Պարզունակ քարոզչական հնա՞րք, թե՞ քաղաքական երկխոսության նախաձեռնում
Ինչու՞ նախագահը ԼՂ հարցով քննարկում կազմակերպեց
Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնելու մտադրության մասին, իսկապես այն տպավորությունն էր ստեղծվել, թե նախագահն, իրոք, շահագրգռված է քաղաքական ուժերի մոտեցումների հետ հաշվի նստելու մեջ։ Սակայն բուն քննարկումներից հետո ակնհայտ դարձավ, որ այդ քայլը պարզունակ քարոզչական հնարք է ընդամենը։ Այդ իրողությունը պարզ են դառնում մի քանի փաստերի համադրման արդյունքում։
1. Նման քննարկումն առաջին հերթին ենթադրում էր որոշակի պարզաբանումներ նախագահի կողմից բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ։ Ընդ որում՝ այդ պարզաբանումները պետք է վերաբերեին ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնական կամ Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, այլեւ ընդհանրապես բանակցային գործընթացում քննարկվող առավել սուր հարցադրումներին, դրանց նկատմամբ, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության եւ Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխություններին։ Այլ կերպ ասած՝ սպասվում էր, որ դա մի յուրօրինակ ֆորմատ էր լինելու բանակցային գործընթացի փակագծերը ինչ-որ չափով բացելու եւ Մայենդորֆյան հռչակագրի ստորագրման հանգամանքների, նպատակների, հնարավոր հետեւանքների մասին շահագրգիռ քննարկում կազմակերպելու համար։ Մինչդեռ քննարկումից դուրս եկած որեւէ կուսակցության ղեկավար այդպես էլ չասաց, թե որեւէ նորություն է իմացել նախագահից, եւ առկա է թեկուզ դույզն-ինչ այլ իրադրություն, քան պատկերացնում էին իրենք։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ քննարկումներին մասնակցած ուժերի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն արտահայտում էին ոչ թե ունեցած տեղեկատվական քաղցը հագեցնելուց, այլ տարբեր կարճ ու երկար մեկնաբանություններով միայն մեկ միտք էին արտահայտում. հանգիստ մնացեք, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում «Ղարաբաղը ծախել»։ Իրավիճակի ողջ աբսուրդն այն էր, սակայն, որ այդ հանգստությունը նախագահը նրանց փոխանցել էր առանց որեւէ հիմնավորում, փաստարկ ներկայացնելու։ Հակառակ դեպքում նրանցից որեւէ մեկը, թեկուզ անուղղակիորեն, այդ փաստարկները կներկայացներ հանրությանը։ Փոխարենը բոլորը մի մարդու նման պնդում էին, թե նախագահը մի աննախադեպ քայլ կատարեց. նստեց ու այդքան լուրջ հարցը քննարկեց քաղաքական ուժերի հետ։ Իսկ դա, ոչ ավել ոչ պակաս, քաղաքական հասարակական երկխոսության արմատավորման նախադրյալ է։
2. Եվ այսպիսի կեցվածքը զարմանալի չէր, քանի որ բացառությամբ «Ժառանգություն» եւ կիսով չափ Մարքսիստական կուսակցությունների, մնացած բոլոր ուժերը այս կամ այն չափով պրոիշխանական էին, այսինքն՝ ի սկզբանե հակված պաշտպանելու նախագահի ցանկացած դիրքորոշում։ Ընդ որում՝ այդ ուժերից ոչ մեկը Ղարաբաղյան հարցի կապակցությամբ երբեք հանդես չի եկել այնպիսի առանձնահատուկ, սկզբունքային դիրքորոշմամբ, որը գաղափարական, ծրագրային մոտեցման իմաստով տարբերվում էր իշխանության որդեգրած քաղաքական կուրսից։ Նրանք բոլորն էլ 1998-2006թթ. ընթացքում պարտաճանաչ աշակերտների նման իրենց կուսակցական ծրագրերում այս կամ այն ձեւակերպումներով տեղայնացրին ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման, ԼՂ ժողովրդի անվտանգության կայուն երաշխիքների ապահովման եւ Հայաստանի ու ԼՂ-ի միջեւ ուղղակի ցամաքային կապի ապահովման այն հայտնի երեք չափազանց ընդհանրական սկզբունքները, որոնք մշակել եւ շրջանառության մեջ էր դրել Ռ. Քոչարյանի վարչակազմը։
Բնական է, որ նման պայմաններում անհեթեթություն կլիներ որեւէ լուրջ, սուր, սկզբունքային բանավեճ կամ քննարկում ակնկալել Սերժ Սարգսյանի նախաձեռնությունից։ Նույնքան բնական էր, որ ԼՂ հարցում հստակ, տարբերվող մոտեցում ունեցող «Ժառանգություն» կուսակցությունը պետք է չբավարարված մնար այս հանդիպումից։ Որովհետեւ այդպիսի բազմության մեջ ոչ միայն անհնար է ողջամտորեն տեղ հասցնել բոլոր մտահոգությունները, անհամաձայնությունները, այլեւ դրանց վերաբերյալ կոնկրետ բացատրություններ ստանալ։ Մինչդեռ «Ժառանգության» կեցվածքը, կանխատեսելով հանդերձ այս ամենը՝ մասնակցել քննարկումներին, շատ առողջ պետք է համարել։ Որովհետեւ անկախ ամեն ինչից՝ դա հնարավորություն էր կոնկրետ հարցեր դնելու նախագահի առջեւ եւ կոտրել իշխանության մոտ ձեւավորված այն մտայնությունը, թե բոլոր հիմնավորումները, անկախ նրանից՝ որքանով են դրանք տրամաբանական, հալած յուղի նման են ընկալվելու քաղաքական դաշտի եւ ողջ հասարակության համար։ Մինչդեռ այդ քննարկումից խուսափելը, որպես ակցիա, ինչպես Հայ ազգային կոնգրեսում ներգրավված ուժերի դեպքում, ոչինչ չէր տալու ընդդիմությանը, բացի նրանից, որ իշխանությանը նոր զենք էր տալու՝ հայտարարելու, թե ընդդիմությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ԼՂ խնդրի լուծման համար։
3. Իհարկե, հասկանալի է, որ ՀԱԿ-ը նաեւ օբյեկտիվ պատճառներ ուներ նման որոշում կայացնելու համար։ Կոնգրեսում ակնհայտորեն նկատում էին այդ ֆորումը մարտիմեկյան դեպքերի հետ կապելու եւ դրանով պայմանավորված՝ ընդդիմությանը ծուղակի մեջ գցելու ձգտումները։ Թերեւս պատահական չէր, որ այս քննարկումները կազմակերպվեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի՝ Հայաստան կատարած այցի նախօրեին, երբ նա արդեն հասցրել էր մարտիմեկյան դեպքերի հանգամանքները բացահայտելու եւ իրական մեղավորներին հայտնաբերելու հարցում դրական տեղաշարժ համարել դեռեւս փաստացի չգործող փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը։ Քաղաքական ուժերի այսպիսի հավաք անցկացնելը, թեկուզ ԼՂ հարցի առնչությամբ, միտված էր այն տպավորությունը ստեղծելուն, թե Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված են քաղաքական, հասարակական երկխոսության բոլոր նախադրյալները, չկա լրջորեն անհանգստանալու կարիք եւ բոլորի կողմից ցանկություն է արտահայտվում հասարակական համաձայնության մթնոլորտ ստեղծելու միջոցով մարտի մեկից հետո առաջացած խորը ներհասարակական ճգնաժամը հաղթահարելու համար։
Նաեւ այդ պատճառով էին քննարկումներից դուրս եկող ուժերը իրենց պարտադիր սուրբ պարտքը համարում շեշտելու նման հավաք կազմակերպելու նախագահի նախաձեռնության նշանակությունը, զուտ արտաքին շերտը։ Մյուս կողմից՝ այս կերպ ԼՂ-ի հարցի շուրջ հասարակական քննարկումներ ծավալելը, որի իրական իմաստը հայ հասարակությանը բանակցությունների արդյունքում սպասվող զիջումներին, թեկուզ ոչ միակողմանի, նախապատրաստելն է, եվրակառույցներին, ըստ էության, մատուցվում է որպես մարտիմեկյան դեպքերի հանդեպ մի քիչ «աչք փակելու», իսկ տեսանելի ապագայում՝ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ ծայրահեղ միջոցների չդիմելու դիմաց փոխհատուցում։ Եվ հույսը, թերեւս, այն էր, որ եվրոպացիները հեշտությամբ կուլ կտան այդ խայծը։ Մինչդեռ Երեւանում կազմակերպված Համարբերգի ասուլիսի ընթացքում հանձնակատարի կողմից արված այն հայտարարությունը, թե այդ սպառնալիքները դեռեւս ուժի մեջ են, սառը ցնցուղի ազդեցություն կարող է ունենալ իշխանության համար։
Առանձին հարց է նաեւ, թե որքանո՞վ են տրամաբանական այն պնդումները, որ այդ ֆորումը նախադրյալ է հետագայում եւս համահասարակական նշանակության խնդիրները քննարկելու համար։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն անգամ հայտարարեց, թե սա ավելի նպատակային ձեւաչափ է, քան հանրային պալատի ստեղծման նախաձեռնությունը։ Իրականում հարցը պետք է դիտարկել երկու մակարդակով. բուն Ղարաբաղյան խնդրի հեռանկարի եւ ներհասարակական ճգնաժամը հաղթահարելու շրջանակներում։ Առաջինի դեպքում ոչ մի էական արդյունք փաստացի չունենք, որովհետեւ ասելիք եւ լսելիք չկար, որովհետեւ իշխանությունը խնդիր չէր դրել անկեղծորեն բացել խաղաքարտերը։ Նման պայմաններում վերոնշյալ երեք սկզբունքային ելակետերի պաշտպանության մասին նախագահի հավաստիացումները լիարժեքորեն բավարար էին այդ հանդիպումից գոհունակություն հայտնելու համար։
Պատահական չէ, որ քննարկումների արդյունքում ոչ մի գրավոր փաստաթուղթ քաղաքական ուժերը չներկայացրին հանրությանը, որով փորձ կանեին հակամարտության վերաբերյալ ընդհանուր, համաձայնեցված կոնցեպցիա ձեւակերպել։ Ի դեպ, Ռ. Քոչարյանը ժամանակին շատ հմտորեն կարողանում էր նման քննարկումներն օգտագործել բանակցություններում։ Նախորդ գումարումների խորհրդարանները նրա պաշտոնավարման ընթացքում առնվազն երկու անգամ այդպիսի քննարկումներից հետո հանդես եկան համաձայնեցված հայտարարություններով, որտեղ թեկուզ ընդհանուր ձեւակերպումներով, այնուամենայնիվ, հստակ արտահայտվում էր քաղաքական ուժերի ընդհանուր կամքը։ Դա հիանալի զենք էր Քոչարյանի համար՝ այդ հայտարարությունը ներկայացնելու որպես հասարակական պահանջ եւ հենվելով դրա վրա՝ խուսափել պարտադրվող զիջումներից, խոստումներից, ձգձգել բանակցությունները եւ այդպիսով պահպանել ստատուս քվոն։ Հիմա նման խնդիր առհասարակ չի դրվում։
Երկրորդ՝ կծառայի՞ նման հանդիպումների ֆորմատը քաղաքական երկխոսության միջավայր ստեղծելու համար։ Այո, կարող էր նպաստել, եթե չլիներ մի կարեւոր խնդիր. ինչպե՞ս է որոշվելու նման հետագա հանդիպումների օրակարգը, եւ արդյոք ձեւավորողները հաշվի՞ են առնելու իսկապես հասարակական հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ հիմնահարցերը, թե՞ ելնելու են իրենց նախասիրություններից։
ԼՂ խնդիրը, հատկապես բանակցային գործընթացի նման ակտիվացման շրջանակներում, իսկապես, չափազանց հրատապ էր։ Իսկ ո՞րն է լինելու քաղաքական կուսակցություններին ի մի բերելու հաջորդը շարժառիթը։ ՀՀԿ-ից արդեն հայտարարում են, թե հաջորդը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցը։ Իսկ ո՞վ որոշեց, որ դա ներկայում հասարակությանը եւ քաղաքական դաշտին իսկապես մտահոգող ամենակարեւոր խնդիրն է։ Ընդամենը երկու ամսից ԵԽԽՎ-ն քննարկելու է 1906 եւ 1920 հայտնի բանաձեւերով Հայաստանի ստանձնած պարտավոությունների կատարման ընթացքը, արդյունքները։ Թոմաս Համարբերգը Երուանում, թոթափելով իր նախնական գոհունակությունը փաստահավաք խմբի ձեւավորման կապակցությամբ եւ տեսնելով ռեալ իրականությունը, ուղղակի հայտարարեց, որ եթե առաջիկա ժամանակահատվածում այդ պարտավորությունները գոնե որոշ չափով չկատարվեն, Հայաստանի նկատմամբ կարող են խիստ պատժամիջոցներ կիրառվել։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ հիմա դրանից ավելի հրատապ խնդիր գոյություն ունի Հայաստանի համար...
Մեկնաբանել