HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուգահեռ իրականություն

Ներկայացուցչական դեմոկրատիայի վախճանը

Հետխորհրդային ժամանակահատվածում ժողովրդավարացման ուղին ընտրած հարավկովկասյան երեք երկրներում ընտրական գործընթացները գրեթե միշտ ուղեկցվել են մեծ կամ փոքր ցնցումներով:

Սակայն ընտրությունների հերթական փուլի ավարտին հետգաղափարական, նեոլիբերալ հասարակական գիտակցության մեջ ամրապնդվող սպառողականությունն ու ցինիզմը, որն արմատավորվում էր արդար հասարակության ստեղծման գաղափարի իրագործման անհնարինության զգացումից դրդված, իր ազդեցությունն էր թողնում ժողովրդավարական գործընթացների վրա` երկիրը իրական դեմոկրատական համակարգից տեղափոխելով ներկայացուցչական դեմոկրատիայի դաշտ: Մինչեւ 2007 թվականն այդ գործընթացներն ազդում էին հիմնականում ներքաղաքական զարգացումների վրա: Սակայն 2007 թվականից ի վեր ներկայացուցչական դեմոկրատական համակարգը սկսեց ապրել խորը ճգնաժամ, որն էլ իր ազդեցությունը թողեց Հարավային Կովկասի երկրների հետագա ճակատագրի եւ այդ տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական նոր գործընթացների զարգացման վրա: 


Ներկայացուցչական դեմոկրատական հասարակություններում բազմիցս շահարկվող անցումային կոչվող ժամանակաշրջանի գաղափարը վերջնականապես սպառեց իրեն: Իրեն սպառեց նաեւ իշխող քաղաքական եւ մշակութային վերնախավի, մեդիայի կողմից սնուցվող ցինիզմը, որն, ըստ էության, ի սկզբանե հակասական եւ անհամատեղելի է լիբերալ արժեքային համակարգի հետ, եւ բնական է, որ այդ հակասությունը պետք է հանգեցներ ներքին լարվածության, այնուհետեւ` պայթյունների:

Ասվածն առավել շոշափելի դարձնելու համար դիտարկենք 2007-ից սկիզբ առած իրադարձությունների տրամաբանական զարգացումն ու դրանց հետեւանքները:

Պայթյունների շղթայի սկիզբն ազդարարվեց Վարդերի հեղափոխությունից հետո տարածաշրջանում դեմոկրատիայի փարոս թվացող Վրաստանում, երբ հետընտրական ժամանակահատվածում իշխանություն-ընդդիմություն առճակատումը հանգեցրեց նոյեմբերի 7-ի իրադարձություններին, իշխանությունը դաժան միջոցներով ճնշեց ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հասարակության ընդվզումը: Երկրի ղեկավարը իր հետագա քայլերով թեեւ փորձեց որոշակիորեն շտկել իրավիճակն ու մեղմել երկրում խորացող անվստահության մթնոլորտը, սակայն, միեւնույն է, ցանած սերմերը պտուղ տվեցին կենսաբանական ժամացույցի ճշգրտությամբ: Ընդամենը ինն ամիս անց վրաց-օսական պատերազմ, որը վերաճեց վրաց-ռուսականի` իր բոլոր հայտնի ու դեռեւս սպասվող հետեւանքներով (տարածքների կորուստ, բարոյահոգեբանական ճգնաժամ, որն էլ, իր հերթին, հղի է նախընտրական գործընթացներով):

Հաջորդը Հայաստանն էր: 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն ու դրսեւորված դաժանությունը դեռ ուսումնասիրությունների, քննարկումների եւ աղմկոտ բացահայտումների ճանապարհին են: Մարտի 1-ի դեպքերից անցել է արդեն կամ դեռեւս 7 ամիս, այսինքն` մենք դեռ 2 ամիս ժամանակ ունենք իրական պտուղները ճաշակելու համար, սակայն արդեն որոշակի գործընթացների սրընթաց զարգացման տրամաբանությունը մեզ հուշում է, որ հայաստանյան սցենարը վրացականից պակաս ցավոտ չի լինելու:
Ինչ վերաբերում է երրորդ պետությանը` Ադրբեջանին, ապա այստեղ նախընտրական իրավիճակն իր հանգստությամբ աննախադեպ է, արտառոց եւ կանխատեսելի: Թվացյալ կայունության պատճառն, իհարկե, Ադրբեջանի տնտեսական առավելությունն է, բայց նավթային գործոնը խոչընդոտում է դեմոկրատական ինստիտուտների կայացմանը միեւնույն ժամանակ խորացնելով երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը: Եւ որքան էլ այս երեք երկրներից յուրաքանչյուրում քաղաքական վերնախավը փորձում է իրեն մյուսներից տարանջատելու եւ իր երկիրը փակ համակարգում պահելու նպատակով շեշտադրումներ կատարել տնտեսական, ռազմական հնարավորությունների, ազգային, մշակութային եւ այլ տարբերությունների վրա, միեւնույն է` երեք երկրների իշխանություններն էլ արդեն բազմիցս մեծ խանդավառությամբ տոնել են իրենց հաղթանակը ժողովրդավարության, այսինքն` սեփական ժողովրդի հանդեպ, գտնվում են արժեքային նույն համակարգում, օգտագործում են քաղաքական եւ քրեական նույն բառապաշարն ու օգտվում նույն գործիքներից` առաջացնելով հստակ դասակարգային տարբերակում, անկախ ազգային պատկանելությունից:

«Զուգահեռ իրականություն» հոդվածի գաղափարը հղացավ Բուխարեստում` «Ժուռնալիստիկան եւ մեդիան Հարավային Կովկասում» սեմինարի ժամանակ: Հնարավոր եղավ համեմատել երեք երկրներում տեղ գտած գործընթացները եւ զուգահեռներ անցկացնել պրոցեսների զարգացման ուղեծրի եւ տրամաբանության միջեւ: Այդ են վկայում նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի իմ գործընկերների հարցազրույցները:

Ադրբեջանում ընտրություն, որպես այդպիսին, չի լինի

Էմին Հուսեյնով, Ադրբեջան
Լրագրողների ազատության եւ պաշտպանվածության ինստիտուտի տնօրեն

Զ.Հ. - Ադրբեջանում, կարծես թե, ամեն ինչ խաղաղ է ընթանում, նախընտրական կրքեր չկան, եւ դա Հարավային Կովկասի երկրների համար, կարելր է ասել, աննախադեպ իրավիճակ է:

Է.Հ. - Իրապես, այս նախագահական ընտրությունները կարելի է անվանել ամենապասիվը անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում: Համենայնդեպս, այժմ իրավիճակն այդպես կարելի է գնահատել: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, բայց այն, որ ընտրություն, որպես այդպիսին, չի լինի, միանշանակ է: Դա ընդամենը լինելու է քվեարկության ընթացակարգ եւ Իլհամ Ալիեւի` նախագահի պաշտոնում վերահաստատում:

Զ.Հ. - Իսկ ի՞նչ վիճակում է ընդդիմադիր դաշտը, ինչո՞վ է զբաղված ընդդիմությունն ընդհանրապես:

Է.Հ. - Ադրբեջանում ընդդիմությունը հիմնականում 3-4 ընդդիմադիր կուսակցություններ են, բայց նրանց շարքերը նկատելիորեն նոսրացել են` սկսած 2003 թվականից, քանի որ, բացի ֆիզիկական եւ բարոյական ճնշումները, այդ կուսակցությունները ենթարկվում են համակարգային հարվածների: Ընդդիմադիր երկու կուսակցություններ զրկվել են գրասենյակներից, գրասենյակներից զրկվել են նաեւ ընդդիմադիր թերթերը, նրանք անգամ հավաքատեղի չունեն: Երբեմն ընդդիմության ներկայացուցիչները հավաքվում են իրենց ղեկավարների բնակարաններում: Միայն «Մուսաֆաթ» կուսակցությանն է գրասենյակ տրամադրվել Բաքվի ծայրամասերից մեկում, այն էլ պարբերաբար վտարման վտանգն առկա է:

Ադրբեջանական ընդդիմությունը եւգ 2003-ի, եւգ 2005-ի ընտրություններից հետո ենթարկվել է դաժան ճնշումների, սակայն արդեն 2005-ի ընտրություններից հետո նրանք մնացին ընդամենը իրենց թերթերի շրջանակներում: Ընդդիմությանը չեն թույլատրում հավաքվել, արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանում արգելված են հանրահավաքները, անգամ քաղաքի այն ծայրամասային հատվածներում, որտեղ երբեմն իշխանությունները թույլատրում էին հավաքների անցկացումը մինչ 2005 թվականը, այժմ դրանք էլ չեն տրամադրվում: Ինչպես Իսլամ Քարիմովը կակաչների հեղափոխությունից հետո կենտրոնական հրապարակում եղեւնիներ տնկեց, մեզ մոտ էլ ցանկապատել են բոլոր կենտրոնական հրապարակները, դրանք վերանորոգվում են, որպեսզի մարդիկ տեղ չունենան հավաքվելու:

Զ.Հ. - Մեզ մոտ էլ է այդպես, վերջին արյունալի իրադարձություններից հետո «Ազատության» հրապարակը նույնպես շրջապատված է ցանկապատով:


Է.Հ. - Այո՞, ուրեմն իրավիճակները նման են, միայն Ադրբեջանում առաջնորդի, լիդերության ճգնաժամ է: Քանի որ իմ կազմակերպությունը զբաղվում է խոսքի ազատության խնդիրներով, ես առավել մանրամասն ուսումնասիրում եմ այդ ոլորտում հարեւան հանրապետություններում տիրող իրավիճակը եւ կարող եմ բերել մի փոքրիկ օրինակ: Երբ Հայաստանում ձերբակալեցին երկու լրագրողի, Լեւոն Տեր-Պետրոսյանը 200-ից ավելի կողմնակիցների հետ եկավ ոստիկանական բաժանմունք եւ հայտարարեց, որ այժմ կարող է բախումներ լինեն, եթե լրագրողներին անհապաղ ազատ չարձակեն: Բառացիորեն 3 ժամից Տեր-Պետրոսյանը դուրս եկավ` լրագրողների հետ միասին: Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում:

Երբ հայտնի լրագրողներից մեկին ձերբակալել էին, նա նաեւ ընդդիմադիր կուսակցության անդամ էր, այդ կուսակցության ղեկավարն անձամբ չներկայացավ, ուղարկեց երկրորդական դեմքերի, եւ նման դեպքերում, որոնք մեզ մոտ քիչ չեն, ընդդիմությունը սահմանափակվում է սոսկ հայտարարություններով: Քաղաքապետարանի առջեւ անցկացվող բողոքի ակցիաներն էլ խիստ սակավամարդ են լինում: Այդ մի քանի հոգուն ուղղակի նստեցնում են ոստիկանական մեքենա եւ տանում են: Ահա այդպիսին է իրավիճակը: Ընդդիմադիր ընդգծված թեկնածուներ չկան, իսկ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող մի քանի գործիչները ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ հռչակագիր են ստորագրել: Դրանով նրանք, ես կարծում եմ, կորցրեցին հաջողության հնարավորությունը, չգիտես ինչու` ընդդիմությունը վախենում է ճնշումներից, ծեծված լինելուց, այնպես որ դադարեցրել է պայքարը:

Զ.Հ. - Կարելի՞ է, արդյոք, ասել, որ Ադրբեջանի բնակչությանը որեւէ միջոց չի մնացել իր դժգոհությունն արտահայտելու համար:

Է.Հ. - Այո, Ադրբեջանում նման միջոցներ չեն մնացել: Չկա ազատ հեռուստատեսություն, ռադիո, միայն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներն են, այն էլ հեռարձակման լիցենզիայի ժամկետն ավարտվել է: Լիցենզիան տրվում է մեկ տարի ժամկետով եւ ամեն տարի թարմացվում է: Եթե նրանք իրենց լավ չպահեն, ես կարծում եմ, կարող են ցանկացած պահի փակվել, ինչպես փակեցին «Ա1+-ը» Հայաստանում: Իսկ ի՞նչ կարող է անել բնակչությունը: Բնակչությունը չափազանց ընկճված է: Բռնությունների հանդեպ վախը շատ մեծ է, նկատվում է հասարակության արժեքային համակարգի անկում, հասարակաությունը դեգրադացվում է: Կոռուպցիան աճում է, կոռուպցիայի մեջ են ներգրավված հասարակության բոլոր շերտերը` մանր չինովնիկներից մինչեւ խոշոր պաշտոնյաներ: Երկրում ստեղծվել է արատավորության փակ շրջան:

Զ.Հ. - Իսկ այդ իրավիճակից հնարավոր ելքեր նշմարվու՞մ են:

Է.Հ. - Նման իրավիճակներից կարելի է դուրս գալ միայն ազատ ընտրության հնարավորություն տալով: Սակայն իշխանությունները դրանով հետաքրքրված չեն: Եվ ես, անկեղծ ասած, գտնում եմ, որ իշխանությունն Ադրբեջանում բաղկացած է կազմակերպված հանցավոր խմբավորումներից, այսինքն` օլիգարխներից, որոնք ապօրինաբար վերահսկում են տնտեսության տարբեր ճյուղերը, չկան ազատ շուկայական հարաբերություններ, բոլոր ոլորտներում մենաշնորհներ են: Միայն նավթ ունենք, իսկ նավթ ունեցող երկրներն ունեն զարգացման երկու տարբերակ` նիգերական եւ նորվեգական: Ես կցանկանայի, իհարկե, որ մեր երկիրը զարգանար նորվեգական տարբերակով, բայց դեռեւս մենք գլորվում ենք Նիգերիայի կողմը:

Զ.Հ. - Ուրեմն, նման իրավիճակում ինչպե՞ս եք պայքարում խոսքի ազատության համար:

Է.Հ. - Մեր կազմակերպությունը իրավապաշտպան կազմակերպություն է, եւ մենք հանդես ենք գալիս հայտարարություններով, ապահովում ենք իրավաբանական պաշտպանություն լրագրողներին, նյութական եւ բարոյական աջակցություն ենք ցուցաբերում նրանց ընտանիքներին, բարձրացնում ենք խնդիրները արեւմտյան կառույցներում, արդյունքում` արեւմտյան կառույցները եւս հանդես են գալիս հայտարարություններով, բայց քանի որ մենք շատ նավթ ունենք, գործոնը հզոր է եւ աշխատում է: Իշխանությունը ազատ է արձակում համեմատաբար 5 հարմարվող լրագրողի, ձերբակալում 10 առավել սկզբունքայինի: Օրինակ` անցյալ տարի 10 լրագրողի դատապարտել են ազատազրկման, որոնցից 4-ը մինչ այժմ ազատազրկված է: Մեկին դատում են ահաբեկչության համար, մյուսի գրպանը թմրանյութ են գցում, երրորդին մեղադրում են կաշառակերության մեջ, չորրորդին` իբր ծեծել է մի բռնցքամարտիկի, որն, ի դեպ, 10 անգամ նրանից հաղթանդամ եւ ուժեղ է: Ահա այդպիսի աբսուրդային պատմություններ: Այդ պատճառով մեր աշխատանքն առանձնապես նկատելի արդյունքներ չի տալիս, միայն թե միջազգային հանրությունը հնարավորություն է ստանում իմանալու ճշմարտությունը Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի մասին: Բնականաբար, քաղաքական իրավիճակը ուղղակիորեն ազդում է խոսքի ազատության վրա, այսինքն` ինչպես այնտեղ է, այնպես էլ այս դաշտում: Մենք աստիճանաբար իջնում ենք Միջին Ասիայի երկրների մակարդակին` գլորվելով դեպի անձնիշխանական համակարգ:

Նրանք բոլորը նույն մտածողության համակարգում են

Նանա Դեվդարիանի, Վրաստան
2000-2003 թթ. Մարդու իրավունքների պաշտպան, 2003-ին` հեղափոխական ընտրությունների ժամանակ, ԿԸՀ-ի նախագահ, լրագրող

Զ.Հ. - Ինչպե՞ս է Վրաստանի հասարակությունը հաղթահարում հետպատերազմյան բարոյահոգեբանական ճգնաժամը:

Ն.Դ. - Սովորաբար, երբ ցանկացած երկիր հայտնվում է պատերազմական իրավիճակում, տեղի է ունենում հասարակության համախմբում: Եւ քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհում դա հոյակապ գիտեն: Հաճախ հասարակության համախմբման խնդիրը լուծում են արտաքին թշնամու կերպարը խտացված գույներով ներկայացնելու միջոցով: Այս դեպքում ներքին համախմբումը շատ բնական էր, մարդկայնորեն հասկանալի, բայց, մյուս կողմից, կա հարցերի մի մեծ շարան` ուղղված իշխանությանը, եւ այդ հարցերը կտրվեն ու արդեն սկսում են հնչել մամուլի էջերում, հեռուստատեսությամբ:

Զ.Հ. - Իսկ ի՞նչ հարցեր ունի Վրաստանի հանրությունը` ուղղված իշխանությանը: Բնականաբար, պատերազմական իրավիճակում, ընդհանուր թշնամու առկայության պայմաններում այդ հարցերը չեն հնչեցվում, սակայն շատ շուտով, կարծում եմ, կգա դրանք վեր հանելու եւ պատասխաններ պահանջելու ժամանակը:

Ն.Դ. - Հիմնական հարցն այն է, թե ինչպես կարելի էր այսքան սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Չէ՞ որ աշխարհագրական դիրքը նույնը չէ, ինչ ապրել ինչ-որ բնակարանում եւ ցանկացած պահի փոխանակել, վաճառել, տեղափոխվել այլ բնակարան: Ամբողջ երկիրը որեւէ տեղ տեղափոխվել չի կարող, հարեւաններդ սրանք են, ոչ ոք նրանց չի փոխի, եւ դու սերունդների առջեւ պարտավոր ես նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, ինչպե՞ս կարելի էր հասցնել պատերազմական իրավիճակի: Եւ ընդհանրապես, ինչի՞ համար է պետությունը, ներառյալ տարածքային ամբողջականությունը: Նրա համար, որ այդ երկրում ապրող ժողովուրդն իրեն լավ զգա, ապրի մարդավայել:

Զ.Հ. - Իսկ ինչպե՞ս իրեն դրսեւորեց ընդդիմությունը այս բարդ ժամանակահատվածում:

Ն.Դ. - Շատ անլուրջ դրսեւորեց: Երբ պատերազմական իրավիճակում ժողովուրդը համախմբվում է, դա նորմալ է, սակայն երբ քաղաքական գործիչները հայտարարում են, թե` գիտե՞ք, այս իրավիճակում իշխանության դեմ չենք արտահայտվում, կսպասենք, կտեսնենք, թե ինչով կավարտվի, հետո նոր տեսակետները կբարձրաձայնենք: Իմ կարծիքով` դա անլուրջ է: Դու քաղաքական գործիչ ես եւ պարտավոր ես որոշակի հարցերի շուրջ ունենալ քո տեսակետն ու ցանկացած իրավիճակում, անգամ պատերազմական, պաշտպանել քո դիրքորոշումը: Իսկ եթե ամենակրիտիկական պահերին որոշում ես ժամանակավորապես լռել, ավելի լավ է քաղաքականությունից հեռանաս, դա իմ անձնական տեսակետն է:

Զ.Հ. - Հնչում են նաեւ տեսակետներ, որ Սահակաշվիլին չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը եւ պետք է հեռանա: Կլինի՞, արդյոք, նախագահի հրաժարական:

Ն.Դ. - Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում, քանի որ երբ ինքս անցա պետական աշխատանքի, հստակ գիտակցում էի, որ մի օր այդտեղից կգնամ: Դա պետք է գիտակցի ցանկացած պետական պաշտոնյա եւ առաջին հերթին` նախագահը: Իհարկե, Սահակաշվիլին կգնա, մեկ տարի շուտ, մեկ տարի ուշ, բայց նա անպայման կգնա: Մարդիկ, ովքեր այժմ պնդում են, թե Սահակաշվիլին պետք է հեռանա, մեկ տարի առաջ էլ էին նույնը պահանջում: Լավ, նա կգնա, դա բնության օրենքն է, իսկ հետո ի՞նչ է լինելու: Ի՞նչ կնախաձեռնի նա, ով կգա Սահակաշվիլու փոխարեն. սա է հիմնական խնդիրը: Ամենակարեւորը` տեսնել, թե ուր է գնում երկիրը, ինչ ուղղությամբ է զարգանում: Ինձ թվում է` ընդդիմության մեծամասնության համար այս հարցերը ճշգրտված չեն: Նրանք բոլորը նույն մտածողության համակարգում են, նույն հասցեով են գնում: Եթե առաջ գնում էին Մոսկվա, ավելի վաղ` միգուցե Իրան, ապա այժմ բոլորը գնում են Վաշինգտոն: Եթե բոլորի կողմնորոշումը նույնն է, ապա մոտեցումների մեջ տարբերություն փնտրել չարժե: Իհարկե, կյանքը կանգ չի առնում, ես հույս ունեմ, որ ի հայտ կգան նոր լիդերներ, ի հայտ կգան նոր գաղափարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter