Աքորի. ազգակիցները մրցում են գյուղապետ դառնալու համար
Լոռու մարզի Աքորի գյուղում հոկտեմբերի 19-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են համայնքապետի 3 եւ ավագանու 10 թեկնածուներ: Գյուղն ունի 1700 ընտրող:
Այս տարի օգոստոսի 18-ին «Հետք»-ում հրապարակված «Գյուղական բյուջեներ. ինչու՞ են դրանք վերահսկողությունից դուրս» հոդվածում փաստեր էին բերված Լոռու մարզի Աքորի գյուղի համայնքապետ Կամո Սիմոնյանի թույլ տված չարաշահումների վերաբերյալ: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 15.09.2008 թ. «Հետք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ քննչական բաժնին հանձնարարվել է Աքորիի համայնքապետի դեմ նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու համար: Հրապարակումից անցել է մոտ երկու ամիս, սակայն դատախազությունը լռում է:
Կամո Սիմոնյանը գյուղապետարանի իր աշխատակիցների հետ, ովքեր նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են եւ իրավունք չունեն քարոզչությամբ զբաղվել աշխատանքային պարտականությունները կատարելիս, շրջում են գյուղի թաղամասերում եւ, ըստ գյուղացիների, բաժանում 3000-ական դրամ ընտրակաշառք ու տալիս խոստումներ:
Կամո Սիմոնյանը «Հանրապետական» կուսակցության անդամ է: Համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել նաեւ անկուսակցականներ Հրահատ Սիմոնյանը եւ Աղվան Օհանյանը: Աքորիում կրքերը արտաքուստ լարված չեն: Գործող գյուղապետ Կամո Սիմոնյանը եւ Հրահատ Սիմոնյանը գյուղապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն են եւ բարեկամներ են:
«Մենք հորեղբոր տղաներ ենք եւ նախնական պայմանավորվածության ենք եկել, որ իրար ոչ մեկս չենք վարկաբեկում, մաքուր գնում ենք ընտրության»,- ասաց Հրահատ Սիմոնյանը:
Սակայն կողմերի «մաքուր» ընտրության նախապայմանը արդեն իսկ խախտել էր գործող գյուղապետը, քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 6-ը նրա թիմակիցներն են:
Աքորի համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ վերջին տարիներին իշխանությունների կողմից պարբերաբար նշանակվում է ծնունդով աքորեցի, Պետռեգիստրի Թումանյանի տարածաշրջանի ղեկավար Գագիկ Սիմոնյանը: Նա գյուղապետի եւ Հրահատ Սիմոնյանի ազգականներից է եւ երկուսի հետ էլ մտերիմ հարաբերությունների մեջ է:
Գյուղամիջում աքորեցիներից մեկն ասաց. «Գագիկը էս անգամ վարիանտ չունի, մաքուր է աշխատելու»: Հրահատ Սիմոնյանն անհատ ձեռներեց է:
Գյուղի հիմնախնդիրների մասին հարցին պատասխանեց. «Հողեր ունենք` անմշակ են, ջուր ունենք քաշած` մեջը ջուր չկա, գյուղում ճանապարհ չկա, տեսնու՞մ եք` ինչ վիճակ է: Մեր սարի ճամփան հողի ճամփա է, հազար անգամ լավ վիճակում է, քան գյուղի ճամփան»: Նա համոզված է, որ գյուղացիների վիճակը կարելի է փոխել: Համայնքապետ ընտրվելու դեպքում խոստանում է լուծել գյուղի խմելու ջրի, ճանապարհների բարեկարգման եւ փողոցների լուսավորության խնդիրները:
«Մեր հանդերի մոշը, մալինան ու մյուս հատապտուղները գյուղացիները տանում են Գյումրի ու Երեւան` վաճառելու, տեղում կմշակենք, համ բյուջեն փող կմտնի, համ էլ աշխատատեղ կստեղծենք»,- ասում է համայնքապետի թեկնածու Հրահատ Սիմոնյանը:
«Ողջ գյուղում լուսավորության մի կետ կա, էն էլ` գյուղի հրապարակին հարող գյուղապետի տան մոտ: Գյուղի աչքի առաջ Կամոն իր տան էլեկտրաէներգիան օգտագործել է գյուղապետարանի հաշվին, սակայն զլացել է գյուղի փողոցների գոնե վտանգավոր անցումներում լույսի մի կետ դնել»,- գյուղամիջում հայտնեց մի կին` խնդրելով չհրապարակել իր անունը:
Համայնքապետի մյուս թեկնածուն` Աղվան Օհանյանն էլ ընտրություններում հաղթելու սեփական հաշվարկներն է անում: Նրա կարծիքով` համայնքապետ ընտրվելու ամենամեծ շանսերն իրենն են, քանի որ Սիմոնյանները գյուղում մեծ ազգություն լինելով` կբաժանվեն երկու մասի, որից էլ կշահի ինքը:
Մեկնաբանել