Մոսկովյան հռչակագրի լույսն ու ստվերը
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ պատմության մեջ կմտնեն նրանով, որ 1994 թ. հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո երկու երկրների նախագահները առաջին անգամ ստորագրում են հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ։
Հռչակագրի ֆորմատով այս փաստաթղթի առանձնահատկությունն այն է, սակայն, որ այն ստորագրվեց ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, այլեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ հռչակագրի ստորագրումը բացառապես Մոսկվայի ճնշման արդյունք էր, որի միակ նպատակը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նկատմամբ Ռուսաստանի տիրապետող, թելադրող դիրքն ամրագրելն էր։ Այսպիսով, Ռուսաստանը վերահաստատեց Ղարաբաղյան հակամարտության գործոնի միջոցով Հարավային Կովկասում լիարժեք մասնակցություն ունենալու իր վճռականությունը։ Հիշեցնենք, որ մինչ այս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների նախագահների նախաձեռնությամբ թե՛ Ֆրանսիայում, եւ թե՛ ԱՄՆ-ում կազմակերպվել են նման հանդիպումներ։ Սակայն ո՛չ Փարիզի, եւ ո՛չ էլ Քի Ուեսթի բանակցություններից հետո որեւէ փաստաթուղթ բանակցող կողմերը չէին ստորագրել։
Որ այս փաստաթղթի ստորագրումը առաջին հերթին եւ հիմնականում անհրաժեշտ էր հենց Մոսկվային, ցույց է տալիս նաեւ հինգ կետից բաղկացած հռչակագրի բուն բովանդակությունը, որը որեւէ նոր իրողության, բանակցային գործընթացում ինչ-որ առաջընթաց ներկայացնելու փոխարեն ընդամենը իրերի ներկայիս դրության ֆիքսումն էր, եւ բացի մեկ կետից, մեծ հաշվով, էական ոչինչ չի ավելացնում հակամարտության կարգավորման գործընթացին։ Այսպիսի բովանդակությունը նաեւ ցույց է տալիս, որ մերձմոսկովյան Մայնդորֆ պալատում կայացած երկարատեւ բանակցություններն, ըստ էության, անցել են անարդյունավետ։
Սակայն, անկախ դրանից՝ թեկուզ զուտ իրերի դրությունը ֆիքսելու դեպքում հռչակագիրը նաեւ ձեւակերպումների, արտահայտությունների, մոտեցումների յուրահատուկ սինթեզ է, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ իրավիճակ է ընդհանրապես բանակցային գործընթացում, եւ ինչպիսինն են թեկուզ ոչ այնքան շոշափելի միտումները։ Իսկ այս տեսակետից հռչակագիրն իր մեջ կրում է հայկական կողմի համար թե՛ դրական, եւ թե՛ բացասական տարրեր։
Դրական կողմերը
1. Փաստաթուղթը չի ամրագրում տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը միջազգային մյուս նորմերի նկատմամբ, ինչի միտումներն ակնհայտ էին հակամարտության կարգավորման խնդրում ուղղակի կամ անուղղակի ներգրավված թե՛ ամերիկյան, եւ թե՛ վերջին շրջանում ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ելույթներում, խոսքերում։ Հռչակագրի առաջին կետում նշվում է, որ նախագահները «հայտարարում են, որ նպաստելու են Հարավային Կովկասում իրադրության առողջացմանը եւ ապահովելու են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի եւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման միջոցով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը»։
2. Հռչակագրի առանցքային հատվածը, ըստ էության, երկրորդ կետն է, որն ամրագրում է. «Նախագահները «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջաքները՝ հաշվի առնելով 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կողմերի հետ ունեցած հանդիպումները եւ դրան հաջորդած բանավեճերը՝ ուղղված քաղաքական կարգավորման հիմնարար սկզբունքների հետագա մշակմանը»։
Մինսկի խմբի դերակատարությունը շեշտվում է նաեւ չորրորդ կետում, որտեղ նշվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվում են շարունակել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը եւ իրենց արտգործնախարարներին հանձնարարում են ակտիվացնել քայլերը բանակցային գործընթացում՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցելով»։
Այսինքն` այս հռչակագրով վերահաստատվում է հակամարտությունը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու սկզբունքը, եւ միջնորդների ֆորմատը փոփոխելու բոլոր նախաձեռնությունները, փորձերը որեւէ արդյունք չեն կարող ունենալ։
Բացի դրանից, Ադրբեջանը հաստատում է, որ չի շեղվելու մադրիդյան սկզբունքներից, ինչի փորձերը միշտ էլ եղել են այն դեպքում, երբ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ իր համաձայնությունը տվել է հենց մադրիդյան սկզբունքների շրջանակներում շարունակել բանակցությունները։ Այլ հարց է, որ այդքան էլ հստակ չէ եւ Մայնդորֆյան հռչակագրից էլ բացարձակ չի երեւում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ մադրիդյան սկզբունքները։ Այնուամենայնիվ, ինչ-որ պլատֆորմի վրա բանակցությունները շարունակելու առումով, փաստորեն, երկու նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնում։
3. Ամրագրվում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը։ Հռչակագրի երրորդ կետն ասում է. «Նախագահները «համաձայնում են, որ խաղաղ կարգավորմանը հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ էտապների՝ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների ապահովմամբ»։
4. Բանակցող նախագահները նաեւ կարեւորել են «կարգավորման համատեքստում փոխվստահության ամրապնդմանն» ուղղված պայմանների ստեղծման նպատակով միջոցների ձեռնարկման հնարավորությունների ընդլայնումը։ Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում պետք է որ վերանայվի հակահայկական քարոզչություն տանելու քաղաքականությունը։ Սակայն պետք է նկատել, որ հռչակագրի այս՝ հինգերորդ կետը պարզ դեկլարատիվ բնույթ ունի, որովհետեւ ոչ միայն այդ միջոցների ձեռնարկման նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիր չի դրվում, այլեւ երկրների հայեցողությանն է թողնվում խնդրի լուծումը։
Բացասական կողմերը
1. Ամենակարեւոր բացասական կողմն այն է, որ, փաստորեն, խոսվում է միայն հակամարտության կարգավորման քաղաքական բաղադրիչի մասին։ «Քաղաքական կարգավորում» արտահայտությանը հռչակագրում կարելի է հանդիպել չորս անգամ, որոնցից երեքը՝ բուն կետերում։
Այսինքն` հակամարտության իրավական, պատմական կողմը, որտեղ են հատկապես եղել հայկական կողմի հիմնական փաստարկումները, այլեւս անտեսվում են։ Դրանից բխում է շատ ավելի վտանգավոր մի իրողություն. ԼՂ-ի՝ Ադրբեջանից առանձնանալու եւ անկախ պետություն դառնալու հանրաքվեն, որպես իրավական հզոր գործիք, փաստարկ, կորցնում է իր ուժը։
Հասկանալի է, թե դա ինչի համար է արվում. ըստ էության, միայն նախկին հանրաքվեի արդյունքները «ջրելով» կարելի է խոսել ապագա, առայժմ, մեղմ ասած, շատ անորոշ ինչ-որ հանրաքվեի կամ պլեբեսցիտի մասին։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ իրավական կազուս։ Եվ ահա Մոսկվայում, ըստ էության, այս թնջուկը լուծելու նախադրյալներն են դրվում։ Ի դեպ, սա միակ շոշափելի արդյունքն է, որ արտահայտված է փաստաթղթում, եւ որը կարող է էապես անդրադառնալ կարգավորման սկզբունքների մշակման վրա։
2. Հռչակագրի երկրորդ կետն ունի մի շատ նուրբ շեշտադրում։ Այն խոսում է կարգավորման ասպեկտների եւ էտապների մասին, սակայն ոչինչ չկա այն մասին, թե արդյո՞ք այդ «ասպեկտները եւ էտապները» որոշվելու են բանակցային գործընթացում բոլոր սկզբունքները եւ դետալները համաձայնեցնելու միջոցով, այսինքն` փաթեթային եղանակով, թե՞ աստիճանաբար, հընթացս, այսինքն՝ փուլային։ Չնայած այս հարցում հստակ անորոշությանը, այն սկզբունքային նշանակություն ունի, որը, սակայն, երեք նախագահները հմտորեն շրջանցել են։
3. Փաստաթղթում ոչ մի խոսք, ակնարկ անգամ չկա այն մասին, թե ովքեր են հակամարտության կողմերը։ Ավելին, Լեռնային Ղարաբաղը` իբրեւ կողմ, հակամարտության սուբյեկտ, ընդհանրապես անտեսված է։ Այս հանգամանքը Հայաստանը ոչ թե բանակցող, այլ հակամարտող կողմի է վերածում` դրա բոլոր բացասական հետեւանքներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել