HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունում կանցկացվեն նոր ընտրություններ

Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 26 համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որի արդյունքում Արեւածագ, Դսեղ, Հաղպատ, Ախթալա, Ճոճկան, Քարկոպ համայնքները ունեցան նոր համայնքապետեր:

Համայնքապետի ընտրությունների թեժ պայքարը հոկտեմբերի 19-ին սուր հակամարտության է վերածվել Օձունի համայնքապետի թեկնածուներ, Հանրապետական կուսակցության անդամ Մելիք Այվազյանի (Ալաբաշ Մելոյ) եւ անկուսակցական Արսեն Տիտանյանի միջեւ: Տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող Տիտանյանները, որոնք Օձունում մեծ ազգ են, նույնպես պատկանում են իշխանական թեւին:

Մինչ օրս կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար Մելիք Այվազյանը մրցակցել էր ընդդիմադիր թեկնածուների հետ` մշտապես վայելելով իշխանությունների աջակցությունը, որի արդյունքում էլ ընտրություններին նրա կողմից թույլ տրված շատ բացահայտ կեղծիքներ ոչ միայն մնում էին անպատիժ, այլեւ խրախուսվում էին:

Սակայն այս անգամ, ինչպես ասում են, Մելիք Այվազյանի «խոփը քարին դեմ առավ»: Պարզվում է, որ ի սկզբանե նա հասկացել էր, որ առանց իշխանական վերին օղակների համաձայնության` հազիվ թե Տիտանյանները Օձունում համայնքապետի իրենց թեկնածուն առաջադրեին: Ավանդույթի համաձայն` Օձունի երեք տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն էին կազմում գյուղապետարանի աշխատողներն ու Մելիք Այվազյանի հարազատները: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներ էին Այվազյանի երկու եղբայրները` Սարգիս եւ Մաքսիմ Այվազյաններն ու իր տեղակալ Վահագ Դավթյանը:

Հոկտեմբերի 19-ին Օձունի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անօրինականությունը անցել է ռուբիկոնը: Այստեղ հանձնաժողովների երեք նախագահներն էլ լրատվամիջոցներին, մասնավորապես «Երեւան» ստուդիայի օպերատորներին 5-10 րոպեից ավելի թույլ չեն տվել նկարահանել տեղամասերում ընտրությունների ընթացքը` պատճառաբանելով, որ նման ցուցում են ստացել թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիսյանից:

Օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովներում վստահված անձերի կողմից թերեւս նշանակալից ընտրախախտումներ չեն արձանագրվել: Սակայն քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ 32/02 տեղամասային հանձնաժողովում նախագահ Սարգիս Այվազյանը (մականունը` Քոլի Սաքո) Արսեն Տիտանյանի վստահված անձանց արգելել է քվեաթերթիկները մոտիկից նայել: Նա քվեաթերթիկները հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ոչ թե թեկնածուների ազգանուններով, այլ քվեաթերթիկներում նրանց զբաղեցրած համարներով: Եվ քանի որ առաջին համարի թեկնածուն Մելիք Այվազյանն էր, երկրորդը` Արսեն Տիտանյանը, հանձնաժողովի նախագահը բացահայտ երկրորդ համարի քվեաթերթիկները հաղորդել էր առաջին եւ դրել եղբոր` Մելիք Այվազյանի քվեաթերթիկների կույտի վրա: Հանձնաժողովի առաջին հաշվարկի արդյունքով` տեղամասի 1501 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 875-ը, որից 384-ը քվեարկել են Մելիք Այվազյանի, իսկ 381-ը` Արսեն Տիտանյանի օգտին, 83 քվեաթերթիկներ հանձնաժողովի կողմից ճանաչվել են անվավեր, 27 քվաթերթիկ անհետացել է:

Այդուհանդերձ, Արսեն Տիտանյանի վստահված անձ Սամվել Տիտանյանը բողոքել է, որ համաձայն չէ հանձնաժողովի հաշվարկի հետ եւ պահանջել է վերահաշվարկ: Սակայն հանձնաժողովի նախագահ Սարգիս Այվազյանը վերահաշվարկել է միայն թեկնածուների քվեները, անվավեր 83 քվեաթերթիկները այդպես էլ չեն վերահաշվարկվել: Վերահաշվարկից հետո Մելիք Այվազյանը ստացել է 398, իսկ Արսեն Տիտանյանը` 382 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը մնացել է 83, իսկ անհետացած համարվել են 12-ը: Արսեն Տիտանյանի թիմակիցներն ըմբոստացել են, շրջափակել են տեղամասը եւ չեն թույլատրել ընտրությունների արդյունքները տեղափոխել թիվ 32 Ընտրատարածքային հանձնաժողով:

Լարված իրավիճակը մեղմելու համար կարճ ժամանակ անց Օձուն են ժամանել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ Լոռու մարզի ոստիկանապետ Անուբաղ Ղամբարյանը: Նրանք հանդարտեցրել են օձունցիներին, իսկ Ա. Տիտանյանի թիմակիցներին հորդորել են կատարվածի կապակցությամբ բողոք ներկայացնել թիվ 32 Ընտրատարածքային հանձնաժողով: Հոկտեմբերի 20-ին ժամը 14-ին թիվ 32 Ընտրատարածքային հանձնաժողովը Օձունի համայնքապետի ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է կատարել:

Ըստ Ալավերդու «Անկյուն+3 » հետուստաընկերության տեսանյութի` Տարածքային հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը եւ ԿԸՀ-ի անդամ Աբրամ Բախչագուլյանը: Ակնհայտ էր, որ ԿԸՀ-ի նախագահը տեղեկացված էր Օձունի ընտրական անցուդարձին: Նա վերահաշվարկի ընթացքում թիվ 32 Ընտրատարածքային հանձնաժողովին մեղադրել է կողմնապահության մեջ եւ հանձնաժողովի անդամներին հիշեցրել, որ պատասխան են տալու, թե ինչպես են քվեարկում:

«Ժողովուրդ, էնպես չանեք` նստեմ մեկ-մեկ նայեմ: Մայմունությունը թողեք, Բախչագուլյա\'ն, մենք երկուսով ենք նայելու, թող գնան դատարան, մեզ երկուսիցս բողոքեն: Ես պետք է գամ էստեղ, նայեմ, թե ոնց են հանցագործություն անում, հա»,- ասել է Գարեգին Ազարյանը:

Օձունի երկու` 32/01 եւ 32/03 տեղամասերում վերահաշվարկի ընթացքում նշանակալից խախտումներ չեն հայտնաբերվել: Խախտումները հայտնաբերվել են 32/02 Տեղամասային ընտրական հանձնաժողովի անվավեր քվեաթերթիկների փաթեթում: Պարզվել է` այստեղ 46 քվեաթերթիկներ մատիտով կատարված նշումների պատճառով հանձնաժողովի կողմից ապօրինաբար ճանաչվել են անվավեր: «Ամենահետաքրքիրն այն է, որ սա նույն թեկնածուին քվեարկած քվեաթերթիկների վրա է արված»,- ասել է ԿԸՀ-ի նախագահը: Դրանք Արսեն Տիտանյանի քվեաթերթիկներն են եղել:

Այդ պահին զավեշտական երկխոսություն է սկսվել Գարեգին Ազարյանի եւ 32/02 Տեղամասային հանձնաժողովի նախագահ Սարգիս Այվազյանի միջեւ: Վերջինս գլուխը ձգել է դեպի իր կողմից ապօրինաբար անվավեր ճանաչված օրինական քվեաթերթիկները եւ, իրեն միամիտի տեղ դնելով, ասել. «Սա պտիչկայա, հա՞, էդ երեսինը»: ԿԸՀ-ի վրդովված նախագահը հակադարձել է. «Պտիչկայա, հա, պտիչկայա, ուշադիր նայեք, դա կլինի պտիչկա»:

«Դուք պատասխան եք տալու»,- Սարգիս Այվազյանին խոստացել է ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը: Տեղամասային հանձնաժողովի կողմից անվավեր ճանաչված 46 քվեաթերթիկները Տարածքային հանձնաժողովի որոշմամբ գրանցվել են Արսեն Տիտանյանի, իսկ 3-ը` Մելիք Այվազյանի օգտին, 37 քվեաթերթիկներ մնացել են անվավեր: Եվ քանի որ ընտրությունների հաշվարկի վերջնական արդյունքում անճշտությունները գերազանցել են թեկնածուներին ընտրողների տված ձայների տարբերությանը, թիվ 32 Տարածքային հանձնաժողովը, գործող օրենքի համաձայն, որոշել է 21 օր հետո` նոյեմբերի 9-ին, Օձունում անցկացնել համայնքապետի վերաքվեարկություն: ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը լրագրողներին հայտնել է, որ հանձնարարելու է թիվ 32 Ընտրատարածքային հանձնաժողովին Օձունի 32/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից կատարված օրինախախտումները հանձնել դատախազությանը: «Նրանց կողմից այն չկատարելու դեպքում ես եմ այն ուղարկելու դատախազություն»,- խոստացել է Գարեգին Ազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter