HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրվեժում փորձում են քառամյա ծրագիրը ձեւական փաստաթուղթ չդիտարկել

Շուրջ 8000 բնակիչ ունեցող Ջրվեժ համայնքը մանկապարտեզ չունի

Երեւան քաղաքին սահմանակից Ջրվեժ համայնքը համարվում է բարեկարգ համայնքներից մեկը: Գլխավոր փողոցները մաքուր են, հասցեները` փակցված, փողոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որի մասին հուշում են ասֆալտի «կարկատանները»:

Առանց համայնքի ղեկավարի աջակցության` դժվար է սահմանազատել, թե որտեղ է ավարտվում Նոր Նորքի վարչական սահմանը, եւ որտեղից է սկսվում Ջրվեժ գյուղը: Ռոբերտ Պետրոսյանը կատակում է. «Որ մասը մաքուր է` մերն է, աջը նայեք ու ձախը, տարբերությունը կզգաք»: 

Ջրվեժ գյուղական համայնքի 2009-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը հիմնականում իրականացվել է, բացառությամբ մանկապարտեզ կառուցելու ծրագրից: Քառամյա ծրագրում որոշ խնդիրներ համայնքապետարանը նախատեսում էր իրականացնել ոչ համայնքային բյուջեով:

Ռ. Պետրոսյանն ասում է, որ մեծ ծրագրերի իրագործումը կապում են դոնոր կազմակերպությունների կամ պետբյուջեի հատկացումների հետ, որովհետեւ համայնքային բյուջեն չի բավարարում: Այլ կանխատեսում էլ է եղել բյուջեի մուտքը համալրելու ուղղությամբ, որը նույնպես չի իրականացել:

«Մենք նախատեսել էինք, որ կադաստրային մուտքերը կավելանան, եթե քաղաքացիները ցանկություն ունենային իրենց հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխել բնակավայրի, եւ դա մեզ հնարավորություն կտար իրականացնել մանկապարտեզ կառուցելու ծրագիրը»,- ասում է համայնքի ղեկավարը:

Այսինքն` մոտավորապես 1000 քմ գյուղնշանակության հողը բնակավայրի փոխելու դեպքում քաղաքացին մոտ 4 մլն դրամ պետք է մուտք աներ համայնքի բյուջե: Կանխատեսել էին, որ գյուղում գոնե 50 հոգի կգտնվեր, որ ցանկանար հողի նշանակությունը փոխել: Կանխատեսումները, սակայն, չեն իրականացել, այս տարի միայն 2 քաղաքացի է հողի նշանակությունը փոխելու ցանկություն հայտնել, հետեւաբար մանկապարտեզ կառուցելու ծրագիրը հետաձգվել է:

Մանկապարտեզի հարցը առաջնայիններից է շուրջ 8000 բնակիչ ունեցող Ջրվեժի համար: Այսօրվա դրությամբ գյուղում 0-6 տարեկան 500 երեխա կա: Ջրվեժը Կոտայքի մարզի վարչական տարածքում է, սահմանակից է Երեւանի Նոր Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին, եւ համայնքի շուրջ 150 երեխա հաճախում է քաղաքի մանկապարտեզներ:

Կարծում են, որ եթե գյուղում մանկապարտեզ լինի, հաճախողների թիվը կարող է կրկնապատկվել: «Հիմա հարց կառաջանա` 100, 200, թե՞ 300 տեղանոց կառուցել»,- ասում է համայնքապետը:

Համայնքապետարանը Երեւանում մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար 4000 դրամ է հատկացնում: Ուսումնասիրել եւ պարզել են, որ համայնքին սահմանակից Երեւանի թաղամասերի մանկապարտեզներում ազատ տեղեր կան: Այս հանգամանքը երկընտրանքի առջեւ է կանգնեցրել համայնքապետարանին:

«Միգուցե ճիշտն այն լինի, որ առայժմ երեխաներին Երեւան քաղաքի մանկապարտեզներ փոխադրելու ծախսե՞րը ստանձնի համայնքապետարանը, ինչպես հիմա են անում, թե՞ մանկապարտեզ կառուցի»,- հարց է տալիս համայնքապետը:

Համայնքապետը պատասխանատու է համայնքի զարգացման քառամյա ծրագրի համար 

Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը, ում ՀՀ նախագահը  Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ օրերս պարգեւատրեց «Անանիա Շիրակացի» մեդալով, վստահեցնում է, որ իրենք փորձել են քառամյա ծրագիրը ձեւական փաստաթուղթ չդիտարկել: «Չէ՞ որ կգա մի պահ, որ այդ փաստաթղթի համար պատասխան պիտի տաս»,- ասում է համայնքի ղեկավարը:

Չհաշված կապիտալ մուտքերը, որոնք կարող են եւ լինել, եւ չլինել, Ջրվեժ համայնքի բյուջեն շուրջ 120 մլն դրամ է: Բյուջեի գումարներն առաջնահերթ ուղղվում են աշխատավարձի ֆոնդին, երաժշտական դպրոցի պահպանմանը, իրականացնում են սանիտարական մաքրում, 6-7 փողոցների լուսավորության պահպանում, կոյուղու, ջրագծի շահագործում:

Համայնքի որոշ թաղամասերի խմելու ջրի` Զարգացման ծրագրում ներառված հարցը նույնպես լուծվել է: Համայնքի ուժերով  ջրագիծ է կառուցվել, քանի որ «Երեւան ջուրը» աջակցություն չի ցուցաբերել, չնայած համայնքապետարանի դիմումներին: Պոմպակայանը նույնպես համայնքի միջոցներով է շահագործվում:

«Մենք գրություն ուղարկեցինք «Երեւան ջրին», նրանք էլ ասացին` մենք այդ հնարավորությունը չունենք, եթե դուք կկառուցեք, կառուցեք: Ամեն դեպքում, հարցը լուծված է, օրական մոտավորապես 5-6 ժամ ջուր ենք տալիս այդ թաղամասերին»,- մանրամասնում է Ռոբերտ Պետրոսյանը:

Գյուղը չուներ նաեւ կենտրոնացված կոյուղագիծ, որի պատճառով մարդիկ օգտվում էին տնամերձ հողամասերում կառուցված կոյուղահորերից կամ ջրահեռացումը կազմակերպում բնակավայրով անցնող եւ դեպի Երեւան գնացող բնական հեղեղատների (սելավատարների) միջոցով: Դա աղտոտում էր շրջակա միջավայրը, հնարավոր եւ նպաստավոր պայմաններ ստեղծում համաճարակների տարածման համար: 1995 թվականից այդ խնդիրը հրատապ է եղել համայնքի համար:

Կոյուղու կառուցման համար 2008 թ. պետբյուջեից ֆինանսավորում են ստացել, այնուհետեւ շարունակել են իրականացնել համայնքի բյուջեի հաշվին: Կոյուղագծի կառուցման` 2011 թ. համար նախատեսված բաժինը օրերս կավարտվի: Համայնքապետն ասում է, որ այս տարվա ընթացիկը գերակատարվել է, հաջորդ տարի կոյուղագծի կառուցումը կշարունակվի հին գյուղատեղում: Ռոբերտ Պետրոսյանի խոսքով` կոյուղագծի կառուցմամբ խնդիրը որոշակիորեն լուծում է ստացել, բայց համայնքում դեռ 12 տուն կոյուղի չունի:

Համայնքի փողոցների ասֆալտապատումը սկսվել է 2004-ից, եւ ամեն տարի նորոգվում կամ ինչ-որ հատված ասֆալտապատվում է: Այստեղ էլ ուշադրության կենտրոնում խիտ բնակեցված փողոցների բարեկարգումն է:

Համայնքապետն ասում է, որ համայնքի բյուջեով նաեւ սոցիալական ծրագրեր են իրականացնում: Օրինակ` մոտ 600-700 հազար դրամի սահմաններում գույք են ձեռք բերելու միջնակարգ դպրոցի համար: Թե ինչու է համայնքապետարանը դպրոցի համար գույք ձեռք բերում, երբ դպրոցը ոչ թե համայնքապետարանի, այլ մարզպետարանի հաշվեկշռում է, Ռոբերտ Պետրոսյանը բացատրում է նրանով, որ նախատեսված չի եղել, որ Ջրվեժ գյուղը 110 առաջին դասարանցի կունենա այս տարի: «Եթե դրանով պայմանավորենք, բոլոր երեխաները չէ, որ նորմալ նստարաններ կունենան»,- ասում է համայնքապետը:

Գրավոր դիմում են միայն համայնքի ղեկավարին 

2011 թ. երկրորդ եռամսյակում Ջրվեժ համայնքի ղեկավարի մոտ ընդունելության դիմած քաղաքացիների թիվը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքի տեղեկատվության համաձայն, 68 է: Նույն ժամանակաշրջանում համայնքի ավագանուն ընդունելության համար 52 քաղաքացի է դիմել: Ավագանու դիմումների վարման առանձին մատյան համայնքապետարանը չունի, համայնքի ղեկավարն ասում է, որ գյուղացիները ավագանուն հիմնականում բանավոր են դիմում:

Ջրվեժ համայնքը ավագանու 11 անդամ ունի եւ, ինչպես համայնքի ղեկավարն է նշում, նրանցից առնվազն 5-6 հոգին ակտիվ գործունեություն է ծավալում: Ավագանու համար համայնքապետարանում աշխատասենյակ են հատկացրել, ընդունելության օրեր են սահմանված, բայց Ռ. Պետրոսյանն ասում է, որ եթե համայնքապետարանում էլ գյուղացիները չհանդիպեն ավագանու անդամներին, գյուղում, միեւնույն է, կգտնեն եւ իրենց խնդիրը կներկայացնեն: Խնդիր է առաջանում ներկայացրած հարցերն առաջնահերթ լուծելու տեսակետից:

«Փորձում ենք համոզել, ավագանու հետ ընդհանուր հայտարարի գալ` որին այս տարի լուծում տալ, որին` հաջորդ տարի»,- ասում է համայնքապետը եւ բնական համարում իրենց հատուկ ուշադրությունը խիտ բնակեցված գյուղատեղիի նկատմամբ, որից հետո` նորակառույց թաղամասերի, որտեղ նոր-նոր են սկսել աշխատանքներ տանել:

Հինգ ամիս առաջ համայնքապետարանը նոր կայք է գործարկել: Չնայած համայնքապետն ասում է, որ օգտվողները քիչ են, սակայն իրենք տարբեր կերպ փորձում են մարդկանց տեղեկացնել համայնքապետարանի գործունեության մասին:

Օրինակ` դպրոցներում երեխաներին արդեն տեղեկացրել են` առաջարկելով իրենց մտահղացումներն ու առաջարկությունները ներկայացնել եւ հետադարձ կապ պահպանել համայնքապետարանի հետ: Մոտ ժամանակներս նախատեսում են ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը եւ միանալ մարզպետարան-կառավարություն ընդհանուր ցանցին:

Հաջորդ քառամյա ծրագրում առաջնային երեք խնդիրները կրկին լինելու են` մանկապարտեզը, նոր թաղամասի ասֆալտապատումը, կոյուղագծի, ջրագծերի կառուցումը: Այդ ծրագրում ավելի շատ ուշադրություն են դարձնելու նոր` 800 բնակատեղիով թաղամասին, որտեղ արդեն 250-300 տնտեսություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter