HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանի կաթի գործարանը վաճառվել է առանց բաժնետերերի գիտության

2008 թ. փետրվարից ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի վարույթում է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերի հայցադիմումը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հետ 2 բաժնետերերի մասնակցությամբ կնքված առքուվաճառքի պայմանագիրը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կապանի նախկին կաթի գործարանը սեփականաշնորհվել եւ բաց բաժնետիրական ընկերություն է դարձել 15 բաժնետերերով: 1996 թ. հաստատվել է բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ընտրվել է խորհուրդը, որի նախագահը նախկին տնօրեն Արամայիս Լալազարյանն է: 

2007 թ. մայիսի 11-ին գործարանը` շենք-շինություններով, դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով վաճառվում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությանը` 106 մլն 650 հազար դրամով: Ի դեպ, ամբողջ մակերեսը կազմում է 1,7 հա, շենք-շինությունները` 5 հազար 736 քմ: Առքուվաճառքի մասին 15 բաժնետերերից 13-ը տեղյակ չեն լինում: Դատարանում է պարզվել, որ ընկերության բաժնետերերը 15-ն են, ոչ թե 2 հոգի` ամուսիններ Արամայիս ու Լարիսա Լալազարյանները:

«ԲԲԸ դառնալուց հետո գործարանը այլեւս չի աշխատել, խորհրդի նախագահն էլ Կապանում չի բնակվել: Ավելին, ոչ մեկը աշխատանքից չի ազատվել, վերջնահաշվարկ չեն արել»,- ասում են դատարան դիմած բաժնետերերը: Ըստ բողոքող բաժնետերերի՝ առքուվաճառքն իրականացվել է գործող օրենսդրության խախտումներով, այսինքն՝ պատկան մարմինները չեն պարզել անհրաժեշտ բոլոր հիմքերը:

«Ա. Լալազարյանը իր կողմից կնքված կեղծ տեղեկանք է ներկայացրել, որ կոչվում է «բաժնետերերի ռեգիստրից քաղվածք»: Եվ հետո, այդ հարցերը պիտի որոշվեն ԲԲԸ ընդհանուր ժողովում, ժողովը պետք է ունենա նախագահ, քարտուղար, հստակ կարգ գոյություն ունի, թե ինչ պետք է լինի բաժնետերերի ժողովի արձանագրությունում,- ասում են բաժնետերերն ու շարունակում,- օրակարգում ուրիշ բան է գրված, որոշման մեջ՝ ուրիշ: Այսպես՝ օրակարգում վաճառելու մասին հարցն է, իսկ որոշման մեջ` թե ում, ինչ գնով վաճառել»:

Գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունն ու Կապանի տարածքային նոտար Վիենա Հայրապետյանը: Հայցի դեմ առարկություն է ներկայացրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը` նշելով, որ գործարքը կնքելու ժամանակ ընկերությունը չգիտեր ու չէր էլ կարող իմանալ, որ գործարանն ունի 2-ից ավելի բաժնետերեր: «Ավելին՝ եթե այդպես լիներ, ապա «Կապան» նոտարական տարածքի նոտարը չէր վավերացնի առքուվաճառքի գործարքը»,- գրված է առարկության մեջ: Կապանի նոտար Վ. Հայրապետյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ գործը դատաքննության փուլում է, եւ ոչ մի կողմ իրավունք չունի առանց դատարանի վճռի եզրահանգումների գալ:

«Ամեն ինչ ժամանակին»,- նշեց տիկին Հայրապետյանը` հավելելով, որ դատարան ներկայացրած տեղեկանքում նշել է այն հիմքերը, որոնցով կատարվել է առքուվաճառքի պայմանագիրը: Ըստ այդ տեղեկանքի՝ «Առկա է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ ընդհանուր ժողովի քաղվածքը: Գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվել է 2 բաժնետերերի մասնակցությամբ` Լարիսա Լալազարյանի` 64%, Արամայիս Լալազարյանի` 36%: Համաձայն ԲԲԸ-ից տրված ռեեստրի քաղվածքի՝ ԲԲԸ-ում այլ բաժնետերեր չկային»,- ասված է նոտարի պարզաբանման մեջ: Որքան էլ զարմանալի է, պատասխանող կողմը` Ա. Լալազարյանը, դատական նիստերին մինչ օրս չի մասնակցել: Նա Հայաստանում չէ ու անընդհատ հեռագրերով խնդրում է հետաձգել դատական նիստերը: Սակայն նոյեմբերի 6-ին վերսկսված նիստում պատասխանողի շահերը դատարանում պաշտպանեց փաստաբան Յուրա Բալասանյանը: Վերջինս դատարանի դահլիճում հայտարարեց, որ 13 բաժնետերերը իրենց բաժնեմասերը վաճառել են Ա. Լալազարյանին ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց դատարանին:

Չգիտես ինչու, Յ. Բալասանյանը դատարանին տալիս էր պատճեները, ինչին հետեւեց դատավոր Անահիտ Թումանյանի հարցը` չեք վստահու՞մ դատարանին: Փաստաբանը անակնկալի եկավ հարցից ու ներկայացրեց բնօրինակները, ինչը, ըստ դատավորի, պահանջվում է օրենքով: Փաստորեն, ըստ Յ. Բալասանյանի, 64 % բաժնեմաս ունեցող Լարիսա Լալազարյանը առանց ամուսնու` Ա. Լալազարյանի ու մնացած բաժնետերերի, իրավունք ուներ կնքելու առքուվաճառքի գործարքը: Ա. Լալազարյանի ներկայացուցչի այս փաստարկը անակնկալի բերեց թե՛ բաժնետերերին, թե՛ նրանց շահերը պաշտպանող փաստաբանին: Վերջինս էլ խնդրեց տեւական ընդմիջում՝ փաստաթղթերին ծանոթանալու համար:

Դատավորը դատական հերթկան նիստը նշանակեց նոյեմբերի 17-ին, ժամը 15-ին:

Մեզ հետ ունեցած զրույցում բաժնետերերն ասացին, որ հերթական կեղծված փաստթաթղթերն են ներկայացվում դատարանին: Ամեն դեպքում, վերջին խոսքը դատարանինն է: Եթե բաժնետերերը դժգոհ մնան Հարավային քաղաքացիական դատարանի վճռից, դիմելու են ավելի բարձր ատյաններ: Իսկ մինչ այդ նրանք արդեն դիմել են ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter