HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Խաչիկյան. «Ախթալան պիտի լինի Լոռու մարզի ամենաօրինակելի համայնքը»

Հարցազրույց Սոցիալական ապահովա•րության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի հետ

-Պրն Խաչիկյան, դուք Հանրապետական կուսակցության այն դեմքերից եք, որ ոչ վաղ անցյալում նվիրումով քարոզում էիք Ձեր կուսակցության ծրա•րերը: Գործադիր մարմնում աշխատելուց հետո պասիվացաք: Հիմա, կարծես թե, կրկին վերադառնում եք ակտիվ քաղաքականություն:  

Վ. Խաչիկյան - Ես շարունակում եմ մնալ ՀՀԿ խորհրդի անդամ եւ դրանով իսկ շարունակում եմ լինել ակտիվ քաղաքականության մեջ:

- Ի՞նչ կասեք հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին, մանավանդ, որ դուք այստեղ որոշակի դերակատարություն ունեք:

Վ. Խաչիկյան - Պետք է ասեմ, որ հանրապետական երկու` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո ՏԻՄ ընտրություններն իրենց նշանակությամբ ժողովրդի համար ամենից կարեւոր ընտրությունն են, եւ կուզենայի ասել` մեր տարածաշրջանի համար նաեւ ինչ-որ առումով վճռական, որովհետեւ 1996 թ.-ից ի վեր, թերեւս, այսքան թեժ ընտրություններ եւ այսքան սուր պայքար Թումանյանի տարածաշրջանում երբեւիցե չեն եղել:

Ընդ որում` պայքարը ոչ այնքան քաղաքականացված է, որքան որ տեղական հիմնախնդիրները լուծելու արդյունք: Կարելի է ասել, որ մենք առաջին անգամ ենք ականատես լինում ընտրական պրոցեսում ժողովրդի այսքան մեծ ներգրավվածության:

- Չե՞ք կարծում, որ ընդդիմության` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը, բազմաթիվ այլ բացասական ազդեցությունների հետ, խարխլում է Ձեր կուսակցության հիմքերը: Այսօր Թումանյանի տարածաշրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 26 համայնքներում առաջադրված 58 համայնքապետի թեկնածուներից 27-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, 26-ը` անկուսակցականներ, 2-ը` ՀՅԴ-ից եւ 3-ը` ԲՀԿ անդամներ: Առանձին համայնքներում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ թշնամական մթնոլորտում պայքարում են հանրապետականները: Ինչու՞ այդ հարցերը կուսակցության ներսում չեն կարգավորվել: Անշուշտ, դա հակասություններ է ստեղծում:

Վ. Խաչիկյան - Չեմ ուզում այդպես գնահատել, որովհետեւ լավագույն դատավորը ժողովուրդն է, եւ ժողովուրդը իր տված քվեով է որոշում: Եթե մենք գնայինք այն ճանապարհով, որ իմպերատիվ կերպով մեր կուսակցությունը որոշեր այս կամ այն թեկնածուին, կստացվեր, որ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում:

Ինչ վերաբերում է այս ընտրություններին ընդդիմության ներգրավվածությանը, սա ես ընդամենը փաստ եմ ասում, ոչ գնահատական, իրողությունն այն է, որ, դժբախտաբար, կուսակցությունների մեծ մասը` ընդդիմադիր եւ նաեւ կոալիցիայի մեջ ներգրավված կուսակցությունները, գրեթե բոլորը չունեն տարածքային կայացած կառույցներ, չեմ ուզում խորանալ դրա պատճառների մեջ, թե դա ինչի հետեւանք է:

- Դուք ծնվել եւ մեծացել եք Ախթալա քաղաքում, ինչպե՞ս եք գնահատում Ախթալայի սոցիալ-տնտեսական ներկա վիճակը եւ տեղական ինքնակառավարումը:

Վ. Խաչիկյան - Ներկայումս Ախթալան հանրապետության այն բարեկեցիկ համայնքներից է, որտեղ, ըստ էության, զբաղվածության խնդիրն ավելի շատ է լուծված, քան թե հայաստանյան շատ այլ համայնքներում: Ախթալան ունի մոտ 2500 բնակիչ, որից շուրջ 500-ը աշխատում է հանքերում ու ֆաբրիկայում, եւ տղամարդկանց զբաղվածության հետ կապված` մենք խնդիրներ չունենք:

Փառք Աստծո, վերջին տարիներին էլ ՀՀ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել, այդ թվում` դրանցից լուրջ բաժին է հասել նաեւ Ախթալային: Դա մինչհամայնքային ճանապարհի նորոգումն էր, Ախթալայի գազաֆիկացունը եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգումը:
Այսօր, անշուշտ, կան այլ խնդիրներ, որոնց մի մասն առնչվում է ՏԻՄ-ի իրավասություններին: Մենք գտնում ենք, որ Ախթալայի քաղաքապետարանը պետք է ավելի ակտիվ եւ նախաձեռնող լիներ այն խնդիրների լուծման մեջ, որ կային` դրված համայնքի առջեւ: Դժբախտաբար, այդ խնդիրների ցանկը, որ կապված են եղել Ախթալայի համայնքապետարանի հետ, սա իմ անձնական կարծիքն է, որ հնարավոր է` չեն կիսում իմ համաքաղաքացիները կամ Ախթալայի համայնքապետարանի աշխատակիցները, ըստ իս, այնքան էլ լավ չի լուծվել:

Խոսքը վերաբերում է Ախթալայի սանմաքրմանը, բնակելի շենքերի տանիքների եւ շքամուտքերի դռների, ճանապարհների վերանորոգմանը, փողոցների լուսավորվածությանը եւ մի քանի այլ խնդիրների, որոնք ուղղակի քաղաքապետարանի իրավասությունների մեջ են մտնում եւ տարիներով չեն լուծվել: Դրանով է նաեւ պայմանավորված, որ ես հոկտեմբերի 19-ի ընտրություններին պաշտպանում եմ այլ թեկնածուի:

- Խոսքը ձեր եղբոր մասին է: Ի՞նչ շարժառիթներով առաջնորդվեցիք ձեր եղբորը Ախթալայի համայնքապետի թեկնածու առաջադրելիս:

Վ. Խաչիկյան - Երկու հիմնական շարժառիթով: Առաջին` նախ ժողովրդի ցանկությունն էր, որ վերջապես Ախթալան ունենա մի այնպիսի համայնքապետ, որը կլինի սրտացավ Ախթալայի առջեւ ծառացած խնդիրների հանդեպ: Վերջին 12 տարիների ընթացքում, սա իմ գնահատականն է, գործող համայնքապետի կողմից նման սրտացավություն չի դրսեւորվել:

Երկրորդ մեծ խնդիրն էլ կա: Գաղտնիք չէ, որ այն համայնքները, որտեղ համայնքաստեղծ ձեռնարկություններ կան, ընդունենք, ինչպես Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, ցանկալի կլիներ, որ ուղիղ կապ լիներ քաղաքապետարանի եւ համակարգաստեղծ գործարանի հետ, որը եւս չկա: Դա խանգարում է համայնքի կենսական խնդիրների լուծմանը:

Մենք գտնում ենք, որ Ախթալայում պետք է թարմություն, նոր ուժ եւ, որ պակաս կարեւոր չէ, գտնում եմ, որ քաղաքապետը պետք է լինի անձ, որը ունենա թիմ, առանց որի միայնակ հնարավորություն չի ունենա լուծելու համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Գտնում ենք, որ մեր թիմը ավելի լավ կարող է լուծել համայնքի առջեւ ծառացած խնդիրները, քան գործող քաղաքապետի թիմը:

- Ովքե՞ր են մտնում Ձեր թիմի մեջ:

Վ. Խաչիկյան - Մեր թիմի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին մեզ ակտիվ աջակցում են, դրանց թիվը բավականին մեծ է: Դա մեր քաղաքի մտավորականությունն է` ի դեմս ուսուցիչների, տարբեր գործարարներ են, մարդիկ են, ովքեր Ախթալայից դուրս են եւ պատրաստ են օգնել Ախթալային: Դրանք եւ նախկին ախթալացիներ են, որոնք շահագրգռված են, որ Ախթալան լինի շեն եւ բարեկեցիկ համայնք: Թիմի հետ կգործի, ինչու չէ, նաեւ այն անձնական կապերը, որ մենք ձեւավորել ենք այս տարիների ընթացքում: Պիտի նշեմ, որ Ախթալայում որոշ խնդիրներ, ես դա չեմ ուզում թաքցնել, նաեւ եղել են մեր անձնական նախաձեռնությունների եւ անձնական խնդրանքների հաշվին:

- Ո՞ր կենսական խնդիրներն են Վազգեն Խաչիկյանի անձնական միջամտությամբ լուծվել Ախթալա համայնքում:

Վ. Խաչիկյան - Անհամեստություն կլինի, որ ես սկսեմ թվարկել եւ, ըստ իս, դուք որպես լրագրող այդ հնարավորությունն ունեք հարցնելու համայնքի բնակիչներին, թերեւս նրանք կթվարկեն: Ես անհամեստ մարդ չեմ, որպեսզի թվարկեմ, բայց երբ ես Ախթալային վերեւից նայում եմ, չկա մի խնդիր, որ վերջին 7-8 տարիներին լուծվել է այստեղ եւ դրանում իմ անձը մասնակցություն չլինի ունեցած` սկսած աշխատատեղերի բացման խնդիրներից, վերջացրած ամենատարրական խնդիրներով:

- Վերջերս Ախթալայոմ առանձին շրջանակներում խոսվում է, որ համայնքի հիվանդանոցի փակման գործում դուք մասնակցություն եք ունեցել` հիվանդանոցի շենքը գնելու եւ այն հյուրանոց սարքելու նկատառումով:

Վ. Խաչիկյան - Այն մարդը, ով դա ասել է, առնվազն հիմար է եղել: Ես չեմ էլ կասկածում եւ կարող եմ ուղղակի ասել, թե ինչ շրջապատից է եկել այդ խոսքը: Նախեւառաջ` չկա դեպք, որ Վազգեն Խաչիկյանը ուզենա ինչ-որ բան փակել, այդ թվում` առաջին հերթին Ախթալայում, այդ թվում` հիվանդանոցի հետ կապված: Դրանք այն մարդիկ են, ովքեր գողացել են հիվանդանոցի 6,5 մլն դրամ պարտքը, որից 1,5մլն դրամը, տույժ ու տուգանքով ձեւավորված, համայնքապետարանի պարտքն է:

Հաստատ վստահ եմ, որ դա ասել է համայնքապետարանին մոտ կանգնած անձնավորություն: Եվ եթե իրենք այդքան սրտացավ էին, կարող էին նախաձեռնել, որ համայնքի ավագանին 1,5 մլն դրամը կամ զիջեր, կամ ուղղակի փակեր: Կամ այն գումարները, որ իրենք ծախսում էին, ըստ իս, ոչ արդյունավետ, կարող էին տրամադրել հիվանդանոցին:

- Փաստորեն, հիվանդանոցը պարտքեր ունի նաեւ քաղաքապետարանին:

Վ. Խաչիկյան - Այո: Ես 1996- 2005 թթ. համայնքապետարանի հաշվետվությունները գիտեմ: Եվ ո՞վ է արել, ի՞նչ է արել դա, գիտեմ: Ինչ վերաբերում է Ախթալայի հիվանդանոցին, որպես այդպիսին ես իմ կարծիքն եմ հայտնել, դա չեմ էլ թաքցրել: Հիվանդանոցը, որպեսզի գործի, անհրաժեշտ է ֆինանսավորում, որը հիմա ՀՀ կառավարությունը տրամադրում է ըստ բուժվող հիվանդների թվի: Ելնելով Ախթալայում բնակչության թվից, առողջապահական ծառայության մատուցման թվից եւ որակից` Ախթալան, դժբախտաբար, չի կարող ունենալ այն հիվանդանոցային համակարգը, որը ունեցել է նախկինում:

Ասեմ ավելին. մենք ինքներս մեր նախաձեռնությամբ խնդրել ենք ՀՀ Առողջապահության նախարարին, որպեսզի Ախթալայի հիվանդանոցն ընդգրկի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեջ, եւ այնտեղ գոնե վերականգնվի ծննդատունը: Դրա համար անհրաժեշտ է (դա Համաշխարհային բանկի պահանջն է), որ հիվանդանոցի պարտքերը վերացվեն:

Եվ ասեմ ձեզ` դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը եղբորս քաղաքապետ ընտրվելու դեպքում, մենք այդ պարտքերը կզրոյացնենք, որպեսզի Ախթալայի հիվանդանոցը մտնի Համաշխարհային բանկի ծրագրի մեջ:

Ինչ վերաբերում է հյուրանոց կառուցելու խնդրին, Վազգեն Խաչիկյանը, այսպես ասեմ, Ախթալայում որեւէ բիզնես ծավալելու ցանկություն չունի, առավել եւս հիվանդանոցի հաշվին: Իսկ ովքեր որ նմանատիպ հերյուրանքներ են տարածում, իրենք ասելու բան չունեն, եւ ցանկալի կլիներ, որ իրենք գնահատեին ոչ թե մեր չարածը, այլ գոնե ցույց տան, թե իրենք ինչ են արել: Դուք եղել եք մեր ընտրարշավին, կարող եք գնալ Ախթալա եւ ուղղակի հարցնել:

Մենք հայտարարել ենք` Ախթալայում չի լինելու, որ մենք անձնավորված գնանք ու մեկին ասենք, որ քեզ համար այսինչ գործն արել ենք, դրա փոխարեն արի մեզ ձայն տուր, կամ քեզ համար կանենք սա, փոխարենը մեզ ձայն տուր: Մենք ասել ենք` համայնքի ընտրությունները համայնքի խնդիրները լուծելու համար են, ոչ թե անձնական խնդիրները լուծելու համար:

- Ինչպե՞ս եք անցկացնում ձեր հանդիպումները:

Վ. Խաչիկյան - Մեր հանդիպումները եւ բակային են, եւ ընհանուր` հրապարակային: Մեր տեսակետները մենք հրապարակային էլ ներկայացնում ենք մեր ժողովրդին: Ձեզնից շնորհակալ ենք հիվանդանոցի հարցը հիշեցնելու համար, հաջորդ հանդիպումներին մենք հիվանդանոցի հարցը կբարձրացնենք եւ լրջորեն կզբաղվենք:

-Պրն Խաչիկյան, Դուք քաղաքական փորձությունների ճանապարհ անցած եւ գրագետ մարդ եք: Եթե հարցը ձեզ վերաբերեր, դուք կարող էիք շատ լավ ղեկավարել Ախթալայի համայնքը: Բայց առանձին շրջանակներում արդեն ասում են` Հայկ Խաչիկյանը Վազգեն Խաչիկյանը չէ` իր մտավոր կարողություններով եւ իր կազմակերպչական ընդունակություններով:


Վ. Խաչիկյան -Դրանով ոչ մեկը գյուտ չի անում, որովհետեւ աշխարհում ոչ մեկը մյուսին նման չէ: Հարազատ եղբայրներ ենք, բայց մենք իրարից տարբերվում ենք: Ինչ վերաբերում է եղբորս կազմակերպչական ընդունակություններին, հարազատ եղբորս չէի ուզենա թերագնահատել, անշուշտ, իմ ստացած կրթությունը եւ փորձը չեմ կարող համեմատել եղբորս փորձի հետ: Բայց կարեւոր մի խնդիր կա. առաջին` մենք թիմով ենք հանդես գալիս եւ թիմով էլ պատասխանատվություն կրում:

Երկրորդ` մեր գործունեությունը բաց է եւ հրապարակային: Մենք մեր յուրաքանչյուր խոստման համար պատասխանատու ենք: Այո, ես ինձ համարում եմ եղբորս թիմի անդամ եւ պատասխանատվություն եմ կրում նրա թիմի համար: Ես իմ ազատ ժամանակի մեծ մասը տրամադրելու եմ Ախթալայի շենացմանը եւ դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

- Ձեր եղբոր քաղաքապետ ընտրվելու դեպքում Ախթալայում առաջնահերթ ո՞ր խնդիրները կլուծեք:

Վ. Խաչիկյան - Ախթալայի ցանկացած խնդիր վերջին 12 տարիներին Ախթալայի քաղաքապետարանի կողմից չի լուծվել: Կարող եք տեսնել այստեղ մանկապարտեզների, քաղաքի լուսավորության, աղբահանության տխուր վիճակը: Եթե այս ամենը լավ լիներ, իմ եղբայրը չէր առաջադրվի, ես էլ ակտիվ կերպով չէի մասնակցի:

Վերջին 5 տարիներին համոզվել եմ, որ անհույս գործ է գործող քաղաքապետին օգնելը: Այդ տարիներին չեզոք ենք եղել: Թող լուծեր այս խնդիրները եւ, իր համար թանկարժեք ավտոմեքենա գնելու փոխարեն, թող մի շենքի տանիք էլ ավել վերանորոգեր: Կամ համայնքի կենսական հիմնախնդիրները առաջնահերթ լուծեր, հետո մեքենա առներ: Տար Աստված` բյուջեն էնքան հզոր լիներ` ինքնաթիռ առներ, բայց համայնքի առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո, դրանք են` քաղաքի ջրամատակարարումը, որ ողբալի վիճակում է, երկու թաղամասերի գազաֆիկացումը, լուսավորության եւ սանմաքրման, ճանապարհային հանգույցների եւ մյուս խնդիրները: Ախթալան պիտի լինի, դա իմ ցանկությունն է, Լոռու մարզի ամենաօրինակելի համայնքը:

- Մանր ու միջին բիզնեսի զարգացման համար ի՞նչ եք նախատեսում:

Վ. Խաչիկյան - Կանադական մի կազմակերպության հետ հենց հիմա, այս պահին ունենք ծրագիր, որպեզի կարի փոքր արհեստանոց բացվի, որը հնարավորություն կտա, որ առնվազն 25-30 կին աշխատի: Մտածում ենք, որ Ախթալայում շատ ռեալ է հացի փուռ, սրճարաններ, ռեստորաններ եւ այլ ծառայություններ բացելը, որը կստեղծի նոր աշխատատեղեր: Փոքր ու միջին ձեռնարկություններում հիմնականում աշխատանք կստանան կանայք: Պարզապես Ախթալայում ներդրողների համար գրավիչ միջավայր կստեղծվի:

- Ձեր թիմն ունի՞ կոնկրետ ժամանակացույց իր ծրագիրն իրականացնելու համար:

Վ. Խաչիկյան - Անշուշտ: Կանադական այդ կազմակերպության հետ աշխատող ՀԿ-ի ղեկավարը կինս է, ունենք պայմանավորվածություններ ՎիվաՍելի հետ, որի կողմից հայտարարվել է, որ 2009 թ. իրենց ծրագրերի մեջ է մտնում նաեւ Ախթալա համայնքին օգնելը: Այս կապակցությամբ ունենք 5-6 ծրագիր:

- Կարողանալու՞ եք համայնքի բյուջեի եկամուտների մեծացման նոր աղբյուրներ գտնել:

Վ. Խաչիկյան -Դա լինելու է Ախթալան շենացնելու մեր եւ մեր թիմի եռանդի հաշվին:

- Այդուհանդերձ, ի՞նչ կանեք, եթե ձեր եղբայրը` Հայկ Խաչիկյանը, չընտրվի Ախթալայի համայնքապետ:

Վ. Խաչիկյան - Ես սիրում եմ Ախթալան` անկախ քաղաքապետի անձից: Այստեղ ապրում են ինձ համար շատ թանկ մարդիկ: Ինձ համար նշանակություն չունի` ով է Ախթալայի քաղաքապետը: Ում ուզում է ժողովուրդը ընտրի, ես իմ ձեռքից եկածը կատարելու եմ Ախթալայի համար:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter