HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Վերադասավորումներ Սիսիանում վարչական դատարանի վճռից հետո

ՀՀ Վարչական դատարանի վճռով անվավեր են ճանաչվել հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի քաղաքապետի ընտրությունները: Նույն թեկնածուների միջեւ նոյեմբերի 2-ին Սիսիանում նշանակվել է վերաքվեարկություն:

Ընտրություններում առավել ձայներ էին հավաքել Աղասի Հակոբջանյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ Տիգրան Պողոսյանը` ՀՅԴ-ից:

Որոշումը վարչական դատարանում վիճարկել է Տիգրան Պողոսյանը: Ըստ դատարանի` քվեարկությունը, տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրությունների արդյունքների ամփոփումը եւ ԸԸՀ-ում վերահաշվարկը կատարվել են ԸՕ-ի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, Սիսիանի 38/02 հանձնաժողովի նախագահը սահմանված նմուշի ծրարները ԸԸՀ է ներկայացրել ոչ թե ընտրական պարկում, այլ բաց վիճակում` փաստաթղթերի հետ: Թիվ 37 ԸԸՀ նախագահ Արմեն Ստեփանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչական դատարանի վճիռը օրենքի սահմաններում էր:

Նոյեմբերի 2-ին տեղի ունենալիք վերաքվեարկության ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմերը նույնն են մնալու: Իհարկե, փոփոխություն է արվելու այն հանձնաժողովներում, որոնց անդամները դիմում են ներկայացրել` իրենց պարտականություններից ազատելու մասին: Չի փոխվելու անգամ Սիսիանի 38/02 ՏԸՀ-ի նախագահը: Ըստ Արմեն Ստեփանյանի` նրա հետ առանձին աշխատանք է տարվել, բացատրվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի անհրաժեշտ հոդվածները: Հիշեցնենք, որ վարչական դատարանի եզրահանգմամբ` միայն այստեղ անճշտությունների չափը 1292 է: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սիսիանի 38/02 ՏԸՀ նախագահի ու ԸԸՀ-ի դեմ, Արմեն Ստեփանյանը ասաց, որ դատական նիստի ժամանակ իրեն նման տեղեկություններ հասել են: ««Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ինչ-որ նկարած փաստեր ունի եւ ցուցադրել է, ու Գլխավոր դատախազությունը դիմել է Սյունիքի մարզային դատախազությանը: Սակայն կոնկրետ չնշվեց, թե որ տեղամասում եւ ինչ խախտումներ են»,- ասաց Արմեն Ստեփանյանը:

Թիվ 37 ԸԸՀ-ի նախագահը հավաստիացրեց, որ այս անգամ հանձնաժողովը կլինի առավել ուշադիր ու կաշխատի ամենայն պատասխանատվությամբ` բացառելով ԸՕ-ի հոդվածների խախտումները: Նշենք, որ Սիսիանի քաղաքապետի 6 թեկնածուներից ՕԵԿ անդամ Վազգեն Բաբայանը ստացել է 210, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Ռազմիկ Դանիելյանը` 290, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանը` 1512, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը` 2004, ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը` 1942, գործող քաղաքապետ անկուսակցական Լավրենտ Սարգսյանը` 1577:

Սակայն, մինչեւ նոյեմբերի 2-ը շատ բան է փոխվելու, ու արդեն նախադեպը կա: Մեր ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Սիսիանում կայացած ՀՀԿ տարածքային կազմակերպության նիստում որոշվել է, որ ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի ներկայացուցիչ Աղասի Հակոբջանյանին: Մինչ օրս վերջինիս աջակցում էր միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, իսկ ՀՀԿ-ի ներկայացուցչին, բնականաբար, մարզպետը:

Ուժերի նման վերադասավորումից վերջնական եզրահանգման է եկել գործող քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը` նույնպես միանալով Աղասի Հակոբջանյանին: Աղասի Հակոբջանյանն ու Լավրենտ Սարգսյանը ՏԻՄ բոլոր ընտրություններում մրցակիցներ են եղել: ՕԵԿ ներկայացուցիչ Վազգեն Բաբայանն էլ սպասում է հարազատ կուսակցության որոշմանը, բայց, ըստ թեկնածուի, ԲՀԿ-ին միանալու հավանականությունը մեծ է:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռազմիկ Դանիելյանը պայքարելու է մինչեւ վերջ ու նրան չի հետաքրքրում, թե ով ում միացավ, մանավանդ այն դեպքում, երբ բոլոր 6 թեկնածուների անուններն էլ լինելու են քվեաթերթիկում: ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Պողոսյանը չի ընկճվել նման միասնությունից ու վստահ է իր հաղթանակում: Ի դեպ, հոկտեմբերի 12-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում կոալիցիոն երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու վարչական ամբողջ ապարատը մարզպետի գլխավորությամբ պաշտպանում էր գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանին: Սակայն վերջինիս ձայների մեծ առավելությամբ հաղթեց ՀՅԴ անդամ, «Վայբլ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Աթայանը: Բայց կա մի հանգամանք, որն, անշուշտ, ունեցել է իր դերը` ՀՅԴ թեկնածուին Կապանում հրապարակավ աջակցեց ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter