HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կոնգրեսի կենսունակությունն այլընտրանք չպետք է ունենա

Հոկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած մեծ հանրահավաքը կարեւոր նշանակություն ունի առաջին հերթին հենց Կոնգրեսի համար։ Այն վերջապես պատասխան կտա՝ որքանո՞վ է կայացել այդ միավորը ժողովրդական շարժման հենքի վրա եւ որքանո՞վ է պահպանում հասարակական վստահության ռեսուրսը։

Այլ կերպ ասած՝ որքանո՞վ էր ճիշտ եւ արդյունավետ մարտի մեկից հետո շարժման ղեկավարների որդեգրած քաղաքական կուրսը։ 


Պասիվ կեցվածք որդեգրելու ձեւավորված կարծիքի շուրջ Կոնգրեսում ծայր առած բանավեճը կամ քննարկումը, որքան էլ առողջ լինի հենց միայն դրանց առկայության պատճառով, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ ընդդիմության գործողությունների պասիվացման նկատելի միտումը նաեւ Կոնգրեսում միանշանակորեն չի ընկալվում։

Սակայն դրանում ընդդիմության ղեկավարներին մեղադրողները կամ խորհուրդներ տվողներն այդպես էլ չեն ներկայացնում այն հնարավոր գործողությունները, տակտիկական քայլերը, որոշումները, որոնք քաղաքական դաշտում ընդդիմության դերակատարությունը պետք է ավելի մեծացնեին։ Եվ դա պատահական չէ. ըստ էության` Կոնգրեսն օգտվել է իր ձեռքի տակ գտնվող պայքարի օրինական անխտիր բոլոր ձեւերից։ Չկա որեւէ այլ գործիք, որը նա փորձարկած չլինի։ Եվ ակտիվացմանն ուղղված որեւէ քայլ, որեւէ միջոցառում արդյունավետ լինելու համար արդեն պետք է ոչ ստանդարտային, անսպասելի ու ինչ-որ տեղ շփոթեցնող լինի։ Իսկ այդպիսի հնարքներ գտնելը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ չէ։

Ամեն դեպքում, Կոնգրեսի նկատելի պասիվացումը դեռեւս այնպիսի մակարդակի չի հասել, որպեսզի քաղաքական եւ հատկապես ընդդիմադիր դաշտում լուրջ ռեզոնանսներ առաջացնի։ Բոլոր քաղաքական ուժերը` թե՛ Կոնգրեսի ներսում, եւ թե՛ դրանից դուրս, սպասողական վիճակում են. ի՞նչ իրական նպատակ է հետապնդում եւ ի՞նչ կոնկրետ խնդիր է լուծելու հոկտեմբերի 17-ի հանրահավաքը։

Այն յուրօրինակ ազդանշան է լինելու նոր գործընթացներ սկսելու կամ չսկսելու միջեւ ընտրություն կատարելու համար։ Պետք է սպասել, որ շարժման լիդերը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հենց այդ օրը կհրապարակի ընդդիմության հետագա հիմնական անելիքները, պայքարի ու գործունեության հիմնական ուղղությունները, միջոցները։ Նա արդեն ուղղակի այլընտրանք չունի։

Քաղաքական պատճառներ

Շարժման թուլացումը ընդդիմության ներսում ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխությունների է հանգեցնելու։ Կանգ կառնի քաղաքական ուժերի խոշորացման գործընթացը, որի հիմքը դրել է Տեր-Պետրոսյանը, եւ որը սպառնում էր առաջին հերթին այնպիսի քաղաքական միավորների գոյությանը, որոնք զուրկ են գաղափարական-ծրագրային որեւէ հենքից, չունեն կայուն արժեքային համակարգեր եւ կայուն գաղափարական հետեւորդների բանակ։ Ընդ որում` խոսքը ոչ միայն Կոնգրեսում ներգրավված որոշ ուժերի, այլեւ, շարժման ծավալմանը զուգընթաց, աստիճանաբար լուսանցքներում հայտնված արտակոնգրեսական ուժերի մասին է։

Եվ նրանց վերադարձը ընդդիմադիր դաշտը ետ կտանի դեպի այնպիսի խայտաբղետություն, որտեղ այլեւս անհնարին կլինի տարբերակել իրականը եւ արհեստականը, արժեքավորն ու անարժեքը։ Ընդդիմադիր դաշտի ներկայիս միատոնությունը հիանալի սինթեզի դեր է կատարում՝ դաշտից դուրս շպրտելով արհեստական, շինծու գաղափարների կամ ուժերի ընդդիմություն ներարկման ցանկացած փորձ։

Հենց դրա շնորհիվ էր, որ այդպես էլ չհաջողվեց կենսագործել այսպես կոչված «հայրենասիրական ընդդիմության» ձեւավորման օպերացիան այն ուժերի մասնակցությամբ, որոնց իրական դեմքը, նկրտումները բացահայտվեցին հենց շարժման ծավալման պատճառով։ Եվ Կոնգրեսի այս գործառույթը օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական դաշտը թափթփուկներից մաքրազարդելու, նրանց վերադարձի հնարավորությունները մեկընդմիշտ բացառելու համար։ Դա, իսկապես, արժեք է, որը չի կարելի չնկատել եւ չգնահատել։

Հասարակական պատճառներ

Շարժման հիմնական ձեռքբերումներից մեկն այն էր, որ այն ցույց տվեց, թե ինչպես կարելի է իրական այլընտրանք ներկայացնել իշխանություններին եւ ընդհանրապես մեր իրականություն բերեց այնպիսի կարեւորագույն եւ անհրաժեշտ գաղափար, ինչպիսին ընտրելու հնարավորությունն է։

Ի դեմս շարժման` հասարակությունն, իսկապես, տեսավ այն այլընտրանքը, այն հակակշիռը, որը ի զորու էր փշրելու իր ներսում ձեւավորված «սրանց դեմ խաղ չկա» ստերեոտիպը։ Եվ դա հանգեցրեց «քաղաքացի» ինստիտուտի վերարժեւորմանը՝ հասարակության կցորդի, դիտորդի կարգավիճակը փոխարինելով քաղաքականության այնպիսի ակտիվ մասնակցի, գործոնի կարգավիճակով, որի հետ այլեւս անհնար էր լինելու հաշվի չնստելը։

Ամենակարեւորն այն էր, որ դա հիանալի կերպով հասկացավ նաեւ իշխանությունը, որն ուղղակի ստիպված եղավ հայացքով շրջվել դեպի հասարակությունը եւ գոնե իրական բարեփոխումներ իրականացնելու պատրանք ստեղծել։ Համենայնդեպս հիմա իշխանությունը փորձում է ապացուցել, որ իր ձեռնարկումները իմիտացիոն բնույթ չունեն։ Մի բան, որի խնդիրը մինչեւ մարտիմեկյան դեպքերը իշխանությունը բացարձակապես չուներ։

Հիմա անհրաժեշտ է, որպեսզի սկսված այս գործընթացների համատեքստում իշխանությունը շարունակի զգալ իր պատասխանատվության աստիճանը եւ նույն այդ հասարակական ճնշման ազդեցությամբ փորձի ներքին վերափոխման ենթարկվել։ Դա կարճաժամկետ գործընթաց չէ, եւ դրա հիմնական երաշխիքը կարող է լինել միայն ուժեղ եւ նախաձեռնող, կազմակերպված եւ հասարակական լուրջ աջակցություն ունեցող ընդդիմությունը։

Այս համատեքստում պետք է ողջունել համայնքային ընտրություններին ինչ-որ չափով մասնակցելու Կոնգրեսի որոշումը, թեեւ ակտիվություն դրսեւորելու տեսակետից կարելի էր եւ ավելին սպասել։ Այդ ընտրությունները համապետական նշանակություն չունեին, սակայն առնչվում էին յուրաքանչյուր քաղաքացու կենցաղին։ Դրանց չմասնակցելը կարող էր ընկալվել իբրեւ ազգաբնակչությունից օտարվելու ձգտում, իշխանատենչության արտահայտություն, եւ դա, անկասկած, թուլացնելու էր շարժման դիրքերը։

Մինչդեռ համայնքային ընտրություններին մասնակցելը նաեւ այդ հարթության վրա այլընտրանքի հնարավորություն էր ստեղծելու։ Այլ խնդիր է, որ հասարակությունը դեռեւս այն աստիճան ինքնավերափոխման չի ենթարկվել, որպեսզի ընկալի իրեն տրված այդ հնարավորությունը։

Հիմա Կոնգրեսի կարեւորագույն խնդիրներից մեկը դրան հասնելն է։ Մի բան է, երբ հասարակությունից պահանջում ես ինչ-որ բան՝ առանց առաջարկելու, մեկ այլ բան է, երբ հենց սկզբից ներկայացնում ես առաջարկը եւ ստիպում, դրդում, համոզում հասարակությանը գնահատել այդ առաջարկի իրական արժեքը, նշանակությունը, որը բնավ չի սահմանափակվում սոսկ Արարատ Զուրաբյանին անպայման Կենտրոնի թաղապետի պաշտոնում տեսնելով։

Հոգեբանական պատճառներ

Եթե ընդհանրացնելու լինենք, ապա ներկայումս Կոնգրեսի հիմնական գործառույթներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը, հասարակության առողջացման, ինքնագնահատականի բարձրացման խնդրի լուծումն է։ Դա ինչ-որ տեղ շատ ավելի կարեւոր է, քան նախագահի հրաժարականը, նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ պահանջելը, որոնք կարող են ոչ թե վերջնանպատակ լինել, այլ ընդամենը տակտիկական քայլ, միջոց, գործիք՝ ուղղված հիմնական նպատակակետին՝ հասարակության հոգեբանական վերափոխմանը։

Կոնգրեսից առաջ երբեւէ ընդդիմությունն այնպիսի հետեւողականություն, սրտացավություն չի ցուցաբերել իր «զինվորների» կամ քաղբանտարկյալների նկատմամբ։ 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի շուրջ ձեւավորված ընդդիմության ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ նա չկարողացավ գնահատել իր շարքերի, իր ակտիվիստների ինքնազոհողությունը։

Այդ ընդդիմությանն ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն այն էր, որ նա չի կարողանում եւ չի ձգտում պաշտպանել յուրայիններին։ Իսկ հիմա դատարաններում մարտիմեկյան դեպքերի հետ կապված քննությունների շրջանակներում նկատելի է մարդկանց իրավունքների պաշտպանության մի հզոր, աննախադեպ շարժում։ Եվ դա երկու նշանակություն ունի. նախ՝ բուն շարժման ամբողջականությունը, նպատակամղվածությունը ապացուցելու, եւ երկրորդ՝ հասարակության հոգեբանության մեջ սեփական իրավունքները կոլեկտիվ ուժերով պաշտպանելու գաղափարի արմատավորումը։

Եվ եթե Կոնգրեսը փորձի դուրս գալ իր շրջանակներից եւ իրավունքների պաշտպանության այս մեթոդոլոգիան կարողանա կիրառել նաեւ ընդհանուր հասարակական միջավայրում՝ նույնպիսի հետեւողականություն ցուցաբերելով նաեւ հասարակության անդամների իրավունքների նկատմամբ, նրա դերակատարությունը կդառնա ուղղակի անփոխարինելի, թեեւ հասկանալի է՝ առանց հասարակության հանդիպակաց օժանդակության, որն առայժմ չի երեւում, Կոնգրեսը կարող է վերածվել միայն իրավապաշտպան ինչ-որ կառույցի, որի ծառայություններից մարդիկ կամ կցանկանան, կամ չեն ցանկանա օգտվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter