HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիա-Իրան-Իսրայել-Հայաստան. կովկասյան հնգօրյա պատերազմի հետեւանքները

Վրաց-ռուսական հնգօրյա պատերազմն աներկբայորեն կունենա երկարատեւ եւ լրջագույն հետեւանքներ համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության համար:

Հարավային Կովկասում անկայուն իրավիճակին անհապաղ արձագանքողներից եղավ էներգետիկ ոլորտը, ավելի ճիշտ` նրա ենթակառուցվածքը: Վառելիք արդյունահանող եւ արտահանող պետությունների` հակամարտությանն արձագանքելու արագությունն ինքնին ստիպում է խոսել ոչ միայն առանձին նախագծերում մեծացող ռազմական գործոնի սաստկացման, այլ համաշխարհային էներգետիկ փոփոխվող քաղաքականության եւ հեռանկարների վերաբերյալ ընդհանրապես:

Միեւնույն ժամանակ, հազիվ թե արժե վրաց-ռուսական պատերազմի նպատակ դիտարկել էներգետիկ երթուղիների նկատմամբ վերահսկողությունը: Այս պատերազմով Ռուսաստանն աշխարհին ի ցույց դրեց իր իրական հավակնությունները Կովկասում եւ ազդեցությունը մերձկասպյան տարածաշրջանում:

Ռազմական հակամարտությունը մերձկասպյան տարածաշրջանի նավթագազային հոսքերի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր տեղեկատվական պատերազմի առիթ հանդիսացավ: Տարածաշրջանի երկրներն իրենց հերթին ստիպված եղան այս հակամարտությունից հետո վերատեսության ենթարկել եւ նոր մարտահրավերներին համապատասխանեցնել ռեգիոնալ քաղաքականությունը:

Թուրքական գործոն

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը մինչ վրաց-ռուսական հակամարտության սկսվելը կարող էին պայթեցնել քրդերը` այդպիսով իրենց վերաբերմունքն արտահայտելով հյուսիսային Իրաքում թուրքական բանակի իրագործած պատժիչ գործողությունների նկատմամբ: ԲԹՋ նավթամուղի փակումը Թուրքիային ամեն օր 300.000 դոլարի վնաս է հասցնում: 2006 թ. մայիս ամսին ԲԹՋ նավթամուղը գործարկելուց ի վեր` Թուրքիան տրանզիտային վճարումներից ստացել է 2.6 միլիարդ դոլար եկամուտ, որից զրկվել է անցնող տարվա օգոստոսին նավթամուղի պայթեցումից հետո: Տրանզիտային մուտքերի նույնիսկ կարճատեւ ընդհատումները մեծ հարված են հասցնում Թուրքիայի տնտեսությանը: 2003 թ. ամերիկյան ուժերի Իրաք ներխուժման հետեւանքով միջազգային պատժամիջոցները Անկարային պատճառեցին $80 միլիարդ դոլարի վնաս, որը նա ստանում էր Քիրքուկ-Ջեյհան նավթատարի տրանզիտային եկամուտներից: Նման իրադրության կրկնությունից խուսափելու համար Թուրքիան ակտիվորեն ընդգրկվեց Վրաստանում իրադրության կարգավորման գործընթացում: Վարչապետ Էրդողանը ժամանեց Մոսկվա եւ իր աջակցությունը հայտնեց Մոսկվային:
Անկարան դժվար կացության մեջ է. Արեւմուտքը ցույց տվեց, որ չի ձգտում հաշվի առնել վերջինիս շահերը: Իրաքը նվաճած ամերիկացիները այդ երկրի տարածքում պրակտիկորեն ստեղծեցին անկախ քրդական պետություն, որը ցայսօր քրդական անջատողականների համար ծառայում է որպես պլացդարմ: Մյուս կողմից` Եվրոպան չի ցանկանում Թուրքիային ԵՄ կազմում տեսնել: Այդու, Թուրքիան սկսեց փնտրել «կոորդինատների այլընտրանքային առանցք»` փորձելով կառուցել տարածաշրջանային անվտանգության սեփական համակարգ, որը կերաշխավորեր վառելիքի ուղիների անվտանգությունը: Ահա թե ինչու Թուրքիան աջակցեց Վրաստանում Ռուսաստանի գործողություններին, եւ ոչ միայն խոսքերով: Մինչեւ հակամարտության ավարտը ԱՄՆ ռազմական նավերը չկարողացան անցնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները: Սա ամենեւին չի նշանակում, որ Թուրքիան վայրկենապես կարող է հրաժարվել Արեւմուտքի հետ սերտ համագործակցությունից: Օրակարգում Թուրքիայի անդամակցությունն է ԵՄ-ին: Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից է: Բայց վրաց-ռուսական հակամարտությունից հետո Թուրքիան, ոչ առանց Մոսկվայի հավանության, դարձել է տարածաշրջանային ակտիվ դերակատար:

Իրանական գործոն

Վրաստանում ամերիկյան ծովային ռազմական ներկայության հաստատմանը զուգընթաց, ամերիկացիները Պարսից ծոցում ամիսներ ի վեր մեծացնում էին իրենց ռազմական ներուժը: Թեհրանը սա դիտարկում էր որպես ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու նախերգանք: Այսուհետ ակնհայտ է, որ Վրաստանի տարածքը ԲԹՋ-ի համար ոչ պակաս վտանգավորություն է ներկայացնում, քան Թուրքիան, իսկ նավթատարի աշխատանքի դադարեցումը կրկին հարցականի տակ է դրել նախագծի անվտանգության եւ շրջակա միջավայրի հուսալիության հարցը: Որպես այլընտրանք այս նախագծին կարող է ծառայել իրանական նավթի արտահանման համար կառուցվող Նեքա-Ջասքը, որին մասնակցելու պատրաստակամություն են վերջերս հայտնել Ռուսաստանն ու Ղազախստանը: Ադրբեջանը դեպի Արեւմուտք նավթի արտահանման համար սկսել է օգտագործել Իրանի տարածքը` որպես նոր տարանցիկ երկիր ադրբեջանական նավթի համար: Բացի այդ, Թեհրանը սկսել է ուժեղացնել քաղաքական ճնշումը Եվրոպայի վրա «քաղաքական աջակցություն գազի դիմաց» ֆորմատում: «Nabucco Gas Pipeline International» ընկերության ղեկավար Ռեյնխարդ Միտչեկը նշել է, որ «գազի սովը» ստիպում է եվրոպացիներին ավելի ուշադիր վերաբերվել Իրանի առաջարկներին:

Իսրայելական գործոն

Իսրայելի շահերը այս հակամարտության մեջ որքան մեծ, այնքան էլ հակասական են: Մի կողմից` իսրայելական զենքն է եւ վրացական բանակի ենթակառուցվածքը, մյուս կողմից` Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու խնդիրը: Իսրայելը նավթով հարուստ հարեւաններից ոչ մի բարել նավթ չի կարողանում ներկրել եւ ստիպված իր երկրի վառելիքի կարիքների 80 տոկոսը (օրական 300.000 բարել) ներկրում է Ռուսաստանից: Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար Իսրայելը ջանք չի խնայում կասպյան եւ թուրքմենական գազը թուրքական Ջեյհան նավահանգստից իր երկիր ներկրելու համար: Իսրայելի, Թուրքիայի, Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ Թուրքիայում նոր նավթատարի ուղղություններ կառուցելու համար` այնտեղի նավթը եւ գազը Կարմիր ծովի Աշքելոն եւ Էյլաթ տերմինալներ հասցնելու նպատակով: Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հետաքրքրություն են հանդես բերել այս ծրագրի նկատմամբ, քանի որ դրա իրագործումը շատ իրական է եւ մեծ ծախսեր չի պահանջում, բայց առանց Կովկասում ԲԹՋ-ի անվտանգության ապահովման` ծրագիրն անիրագործելի է:

Հայաստանյան գործոն

Վաղուց արդեն, վերջին 8-9 տարիներին, Հայաստանը դադարել է տարածաշրջանային գործոն լինելուց: Այս ընթացքում Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես գործիք` սպասարկելու տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարող էր արմատապես փոխել Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում:

Վրաստանի համար Հայաստանն այսօր կարեւորվում է որպես իր տարածքում հայկական փոքրամասնության ինքնավարության ձգտումները զսպող գործիք: Վրաստանը հասկանում է, որ Մոսկվան պաշտոնական Երեւանի ձեռքով ամեն վայրկյան կարող է Ջավախքը դարձնել անկայունության օջախ` իր բոլոր հետեւանքներով: Այդ է պատճառը, որ պաշտոնական Թբիլիսին, չնայած Հայաստանի խիստ «հյուսիսային» կողմնորոշմանը, Երեւանի հետ պահպանում է հարաբերականորեն ջերմ հարաբերություններ:

Վրաստանի տարածքով անցնող էներգակիրների տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել: Արեւմտյան փորձագետները, ռուս-վրացական հակամարտությունից շատ առաջ եւ առավելապես հետո, քանիցս արտահայտվել են, որ Վրաստանը չպետք է լինի Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից էներգակիրների տարանցման միակ ուղին: Այսպիսի հեռանկարը խոստումնալից է, սակայն նման ծրագրի իրագործումն այսօր բացառապես կախված է Ղարաբաղյան հիմնահարցի եւ որպես հետեւանք` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: Այս հարցերի շուրջ որոշումներ կայացնելու մենաշնորհը պատկանում է Մոսկվային: Վրաց-ռուսական հակամարտությունից հետո Հայաստանին նոր դերակատարություն կարող է շնորհել միայն Կրեմլը: Ըստ փորձագետների` նման հեռանկար Հայաստանին առայժմ չի սպասվում:

Արման Բաբաջանյան, «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Էրեբունի» Քրեակատարողական հիմնարկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter