ԼՂ հարցը ձեւում է նոր ներքաղաքական իրավիճակ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ պայմանավորված նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված մայենդորֆյան հռչակագրի հետ, դառնում են հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա ազդող լրջագույն գործոն։ Ավելին, այն կարող է քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցության փոփոխության հանգեցնել՝ լիովին վերափոխելով ողջ քաղաքական սպեկտրը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի արած վերջին հայտարարությունները, թե հնարավոր է մինչեւ տարեվերջ բանակցող կողմերի միջեւ ստորագրվի կարգավորման սկզբունքների շրջանակային համաձայնագիրը, ըստ էության, խուճապային տրամադրություններ է առաջացրել Հայաստանում։
Պատճառն այն է, որ ոչ ոք, ըստ էության, պատկերացում չունի, թե կոնկրետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, որքանով են դրանցում արտացոլված հայկական կողմի շահերն ու հետաքրքրությունները։ Իսկ այն հանգամանքը, որ անգամ նման հեռանկարի պայմաններում թե\' բանակցող կողմերի, թե\' միջնորդների կողմից համառորեն չեն հրապարակվում այդ սկզբունքները, ավելի է խորացնում անվստահությունը բուն բանակցային գործընթացի նկատմամբ։
Ակնհայտ է, որ, չնայած ըստ Բրայզայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները սկսել են հաղթահարել հիմնական մի քանի սկզբունքների շուրջ ունեցած հակասությունները, դրանք դեռեւս այնքան հաղթահարված չեն, որպեսզի կարգավորման ինչ-որ կոնկրետ արդյունքի մասին կարելի լիներ խոսել։ Հակառակ դեպքում Մեդվեդեւը ոչ մի դեպքում թույլ չէր տալու Սարգսյանին եւ Ալիեւին՝ առանց կոնկրետ համաձայնագիր ստորագրելու դուրս գալ Մայենդորֆի դղյակից։ Ըստ էության, գործընթացը գտնվում է մի իրավիճակում, երբ հիմնական խնդիրը ստեղծված իրավիճակի նկատմամբ հասարակական ընկալման որոշակի մակարդակի ապահովումն է, այլ կերպ ասած՝ հասարակություններին վարժեցնել նոր իրողություններին։ Սակայն մադրիդյան սկզբունքներից, բանակցությունների նյուանսներից գրեթե կատարյալ անտեղյակությունը ոչ մի կերպ չի նպաստում այդ խնդրի լուծմանը, ավելին` խորացնում է ներհասարակական անվստահությունը, փոխադարձ անհանդուրժողականության ճգնաժամը։ Եվ դա ամենաուղղակի կերպով իր արտացոլումն է գտնում նաեւ քաղաքական համակարգի վրա։
Երբ ուշադրություն ենք դարձնում մայենդորֆյան հռչակագրի նկատմամբ արտահայտված քաղաքական գնահատականներին, ակնհայտ է դառնում, որ առաջանում են երեք հիմնական հոսանքներ.
1. Շրջանակներ, որոնք բացարձակապես դեմ են հիմա որեւԷ կերպ ստատուս քվոյի փոփոխությանը, հայկական կողմից որեւէ զիջման եւ, ըստ էության, խիստ պահպանողական մոտեցումներ ունեն։ Պահպանողականների այս հատվածը ԼՂՀ-ն շրջապատող, Ադրբեջանի վարչական 7 շրջանները, որոնք ներկայումս բանակցությունների հիմնական խնդիրն են հանդիսանում, հայտարարում են ոչ թե ԼՂՀ-ի անկախությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար գրավված, այլ ազատագրված հայկական տարածքներ։ Եվ այս գաղափարախոսությունը դարձնելով ելակետ՝ դրանից ցանկացած շեղում՝ անկախ դրա աստիճանից, բնորոշվում է իբրեւ դավաճանություն։ Այս շրջանակները ամբողջացնում են հիմնականում նախկին ազատամարտիկները, նրանցից ձեւավորված կազմակերպությունները, որոշ մտավորականներ, որոնց լոկոմոտիվի դերն աստիճանաբար իր վրա է վերցնում նոր ստեղծված «Միացում» կազմակերպությունը։ Եթե նկատի առնենք, որ այդպիսի տրամադրություններ կան նաեւ զինված ուժերում, որտեղ դեռեւս մեծ է «կռված տղերքի» ազդեցությունը, ապա ենթադրելի է, որ այս շարժումն աստիճանաբար կհամալրվի եւ կվերածվի շատ էական քաղաքական գործոնի, որը կունենա կայուն հասարակական օժանդակություն։
Այս ուժերը, սակայն, չունենալով քաղաքական հոտառություն եւ փորձառություն` իրենց այս կեցվածքով մշտապես քաղաքականության մեջ գործիք դառնալու վտանգի ենթակա են եւ կարող են այլ ուժերի համար ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու միջոց դառնալ։ Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել Դաշնակցւթյանը, ով լինելով իշխանության մեջ, սակայն չկիսելով ԼՂ հարցում նախագահի վարած քաղաքականությունը, կուլիսային մակարդակով կարող է հրահրել այդ ուժերին մշտապես ուժեղ ճնշման տակ պահել նրան, իսկ ամենածայրահեղ դեպքում, արագ անցում կատարելով ընդդիմադիր դաշտ` այսպես կոչված պահպանողականների շրջանում հեգեմոն դիրք ձեռք բերել։
Այս համատեքստում չի կարելի բացառել նաեւ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ով արդեն հասցրել է հայ-թուրքական հարաբերություններում նկատվող փոփոխությունների առնչությամբ դժգոհել Սերժ Սարգսյանի ակտիվ ձեռնարկումներից։ Հենց նրա անվան հետ է կապվում նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ջանքերով «Սիվիլիտաս» վերլուծական կենտրոնի ստեղծումը, որը հավակնում է նույնիսկ վերածվել կուսակցության։ Եթե մի պահ ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի կիսում ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս սցենարի համար պատասխանատվությունը, ապա պետք է սպասել առաջիկայում նաեւ նրա ակտիվացմանը, որը տեղի կունենա հենց պահպանողականների ակտիվացմամբ։
2. Այն շրջանակներն են, որոնք ավելի քան կողմ են զիջումներին, քանի որ դրանով են պայմանավորում Հայաստանի հետագա տնտեսական զարգացումը, միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրացիան։ Խնդիրն այն է, սակայն, որ նրանք պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել նման վճռական եւ բախտորոշ քայլեր կատարելու համար եւ խուսափում են այս տեսակետից նույնիսկ ճնշումներ գործադրել իշխանությունների, բանակցային գործընթացում ներգրավվածների վրա։
Սակայն հրապարակայնորեն իրենց իրական նկրտումները չբարձրաձայնելով՝ նրանք որոշակի գործողություններով դրա համար ստեղծում են չափազանց նպաստավոր պայմաններ։ Առաջին եւ ամենակարեւոր գործողություններից մեկը, փաստորեն, նրանց անգործությունն է ներհասարակական քննարկումների մեջ ներգրավվելու առումով։
Ավելին, կոնկրետ հարցադրումների ժամանակ նրանք ավելի սկզբունքայնություն են դրսեւորում անհարկի զիջողականություն հանդես բերելու մեջ իշխանությանը քննադատելով, սակայն շեշտադրումը կատարում են ոչ թե ելնելով «ոչ մի թիզ հող» սկզբունքից, այլեւ անհամեմատելի համարելով զիջվող եւ ակնկալվող արդյունքները ոչ ի նպաստ հայկական կողմի։ Մինչդեռ այլընտրանքային ելքեր առաջարկելու առումով այս ուժերը չափազանց պասիվ են։
Այս շրջանակներն ամբողջացնում են ներկայումս գործող արմատական քաղաքական ընդդիմության հատկապես լիբերալ ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ։ Վերջինիս ղեկավարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը հանրահավաքային գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ Ղարաբաղյան բանակցությունների վերջին զարգացումների ֆոնին մյուս քաղաքական ուժերը սկսել են ընկալել իբրեւ իշխանության ձեռքերն արձակելու ակտ, որովհետեւ Կոնգրեսի կողմից սպասվող ճնշումների փաստացի դադարեցումը միայն նպաստավոր պայմաններ է ստեղծելու Սերժ Սարգսյանի համար՝ չունենալով ներքին լուրջ դիմադրություն, ավելի հեշտությամբ շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների շուրջ եւ նույնիսկ անհրաժեշտության դեպքում գնալ որոշակի զիջումների։ Դա եւս գործողություն է, որը նպաստում է այս հատվածների բուն նպատակների իրականացմանը։
Պետք է նշել, որ այս դիրքավորումը որոշակի ռիսկեր է պարունակում նաեւ ընդդիմության ներքին ամբողջականությունը, միասնականությունը խարխլելու առումով։ Դրա առաջին ազդանշաններն արդեն ակնհայտ են։ Մասնավորապես, «Միացում» շարժումը համակարգող Ժիրայր Սեֆիլյանը արդեն արտահայտել է իր անհամաձայնությունը Տեր-Պետրոսյանի ընդունած վերոնշյալ որոշման կապակցությամբ։ Չի կարելի բացառել, որ նույն ուղղությամբ բանակցային գործընթացի շարունակման դեպքում Կոնգրեսից ոչ միայն այս ուժերը, այլ նաեւ մի քանի մանր կազմակերպություններ եւ կուսակցություններ եւս դուրս գան, ինչի արդյունքում ընդդիմադիր դաշտում կընդգծվի երկու լիարժեք՝ պահպանողականների եւ լիբերալների դերակատարությունը։
3. Երրորդ հատվածը ներկայացնում են այն ուժերը, որոնք տարերայնորեն պաշտպանում են գործող իշխանության՝ ԼՂ հարցում վարվող քաղաքական կուրսը։ Դա բնավ պայմանավորված չէ նրանով, որ սրանք ավելի շատ են տեղեկացված բանակցություններից, դետալներից եւ համոզված են Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի անսխալականության մեջ։ Պարզապես նրանք անվերապահորեն հավատում են իրենց ղեկավարին՝ իշխանական լծակները չկորցնելու անհրաժեշտությունից ելնելով։
Այս ուժերը պատրաստ չեն որեւէ լուրջ վերլուծություն կատարելու, ավելի ճիշտ` դրանց մասին համարձակորեն, հրապարակային մակարդակով խոսելու։ Նրանց հիմնական մոտեցումն այն է, որ պաշտոնական Երեւանը ոչ թե պատրաստ է ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ ստորագրել, այլ փորձում է մանեւրել, ժամանակ ձգձգել, մինչեւ տարածաշրջանում գերտերությունների շահերն այն աստիճան կհակասեն իրար, որ որեւէ կոնսենսուսի հնարավոր չի լինի հասնել։ Հետեւաբար, ըստ այս հատվածի՝ Սերժ Սարգսյանը երբեք որեւէ փաստաթուղթ չի ստորագրի։ Մյուս կողմից` այդ ուժերը շատ լավ հասկանում են, որ այսպես մանեւրելու հնարավորությունները աստիճանաբար սահմանափակվում են, եւ հնարավոր է մի օր ընդհանրապես Հայաստանը հայտնվի պատին դեմ տրվածի կարգավիճակում։
Այս դիրքորոշումը կիսում է ՀՀԿ-ն եւ, որքան էլ տարօրինակ հնչի, արտախորհրդարանական մի քանի ուժեր, որոնք արդեն ձեւական ընդդիմության դեր կատարելու խնդիր չունենալով` բացահայտ կանգնում են նախագահի թիկունքին։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ներկայումս հայտնվել է քաղաքական դաշտում հինգերորդ էշելոնն առաջնորդողի դերում եւ հենց նրանց ուսերին նստած՝ ԼՂ հարցի հետ կապված աստիճանաբար մարգինալացվում է։ Այս կուրսը, որի հիմնական մոտիվացիան «մանեւրել, բայց ոչինչ չփոխել» սկզբունքն է, այն կրող ուժերին մղում է ինքնամեկուսացման, որն առաջին հայացքից երեւում է իբրեւ հավասարակշռության դրսեւորում։
Այս համատեքստում առանձին քննարկման նյութ են դառնում «Բարգավաճ Հայաստանի» եւ ՕԵԿ-ի գործոնները։ Երկուսն էլ ստեղծված լինելով որպես արհեստական կուսակցություններ` այս կամ այն կողմին միանշանակորեն պաշտպանելու խնդիր չունեն. նրանք կթեքվեն նժարի այն ուղղությամբ, որն այդ պահին ավելի ծանր է։ Նրանք իրենց դիրքորոշումը կհստակեցնեն հընթացս՝ ելնելով այն իրողությունից, թե որքանով են ամուր նախագահի դիրքերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել