HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Բորբոքված մի խոսք հումանիզացիայի ճամփեզրին

«Այն, ինչ անում եմ ես, չեմ անում ինձ համար»: Բառացիորեն այսպես կամ էլ դրան մոտ վրդովված մի խոսք հնչեցրեց միշտ հավասարակշիռ ինքնապահվածքով առանձնացող Լեւոն Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ:

Եվ դրան հետևած Հայ ազգային կոնգրեսի ստեղծումից հետո, ժամանակի կարճ տեւականության մեջ, ես  ինձ համար բացահայտեցի  բորբոքված այդ խոսքն ասողի հումանիտար միտումը: 


Իրենց գործունեության ընթացքում հումանիստները չեն հենվում Աստծո, Բնության, Հասարակության կամ էլ Պատմության  տեսությունների վրա: Նրանք ելնում են կենսական պահանջներից` փորձելով ազատագրել մարդուն, հեռացնելով նրանից ցավը ու մոտեցնելով երջանկությունը: Մարդկության առաջընթացն ընդհանրապես կարիք ունի հասարակության անընդհատ վերափոխման` նպատակ ունենալով մարդկանց մի խմբի կողմից մյուսի նկատմամբ բռնության բացառումը:

Յասպերսն ու Բերդյաեւը  ասում էին, որ երբ դա կատարվի, կավարտվի նախապատմությունը, ու կսկսվի մարդկության ճշմարիտ պատմությունը: Առաջինն ազատագրման այդ ուղին տեսնում էր փիլիսոփայական հավատի մեջ, իսկ երկրորդը` քրիստոնեական վերածննդի:

Հումանիստները հռչակում են, որ «Ոչինչ չի կարող լինել կանգնած մարդուց բարձր»: Եթե որպես հիմնական արժեք ընդունվում են Աստված,  Պետությունը, Փողը և այլն, ապա մարդը մղվում է երկրորդ պլան, և ստեղծվում են նրան վերահսկելու կամ էլ զոհաբերելու մեխանիզմները: Այս կարճ պոստուլատի մեջ է պարփակված հումանիզմի ու հակահումանիզմի էությունը: Հումանիստի համար, լինի հավատացյալ կամ աթեիստ, որպես ելակետ հանդիսանում են մարդն ու նրա անմիջական պահանջմունքները, ու եթե իրենց պայքարում նրանք գտնում են պատմության շարժող ուժը, ապա դա ծառայեցնում են մարդկանց:

Այստեղ մի պահ կանգ պիտի առնենք ու կատարենք ամենագլխավոր հարցադրումը, որը դրված է հումանիստի առաջ: Ինչպես մենք տեսանք Հիմնադիր նախագահի դեպքում, հենց այնպես չի վրդովվում իր առջև հումանիտար խնդիր դրած անհատը: Ինչու՞ հնչեց  «Այն, ինչ անում եմ ես, չեմ անում ինձ համար» խոսքը: Հումանիստին միշտ տանջում է հետեւյալ հարցադրումը: Արդյո՞ք ուզում է մարդը ինքը որոշել իր կենսակերպի պայմանները: Եվ տեղայնացնելով գլոբալ հումանիտար խնդիրը ու գալով այսօրվա հայ իրականությանը` կրկնենք հարցը: Արդյո՞ք մենք ուզում ենք մասնակից լինել մեր կենսակերպի, որ նույնն է` մեր ապագայի նախագծման գործընթացին:

Տարօրինակ թվացող ու կարծես թե պարզունակ այս հարցը կախված է օդում: Ընտրող կոնտինգենտի համարյա կեսը չի գնում ընտրության: Գնացողների մի ստվար մասն էլ վաճառում է իր ձայնի ազատությունը գրոշներով: Հուսահատությու՞ն, անտարբերությու՞ն, բու՞նտ: Չեմ ընդունում այդ բացատրություններից, հերքումներից եւ ոչ մեկը ու գնահատում եմ դա որպես մարդու ամենավերջին աստիճանի հասած դեգրադացիա: Իմ կարծիքով` դա ինքնաազատազրկման ամենավերջին փուլն է:
Նման անհատները կամ հանրային շերտերը բոլոր առումներով հումանիտար առաջընթացի արգելակողն են: Ընդդիմանալ բռնությանը: Սա է հումանիստի բարոյական կրեդոն: Եվ այն, ինչ անում է հումանիտար խնդիր դրած մարդը, այո,  չի անում իր համար: Հումանիստի  կյանքը հետեւողականորեն կապված է հանրային կյանքին: Եվ նրա կացութաձեւի հիմքում դրված է ընտրության ազատությունը: Եվ հենց այդ ընտրության ազատությամբ էլ պայմանավորված է Հայ ազգային կոնգրեսի շրջանակում պայքարող անհատի  էթիկան: Մեզանից յուրաքանչյուրը, նույնիսկ նրանք, ովքեր չեն դրել իրենց սահմանային վիճակի մեջ, վերլուծելով իրենց վիճակը` ծրագրավորում են իրենց ապագան: Նույնիսկ նրանք, ովքեր չեն էլ ուզում մտածել իրենց վիճակի մասին ու այդ պարտականությունը դրել են ուրիշի ուսերին, ունեն, այնուամենայնիվ, գործողության իրենց սխեմաները:

Սակայն, կամա թե ակամա, երբ նույնիսկ մի ակնթարթ մտածում ենք մեր վիճակի մասին, ընտրության ազատությունը դառնում է ռեալականություն: Թողնում ենք, թե չենք թողնում մեր կենսակերպի նախագծումը ուրիշներին, միեւնույնն է, ընտրության ազատությունը կա մեզանից դուրս: Եվ, ի դեպ, դա կատարում են հենց այդ նույն ուրիշները: Շատ-շատերը իրենց կյանքի նպատակը այսօր տեսնում են այդ ազատ ընտրությանը հասնելու պայքարի մեջ` դրանով իսկ հաստատելով իրենց գոյության բարոյական արժեքների, իրավունքների ու պարտականությունների ողջ համախումբը:

Եվ շատ-շատերն էլ այդ նպատակների իրականացման հույսը կապում են Հայ ազգային կոնգրեսի հետ: Հայ ազգային կոնգրեսը, ունենալով հումանիտար նպատակ, իր գաղափարախոսությամբ մերժում է ցանկացած քաղաքականություն, ցանկացած հասարակական կառույց, ցանկացած կենսակերպի մոդել` իր ամենախոր ու լայն ըմբռնմամբ, եթե դրանք չեն ծառայում կոնկրետ  մարդու հետաքրքրություններին:

Վերջին հաշվով, ցանկացած բարոյականություն, ցանկացած օրենք կամ էլ հասարակարգ, կառուցված իբրեւ թե ավելի բարձր արժեքների վրա, քան մարդկային կյանքն է, անպիտան են մարդու համար, քանզի զրկում են նրան կյանքի ամենագլխավոր իմաստից` նրա ազատությունից: Այս քրեստոմատիական պարզ ճշմարտությունը դեռեւս հասանելի չէ կուսակցականացված կոնգրեսականներին:

Հենց մարդու այդ տեսակն է, որ խեղդելու է կոնգրեսական ազատամտությունը իր բարուրում: Լուրջ խնդիր ունի հայ հասարակությունն այս վերջին առումով: Կոնգրեսական անհատը ամեն արթնացման հետ պիտի կրկնի` «Ես անկուսակցական եմ ու ազատ»:  Ցանկացած միտք, ցանկացած քայլ, եթե ուղղված չէ մարդու ազատագրմանը, ապա անպիտան է ու արգելակող: Նեղ ընտանեկան ամբիցիաներով դաստիարակված, ի ծնե կուսակցականացված անհատներն ու հավաքական կառույցները Հայ ազգային կոնգրեսում ոչ մի անելիք չունեն:

Հայ ազգային կոնգրեսի  խնդիրներն ու նպատակները վեր են ցանկացած ինստիտուցիոնալ կառույցից ու միտված են մարդուն, նրա կյանքի ամենագլխավոր իմաստին` ազատությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter