HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկան, Ռուսաստանն ու մենք

Արման Բաբաջանյան

Արդեն տարիներ ի վեր Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Հարավային Կովկասում ռուսական շահերի սպասարկողի դիրքերից, ուստի, ուզենք թե ոչ, Հայաստանն ուղղակի կախված է աշխարհի հետ Ռուսաստանի վարած քաղաքականությունից, եւ պաշտոնական Մոսկվայի` Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, մեծ հաշվով, նախանշում եւ կանխորոշում են այս կառույցների եւ նրա առանձին անդամների հետ պաշտոնական Երեւանի հարաբերությունները:

Վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո, Ռուսաստանի շուրջ ստեղծված լարվածությունն ուղղակի է ազդում Հայաստանի վրա: Երեւանը շարունակում է կաշկանդված քաղաքականություն վարել իր անմիջական հարեւան Վրաստանի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ: Տարիներ ի վեր Հայաստանը, տուրք տալով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, չէր համարձակվում նախաձեռնություն հանդես բերել իր արեւմտյան անմիջական հարեւանի` Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում: Անկարայի հետ պաշտոնական Երեւանի վերջին շփումներն էլ (որոնք դժվար է անվանել հարաբերություններ) պետք է դիտարկել Անկարայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի կտրուկ եւ, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր փոփոխությամբ միայն: 


Վերջին ութ տարիներին աշխարհը Երեւանին վերաբերվում է ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական գործոնի, այլ որպես ռուսական հետաքրքրությունների տիրույթում մի գործիքի, որի արտաքին քաղաքական «դիապազոնը» որոշվում է Կրեմլի ինչ-որ մի կաբինետում: Ուստի, քանի դեռ մենք այս ռեգիոնում հանդես ենք գալիս որպես ռուսական կցորդ, ցանկանանք, թե ոչ, պետք է ուշադրությամբ հետեւենք աշխարհի, մասնավորապես ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո այդ երկրի նորընտիր վարչակարգի հետ մեր խրթին տարածաշրջանում Մոսկվայի որդեգրելիք քաղաքականությանը:

Առաջիկա տարիներին հարավկովկասյան տարածաշրջանում մեկնարկելու է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ազդեցության համար նոր պայքար: Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով տարածաշրջանում ստատուս քվոյի խախտումից հետո ռեգիոնալ ազդեցության համար նոր «մարտը» մեծապես կախված է ԱՄՆ ապագա նախագահի որդեգրելիք աչալուրջ եւ հեռատես քաղաքականությունից: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն հարաբերությունները կենսական նշանակություն ունեն աշխարհի եւ մանավանդ մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից չորս շաբաթ առաջ Բարաք Օբամայի` Սպիտակ տան իրավատերը դառնալու շանսերն ավելի են ընդգծվում: Սեւամորթ սենատորի հնարավոր հաղթանակը անպայմանորեն նոր իրադրության սկիզբ կդառնա, որին աշխարհը` մասնավորապես հին աշխարհամասը, Մերձավոր Արեւելքն ու հատկապես Ռուսաստանը, պետք է ըստ պատշաճի արձագանքեն: Խոսքն այն մասին չէ, թե ԱՄՆ դեմոկրատական «թիմն» այս ուղղություններով ինչ քաղաքականություն կորդեգրի: Ակնհայտ է, որ փոխվելու է ամերիկյան արտաքին քաղաքականության ընդհանուր համատեքստը, եւ եթե այս «ուղղությունները», Ռուսաստանն ու իր արբանյակները մասնավորապես, չփոխեն իրենց նախկին մոտեցումները, կարող են հայտնվել ամենեւին ոչ շահավետ իրավիճակում:
Ջորջ Բուշի վարչակազմը երկրի ներսում եւ միջազգային հարթակում մինչեւ վերջ հեղինակազրկված է: Գործընկերների հետ հարաբերություններում մեծ ամբիցիաների, գաղափարական կանխակալության եւ եսապաշտության համադրությունը, ամեն գնով մի բանի հասնելու ագրեսիվ մղումերը, միջազգային ընդհանուր համակեցության նորմերի հանդեպ անփույթ վերաբերմունքը, բացառապես ռազմական ուժի վրա հենվելը եւ կենսական ուղղություններում ոչ կոմպետենտությունը ԱՄՆ-ին որպես օրինակ են դարձրել, թե ինչպես պետք է քաղաքականություն չվարել աշխարհում:

Բարաք Օբամայի կարգախոսն է` վերականգնել ամերիկյան առաջատարությունը` հակառակ այն մեթոդների, որի վրա հենվել է հեռացող վարչակազմը: Պետք է ակնկալել ԱՄՆ վարքագծի «ոճական» փոփոխություն, որը Բուշի հետ համեմատությամբ մեծ ազդեցություն կգործի: Այսպես` Օբաման երկխոսության կոչ է անում` հենվելով միջազգային ինստիտուտների եւ բազմակողմանի մոտեցումների ամրապնդման անհրաժեշտության վրա: Ինքնին այս հռետորաբանությունը ձեւավորում է բարենպաստ քաղաքական միջավայր ապագա վարչակազմի շուրջ:

Բացի այդ, Բարաք Օբաման շատ մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում: Եվրոպան` հատկապես նրա արեւմտյան հատվածը, նրա մեջ է տեսնում տրանսատլանտյան մերձեցման հնարավորությունը` հենված արժեքների եւ ինտելեկտուալ ընդհանրության, եւ ոչ պարտադրանքի վրա:

Այս բոլորն, իհարկե, չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքականությունը մեկեն արմատապես կփոխվի, եւ վերջինս կհրաժարվի համաշխարհային գերակայության գաղափարից: Ամբողջությամբ իրատեսական չէ նաեւ նոր կուրսի հաջողությունը. հենվել միջազգային կառույցների վրա դրանց դեգրադացման պայմաններում` դժվար թե հաջողության հանգեցնի:

Մտածել, որ Սպիտակ տունը պատրաստ է սկսել գլոբալ կառավարման մասշտաբային բարեփոխումներ, դժվար է պատկերացնել: Չէ՞ որ այդ դեպքում ԱՄՆ-ն պետք է կիսի իր «լիազորությունները», իսկ դրան Վաշինգտոնը դժվար թե պատրաստ լինի այսօր կամ վաղը:

Ինչեւէ, շեշտադրումների փոփոխությունը եւ նոր քաղաքական օրակարգի հայտարարումը անպայմանորեն կազդեն համաշխարհային քաղաքական մթնոլորտի վրա: Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար: Մինչեւ վերջերս Մոսկվան կարծր դիրքորոշում ուներ միջազգային իրավունքի նորմերի հանդեպ եւ հանդես էր գալիս համաշխարհային խնդիրները լուծելու կոլեկտիվ գործողությունների օգտին: Այդպիսի մոտեցումը շատերին էր նյարդայնացնում, բայց այդ մոտեցումը դժվար էր վիճարկել, որովհետեւ Ռուսաստանը պաշտպանում էր շատ հստակ սկզբունքներ:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը կասկածի տակ դրեց Մոսկվայի այդ դիրքորոշումը: Փակագծերից դուրս թողնենք, թե ստեղծված իրավիճակում Կրեմլը ունե՞ր գործողությունների այլ տարբերակ, թե՞ ոչ: Սակայն, բոլոր դեպքերում, Մոսկվան պետք է հստակ ցուցադրի, որ ձեռնարկված գործողությունները եղել են պարտադրված բացառություն, եւ Ռուսաստանի ընդհանուր կուրսը կոլեկտիվ քաղաքականության վերաբերյալ մնացել է անփոփոխ: Այլապես տպավորություն կստեղծվի, որ Մոսկվան որդեգրել է Վաշինգտոնի քաղաքականությունը` «յուրաքանչյուրն անում է այնքան, որքան ուժերն է ներում» սկզբունքով, ճիշտ այն ժամանակ, երբ իրենք` ամերիկացիները, փորձում են հրաժարվել այդ քաղաքականությունից:

Ռուսաստանը պետք է լրջորեն ստանձնի միջազգային կազմակերպությունների բարեփոխումների առաջատարի դերը: Մոսկվային պետք են նոր նախաձեռնություններ գլոբալ համակարգի վերափոխման համար: Պետք է վերջ տալ ծիսական անեծքաբանությանը միաբեւեռ աշխարհի հասցեին, որովհետեւ դրանք գնալով ավելի անիմաստ ու անբովանդակ են դառնում: Այդ քննադատությանը պետք է փոխարինելու գան իրավիճակը փոխող հստակ գաղափարներ եւ մոտեցումներ:

Ռուսների համար որպես լավ օրինակ կարող են ծառայել Ֆրանսիան եւ Չինաստանը: Պաշտոնական Փարիզին ոչ մեկը չի կարող կասկածել ազգային շահերի դավաճանության մեջ: Բայց նրանք դա «փաթեթավորում» են խոշոր տարածաշրջանային եւ գլոբալ նախաձեռնությունների մեջ, որը հռչակված նպատակների այս կամ այն ընդհանուր խնդրի լուծումն է: Պեկինը գլոբալ նախագծերի մեջ առայժմ առաջատար դիրքեր չունի, սակայն նրա արտաքին քաղաքական գործողություններն ուղղված են` հասնելու համընդհանուր ներդաշնակության եւ ընդհանրական բարեկեցության, ինչը չի խանգարում Չինաստանին` ամրացնելու դիրքերը ամբողջ աշխարհում:

Այս ֆոնին ռուսական արտաքին քաղաքականության նպատակները եւ խնդիրները բացահայտող անկեղծությունը զարմանք է առաջացնում: Երբ Ռուսաստանը հայտարարում է, որ նախկին խորհրդային տարածքն իր «առանձնաշնորհյալ» հետաքրքրությունների տիրույթն է, կանխավ իր դեմ է լարում համաշխարհային հիմնական խաղացողներին, եւ այդ թեզն ուղղում է իր դեմ: «Առանձնաշնորհյալ» դիրքեր ունենալու համար Ռուսաստանը պետք է սովորի մեծ ներդրումներ անել ռեգիոնների եւ երկրների հասարակությունների վրա: Երկարատեւ այդ գործընթացն արագ արդյունք չի ենթադրում, բայց քաղաքական ազդեցության համար անհրաժեշտ հասարակական տրամադրություններն այդ դեպքում անխուսափելի են:

Ամեն պետություն ղեկավարվում է սեփական շահերով. սա միջազգային հարաբերությունների աքսիոման է: Սակայն դրանց հասնելու ճանապարհին յուրաքանչյուրը ձգտում է արտաքին միջավայրին նվազագույն առճակատում հասցնել: Հպարտ եւ անընդհատ կրկնվող ազգային շահի հրապարակային հռչակագրերը, որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն, կարող են շոյել բացառապես ներքին լսարանի լսելիները` ոչինչ չտալով երկրին արտաքին հենարանի տեսանկյունից: Ռուսաստանի որդեգրած ներկա քաղաքականությունը պետք է արմատապես վերափոխվի: Այդ փոփոխությունը ոչ միայն այդ երկրի քաղաքացիներին է անհրաժեշտ, այլեւ բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի հետ են կապել իրենց երկրների զարգացման հնարավորությունները: Նրա արդի վիճակը աշխարհի մոտ վատ դաստիարակված «լավ տղու» տպավորություն է թողնում

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter