HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ջրից չոր դուրս գալու արվեստը

Ինչու՞ է դադար վերցնում ընդդիմությունը

Հոկտեմբերի 17-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, արեց այն ոչ ստանդարտ քայլը, որի մասին խոսում էինք մեր նախորդ հոդվածում.

«Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը` իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ ազգային կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համա֊ժողովրդական շարժման մասնակիցներին` խնդրելով ժամանակավորապես դադա֊րեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը»։ 


Տեր-Պետրոսյանի այս իսկապես անսպասելի քայլը դեռ երկար ժամանակ վերլուծությունների, քննարկումների տեղիք կտա առնվազն երկու առումներով։

Նախ՝ ի՞նչ ազդեցություն այն կունենա ներքաղաքական կյանքի եւ ընդդիմության հետագա գործունեության վրա, որքանո՞վ էր այն հաշվարկված եւ բխում Հայ ազգային կոնգրեսի ռազմավարական առաջնահերթություններից, եւ երկրորդ՝ արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն իսկապե՞ս գտնվում են հանգուցալուծման եզրին հենց Տեր-Պետրոսյանի նշած ոչ հայանպաստ տարբերակով, եւ դրա համար անհրաժեշտ է ողջ ուժերի կոնսոլիդացում, թե՞ հակամարտության նման վերլուծությունը պարզապես շատ գրագետ եւ կուռ տրամաբանված պատճառաբանություն-շղարշ է՝ ծածկելու Կոնգրեսի անելանելի վիճակը, մարտավարական ճգնաժամը։

Ամեն դեպքում, մեկ բան ակնհայտ է. Տեր-Պետրոսյանին հաջողվեց ուշադրությունը Կոնգրեսից տեղափոխել դեպի Ղարաբաղյան հակամարտության գոտի, ինչի շրջանակներում ներքին քաղաքական խնդիրները առժամանակ երկրորդական պլան կմղվեն։ Դա հնարավորություն կտա ընդդիմության առաջնորդներին որոշ ժամանակ ազատ շունչ քաշել եւ, հետեւելով տարածաշրջանային զարգացումներին, իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը համապատասխանեցնել դրանց։

Մի բան, որ այս պահին ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ համաշխարհային ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, եվրոպական համայնքի եւ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասում այնքան խճճված է, հակասական, իսկ ճշմարտացի, օբյեկտիվ տեղեկատվությունն այնքան սակավ է, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է պլանավորվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հետեւաբար, նման անորոշության պայմաններում, մութ սենյակում խարխափելով` հնարավոր չէր լինելու այնպիսի տակտիկա որդեգրել, որը, համահունչ լինելով տարածաշրջանային զարգացումներին, կհանգեցներ ընդդիմության հետապնդած նպատակներին։

Այլ կերպ ասած՝ ժամանակավոր դադար վեցնելու այս քայլը ոչ այնքան ուղղված էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արեւմուտքի ձեռքին խաղալիք չդառնալու եւ դրանով Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու հնարավորությունների չեզոքացմանը, որքան տարածաշրջանում ստեղծված նոր, բարդ իրադրությունում կողմնորոշվելու անհրաժեշտությանը։ Հարց է առաջանում՝ ինչու՞ է Տեր-Պետրոսյանը ներքաղաքական խնդիրների լուծումը համառորեն պայմանավորում արտաքին գործոններով։

Եթե ուշադրություն ենք դարձնում նրա որդեգրած քաղաքական գծին ու իրականացրած մարտավարական քայլերին՝ սկսած ուղիղ մեկ տարի առաջ քաղաքական բեմահարթակ վերադառնալու մասին նրա հայտարարությունից, ապա ակնհայտ է դառնում, որ արտաքին գործոնի դերը հենց ներքաղաքական խնդիրների լուծման հարցում նրա համար ուղղակի առանցքային, նույնիսկ որոշիչ նշանակություն է ունեցել։

Ավելին, պետք է նշել, որ հենց այս ճակատում Տեր-Պետրոսյանը կրեց ամենալուրջ պարտությունը. նախ՝ միջազգային հանրությունն անտեսեց իրենց բոլոր բողոքները ընտրախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի կապակցությամբ, ապա եւ երկու անգամ քարտ բլանշ տվեց գործող իշխանություններին՝ կատարելու ԵԽԽՎ հայտնի երկու բանաձեւերի պահանջները, որոնց հետամուտ լինելու հարցում հենց ԵԽ-ն համառորեն չի ցանկանում համարժեք հետեւողականություն ցուցաբերել։ Այսինքն` Տեր-Պետրոսյանի այն հաշվարկը, թե եվրոպական կառույցների կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ ուժեղ ճնշումների բանեցումը եւ միջազգային մակարդակով Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցի սրումը կարող է հիանալի զենք դառնալ իշխանափոխության խնդիրը լուծելու ճանապարհին, ուղղակի տապալվեցին, եւ նա այլեւս չի կարող հույսը միարժեքորեն դնել այս գործոնի վրա։

Հետաքրքրականն այն է, որ հենց այս վերջին հանրահավաքի ընթացքում նա մի շատ ուշագրավ, աննախադեպ միտք արտահայտեց, որը հստակորեն ցույց է տալիս Արեւմուտքի հետ կապվող հույսերի առումով նրա հաշվարկների ձախողվածությունը. «Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում»,- հանրահավաքում ասել է Տեր-Պետրոսյանը։

Բնականաբար, նման պայմաններում արտաքին գործոնի ազդեցությունը ընդդիմության պլանների համատեքստում դառնում է ուղղակի անվստահելի, որովհետեւ մեծ հաշվով ընդդիմության ճամբարում այլեւս հասկանում են, որ Արեւմուտքը ներկայումս ոչ այնքան շեշտադրումը կատարում է Հայաստանում գործող իշխանությանը հեռացնելու, որքան թեկուզ վերջիններիս լեգիտմության խոցելիությունն օգտագործելու միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի լուծման ճանապարհին Հայաստանից լուրջ զիջումներ կորզելու վրա. մի բան, որ ռազմավարական առումով բոլորովին չի բխում ընդդիմության շահերից։

Այս դադարը նաեւ անհրաժեշտ կլինի Կոնգրեսին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում զիջումների գնալու իշխանությունների պատրաստակամությունը դարձնել նոր համահասարակական, համաժողովրդական դիմադրության ուժեղ մոտիվացիա։ Դրա համար անհրաժեշտ կլինի ոչ միայն հնարավոր զիջումները հանրությանը մատուցել իբրեւ դավաճանություն, այլեւ այդ ճանապարհով ձերբազատվելով պարտվողական քաղաքականությունը կրողի` դեռ 1998թ.-ից ստանձնած կերպարից, այն փոխանցել գործող իշխանություններին։

Ահա այս նպատակակետի շրջանակներում միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է շեշտվում. «Եվ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում` վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը»։ (Մեջբերում հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթից)։

Եթե ուշադրություն ենք դարձնում, Տեր-Պետրոսյանը փորձում է այնպիսի տակտիկա որդեգրել, որի հիմնական խնդիրը նաեւ հայաստանյան իշխանություններին Ռուսաստանի շահերի դեմ հանելն է։ Այս մեսիջը մի կողմից ակնհայտորեն ուղղված է Մոսկվային՝ հենց Հայաստանի իշխանությունների շրջանակներում փնտրել բուն «դավաճաններին», երկրորդ հերթին ուղղված է հասարակության այն շրջանակներին, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ներգրավվածության դերը համարում են որոշիչ։

Այս առումով որքան էլ տարօրինակ, այնուամենայնիվ, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու՞ Թուրքիայի միջոցով Ռուսաստանին ԼՂ հակամարտությունից եւ ընդհանրապես տարածաշրջանից դուրս թողնել ձգտող Արեւմուտքի հետապնդած խնդրի լուծմանը մասնակից դառնալու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրող Տեր-Պետրոսյանը իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտնի հայտարարությանը, թե` «Ինձ թվում է՝ Կովկասում հակամարտային իրավիճակի պահպանման դեպքում իր դրության խոցելիության սրված ընկալումը Հայաստանի կողմից եւ ներկա պահի յուրահատկության ըմբռնումը Թուրքիայի կողմից, Մինսկի խմբի համանախագահների առկա առաջարկների հետ մեկտեղ, ստեղծում են կրիտիկական զանգված, որպեսզի լուծումը գտնվի»:

Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը փորձում է տեր կանգնել հասարակական այն զանգվածների հետաքրքրություններին, որոնք մի ժամանակ հենց իրեն էին մեղադրում պարտվողական քաղաքականություն որդեգրելու մեջ, եւ նրանց տրամադրությունները փորձում է ուղղել ներկայիս իշխանությունների դեմ։ Ելնելով սրանից` պետք է սպասել, որ Տեր-Պետրոսյանի նախանշած այս երկու-երեք ամիսների ընթացքում ընդդիմադիր ողջ քարոզչամեքենան լծվելու է ՀՀ իշխանությունների` «դավադրի», «պարտվողական դրքորոշում որդեգրածի» կերպարը ստեղծելու գործին։ Դա, անշուշտ, լրջագույն գործոն է Կոնգրեսի շուրջը նոր ուժեր ներգրավելու համար։

Այն հանգամանքը, որ դադար առնելու մասին Տեր-Պետոսյանի այս հայտարարությունը հենց նշված ավելի խորքային նպատակներն է հետապնդում, ցույց են տալիս նրա վերջին հրապարակային ելույթից հետո առաջացած մի քանի` առայժմ անպատասխան հարցադրումներ, որոնց ողղակի հնարավոր չէ ուշադրություն չդարձնել.

1. Եթե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդդիմությունն իսկապես դավադրություն է տեսնում, ապա ինչու՞ է հենց հիմա պայքարը դադարեցնելու որոշում կայացնում, երբ ակնհայտ է, որ ընդդիմության անգործությունը շատ ավելի մեծ դաշտ է ստեղծելու այդ դավադրական ծրագիրն իրագործելու համար։ Չէ՞ որ հասարակական ու քաղաքական ուժեղ ճնշման պայմաններում իշխանությունն ուղղակի չի կարող գնալ անիմաստ ու միակողմանի զիջումների ԼՂ հարցում։

2. Եթե Տեր-Պետրոսյանը, իբրեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու անհրաժեշտ պայման, տեսնում է «Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվա֊ծությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկա֊խու֊թյու֊նը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար», ապա ինչու՞, դադարեցնելով պայքարը, փաստորեն հենց այդ արատավոր երեւույթների շարունակման, ընդլայնման հնարավորություններ է ստեղծում։

3. Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը, կարեւորելով Ռուսաստանի հավասարակշռող դերը Մինսկի խմբում եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, պնդում, որ «իր սեփական լուծումը պարտադրելու Արեւմուտքի ունեցած ներկայիս հնարավորությունների» պայմաններում «կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին»՝ առանց վերլուծելու այն հարցը, թե ինչու՞ է այդ դեպքում Ռուսաստանը համակերպվելու Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների ձեռքերով իրեն պարտադրվող դիտորդի կարգավիճակով, երբ Հարավային Օսիայի դեպքերը հստակ ապացուցեցին, որ Հարավային Կովկասում Մոսկվան բացարձակապես չի պատրաստվում այդպիսի երկրորդական դեր ստանձնել։ Ո՞րն է նման հակասությունների պատճառը։

4. Եթե Տեր-Պետրոսյանն իսկապես տեսնում է, որ ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հարցում զիջումներ կորզելու դիմաց «Արեւմուտքը, բնականաբար, պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի վերը թվարկված բոլոր արատների վրա, մոռանալ փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններն ու մարտի 1-ի ոճրագործությունը, չտեսնելու տալ նրա վարած բռնապետական ներքին քաղաքականությունը, հանդուրժել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ու մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները եւ հաշտվել քաղբանտարկյալների գոյության փաստի հետ», ապա ինչու՞ անջատելու համար վառված այդ կանաչ լույսը, ձախողելու համար զիջումներ կորզելու այդ պլանը, է\'լ ավելի չի ակտիվացնում իր գործողությունները։

Իսկ իրականում Տեր-Պետրոսյանը մի շատ հետաքրքիր, խորամանկ քայլ կատարեց, որի նպատակը տարածաշրջանում զարգացումների ցանկացած սցենարի դեպքում ընդդիմության` ջրից չոր դուրս գալն է։ Եթե իշխանություններն իսկապես նման զիջումների գնան, ապա բոլոր հնարավորությունները կլինեն իշխանափոխության խնդիրը լուծելու համար, քանի որ այդ դեպքում հենց Կոնգրեսը կլինի դիմադրության հիմնական կազմակերպիչը։ Իսկ եթե ոչ, ապա Կոնգրեսը եւ Տեր-Պետրոսյանը հեշտությամբ կհայտարարեն, որ դադար վերցնելու իրենց ճիշտ քաղաքականության շնորհիվ հաջողվեց խուսափել վերահաս վտանգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter