդներին տրամադրելու պահանջը: Վերջում անգամ սկսել էր խաբել, թե` գանձումը Երեւանն է անում, իսկ նրանք վճարման կտրոն չեն տալիս:

Ոչ միայն վճարման անդորրագրեր չեն տրվել, այլեւ կողմերի միջեւ չի կնքվել փոխադարձ ակտ: Դա բաժանորդների յուրաքանչյուր ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի ու դրա դիմաց վճարած գումարի մասին փաստաթուղթ է, որն ամրագրված է պայմանագրով, եւ որի խախտումը դիտվում է խախտում գանձողի, տվյալ դեպքում` «Մուսալեռ» մասնաճյուղի կողմից: Փոխադարձ ակտի կարեւորությունը բնակիչները ուշ հասկացան. դրա բացակայությունն արդեն ի վնաս իրենց է:

Մեկ տարի առաջ «Մուսալեռ» մասնաճյուղի ղեկավարումը ստանձնած Դավիթ Ղազինյանի համար սեպտեմբերի 1-ի գույքագրմանը Արթուր Մելքոնյանի անհարգելի բացակայությունն անհասկանալի էր: Հենց նրա կասկածելի բացակայությունն էլ գլխի գցեց ղեկավարությանը Մելքոնյանի սպասարկած տարածքները խոշորացույցի տակ առնել: Պարզվել էր` տեսուչ Մելքոնյանի գործունեությունից տուժել է նաեւ «Մուսալեռ» մասնաճյուղը. ի վնաս մասնաճյուղի 5 մլն դրամ թերգանձում է արել: Նրան գտնելն ու աշխատանքից հեռացնելն ապարդյուն է եղել. Արթուր Մելքոնյանն արդեն հասցրել էր ընտանիքի հետ հեռանալ Հայաստանից: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Դավիթ Ղազինյանը չթաքցրեց զարմանքը նաեւ վճարած այն 100.000-ների համար, որոնցից հրաժարվում են բաժանորդները. այդպիսի գումարների մուտք փաստացի եղել է, ինչն արտացոլվում է նաեւ տնօրեն Ղազինյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերում. «Եթե բաժանորդները պնդում են, թե այդպիսի խոշոր վճարումներ չեն արել, ստացվում է` տեսուչն իր գրպանի՞ց է դրել... Ինչո՞ւ...»,-հարցնում է Դ. Ղազինյանը:

Այս եւ այլ «ինչու»-ների պատասխանը կտան իրավապահները. Արթուր Մելքոնյանի գործունեությունից տուժած բաժանորդների` Արմավիրի մարզի դատախազին ուղղված դիմումի հիման վրա ոստիկանության Էջմիածնի քննչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր, ընթանում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter