Արմեն Մելքոնյան. «Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Իրանը վարել է հավասարակշռված քաղաքականություն»
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության պետ Արմեն Մելքոնյանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր, որ 1991թ. դեկտեմբերին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: Կարճ ժամանակ անց` 1992 թ. փետրվարի 9-ին, Թեհրանում ստորագրվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիրը:
Նույն օրը ստորագրված մեկ այլ փաստաթղթով ամրագրվեցին այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվեին հայ-իրանական միջպետական հարաբերությունները: Այնուհետեւ ապրիլին Երեւանում բացվեց Իրանի, իսկ դեկտեմբերին Թեհրանում` Հայաստանի դեսպանությունները:
- Որո՞նք են հայ-իրանական հարաբերությունների առանձնահատկությունները: Որո՞նք են այն գործոնները, որ Իրանը կարեւոր են դարձնում Հայաստանի համար եւ հակառակը:
-Հայաստանի եւ Իրանի միջեւ դարավոր բարեկամությունը, պատմամշակութային ընդհանրություններն ու ներկա բազմաբնույթ կապերը հիմք են ծառայում մեր հատուկ հարաբերությունների զարգացման համար: Այդ հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարիդրացիական, թափանցիկ, փոխշահավետ համագործակցության միտված, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերություններ: Ս/թ սեպտեմբերի 16-ին Թեհրանում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի` ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեժադի, արտգործնախարար Մ. Մոթթաքիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվեց փոխշահավետության հիման վրա երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի պատրաստակամությունը:
Իրանը Հայաստանի համար կարեւոր է ինչպես միջազգային ասպարեզում, մասնավորապես տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող հարեւան պետություն, այնպես էլ հզոր տնտեսական ներուժ ունեցող հուսալի գործընկեր: Իրանի հետ համագործակցությունը հնարավորություններ է ընձեռում այլընտրանքային լուծումներ գտնել մեր երկրի էներգետիկ անվտանգության եւ արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, որի նշանակությունը հատկապես զգալի է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում:
Ընդամենը վերջերս, Հարավային Օսիայի ճգնաժամի օրերին, բոլորս ականատես եղանք, թե ինչպես Իրանի ցուցաբերած գործնական աջակցության շնորհիվ հաջողվեց անխափան իրականացնել անհրաժեշտ քանակությամբ վառելիքի եւ ալյուրի մատակարարումը Հայաստանին: Իր հերթին Հայաստանն Իրանի համար միջոց է` դուրս գալու դեպի Ռուսաստան, Եվրոպա` տարանցիկ ճանապարհ ապահովելու տեսանկյունից:
- Ի՞նչ դեր ունեն հայ-իրանական հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Իրանը Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում:
- Հարավային Կովկասում կայունության, խաղաղության եւ համագործակցության ամրապնդման համատեքստում կարեւոր դերակատարություն ունեն հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք հակակշռում են մեր տարածաշրջանում կուտակված բացասական լիցքերը` նպաստելով հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը: Հարավային Կովկասն Իրանի հյուսիսային սահմանամերձ տարածաշրջանն է, եւ բնական է, որ այն շահագրգռված է այնտեղ կայուն իրավիճակի հաստատմամբ: Պետք է փաստել, որ Թեհրանն իր հավասարակշիռ, կառուցողական քաղաքականությամբ ձգտում է օժանդակել այդ տարածաշրջանում դրական գործընթացների զարգացմանը:
- Ի՞նչ դեր ունի Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Որքանո՞վ է «ռուսական գործոնն» ազդում հայ-իրանական հարաբերությունների վրա:
Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մերձեցումը պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերի ընդհանրությամբ, որի առանցքն են կազմում քաղաքական եւ տնտեսական ազդեցության գոտիների պահպանումը եւ տարանցիկ հաղորդակցության ուղիների զարգացումը: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները նպաստավոր են Հայաստանի համար:
Օգտվելով Ռուսաստանի եւ Իրանի հետ առկա սերտ գործընկերային հարաբերություններից` Հայաստանը ձգտում է առավելագույնս ներգրավվել նրանց մասնակցությամբ տնտեսական համագործակցության ծրագրերում` դրանք դիտելով որպես տարածաշրջանը կայունացնող գործոններ: Այդպիսի եռակողմ ծրագրերը հիմնականում վերաբերում են էներգետիկայի եւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտներին: Ռուսաստանի մասնակցությունը եռակողմ համագործակցությանը հնարավորություն է ստեղծում նախաձեռնել լայնածավալ ծրագրեր, որոնց արդյունքում կարող են ի հայտ գալ մրցունակ, տարածաշրջանային նշանակության ենթակառույցներ:
- Որքանո՞վ է «ամերիկյան գործոնն» ազդում հայ-իրանական հարաբերությունների վրա:
- Իրանի միջուկային ծրագրերի շուրջ լարվածության, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցների պատճառով, բնականաբար, դժվարություններ են առաջանում Իրանի արտաքին կապերի համար: Երեւանը լրջորեն մտահոգված է այդ իրավիճակով, քանի որ դրա հետագա խորացումը կարող է բացասաբար անդրադառնալ մեզ համար ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ոլորտներում Իրանի հետ ձեւավորված համագործակցության վրա:
Վաշինգտոնը սովորաբար ըմբռնումով է մոտեցել հայ-իրանական համագործակցությանը` ելնելով Հայաստանի համար դրա ունեցած կենսական նշանակությունից: Այնուամենայնիվ, ամերիկյան կողմից երբեմն այդ կապակցությամբ հնչում են նաեւ անհանգստության արտահայտություններ, սակայն հայ-իրանական հարաբերությունները, ինչպես արդեն նշեցինք, թափանցիկ են եւ դուրս չեն գալիս մեր միջազգային պարտավորությունների սահմաններից:
Ասենք նաեւ, որ Հայաստանը ճանաչում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման Իրանի իրավունքը եւ վստահ է, որ խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտական եղանակով, բանակցությունների միջոցով:
- Ինչպե՞ս եւ ե՞րբ է ձեւավորվել Իրան-Հայաստան-Հունաստան համագործակցությունը: Որո՞նք են եռակողմ համագործակցության հիմնական ոլորտները: Ի՞նչ դեր ունի (կարող է ունենալ) եռակողմ համագործակցությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում եռակողմ համագործակցությունն ակտիվորեն չի ընթանում:
- Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ համագործակցությունը ձեւավորվել էր դեռ 1995թ.: Քայլեր էին կատարվել նաեւ այն քառակողմ դարձնելու ուղղությամբ` ընդգրկելով Վրաստանին: Ծրագրի նպատակն էր ակտիվ կապ եւ բեռնափոխադրումների ծավալների աճ ապահովել մեր տարածաշրջանի եւ Արեւելյան Եվրոպայի միջեւ: Ենթադրվում էր, որ այդ համագործակցությունը կներառեր կապի եւ տրանսպորտի, հաղորդակցության, էներգետիկայի, տնտեսության եւ գիտության տարբեր բնագավառները: Սակայն Իրանի շուրջ միջազգային լարվածության հետագա սաստկացման, ինչպես նաեւ հավանական մասնակից երկրների` տարբեր քաղաքական ռազմավարությունների հետեւելու պատճառով այդ համագործակցությունը ցանկալի ընթացք չստացավ եւ աստիճանաբար սառեցվեց:
- Ի՞նչ դեր ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԻԻՀ միջնորդական առաքելության փորձերը: Որո՞նք են այդ առաքելության ձախողման պատճառները: Ի՞նչ դեր կարող է Իրանը ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ապագայում:
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Իրանը միշտ առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել: Կարեւորելով իր հյուսիսային սահմաններում կայունության հաստատումը` պաշտոնական Թեհրանը պարբերաբար պատրաստակամություն է հայտնում հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Այդպիսի առաքելություն Իրանը ստանձնել էր դեռ 1992թ., սակայն խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի վարույթին անցնելուց հետո այն, փաստորեն, դադարեց: Այսինքն` այստեղ գործ ունենք գործընթացի ձեւաչափի ընտրության, այլ ոչ թե Իրանի միջնորդական առաքելության ձախողման հետ: Ղարաբաղյան հակամարտության ամբողջ ընթացքում Իրանը վարել է հավասարակշռված քաղաքականություն` հնարավորինս հանդես գալով դրական չեզոքության դիրքերից, որը միշտ բարձր է գնահատվել հայկական կողմից:
- Ե՞րբ է ստեղծվել Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովը: Ի՞նչ խնդիրներ է այն հետապնդում: Ի՞նչ ձեռքբերումներ կան հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
- Հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է դեռեւս 1992թ.: Առ այսօր գումարվել է այդ հանձնաժողովի յոթ նիստ. առաջինը` 1995թ., վերջինը` 2007 թ. հուլիսին Երեւանում, իսկ 8-րդը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում: Երկու երկրների միջեւ բավականին ծավալուն համագործակցության պայմաններում միջկառավարական հանձնաժողովը համադրում եւ վերահսկում է ընթացիկ ծրագրերի եւ փոխադարձ պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաեւ նախանշում տարբեր ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները: Դժվար է նշմարել հայ-իրանական համագործակցության որեւէ լուրջ ծրագիր, որը դուրս մնացած լինի միջկառավարականի վերահսկողության ծիրից: Այնպես որ, հայ-իրանական համագործակցության ցանկացած ձեռքբերում միեւնույն ժամանակ այդ հանձնաժողովի գործունեության արգասիքն է:
- Որո՞նք են «Հայաստան-Իրան» բարեկամության միության խնդիրները: Ի՞նչ հաջողություններ են արձանագրվել միության գործունեության շրջանակներում:
- «Իրան-Հայաստան» բարեկամություն միությունը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2007 թ. Թեհրանում: Այն նպատակ ունի ամրապնդելու երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամական եւ եղբայրական կապերը, նպաստելու հայ-իրանական հասարակական, մշակութային, գրական, գիտական, տեխնիկական, առեւտրատնտեսական ծրագրերի իրագործմանը: Առաջին քայլերն անող Միության կազմում են ՀՀ - ԻԻՀ հասարակական գործիչներ, արվեստագետներ, ուսանողներ, նախկին դիվանագետներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
- Որքանո՞վ են իրատեսական հայ-իրանական ռազմական համագործակցության հնարավորությունները:
- Հայ-իրանական ռազմական համագործակցությունը ներկայումս ընթանում է զուտ թիկունքային հարցերի շրջանակում: Այդ ուղղությամբ համադրումներ կատարելու նպատակով պարբերաբար շփումներ են լինում պաշտպանության նախարարությունների միջեւ:
- Որո՞նք են հայ-իրանական տնտեսական համագործակցության կարեւոր ոլորտները:
- Հայ-իրանական տնտեսական համագործակցության կարեւոր ոլորտներն են էներգետիկան, տրանսպորտը, հաղորդակցությունը, առեւտուրը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ այլն: Նշանակալից ձեռքբերում էր Իրան-Հայատան գազատարի կառուցումը, որի առաջին հատվածը շահագործման հանձնվեց 2007 թ. մարտի 19-ին` երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Ավարտվել են երկրորդ հատվածի շինարարական աշխատանքները, կատարվում են տեխնիկական փորձարկումներ: Ամբողջացվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ նախագծային աշխատանքները: Այդ գծի կառուցումը հնարավորություն կստեղծի Իրանի հետ միասնական էլեկտրահամակարգի ստեղծման համար: Երկու երկրների միջեւ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանում հողմաէլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ Արաքս գետի վրա համատեղ կառուցվելիք ՀԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրաէներգիան մեծապես կնպաստի սահմանամերձ շրջանների տնտեսության զարգացմանը: Իրանական եւ ռուսական կողմերի հետ համատեղ ուսումնասիրվում է Հայաստանի տարածքում նավթազտարանի կառուցման հնարավորությունը: Վերոնշյալ բոլոր ծրագրերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ պահանջների ապահովմանը եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ձեռքբերմանը:
2007 թ. հոկտեմբերին շահագործման հանձնվեց Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ավտոմայրուղին, համաձայնություն է ձեռք է բերվել հայ-իրանական սահմանի հայկական հատվածում օպտիկամանրաթելային նոր մալուխի անցկացման շուրջ, քննարկվում է հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը: Առայժմ, նկատի ունենալով իրական ներուժը, գոհացուցիչ չեն կարող համարվել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, թեեւ 2007 թ. դրանք գերազանցել են 200 մլն դոլարը: Ընդ որում, հաշվեկշիռը բաշխվել է անհամաչափ` իրանական ներմուծումների գերակայությամբ (70 տոկոս): Կողմերը հաստատակամ են` շարունակելու փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնումը` արդյունավետ կերպով օգտագործելով առկա ներուժը եւ հնարավորությունները:
- Ի՞նչ դեր ունեն հայ-իրանական հարաբերությունները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրում: Ի՞նչ դեր կարող է այդ ծրագրում ունենալ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածը շարունակում է փակ մնալ, իսկ որպես վերոնշյալ ծրագրի մաս նախատեսվում է կառուցել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը:
- Հայ- իրանական առանցքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարեւոր բաղկացուցիչներից է, առանց որի հեռանկարում այդ ծրագիրը չի կարող լիարժեք հաջողության հասնել: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեծապես կավելացնի Հայաստանի կարեւորությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային փոխադրումների համար եւ կխթանի տարածաշրջանային համագործակցությունը: Հարավային Օսիայի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր տարածաշրջանում այլընտրանքային հաղորդակցության ուղիների գոյության անհրաժեշտությունը: Այդ երկաթգիծը Հայաստանի համար ելք կապահովի դեպի Կասպից ծովի եւ Ծոցի իրանական նավահանգիստները, իսկ Իրանի համար` դեպի Սեւ ծով, որտեղից եւ Ռուսաստան կամ Եվրոպա: Անշուշտ, վրաց-աբխազական երկաթգծի վերաշահագործումն ավելի կբարձրացնի Հայաստան-Իրան երկաթգծի տարածաշրջանային նշանակությունը: Ինչեւէ, պետք է նկատի ունենալ, որ նման մասշտաբի ծրագրերը չեն նախագծվում մեկ օրվա համար, իսկ քաղաքական հիմնահարցերը հավերժական չեն: Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծին, ապա մեր տեսանկյունից կարեւոր է, որ իրանական կողմն այն չի դիտարկում որպես մի ծրագիր, որը կարող է արժեզրկել Հայաստանի հետ համատեղ երկաթգծի կառուցման գաղափարը, քանի որ նպատակները տարբեր են:
- Որո՞նք են հայ-իրանական մշակութային համագործակցության հիմնական ոլորտները:
- Հայաստանը եւ Իրանը ունեն դարավոր պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ, որոնք արդի փուլում նպաստում են մշակութային համագործակցության զարգացմանը: Այդ համագործակցությունն ընդգրկում է մշակույթի բոլոր ոլորտները: Օրինաչափ երեւույթներ են դարձել մշակութային օրերի փոխադարձ անցկացումները, մասնակցությունը փառատոներին եւ ցուցահանդեսներին, թատերական եւ համերգային հյուրախաղերը, գեղարվեստական խմբերի եւ արվեստի գործիչների փոխայցելությունները եւ այլն: Կարեւոր հանգամանք է միմյանց պատմամշակութային արժեքների եւ ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսեւորումը: Դրա վառ վկայություններն են Երեւանում Կապույտ մզկիթի նորոգումը եւ բոլորովին վերջերս համատեղ ջանքերով Իրանում գտնվող երեք նշանավոր հայկական պատմամշակութային կոթողների` Ս. Ստեփանոս, Ս. Թադեւոս վանքերի եւ Ծոր- Ծորի մատուռի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
- Ինչպիսի՞ն է իրանահայ համայնքի դերը Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Ինչպիսի՞ դեր է խաղում Իրանի հայկական համայնքը հայ-իրանական հարաբերությունններում:
- Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Ժամանակակից իրանահայ գաղութը 400 տարվա պատմություն ունի: Հայերն Իրանում կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, լեզուն եւ մշակութային առանձնահատկությունները` մշտապես բարյացակամ եւ հոգատար վերաբերմունքի հանդիպելով իրենց հյուրընկալած երկրում: Ըստ պաշտոնական տվյալների` Իրանում բնակվում է 200 հազար հայ: Համայնքն ունի ներքին ինքնուրույնություն եւ ղեկավարվում է պետականորեն ճանաչված թեմական խորհրդի կողմից: Դեռ 1935 թ. Իրանի կառավարությունն ընդունել է «Իրանահայության ընտանեական եւ ժառանգական օրենքների ժողովածուն», որով էլ առաջնորդվում են հայ ազգային իշխանությունները:
Իրանահայերը միշտ կարեւոր դերակատարություն են ունեցել Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: ԻԻՀ Մեջլիսում հայերը ներկայացված են երկու պատգամավորով: Հայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Շիրազում, Էնզելիում, Ռեշտում, Ղազվինում, Ահվազում, Աբադանում եւ այլուր: Իրանահայերի հիմնական մասը զբաղվում է արհեստներով, առեւտրով, լավ համբավ ունեն հայ բժիշկները, իրավաբանները, ինժեներները, ճարտարապետները, ուսուցիչները եւ այլք: Իրանահայ համայնքն իր կառույցներով եւ անհատ գործիչներով ակտիվորեն ներգրավված է հայ-իրանական առեւտրա-տնտեսական եւ կրթամշակութային համագործակցության զարգացման գործում` կամրջելով երկու բարեկամ երկրները եւ ժողովուրդները: Ուրախալի է տեսնել, որ այսօր բազմաթիվ իրանահայեր ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում` մասնակից լինելով նրա տնտեսական զարգացման գործընթացին:
- Որո՞նք են կրթական համագործակցության բնագավառում գործող ծրագրերը: Ի՞նչ հաջողություններ են արձանագրվել մինչեւ այժմ այս ոլորտում:
- Արդի փուլում Հայաստանի եւ Իրանի միջեւ կրթության բնագավառում համագործակցությունն իրականացվում է 2005-2008 թթ. գործնական ծրագրի հիման վրա, որի շրջանակներում կատարվում են ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, միմյանց կրթաթոշակների տրամադրում, փորձի եւ տեղեկատվության փոխանակում, անմիջական կապեր են հաստատված հայաստանյան եւ իրանական տարբեր բուհերի եւ այլ ուսումնական հաստատությունների միջեւ: Ներկայումս Հայաստանում սովորում են մոտ 2300 իրանցի ուսանողներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել