HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթեւեկության անվտանգության հարցերը` առկախ

Եթե Գավառ-Սեւան ավտոճանապարհի կողնակների վնասված լինելու պատճառով որեւէ վարորդ ավտովթարի ենթարկվի եւ որոշի բողոքարկել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցերով իրավասու կառույցներին, ապա դժվար թե գտնի այն կառույցը, ում կարողանա հղել իր բողոքը:

Վարորդի դերն ակամա ստանձնելով եւ երկար փնտրտուքներից հետո, ի վերջո, հնարավոր եղավ պարզել, որ «ԱրմենՏել» ընկերությունը Սեւան-Գավառ-Մարտունի-Վարդենիս շուրջ 106 կմ ընդհանուր երկարության ավտոճանապարհի երկայնքով օգոստոս-հոկտեմբեր ամիսներին պատվիրել է շինարարական աշխատանքներ, որի արդյունքում ավտոճանապարհի կողնակները փորվել են 0,8 մ խորությամբ, եւ անցկացվել է ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխ:

Մալուխի տեղադրման շինարարական աշխատանքներն իրականացվել են միջպետական նշանակության Մ-10 եւ Մ-11 ավտոմոբիլային ճանապարհների վրա: Անցկացվել է 2700 մ ընդհանուր երկարությամբ մալուխ, ապա փորված կողնակները լցվել են, սակայն Գավառ-Սեւան ճանապարհահատվածում դրանք չեն բերվել իրենց նախկին վիճակին: Մի քանի շաբաթ է արդեն, որ շուրջ 30 կմ ընդհանուր երկարության ավտոճանապարհի վրա տրանuպորտային միջոցները երթեւեկելի մաuերի եզրերից կանգառի հնարավորություն չունեն, քանի որ կողնակները ոչ միայն հարթեցված չեն, այլեւ բավականաչափ հատվածներում առկա են մեծ քարերի կուտակումներ: Ճանապարհի եզրային հարթ հողային շերտի փոխարեն ավտոմեքենաներին սպասում են գրկաչափ քարերն ու կոշտ հողաշերտերը, որոնք մնացել են փորված փոսերի հետեւանքով: Հողային շերտ է մնացել նաեւ ասֆալտի վրա: Տեղ-տեղ անգամ փոսերը չեն լցվել կամ լցվել են մասամբ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է վարվի վարորդը, եթե այդ ճանապարհահատվածում ավտոմեքենայի անսարքության պատճառով ստիպված է լինելու կանգառ կատարել: Ի դեպ, ճանապարհը նեղ է, երկկողմանի, ռելիեֆի պատճառով շատ տեղերում տեսանելիություն չկա, ոլորանները բազմաթիվ են, ուստի ռիսկայնությունը բարձր է: Հատկապես օրվա երեկոյան ժամերին երթեւեկելն ավելի վտանգավոր է: Մինչդեռ ճանապարհի ներկա վիճակը մի քանի անգամ ավելացնում է վտանգավորության աստիճանը:

«ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները հաստատելու մասին» կառավարության համապատասխան որոշման համաձայն` «Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատաuխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են`
ա) ճանապարհը եւ դրա ինժեներական կառույցները պահպանել երթեւեկության համար անվտանգ վիճակում` ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մաuին oրենuդրության, uտանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջները,
բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթեւեկության անվտանգությանը uպառնացող խոչընդոտը»:

Մ-10 եւ Մ-11 ավտոմոբիլային ճանապարհները եւ դրանց հարող տարածքները համարվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ: Շինարարական աշխատանքներ իրականացնող «Վանի» ՍՊԸ-ի տնօրեն Ղազար Գրիգորյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները համաձայնեցված են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ինչպես նաեւ պետական կառավարման շահագրգիռ այլ մարմինների հետ: Նա նշեց, որ կողնակների նախնական հարթեցումն արվել է, սակայն ամբողջական հարթեցման աշխատանքներն իրականացվելու են ավելի ուշ, հավանաբար գարնանը: Դա պայմանավորված է անցկացված մալուխի նյութի հետ, եւ վտանգ կա, որ հարթեցման աշխատանքների ժամանակ ծանր տեխնիկան կարող է վնասել այն: Կողնակների հողաշերտն ավազից է, իսկ ավազի դիմադրությունը քիչ է, հետեւապես ավազը պետք է ծանրանա, ձեռք բերի իր բնական խտությունը, ապա նոր միայն հարթեցվի: Իսկ ինչ վերաբերում է մնացած կոշտ հողաշերտերին ու մեծ քարաբեկորներին, Ղ. Գրիգորյանը հավաստիացրեց, որ դրանք կվերացվեն հաշված օրերի ընթացքում:

Իսկ մինչ այդ վարորդներին մնում է ապավինել սեփական անվտանգության զգացողությանը, իսկ ավելի շատ` աստծուն, որպեսզի վերջինս ապահովի երթեւեկության անվտանգությունը եւ պահպանի հնարավոր վտանգներից ու փորձանքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter