«Բարի» հետք...
Ի պատասխան Լարիսա Փարեմուզյանի` 21 հոկտեմբերի 2008 թ. ավագանու ընտրությունների վերաբերյալ հոդվածի` ցանկանում եմ հրապարակել մի քանի նկատառումներ:
Հոդվածագիրը գրում է «... Ճուղուրյանները քվեները սկուտեղի վրա հանձնել են իշխանական թեկնածուին»: Պատասխանում եմ, որ Սանահին կայարանի 40/8 տեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը եղել եմ ես, քաղաքապետի ընտրության ժամանակ իշխանության թեկնածու Էդուարդ Հովսեփի Շարմազանովը ստացել էր 237 քվե, իսկ մյուս թեկնածու Արթուր Լևոնի Նալբանդյանը ստացել էր 389 քվե:
Նախագահական ընտրությունների ժամանակ Սանահին կայարանի թիվ 31/40 տեղամասում «իշխանական» թեկնածուն ստացել էր 448 քվե, իսկ «ոչ իշխանական» թեկնածուն` 353 քվե, ընդամենը 95 քվեի տարբերությամբ: Եվ դա այն դեպքում, որ Սանահին կայարանի թաղամասում կա 13 պետական կառույց` իր տեղացի ընտրողներով:
Վերջապես, խորհրդարանական ընտրություններին Լարիսա Փարեմուզյանը 31/40 ընտրատեղամասում ստացել էր 297 քվե այն դեպքում, երբ Սանահին կայարանի ընտրողը Լարիսային հանդիպում է միայն համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
Մարդ, ով իր ողջ կյանքում ոչինչ չունի արած սանահինցիների համար, չհաշված այն, որ Ալավերդու քաղաքապետի պաշտոնակատար եղած ժամանակ 4 քվեի ակնկալիքի դիմաց Սանահինի հասարակական զուգարանը հատկացրեց մեկ անհատի, որ նա այդտեղ ավտոտնակ կառուցի` դրանով փակելով կամրջի տեսադաշտը:
Իսկ ես, 32 տարուց ավելի զբաղեցնելով Սանահինի լոկոմոտիվային դեպոյի պետի պաշտոնը` ամեն օր շփվել եմ և հիմա էլ շփվում եմ սանահինցու հետ, կիսում նրա թե’ ուրախությունը, թե’ դժբախտությունը, մասնակից եմ նրա ամենօրյա հոգսերի լուծմանը: Այսքանից հետո ինչ մի զարմանալի բան է, որ ավագանու ընտրություններում իմ որդին, որը պակասություն չունի հարազատների, բարեկամների ու ընկերների հարգանքի, ստանա սանահինցիների 456 քվեները, որը Լարիսա Փարեմուզյանի վերջին ընտրություններում հավաքած քվեներից ընդամենը 150-ով է ավելի:
Լարիսա Փարեմուզյանին չի հաջողվի Ճուղուրյաններին ներկայացնել որպես ծառայամիտ, քանի որ նա շփոթում է պետականամետությունը իշխանամետության հետ: Ճուղուրյանները պետականամետ մտածողության կրողներ են:
Հոդվածագիրը գրում է. «... որպես փոխհատուցում, ամիսներ առաջ հոր կենսաթոշակի անցնելուց հետո Հակոբ Ճուղուրյանը ստացավ դեպոյի պետի պաշտոնը»: Հավանական է, որ նա տեղյակ չէ երկաթուղում կատարվող փոփոխությունների մասին, այլապես կիմանար, որ Հակոբ Ճուղուրյանին դեպոյի պետ նշանակել են երկաթուղու նոր ղեկավարները, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների հետ: Նշանակել են` հաշվի առնելով Հ. Ճուղուրյանի կրթական և մասնագիտական տվյալները: Հակոբ Ճուղուրյանը 1995 թվականից աշխատում է Սանահինի լոկոմոտիվային դեպոյում:Աշխատել է որպես վարպետ, ինժեներ, փոխտնօրեն: Ավարտել է Ռոստովի հաղորդակցման ճանապահների պետական համալսարանը: Այժմ էլ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում:
Հարգելի Լ. Փարեմուզյան, խորհուրդս քեզ`քաղաքականությունը մարդկանց վարկաբեկման համար չէ, հեռացի’ր նման քաղաքականությունից, զբաղվի’ր քո մասնագիտությամբ` մանկավարժությամբ: Քո հետքը թող այս կյանքում:
Ռոբերտ Ճուղուրյան
Զետեղելով այս նամակը` «Հետքի» խմբագրությունը միաժամանակ հարկ է համարում պատասխանել Ռոբերտ Ճուղուրյանի արձագանքին, քանի որ մեր թերթի Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանն իր հրապարակած փաստերում երբեք չի սխալվում: Լարիսա Փարեմուզյանն անդրադառնում է Ռոբերտ Ճուղուրյանի արձագանքին:
Ցավում եմ, որ պրն Ճուղուրյանը ծանր է տարել ճշմարտությունը եւ իր պատասխանում մեղանչել է նրա դեմ: Սակայն երեւի նրա կողմից բերված, մեղմ ասած, ոչ ազնիվ փաստերը ընթերցողին մեկնաբանենք հերթով:
Նախ` նշենք, որ Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ վերջին տարիներին մշտապես լինում է պրն Ճուղուրյանը, եւ այն, ոչ պատահականորեն, նրա համար եւս դարձել է հաստիքավորված պաշտոն: Այդ տարիներին նրա որդին` Ալավերդու ավագանու անդամ Հակոբ Ճուղուրյանը, հանձնաժողովում հենց հոր կողմից ապահովված քվեներով էլ (մյուս տեղամասերում նրա օգտին տրված ձայները չնչին էին) դառնում է ավագանու անդամ: Բանից պարզվում է` «հանձնաժողովի նախագահ հայրը քանի կա, Հակոբը հա ավագանու անդամ է լինելու»: Ավագանու անդամ Հակոբ Ճուղուրյանի գործունեությանը կանդրադառնանք այլ հրապարակմամբ:
Պարոն Ճուղուրյանը նշում է, որ Սանահին կայարանի թիվ 40/8 տեղամասում քաղաքապետի ընտրության ժամանակ իշխանության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ստացել է 237, իսկ մյուս թեկնածու Արթուր Նալբանդյանը` 389 քվե: Ի՞նչ է, Արթուր Նալբանդյանը իշխանության թեկնածուն չի եղե՞լ, պրն Ճուղուրյան: Ընթերցողին հիշեցնենք, որ պրն Ճուղուրյանը նկատի ունի 2005 թ. մայիսին կայացած Ալավերդու համայնքապետի ընտրությունները, երբ համայնքապետի առաջադրված թեկնածու Էդուարդ Շարմազանովը ներկայացնում էր Հանրապետական կուսակցությունը եւ անմիջականորեն հովանավորվում էր ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի կողմից, իսկ Արթուր Նալբանդյանին, որն այսօր Ալավերդու համայնքապետն է, հովանավորում էր Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որն այն ժամանակ նաեւ Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարն էր: Իսկ այն, որ Հենրիկ Քոչինյանի հետ պրն Ճուղուրյանը շատ մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել, նա չի թաքցնում նաեւ այսօր: Ասենք, որ Անդրանիկ Մարգարյանը հետագայում չներեց իր կուսակցության մարզային կառույցի ղեկավարին կուսակցության որոշմանը ընդդիմանալը: Հավանաբար, երկրի ղեկավարների հետ երկդիմի գործելակերպի պատճառով էլ Հ. Քոչինյանը, իր համար շատ անակնկալ կերպով, ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից:
Ա. Նալբանդյանը արդեն վաղուց Հանրապետական կուսակցության Ալավերդու տարածքային կառույցի ղեկավարն է, որը 2008 թ. ապրիլի 6-ին Ալավերդու համայնքապետի ընտրություններում Ռ. Ճուղուրյանի ղեկավարած նույն տեղամասում ստացել է 463 քվե, գրեթե այնքան, որքան Հակոբ Ճուղուրյանը, իսկ ՀՅԴ անդամ, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դասախոս, համայնքապետի մյուս թեկնածու Ալբերտ Սարգսյանը ստացել է 58 քվե: Հավատացած եմ, որ եթե այդ ժամանակ ՀՀ Երկաթուղու վարչության պետ Խրիմյանի կողմից Ռ. Ճուղուրյանին հրահանգվեր, որ տեղամասում պետք է ձայների նույն քանակը տրվի Ալբերտ Սարգսյանին, «կարգապահ» Ռ. Ճուղուրյանի կողմից այն անվերապահորեն կապահովվեր: Ի դեպ, 2008 թ. փետրվարին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի` թիվ 31/40 ընտրատեղամասում ստացած 448 քվեները նույնպես տեղավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ճուղուրյանի հնարավորությունների շրջանակում, իսկ 350 ձայն հավաքած, այսպես կոչված «ոչ իշխանական թեկնածուն» «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է: Ռ. Ճուղուրյանի հնարավորությունների շրջանակներում են տեղավորվել նաեւ 2007 թ. մայիսին կայացած ԱԺ ընտրություններում, ըստ Ռոբերտ Ճուղուրյանի տրամաբանության, Սանահին կայարանից տուն «չգնացող», սակայն առ այսօր իր պատգամավորական գործունեությամբ Հայաստանի հանրությանն ու Ալավերդու բնակչությանը անհայտ Կարեն Սարիբեկյանի եւ Հանրապետական կուսակցության քվեները, որոնք պրն Ճուղուրյանը ոչ պատահականորեն իր պատասխանում շրջանցել է: Այ, եթե նա փոքր-ինչ ազնիվ լիներ, կխոստովաներ, թե նույն Խրիմյանի հետ 2007 թ. մայիսին կայացած ԱԺ ընտրությունների քարոզչության օրերին քանի անգամ են Սանահինի երկաթուղային դեպոյի աշխատողներին հավաքել դեպոյի դահլիճում եւ սպառնացել, որ Հանրապետական կուսակցությանը եւ Կարեն Սարիբեկյանին ձայն չտալու դեպքում Սանահինի երկաթուղային դեպոն փակվելու է, եւ այդ մարդիկ մնալու են անաշխատանք: Ասենք, որ ընտրությունների վերջնահաշվարկում իշխանությունը «պետականամետ» Ճուղուրյանների պարտքի տակ չի մնացել: Դրա վկայություններից է այն, որ եթե ամիսներ առաջ հայր Ճուղուրյանը Սանահինի երկաթուղային դեպոյի պետն էր, իսկ որդի Ճուղուրյանը` տեղակալը, ապա այսօր տեղերը ընդամենը փոխվել են` որդի Ճուղուրյանը Սանահինի երկաթուղային դեպոյի պետն է, իսկ կենսաթոշակի անցած հայր Ճուղուրյանը` որդու տեղակալը: Ընտրությունների արդյունքների շահարկումներով Ճուղուրյանների տնտեսական ձեռքբերումներին գերադասում եմ չանրադառնալ` այն թողնելով ավելի պատեհ առիթի: Ինչ վերաբերում է Ճուղուրյանի կողմից ինձ ուղղված այն մեղադրանքին, թե շուրջ 20 տարի առաջ իմ կողմից Ալավերդու քաղխորհրդի նախագահի պաշտոնակատարի դիրքի չաշաշահմամբ ավտոտնակի տեղ հատկացնելով` ընտրական 4 ձայն է կորզվել, նախ ասեմ, որ 1990 թ. Ժողովրդական դեպուտատների Ալավերդու քաղխորհրդի հանձնարարությամբ ստանձնելով քաղխորհրդի նախագահի ժ/պ-ի պարտականությունները` պաշտոնավարմանս հենց առաջին օրերին նկատելով ավտոտնակների հատկացմամբ Ալավերդու քաղաքաշինությանը սպառնացող վտանգները` իմ առաջարկությամբ եւ գործկոմի որոշմամբ պաշտոնավարմանս ժամանակահատվածում դադարեցվել է քաղաքում ավտոտնակների հատկացումը: Արխիվներում համառորեն կորոնեմ այդ որոշումը «Հետքի» ընթերցողներին ներկայացնելու համար, որոնց կարծիքը շատ կարեւոր է ինձ համար, ինչու չէ` նաեւ պրն Ճուղուրյանին ուղարկելու համար: Սակայն, դրան զուգահեռ, «Հետք»-ի ընթերցողներին կներկայացնենք հողային սուղ պայմաններում գտնվող Ալավերդու ավագանու վերջին 5 տարիների հողհատկացումների խայտառակ պատկերը, որի տակ ստորագրել է նաեւ ավագանու անդամ Հակոբ Ճուղուրյանը: Գուցե անհամեստորեն նաեւ հայտնեմ, որ բոլոր այն ընտրություններում, որ ես առաջադրվել եմ որպես իշխանություններին ընդդիմադիր թեկնածու, ես ընտրողների վստահության խնդիրներ չեմ ունեցել, 1991 թ.-ից առ այսօր քաղաքական համոզմունքներիս համար լինելով գործազուրկ` մշտապես հավաքել եմ մեծ թվով քվեներ, ահավասիկ նաեւ 2007 թ. ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն միայն Ալավերդիում իմ օգտին տրվել է 3800 քվե: Ասեմ, որ այդքան քվեով Ալավերդիում համայնքապետ են ընտրվում: Մեր դեպքում ընտրողների քվեները ստանալը ավտոտնակ տալով չէ, պրն Ճուղուրյան, մի\' շփոթեք:
Մեկնաբանել