HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. ով է լինելու ընդդիմության նոր առաջնորդը

Սեպտեմբերին սպառվեց իշխանության քննադատության մորատորիումը, որ հայտարարել էր Վրաստանի ընդդիմությունը օգոստոսյան ճգնաժամի օրերին։ Ընդդիմությունը նոյեմբերի 7-ին կազմակերպեց բողոքի ակցիա: Ընդդիմադիր գործիչները, որոնք բոյկոտել էին մայիսի 21-ին ընտրված խորհրդարանը, հայտարարում են, որ անցյալ տարվա պես մտադիր են դաշինք ստեղծել։

Թվում է, թե այսօր Վրաստանում ոչ մեկը չի հիշում «օրացույցի կարմիր օրվա» մասին ոտանավորը։ Նոյեմբերի 7-ը 2007-ի հանրահավաքը ցրելու օրն է։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Միացյալ ընդդիմության ազգային խորհուրդը, որը միավորում էր գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցություններին, մի շարք բազմահազարանոց ակցիաներ անցկացրեց: Գագաթնակետը ուժայինների կողմից խաղաղ հանրահավաքի ցրումն էր, երբ նաեւ ջարդուփշուր արվեց ու փակվեց «Իմեդի» ըննդիմադիր հեռուստակայանը։ 


«Վարդերի հեղափոխությունից» հետո ամենամեծ ճգնաժամը լուծելու համար նախագահ Սահակաշվիլին հունվարի 5-ին նշանակեց հանրաքվե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ (սա ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր) եւ նույն օրն էլ՝ վաղաժամկետ նախագահական ընտրություններ։ Բոլորիս հայտնի են նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ հանրաքվեն ցույց տվեց, որ ընտրողների մեծ մասը կողմնակից էր վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գաղափարին։

Ընտրությունները կայացան մայիսի 21-ին, բայց ընդդիմությունը, որ կարծես թե նոյեմբերի 7-ից հետո վայելում էր մեծ մասսայականություն, ոչ միայն չկարողացավ մեծամասնություն կազմել նոր խորհրդարանում, այլեւ ստացավ ընդամենը 14 մանդատ։ Բացի ընտրական օրենսդրության անկատարությունից, նման արդյունքի պատճառը Ազգային խորհրդում միասնության բացակայությունն էր, գործողությունների հետեւողական ու հստակ պլան չունենալը, առաջ քաշվող պահանջների արմատական եւ անիրական լինելը, որ վերջին հաշվով հանգեցրեց նրա ընտրազանգվածի հիասթափությանը եւ միասնականության կորստին։ Ընդդիմության ճամբարում տարաձայնություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ որոշում ընդունվեց խորհրդարանը բոյկոտելու եւ պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին. Միացյալ ընդդիմության խորհրդի ազդեցիկ անդամներից մի քանիսը չսատարեցին բոյկոտը եւ չհրաժարվեցին մանդատներից։1

Չնայած պարտությանը, հիմա ընդդիմությունը նորից է փորձում դաշինք ստեղծել։

Առջեւում լարված բանակցություններ են, որովհետեւ շատ հարցերում տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հայացքները չեն համընկնում։ Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերով` արդեն անհնար է կրկնել անցյալ տարվանը, քանի որ այսօրվա իրադրությունը պահանջում է միանգամայն նոր մարտավարություն։

Որոշ ընդդիմադիրներ հանդես են գալիս իշխանության հետ երկխոսության օգտին` միջազգային միջնորդների մասնակցությամբ, որի արդյունքը պիտի դառնան ԶԼՄ-ների անկախությունը, ընտրական օրենսդրության փոփոխությունը եւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2009 թվականին։ Այդ գաղափարի կողմնակիցն է Հանրապետական կուսակցությունը, որը համարում է, որ այդ նոր ընտրությունները կդառնան գալիք ժողովրդավարական բարեփոխումների առաջին քայլը։ Հանրապետականների կարծիքով` անհրաժեշտ է նաեւ հասնել փոփոխությունների Սահմանադրության մեջ, որոնք կստեղծեն նախագահի եւ կառավարության նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ։

Ընդդիմության մյուս մասը տրամադրված է շատ ավելի արմատականորեն։ Սեպտեմբերի 17-ին Պահպանողական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, նախագահի նախկին թեկնածու, 2008-ի հունվարյան ընտրություններում Սահակաշվիլիի հիմնական մրցակից Լեւան Գաչեչիլաձեն եւ մի քանի հասարակական կազմակերպություններ հրապարակեցին չորս կետից բաղկացած մի հուշագիր, որտեղ պահանջում են «վերացնել մասնավոր հեռուստակայաններին պարտադրված սահմանափակումները, փոխել Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը եւ ապահովել նրա լիակատար անկախությունը, անցկացնել օգոստոսյան իրադարձությունների ամբողջական հետաքննություն, փոխել ուժային նախարարներին եւ ընդունել նոր ընտրական օրենսդրություն, որը կերաշխավորի ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»։

Հուշագրում խոսվում է ճգնաժամի հաղթահարման հնարավորության մասին վաղաժամկետ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ նշանակելու ճանապարհով, բայց չի պահանջվում նախագահի անհապաղ հրաժարականը։ Այդուհանդերձ, ի տարբերություն հանրապետականների հայտարարությունների, այնտեղ խոսք չկա իշխանությունների հետ որեւէ երկխոսության մասին, ինչը փաստաթղթին տալիս է վերջնագրի տեսք։

Բայց ընդդիմության շրջանում կան նաեւ այնպիսիք, ովքեր չեն ստորագրել այդ հուշագիրը՝ համարելով այն ոչ բավարար արմատական։ Այսպես՝ «Հանուն միասնական Վրաստանի»2 շարժման գլխավոր քարտուղար Էկա Բեսելիան պահանջում է Սահակաշվիլիի անհապաղ հրաժարականը եւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում մինչեւ 2009 թվականի գարուն։ Նախագահ Սահակաշվիլիի հրաժարականն են պահանջում նաեւ «Նոր աջերը»3։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա այն չի կիսում արտախորհրդարանական ուժերի գաղափարները։ «Քանի դեռ Վրաստանի տարածքում գտնվում են ռուսական զորքեր, ցույցերը միայն կնպաստեն պուտինամեդվեդեւյան պլանի իրագործմանը»,- ի պատասխան իր նախկին կողմնակիցների կոչերի՝ մասնակցել նոյեմբերի 7-ի ակցիային, հայտարարեց Ազգային խորհրդի նախկին անդամ, պատգամավոր Գիա Թորթլաձեն։ Նրա Քրիստոնեա-ժողովրդավարական շարժումը պահանջում է օգոստոսյան պատերազմին հանգեցրած հանգամանքների խորհրդարանական հետաքննություն անցկացնել, բայց վճռականորեն մերժում է արմատականությունը։

Փորձագետները համակարծիք են՝ Ազգային խորհրդի ժառանգորդ ընդդիմության համար հեշտ չի լինի նորից նվաճել ժողովրդի վստահությունը։ Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ օգոստոսյան ճգնաժամից հետո բնակչության նախապատվությունները փոխվել են. այսօր մարդիկ ակնհայտորեն գերադասում են խաղաղ ձմեռը փողոցային երթերին եւ ապակայունությանը։ Բացի այդ, հիմա բողոքի նոր ալիք բարձրացնելու համար անհրաժեշտ է առաջնորդ, իսկ ընդդիմությունն առաջնորդ չունի։

Մի տարի առաջ քիչ էր մնում, որ այդ դերում հայտնվեր Վրաստանի պաշտպանության այն ժամանակվա նախարար, բնակչության շրջանում որոշակի մասսայականություն վայելող Իրակլի Օքրուաշվիլին: Նրա ձերբակալությունն ընդդիմության համար առիթ եղավ փողոց դուրս բերելու մեծ քանակությամբ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ էին իշխանությունների գործողություններից։ Դրանից կարճ ժամանակ անց Օքրուաշվիլին հայտնվեց Ֆրանսիայում, եւ դժվար թե մոտ ապագայում վերադառնա Վրաստան։ Այսօր առաջնորդի դերը փորձում է ստանձնել նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որը գրեթե մեկ տարի առաջ անաղմուկ հեռացավ իր պաշտոնից։ Բայց, ի տարբերություն Օքրուաշվիլու, Նողաիդելին երբեք ժողովրդականություն չի վայելել. բացարձակապես չտիրապետելով քաղաքական հռետորությանը՝ նա կառավարության ամենադժգույն եւ ոչ հանրային դեմքն էր։

Ընդդիմության նոր առաջնորդ է փորձում դառնալ նաեւ խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, որն իր բարձր պաշտոնը թողեց վերջին խորհրդարանական ընտրություններից բառացիորեն մեկ օր առաջ եւ այն պատճառով, որ խորհրդարանական ցուցակում նրա կողմնակիցների քվոտան կրճատվել էր։ Նա արդեն հայտարարել է քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։ (Հետաքրքրական մանրամասն. 2004 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ճիշտ նույն պատճառով նա բախում ունեցավ ապագա վարչապետի՝ այժմ հանգուցյալ Զուրաբ Ժվանիայի հետ։ Բայց այդ բախումը խաղաղ ավարտվեց, եւ շուտով Բուրջանաձեն զբաղեցրեց խորհրդարանի նախագահի տեղը):

Այսօր Նինո Բուրջանաձեն պարբերաբար հանդիպում է ընդդիմության առաջնորդների հետ, ովքեր նոյեմբերի 7-ից հետո պահանջում էին նրա հրաժարականը եւ հացադուլ անում նրա առանձնասենյակի ընդունարանում։ Ճիշտ է, նրա ռազմավարությունն առայժմ այնքան էլ պարզ չէ, զգուշավոր է եւ արմատական պահանջներ առաջ չի քաշում։ «Վաղաժամկետ ընտրությունների նկատմամբ իմ դիրքորոշումը կախված կլինի սուր հարցերի վերաբերյալ ցուցմունքների եւ պատասխանների ուսումնասիրությունից»,- հայտարարեց Բուրջանաձեն ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո՝ նկատի ունենալով զինված բախման պատճառների հետաքննություն անցկացնելու մասին իր նախաձեռնությունը։4

Այս անգամ իշխանությունները փորձում են ձեռնարկել կանխարգելող միջոցներ։ Հայտնվում են ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի խոստացած «ժողովրդավարացման նոր ալիքի» նշանները։ Նախագահը հայտարարում է, որ պատրաստ է պատասխանել օգոստոսյան իրադարձությունների հետ կապված հասարակության մեջ առաջած ցանկացած հարցի։ Սկսել է աշխատել այդ իրադարձությունների ուսումնասիրության համար ստեղծված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը, որն արդեն հարցաքննել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարին, հետախուզության պետին, Գլխավոր շտաբի ղեկավարին եւ Անվտանգության խորհրդի քարտուղարին։

Հանձնաժողովի նիստերը հեռարձակվում են Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Ավելին, Հանրային հեռուստատեսությունում վերսկսվել են քաղաքական բանավեճերը։ Օրերս ընդունվեց որոշում Հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքը բանավեճային ակումբի վերածելու մասին, որը մատչելի կլինի բոլոր քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին։ Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ եւ խորհրդարանի նոր նախագահի մասնակցությամբ ընդունվեց քաղաքական որոշում՝ «Մաեստրո» անկախ հեռուստաալիքին ընձեռել հասարակական-քաղաքական հաղորդումների իրավունք: Մինչ այդ Հաղորդակցությունների կարգավորման հանձնաժողովից նման իրավունք ստանալու համար «Մաեստրոն» մի քանի ամիս ապարդյուն պայքարում էր դատարանի միջոցով։

Չմոռանանք նաեւ սոցիալական ասպեկտը. ասում են, թե թոշակներն ավելանալու են։

--------------------------------------------------------------
1 Մասնավորապես՝ «Հանուն միասնական Վրաստանի» շարժման (նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլիի կուսակցության) երկու անդամներ՝ Գիյա Ցագարեիշվիլին եւ Գիյա Թորթլաձեն, եւ Քրիստոնեա-Ժողովրդավարական շարժման (որ գարնանային ընտրությունների նախօրեին ստեղծեց «Իմեդիի» նախկին հաղորդավար Գիյա Թորթլաձեն, եւ որի միջուկը բաղկացած էր նույն հեռուստաընկերության լրագրողներից)՝ խորհրդարան մտած բոլոր անդամները։
2 Տես նախորդ ծանոթագրությունը։ Ժամանակին Միասնական ընդդիմության կազմում էր։
3 Այս կուսակցությունը ոչ թե Միասնական ընդդիմության անդամ էր, այլ՝ դաշնակից։
4 Սեպտեմբերի 12-ին Ն. Բուրջանաձեն հայտարարեց, որ շատ կարեւոր է պարզել՝ արդյո՞ք հնարավոր էր կանխել պատերազմը, եւ թերթերում հրապարակեց իշխանություններին ուղղված 47 հարց օգոստոսյան իրադարձությունների վերաբերյալ։

Թբիլիսի
Հոդվածը պատրաստվել է հատուկ «Հետքի» համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter