
Տնտեսական ճգնաժամի հայաստանյան արձագանքները
Ինչքան էլ որ երկրի պաշտոնական այրերը պնդում են, թե տնտեսական ճգնաժամն իր դրոշմը չի թողնի Հայաստանի տնտեսության վրա, այնուամենայնիվ, Հայաստանի հարավային դարպասում` Սյունիքում, դա արդեն զգացվում է:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) տնօրինությունը, մեր ունեցած տեղեկություններով, մոտ 500 աշխատակցի նախազգուշացրել է, որ դեկտեմբերի 13-ից կրճատվելու են:
Ձեռնարկության համայնքի եւ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը հաստատել է ձեռնարկությունում սպասվող կրճատումները` նշելով, որ դա կապված է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման հետ:
Ռ. Տեր-Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե միջազգային շուկայում ինչքա՞ն պետք է լինի պղնձի գինը, որպեսզի ձեռնարկությունը աշխատի շահույթով, ու կրճատումներ չլինեն:
«Հավանաբար, պետք է ներկայիս գործող գնից բարձրանա 70%-ով»,- նշեց կոմբինատի աշխատակիցներից մեկը: Այնուամենայնիվ, սպասվող զանգվածային ազատումների մասին ձեռնարկությունը չի տեղեկացրել Զբաղվածության Կապանի տարածքային կենտրոնին: Ռ. Տեր-Մարտիրոսյանի փաստմամբ` 148 մարդ կրճատվելու է, մոտ 200-ից ավելի աշխատակցի հետ էլ աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվելու:
Սա, ըստ ձեռնարկության ներկայացուցչի, զանգվածային կրճատում չէ, այսինքն` ձեռնակությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ ունի 1526 աշխատակից, որի 10% ազատումն է զանգվածային համարվում:
«Չնայած` դա խնդիր չի, կդիմենք Զբաղվածության կենտրոն»,- նշեց Ռ. Տեր-Մարտիրոսյանը: Նա հավելեց, որ եթե իրականացվեն մեծածավալ հետախուզական աշխատանքներ, ապա նորից աշխատակիցները հետ կկանչվեն:
Գուցե որպես սփոփանք Ռ. Տեր-Մարտիրոսյանը նշեց, որ աշխատանքը կորցնելու են նաեւ տնօրինության որոշ անդամներ, ինչպես նաեւ` արտասահմանցիներ: Կապանում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն` կրճատումները նաեւ պատրվակ են, որպեսզի ձեռնարկությունը կրկին վաճառվի ուրիշի, այս անգամ` ռուսական ընկերություններին:
2002 թ. Կապանի լեռնահարստացման կոմբինատը մասնավորեցվեց` վաճառվելով շվեյցարական «Դենո» ընկերությանը: 3 տարի անց` 2005 թ., կոմբինատի սեփականատեր դարձավ «Վաթրին Ինվեստմենթ» ընկերությունը, որը գրանցված է օվշորային գոտում՝ Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզում:
2006 թ.-ից «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» 80 տոկոսի սեփականատերը կանադական «Dandee Precious Metals» ընկերությունն է: Տիկին Ռուբինան կտրականապես հերքեց, թե ձեռնարկությունն առաջիկայում վաճառվելու է ռուսներին: Ձեռնարկության սեփականատերը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ խոշոր ներդրումներ են սպասվում: «Իհարկե, այդ նեդրումները մասամբ տրամադրվել են, բայց էլի եմ կրկնում, մեզանից խոշոր ձեռնարկություններն էլ են հայտնվել միջազգային ճգնաժամի հորձանուտում, առավել եւս այն դեպքում, երբ մենք դեռեւս դոտացիոն ձեռնարկություն ենք, մեզ մենք չենք պահում»,- նշեց պաշտոնյա տիկինը:
Ստացվում է, որ ձեռնարկության պատասխանատուները ակամա ընդունում են, որ մոտ 350 մարդ մնալու է դրսում (148-ը կրճատվում է, 200-ի պայմանագիրը չի շարունակվելու), ու եթե ձեռնարկությունը դեռեւս դոտացիաներով է աշխատում, ինչու՞ պետք է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գներն ազդեն ձեռնարկության գործունեության վրա:
Փաստորեն, կապանցիները պետք է ձեռքները ծալած սպասեն, թե երբ է օտարերկրացին գալու տեղացիներին ազատի աշխատանքից, կոմբինատի դուռն էլ փակելով` գնա իր երկիրը, մինչեւ որ միջազգային շուկայում իրեն հարմար գների հասնեն թանկարժեք մետաղները: Ավելին, ըստ տեղացիների` արտասահմանից հրավիրված մասնագետները նրանցից բազմապատիկ անգամ ավելի են վարձատրվում: Ըստ կոմբինատի աշխատակիցների` տեղացիները ստանում են 120-150 հազար դրամ, իսկ օտարերկրացիները` մինչեւ ամսական 20 հազար դոլար: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ռ. Տեր-Մարտիրոսյանից: Վերջինս նախ բարկացած տոնով ասաց, որ արդեն լրագրողական գործ չենք անում, այլ կապանյան սովորական բամբասանք, հետո էլ թե` «սկի գլխավոր տնօրենը չի 20 հազար դոլար ստանում»:
«Գալիս են այստեղ` իբր թե աշխատելու: Երկու շաբաթը մեկ կոմբինատի հաշվին գործուղվում են իրենց երկրները, կոմբինատը իր վրա է վերցրել Կապանում վարձակալած բնակարանների վարձակալության գումարները: Լավ, մենք չենք ասում, պարզ չի՞, որ նրանք մեր հաշվին են ապրում, մեր հանքավայրերի հարստության ու մեզ էլ հլա վախեցնում են, թե կրճատելու ենք»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեցին կոմբինատի աշխատակիցները` չցանկանալով ներկայանալ: Մի հանգամանք էլ. մարդիկ բանկերից վարկեր են վերցրել, ապառիկ ձեւակերպումներ են արել ու կրճատվելով` ոչ միայն աշխատատեղ են կորցնում ու աշխատավարձից զրկվում, այլ, փաստորեն, չեն կարողանալու կատարել իրենց վարկային պարտավորությունները:
Կապանի այս ձեռնարկությունը եղել ու լինելու է քաղաքի տնտեսական զարկերակը, որի ճակատագիրը պետք է մտահոգի բոլորին` սեփականատերերից մինչեւ իշխանական այրեր: Հակառակ դեպքում, ակամայից կապանյան սոցիալական պայթյունի ականատեսն ենք լինելու: Խոսելով ապագայի ծրագրերից` Ռ. Տեր-Մարտիրոսյանն ասաց, որ ձեռնարկությունը ԵԱՀԿ-ի հետ նախաձեռնել է մի ծրագիր, որով աջակցելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրական ընկերություններին: «Փաստորեն, դրանով կմեղմվի սոցիալական վիճակը»,- կարծում է նա:
Մեր ունեցած տեղեկություններով` կրճատումներից զերծ չեն մնա նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները: Այստեղ վրացի ղեկավարը նույնպես հայտարարել է, որ արտադրական ծավալների կրճատում է սպասվում, ու այժմ ձեռնտու չէ կոմբինատի աշխատանքը:
Հ. Գ. Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի սեփականաշնորհումից հետո կանադական «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն կոմբինատում հաշմված թոշակառուներին ամենամսյա դրամական օգնություն էր հատկացնում Կապանի տարածքային սոցիալական ծառայության միջոցով: Հաշմանդամ-թոշակառուների զարմանքը մեծ էր, երբ Կապանի տարածքային սոցիալական ծառայությունից իմացան, որ այլեւս նրանց դրամական օգնություն չի տրվելու, քանի որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» չի փոխանցել գումարները: «Սոցիալական ծառայությունում մեզ բարեհամբույր սպասարկում են, մենք էլ զարմացանք, որ ուշացնում են վճարումները»,- ասում է հաշմանդամներից մեկը` Իլյա Բարսեղյանը: Վերջինս ու նրա բախտակիցները` թվով 20 հոգի, մոտ մեկ ամիս առաջ բողոքի ցույց էին կազմակերպել ընկերության դարպասների առաջ ու պահանջում էին վերականգնել «պատմական արդարությունը»: Թոշակառուներին հանդիպելով` ընկերության գլխավոր հաշվապահ Աիդա Պողոսյանը հավաստիացրեց, որ որպես օգնություն հատկացվող ամենամսյա գումարների տրամադրումը կշարունակվի եւ թոշակառուներին կտրվեն բաց թողնված ամիսների գումարները: Ըստ տիկին Պողոսյանի` դադարեցման միակ պատճառն այն է, որ ընկերությունը դժգոհ է սոցիալական ծառայության պահվածքից: «Չբացեմ փակագծերը, բայց մեր կողմից մշակվելու է նոր կարգ, գտնելու ենք նոր կառույց, որի միջոցով կբաշխվի գումարը»,- ասաց Ա. Պողոսյանը:
Լուսանկարում` Ռ. Տեր-Մարտիրոսյանը
Մեկնաբանել