Համաներում` միայն ընդդիմության ուժը մարելու դեպքում
Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
-Պարոն Իշխանյան, մարտի 1-ի դեպքերից հետո ըննդիմությունը պահանջում է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, քանի որ նրանք ձերբակալվել են զուտ իրենց քաղաքական հայացքների համար, իսկ իշխանությունը պնդում է, որ չունենք քաղբանտարկյաներ, քանի որ մեր օրենսդրությունը քաղաքական հոդվածներ չի պարունակում, նրանք ձերբակալվել են քրեական հոդվածների հիման վրա: Ի վերջո, ո՞րն է քաղբանտարկյալը:
- Դեռեւս հասարակության մեջ չկա հստակ պատկերացում, թե որն է քաղբանտարկյալը, որեւէ պաշտոնական փաստաթղթում չկա քաղբանտարկյալ հասկացության հստակ սահմանում: Անգամ ժողովրդավարական պետությունների օրենսդրություններում կան այնպիսի հոդվածներ, որոնք կարելի է անվանել քաղաքական հոդվածներ: Երբ ռասայական ատելության համար քրեական պատիժ է հասնում, ըստ էության, սա նույնպես քաղաքական հոդված է քրեական օրենսգրքում, քանի որ քաղաքական հայացքների համար են նրանք ձերբակալվում: Կամ` Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում հայոց ցեղասպանության ժխտման դեպքում սահմանվել է քրեական պատիժ:
Առհասարակ, ինձ ավելի հոգեհարազատ է «Amnesty Internatioanl» կազմակերպության մոտեցումը, որը քաղբանտարկյալի 2 բնորոշում է տալիս: Առաջինի համաձայն` քաղաքական հայացքների համար որեւէ գործողություն, անգամ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ: Այսինքն` նրանք քաղաքական բանտարկյալ են համարում նաեւ ահաբեկիչներին: Եվ պետք չէ այստեղ թյուրիմացության մեջ ընկնել, որ եթե քաղաքական բանտարկյալ է, նշանակում նա անմեղ է եւ պետք է ազատ արձակվի: «Amnesty Internatioanl»-ը ասում է, որ հատկապես նրանց նկատմամբ պետք է արդար եւ անկողմնակալ դատավարություն լինի, որը ենթադրում է նաեւ խոշտանգումների բացառում:
Բայց կա քաղբանտարկյալ հասկացության 2-րդ կարեւոր բնորոշումը: Քաղբանտարկյալների մեջ կան մարդիկ, ովքեր որեւէ գործողություն չեն արել եւ զուտ ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար, այդ թվում` շինծու գործ թխելու միջոցով: Նրանց «Amnesty Internatioanl»-ը համարում է խղճի բանտարկյալներ եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել այդ մարդկանց:
- Եթե ձեր ասածը պրոյեկտենք հայկական իրականության մեջ, կոնկրետ` կապված մարտի 1-ի գործերի հետ, այդ բնորոշումներից ո՞րն է վերաբերում Հայաստանին:
- Սկզբում ինձ թվում էր, թե քաղբանտարկյալների մեջ կան 2 տեսակն էլ: Կան եւ զուտ իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ, կան եւ գործողություններ կատարածներ: Ի վերջո, եղել է ընդհարում, եղել են վիրավորներ, զոհեր: Հետագայում դատավարությունները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք խղճի բանտարկյալներ հետ:
- Մեղադրանքների առաջադրման ժամանակ, ըստ ձեզ, պահպանվե՞լ է ձեր նշած բնորոշումների տարբերակվածությունը, ինչպես նաեւ` արդար դատավարության սկզբունքը:
- Իհարկե, ոչ: Երբ հետեւում ես դատավարություններին, պարզ երեւում է, թե ինչպես են դատարանները փորձում առանց հիմնավորումների պաշտպանել նախաքննության բավականին խախուտ վարկածը:
Եթե մենք ունենայինք անկախ դատական համակարգ, որը կիրականացներ ինչպես արդար դատավարություններ, այլեւ վերահսկողություն կսահմաներ նախաքննության մարմնի նկատմամբ, գուցե կասկածները շատ ավելի փոքր լինեին այդ մարդկանց նկատմամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, բայց երբ մեր դատական համակարգը ամբողջովին կախված է գործադիր իշխանությունից, կամայական մեկնաբանությունները շատ հավանական են: Այս դեպքում քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի համար կարող են քաղաքական երանգ ստանալ նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, խուլիգանության հոդվածները: Եվ ձերբակալվածները կարող են հարյուր տոկոսով խղճի բանտարկյալներ լինել:
- Իսկ պետական իշխանությունը բռնի զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հոդվածները ի սկզբանե քաղաքակա՞ն չեն, այլ երկրներում կիրառվու՞մ են այդ հոդվածները:
- Մի շարք ժողովրդավարական երկրների օրենսդրություններում էլ կա «Սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ» հոդվածը: Ըստ եվրոպական կառույցների մեզ տրամադրած տեղեկությունների` այս հոդվածը որոշ երկրներում կա, բայց երկար տարիներ չի կիրառվում: Այսինքն` շատ կարեւոր է, թե ինչքանով է տվյալ երկիրը իրավական եւ ժողովրդավարական: Եթե երկիրը ժողովրդավարական է, ու իշխանությունները փոխվում են ընտրությունների միջոցով, գուցե ավելորդ են դառնում այդպիսի կոչերը:
ԵԽԽՎ-ի զեկույցը պահանջում էր նաեւ դադարեցնել քաղաքական հետապնդումը պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով մեղադրվողների նկատմամբ, փոփոխություններ կատարել այդ հոդվածում, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն արվել:
- Մարտի 1-ի գործի նախաքննությունն ավարտվել է, բայց այդպես էլ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանություն հոդվածով: Ձեզ համար` որպես իրավապաշտպանի, հասկանալի՞ է, թե ինչու մինչ այժմ չեն հայտնաբերվել 10 զոհերին սպանողները:
- Մի կողմից` կարող է կասկած հարուցել, որ իշխանության կողմից բռնություն գործադրածները եւ հրազեն օգտագործածները հատուկ չեն բացահայտվում, մյուս կողմից` ես կարծում եմ, որ կա իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի պակասը, որ մինչեւ հիմա բացահայտված չեն անգամ 2 մահացած ոստիկանների մահվան հանգամանքները:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ի բռնած դիրքին: Ըստ ձեզ` այն հետեւողական կլինի՞ պահանջների վերջնական եւ լիարժեք կատարմանը:
- ԵԽԽՎ-ի համար առաջնահերթ հարց է, որ իր անդամ պետությունները հետեւեն Եվրախորհրդի չափանիշներին եւ կատարեն իրենց առջեւ դրված պահանջները: Եթե չեն հետեւում այդ պահանջներին, ապա կա մոնիտորինգի գործընթաց, եթե դա էլ չի օգնում, կարող են զրկել ձայնից, որը շատ լուրջ պատժամիջոց է, այդ դեպքում երկիրը ոչ միայն դե-ֆակտո, այլեւ դե-յուրե կհայտնվի ոչ ժողովրդավարական երկրների շարքում եւ չի լինի եվրոպական տան լիարժեք անդամ: Հետագայում կարող են անդամակցությունից էլ զրկել: Բայց այն նաեւ համբերատար կառույց է եւ փորձում է երկարատեւ փոփոխությունների միջոցով իր անդամներին հասցնել իր պահանջների վերջնական կատարմանը:
- ԵԽԽՎ նախագահ Լուի Մարիա դե Պյուչը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, բայց ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում նրանք խուսափեցին օգտագործել «քաղբանտարկյալ» տերմինը` այն փոխարինելով քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ ձեւով: Ըստ ձեզ` սա մեր պատվիրակության աշխատանքի շնորհի՞վ է, թե՞, այնուամենայնիվ, նրանք էլ հակված չէին այդ ձեւն օգտագործելու:
- Ըստ էության, այդ երկու ձեւերի մեջ տարբերություն չեմ տեսնում: Քաղաքական դրդապատճառներ ո՞ւմ կողմից դրդված` իշխանությունների, ինչի՞ համար` քաղաքական հայացքների: Բայց, քանի որ ԵԽ-ն միջկառավարական կազմակերպություն է, այն միշտ զգույշ է լինում «քաղբանտարկյալ» տերմինը օգտագործելուց, դրա համար էլ ասում է «քաղաքական դրդապատճառներ»: Քաղբանտարկյալներ տերմնինը ավելի շատ օգտագործում են հասարակական կազմակերպությունները:
- Հոկտեմբերի 29-ին հրապարակած իր զեկույցում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման առումով սահմանափակ առաջընթաց է արձանագրել եւ մի շարք մտահոգություններ է հայտնել հատկապես քաղբանտարկյալների խնդրի հետ կապված: Դուք սպասո՞ւմ էիք նման գնահատականի:
- Ես կասեի` խիստ սահմանափակ առաջընթաց է, քանի որ եւ\' Համմերբերգի, եւ\' Լուի Մարիա դե Պյուչի այցելությունների ժամանակ բավականին խիստ էր դրված հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, եւ նրանք հույս ունեին, որ ամառվա ընթացքում այն կլուծվի, ի տարբերություն մյուս պահանջների կատարման, որոնց համար ժամանակ է տրվել մինչեւ հունվար: Այս տեսակետից նրանց համար բավական չէ մի քանի հոգու ազատ արձակումը կամ գործի կարճումը: Դրական գնահատական կարող էր լինել, եթե քաղաքական գործիչ համարվող բանտարկյալները ազատ արձակված լինեին:
- Մոնիտորինգի հանձնաժողովը նշում է, որ ժամանակն է Հայաստանի իշխանությունները խնդիրը լուծելու կամք ցուցաբերեն, դիտարկեն համաներման հնարավորությունը: Դրանից հետո Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի զեկույցի ժամանակ շատերը սպասում էին, որ համաներում կլինի, բայց այդ մասին խոսք չեղավ: Ըստ ձեզ` իշխանությունները ե՞րբ կարձագանքեն այդ կոչին:
- Իմ կարծիքով` քաղբանտարկյալները Հայաստանում սեզոնային բնույթ են կրում: Բոլոր քաղաքական լարվածությունների ժամանակ, հատկապես ընտրությունների հետ կապված, մեզ մոտ հայտնվում են քաղբանտարկյալներ, որոնք պատանդային կարգավիճակում են պահվում: Իմ կարծիքով` վաղ թե ուշ համաներումով կամ մեկ այլ պատրվակով բոլորին ազատ կարձակեն: Իսկ դա ե՞րբ կլինի, կախված է իշխանության վերին օղակներում քաղաքական հաշվարկներից: Որոշակի ազդեցություն նրանց հաշվարկների վրա թողնում են եւ՛ Համմերբերգի զեկույցը, եւ՛ պառլամենտական վեհաժողովի բանաձեւերը, բայց ես չեմ կարծում, որ նրանց ազդեցությունը գլխավորն է: Նրանք բաց կթողնեն քաղբանտարկյալներին, երբ կհամարեն, որ ընդդիմության ուժը մարում է, եւ նա այլեւս վտանգ չի ներկայացնում իշխանության համար: Այդպես եղել է եւ՛ 1996 թ., եւ՛ 2003թ., եւ՛ 2004թ.:
- Իսկ եթե մինչեւ հունվար ընդդիմության ուժը չմարե՞ց:
- Եթե ընդդիմության ուժը չմարի եւ նույնիսկ ավելի հզորանա, հնարավոր է նաեւ նոր քաղբանտարկյալների առկայություն` անկախ Եվրոպայի խորհրդի բանաձեւերից եւ ԵԽ-ում ձայնից զրկելուց:
- Իսկ դա ի՞նչ է ենթադրում մեզ համար:
- Կարող են զրկել ձայնից, իսկ եթե մեր ներքաղաքական վիճակը փոխվի եւ պահանջների կատարման հարցում առաջընթաց գրանցվի, նրանք կարձանագրեն այդ առաջընթացը, պատժամիջոցներ չեն լինի, բայց Հայաստանը կշարունակի մնալ մոնիտորինգի տակ այնքան ժամանակ, քանի Եվրախորհուրդը չի համարի, որ որոշ չափանիշներով Հայաստանը իր պահանջները կատարել է: Մի բան, որ առայժմ չի երեւում:
- Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա, ինչպես եւ ընդդիմության ստեղծած հասարակական հանձնաժողովի: Ըստ ձեզ` մարտի 1-ի իրադարձությունների վրա լույս սփռման առումով ի՞նչ օգուտ կտա փաստահավաք խմբի ձեւավորումը, որտեղ պետք է երկու կողմերն էլ ներկայացված լինեն:
- Որոշակի հույսեր է ներշնչում այն, որ փաստահավաք խմբի ձեւավորումը կարող է բարձրացնել հասարակության վստահությունը: Չնայած` հանձնաժողովի եզրակացությունը քաղաքական է լինելու, եւ այն իրավական հետեւանք չի ունենալու:
- Սերժ Սարգսյանն իր վերջին մի քանի ելույթներում անդրադառնալով դատական համակարգին` նշել է, որ դատարանները պետք է անկախ լինեն, այդ հարցում կա՞ առաջընթաց:
- Իսկ եղե՞լ է Հայաստանում որեւէ պաշտոնյա, որը խոսքով դեմ է եղել անկախ դատական իշխանությանը: Խոսքեր ասելը հեշտ է, բայց անկախ դատական իշխանությունը խոսքերով չի, անկախ դատական իշխանությունը մեխանիզմներով է: Անկախ դատական իշխանությունը նշանակում է, որ դատարանակազմության մասին օրենքից հանվի այն դրույթը, ըստ որի արդարադատության խորհուրդը ներկայացնում է դատավորների ցուցակը, եւ նախագահը իր հայեցողությամբ ընտրում է դատավորներ: Երբ որ նախագահի ստորագրությունը դառնա ձեւական, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ ինչ-որ քայլեր արվել են անկախ դատական իշխանության ստեղծման ուղղությամբ:
- Կգա՞ ժամանակ, երբ մենք ընտրություններից հետո այսպիսի խնդիրներ չենք ունենա:
- Ես ինքս հոռետեսորեն եմ տրամադրված, քանի որ 1995 թ. ձեւավորվել եւ կատարելագործվել է ընտրակեղծարարների մի բանակ, ընտրակեղծիքներին անմիջական մասնակիցն են եղել բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը` թե\' ներկա իշխանության, թե\' ընդդիմության, ավելին` նրանցից ոչ ոք այն չի ընդունում: Ստեղծվել է քաղաքական հակամշակույթ, փակ շրջան, եւ որեւէ եվրոպական խորհուրդ մեզ չի օգնի, եթե մենք մեր մտածելակերպը չփոխենք, եթե փոփոխություններ չլինեն իրավական համակարգում, ինչպիսիք են դատական համակարգի ապաքաղաքականացումը, անկախացումը: Այս խնդիրները պահանջում են համալիր լուծում, բայց դրա համար պետք է մի կողմից իշխանությունների քաղաքական կամք, որին ես չեմ հավատում. այդպիսի քաղաքական կամք նշանակում է նաեւ առաջիկայում իշխանությունից զրկվելու հնարավորություն: Մյուս կողմից` հասարակական պահանջ, որը նույնպես չի երեւում, որովհետեւ մեր հասարակությունը դեռեւս հույսը կապում է «լավ թագավորի հետ»:
Հարցազրույցը` Աստղիկ Խաչատրյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել