HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ռուս-վրացական պատերազմի տնտեսական հետեւանքները

Ռուս-վրացական պատերազմը լուրջ տնտեսական վնասներ պատճառեց տարածաշրջանի պետություններին: Վրաստանը, որպես պատերազմի անմիջական մասնակից, բնականաբար, տուժեց ամենաշատը: Տնտեսական էական կորուստներ ունեցավ Հայաստանը: Ամենաքիչը պատերազմն ազդեց Ադրբեջանի տնտեսության վրա:

Այսպես` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի տվյալներով` օգոստոսին Բաքու-Ջեյհան նավթամուղի 20 օր սպասման ռեժիմում գտնվելու հետեւանքով կորել է մոտ 1 մլրդ դոլար եկամուտ, իսկ համաշխարհային շուկան չի ստացել 15-20 մլն բարել նավթ: Հիշեցնենք, որ նավթամուղը կանգնեցվեց դեռ պատերազմական գործողություններից մի քանի օր առաջ Թուրքիայի տարածքում կոմպրեսորային կայաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով: 


Պատերազմի պատճառով կանգնեցվեցին նաեւ Բաքու-Սուպսա նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը:

Ադրբեջանի համար էական սահմանափակումներ առաջացան երկաթուղային տրանզիտի բնագավառում: Շուրջ երկու շաբաթ երկաթուղային կապը խաթարված էր դեպի Փոթի տանող կամրջի պայթեցման հետեւանքով: «British Petroleum» ընկերությունը օգոստոսի 18-ին ստիպված եղավ դադարեցնել նաեւ երկաթուղով Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթի արտահանումը:
Այս վնասներն անհամեմատելի են այն կորուստների հետ, որ պատերազմի հետեւանքով ունեցավ Հայաստանը: Որոշ տվյալներով` Հայաստանի տնտեսությունը պատերազմի պատճառով կրել է շուրջ 700 մլն դոլարի կորուստ: ՀՀ Ֆինանսների նախարարության կատարած հաշվարկների համաձայն` այդ թիվը մի փոքր ավելի քիչ է կազմում` 628 մլն դոլար: Այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Վրաստանին 1 մլրդ դոլարի օգնության փաթեթը, 20 կոնգրեսականներ դիմեցին ԱՄՆ նախագահին` Հայաստանին եւ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի շրջանին ամերիկյան կառավարական օգնություն տրամադրելու կոչով:

Նախագահ Բուշին ուղղված նամակում կոնգրեսականները նշում են այն լայնամասշտաբ տնտեսական կորուստները, որ Հայաստանը կրել է տարածաշրջանում պատերազմի հետեւանքով: Նամակի հեղինակները գտնում են, որ Վրաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունից համամասնորեն պետք է պաշտոնապես հատկացվի նաեւ Սամցխե-Ջավախեթիի հայերին: Կոնգրեսականներն ընդգծում են, որ Վրաստանի այս տարածաշրջանը գտնվում է բավականին ծանր տնտեսական վիճակում եւ «կրկին կարող է մոռացության մատնվել արդեն այն բանից հետո, երբ Վրաստանը կսկսի ուշքի գալ Ռուսաստանի հետ կոնֆլիկտից հետո»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, սակայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղական Դենիել Ֆրիդը, ընդունելով հանդերձ Հայաստանի կողմից կրած տնտեսական կորուստների փաստը, հայտնեց, որ լրացուցիչ ֆինանսական օգնություն Բուշի վարչակազմը Հայաստանի համար չի առանձնացրել: Ավելի ուշ հանձնաժողովի ղեկավար Հոուարդ Բերմանը հայտնեց, որ «մտադրություն կա հաջորդ տարի օգնություն տրամադրելու մասին որոշում կայացնելիս ուսումնասիրել հակամարտության ավելի լայն ազդեցությունը եւ համապատասխան ֆինանսավորում հատկացնել Հայաստանին եւ տուժած այլ երկրների»:

Քանի որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի ապրանքաշրջանառությունը մեծ մասմաբ տեղի է ունենում հենց Վրաստանի տարածքով, առաջին եւ նկատելի հետեւանքը Վրաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության խաթարումն էր: Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալները կրճատվեցին 121.2 մլն դոլարով, իսկ արտահանման կրճատման հետեւանքով կորուստները կազմեցին 52 մլն դոլար:

Գորիի մոտ Կասպի կամրջի պայթեցման հետեւանքով խզվեց երկաթուղային կապը վրացական նավահանգիստների եւ Թբիլիսիի միջեւ, Հայաստանի համար նախատեսված ցորենի եւ վառելիքի 172 վագոն շուրջ 10 օր կանգնած մնաց տեղում:

Սա անմիջապես անդրադարձավ Հայաստանի բնակիչների վրա. մի քանի օր Հայաստանում բենզինի ճգնաժամ էր, խոսվում էր նաեւ հացի հնարավոր թանկացման մասին: Ճիշտ է, կառավարությունը ժխտում է, թե բնակչությունը որեւէ կերպ տուժել է ճգնաժամից` պնդելով, որ գների բարձրացումը պայմանավորված էր խուճապային գնումներով, իսկ բենզինի համար հերթերը` երկյուղով, որ մատակարարումները կդադարեցվեն:

Այնուամենայնիվ, այդ ընթացքում լրացուցիչ գնաճ արձանագրվել է (1-1.5 %): Բացի նրանից, որ օգոստոսի երկու շաբաթվա մեջ 30%-ով կրճատվեցին Վրաստանի տարածքով գազի ներմուծման ծավալները, հակամարտությունից հետո Վրաստանը 50 դոլարով բարձրացրեց Հայաստան եկող 1 տոննա վառելիքի տարանցման վճարը:

Սակայն մասնագետների կարծիքով` ամենամեծ վնասը, որ հակամարտության հետեւանքով կրել է Հայաստանի տնտեսությունը, 300 մլն դոլարի չկատարված ներդրումներն են:

Ռուս-վրացական ընդամենը հնգօրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի տնտեսությունը, նաեւ` թե իրականում որքան փոխկապված են Հայաստանի եւ Վրաստանի, ավելի քիչ` Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները:

Այս փաստի գիտակցման հետեւանքով այսօր արդեն տարածաշրջանում երկու տիպի միտումներ են նկատվում: Առաջինն ուղղված է բուն տարածաշրջանից դուրս այլընտրանքային տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը, մյուսը` տարածաշրջանի պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ավելի խորացմանը:

Քանի որ այլընտրանքային ուղիների եւ աղբյուրների բացակայությունից ամենաշատը տուժեց Հայաստանը, հենց նրա քաղաքականության մեջ են ավելի ակնհայտ դրսեւորվում այս երկու միտումները միաժամանակ:

Այսպես` հակամարտության ժամանակ Երեւանում հիշեցին Հայաստան իրանական գազի ներմուծման հնարավորության մասին: Սեպտեմբերի սկզբին իր ելույթներից մեկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Իրան-Հայաստան գազամուղի հայկական երկրորդ եւ վերջնական հատվածի կառուցման ավարտի մասին: «Գազամուղը, փառք Աստծո, արդեն կառուցված է, եւ հենց վաղը մենք կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից ստանալ գազ: Այս գազատարի թողունակության ավելացման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին կավարտվեն, եւ Հայաստանը կկարողանա տարեկան 2-2.5 մլրդ խմ գազ ստանալ»,- նշեց Ս. Սարգսյանը:

Իրանական կողմի հավաստմամբ` գազն իրենց երկրից Հայաստան պետք է մտներ հոկտեմբերի 13-ին, սակայն դա տեղի չունեցավ: Ինչպես բացատրեցին ՀՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները` ներկայումս Վրաստանի տարածքով եկող ռուսական գազը լիովին բավարարում է երկրի պահանջները, իրանական գազ կներկրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա դրա կարիքը:

Հակամարտությունից հետո կրկին ակտիվացան նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին խոսակցությունները: Այն իսկապես կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, չնայած շինարարությունը կապված է մեծ գումարների հետ, եւ, հավանաբար, ֆինանսավորման աղբյուրներ գտնելու խնդիրներ կառաջանան: Իրանը` որպես Վրաստանին այլընտրանք տարանցիկ երկիր, ապրանքների փոխադրման համար ներկայումս խիստ թանկարժեք ուղղություն է Հայաստանի համար:

Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող շարժումները եւ Թուրքիայի հետ հնարավոր համագործակցությունը եւս պայմանավորված էր ռուս-վրացական պատերազմով: Ճիշտ է, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը դեռ մշուշոտ է, սակայն արդեն հայտնի է, որ 2009-ից Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային: Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի հետ այս կարգի շփումներն էլ են ուղղված այլընտրանքային ուղիներ գտնելու խնդրի լուծմանը:

Մյուս միտումը, ինչպես նշեցինք, ուղղված է արդեն տարածաշրջանի պետությունների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը: Դրա վառ օրինակը հոկտեմբերի սկզբին ՀՀ նախագահի այցն էր Վրաստան, որի ժամանակ երկու նախագահները համաձայնության եկան Բաթումը Երեւանին կապող նոր ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ: Նախատեսվող մայրուղին 1/3-ով կկրճատի գոյություն ունեցող 700 կմ-անոց ճանապարհը:

Ավտոմայրուղին նաեւ այլընտրանքային ճանապարհ է Վրաստանի համար, որը թույլ կտա Բաթումին կապել Թբիլիսիի հետ` հեռու վրաց-ռուսական հնարավոր հակամարտության գոտուց:

«Թբիլիսին եւ Երեւանը այնքան մոտ են իրար, որ մենք պետք է միմյանց շարունակությունը լինենքգ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք կառուցել ճանապարհ, որը մի կողմից Հայաստանը կկապի Աջարիայի հետ, մյուս կողմից` Թբիլիսին` Աջարիայի լեռնոտ հատվածի»,- նշեց Վրաստանի նախագահը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի տեղեկացմամբ` ծրագրվող ճանապարհը կարող է կառուցվել երկու տարվա ընթացքում, ծրագիրը ֆինանսավորելու նպատակով հետաքրքրություն է ցուցաբերել Մանիլայում գտնվող Զարգացման ասիական բանկը:

Պատերազմի հետեւանքով Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, անհուսալի դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառվել լուրեր, որ Կասպիցից Արեւմտյան Եվրոպա ծրագրվող Նաբուկո գազամուղը կարող է անցնել Հայաստանով: Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն, չեն շտապում տարածաշրջանային ծրագրերում ընդգրկել Հայաստանին` հուսալով զիջումներ ստանալ նրանից Լեռային Ղարաբաղի հարցում:

Մասնագետներն, այնուամենայինիվ, պնդում են Հայաստանի համար այլընտրանքային ուղիներ գտնելու անհրաժեշտությունը: Ըստ նրանց` Հայաստանն այլեւս չի կարող շարունակել այդքան մեծ կախվածություն ունենալ Վրաստանի տարածքով մատակարարումներից: Սակայն, հաշվի առնելով, որ այլընտրանքային ուղիների կառուցումը կապված է մեծ ծախսերի եւ երկար ժամանակի հետ, ուստի Վրաստանի հետ տնտեսական համագործակցության խորացումը, ավելի անվտանգ տարանցումներ ապահովելու համար, կշարունակի մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter