Տարածաշրջանը` էներգետիկ անվտանգության ապահովման ճանապարհին
Նախորդ երկու շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները լուրջ տեղաշարժեր արձանագրեցին տարածաշրջանային եւ եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման բնագավառում: Մեկը մյուսի հետեւից ստորագրվեցին համաձայնագրեր, որոնք մեկ քայլ առաջ էին դեպի Արեւմուտք գործող կամ նախատեսվող էներգետիկ ծրագրերի իրականացման ճանապարհին:
Հակառակ այն կանխատեսումների, որ ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը որպես էներգետիկ տարանցիկ երկիր կարող է այլեւս ռիսկային եւ անհուսալի դառնալ համագործակցող պետությունների համար, Ադրբեջան-Վրաստան էներգետիկ միջանցքը շարունակում է կարեւոր մնալ Ռուսաստանը շրջանցող եւ դեպի Արեւմուտք ուղղված էներգետիկ մատակարարումների համար:
Ավելին, Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցքը ընդլայնվելու միտումներ է դրսեւորում. եվրոպական ընկերությունները պատրաստ են հսկայական ներդրումներ կատարել Ռուսական մատակարարումներից իրենց երկրների կախվածությունը նվազեցնելու համար:
Էներգետիկ գագաթաժողով Բաքվում
Անցնող շաբաթների թիվ մեկ էներգետիկ իրադարձությունը Բաքվում նոյեմբերի 14-ին կայացած էներգետիկ գագաթաժողովն էր, որին մասնակցելու էին եկել Կասպից, Սեւծովյան, Կենտրոնական Եվրոպայի եւ Բալթյան տարածաշրջանի 14 պետություններ, ինչպես նաեւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ: Գագաթաժողովում քննարկվեցին բոլոր այն էներգետիկ ծրագրերը, որոնք Կասպիցի էներգառեսուրսները Հարավային Կովկաս-Սեւ ծով տարանցիկ միջանցքով հասցնում են կամ մոտ ապագայում կհասցնեն Եվրոպա:
Հանդիպման կարեւորագույն իրադարձությունը Ադրբեջանի պետական Նավթային ընկերության եւ Ղազախստանի «ՂազՄունայԳազի» միջեւ ստորագրված համաձայնագիրն էր` ստեղծելու համատեղ համակարգ ղազախական նավթը Ադրբեջանի տարածքով միջազգային շուկաներ փոխադրելու համար: Մտադրությունների մասին համաձայնագիրը նախատեսում է սկզբնական շրջանում Կասպիցի հատակով մինչեւ Ադրբեջան մատակարարել օրական 500.000 բարել կամ 25 մլն տոննա նավթ` աստիճանաբար ծավալը հասցնելով օրական 1.2 մլն բարելի կամ 60 մլն տոննայի: Շուրջ 3 մլն դոլարի ներդրում պահանջող ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2012թ.:
Ղազախական նավթը ադրբեջանական փոխադրման համակարգին կապելը խիստ կարեւոր քայլ է: Հաշվի առնելով Ադրբեջանի սահմանափակ էներգետիկ պաշարները` սրա շնորհիվ լիովին արդարացվում է մինչ այժմ կառուցված էներգետիկ խողովակների տնտեսական նպատակահարմարությունը եւ հաստատվում կառուցվելիք խողովակաշարերի նպատակահարմարությունը: Ղազախական նավթը Ադրբեջանի տարածքով կարող է մղվել արդեն տարբեր ուղղություններով` եւ’ գործող, եւ’ նախատեսվող խողովակներով:
Ղազախստանի էներգետիկայի եւ հանքային ռեսուրսների նախարար Սաուաթ Մինբաեւը հայտարարեց, որ բանակցություններ են գնում նաեւ Բաքու-Սուփսա (Վրաստան) խողովակը ղազախական նավթի տեղափոխման համար օգտագործելու վերաբերյալ: Ղազախստանը ցանկանում է ներդրումներ կատարել Բաքու-Սուփսա գծի ընդարձակման համար: Բաքու-Սուփսան, ինչպես հայտնի է, պատկանում է British Petroleum-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումին, իսկ British Petroleum-ը, որոշ լուրերի համաձայն, պատրաստվում է դուրս գալ Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարային ընկերությունից (Կասպյան խողովակաշարային կոնսորցիում):
Մեկ այլ համաձայնագրով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Վրաստանին հինգ տարով գազ մատակարարելու պարտավորություն ստանձնեց: Համաձայնագիրը նախատեսում է տարեկան 892 մլն խմ մատակարարում` 1000 խմ միջինում 527 դոլարով: Ինչպես նշեց Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին, այս համաձայնագիրը ազատում է Վրաստանին «Գազպրոմից» ունեցած կախվածությունից: Վարչապետ Գրիգոլ Մգալոբիշվիլիի խոսքերով, Վրաստանն առաջին անգամ ստորագրում է երկարաժամկետ համաձայնագիր, որը կապահովի երկրի էներգետիկ անվտանգությունը եւ կայունությունը առաջիկա տարիներին:
Գագաթնաժողովում քննարկված մյուս ծրագիրը Օդեսա-Բրոդի-Փլոք-Գդանսկ նավթի տարանցման ծրագիրն էր: Այն նախատեսում է կրկին ղազախական եւ ադրբեջանական նավթը Վրաստանով եւ Սեւ ծովով հասցնել Օդեսա, այնուհետեւ Ուկրաինայի Օդեսա-Բրոդի խողովակով ձգել այն մինչեւ Փլոք, նավթի մի մասը մշակել Ուկրաինայում եւ Լեհաստանում եւ արտադրանքի մի մասն արտահանել լիտվական Կլայպեդա նավահանգստով:
Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը ներկաներին հիշեցրեց Ռուսաստանի առաջարկի մասին` գնել Ադրբեջանի ողջ գազը եվրոպական շուկայական գներով` մի քայլ, որը մահացու հարված կհասցներ դեպի արեւմուտք ձգվող ծրագրերին: Ադամկուսը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի մեկնաբանությունն այս առնչությամբ. «Բիզնեսի տեսանկյունից այդ համաձայնագիրը (Ռուսաստանի առաջարկությունը-հեղ.) պետք է ստորագրվի, եւ ամեն ինչ պետք է տրվի Ռուսաստանին: Բայց կան այլ արժեքներ եւ նպատակներ, որոնք ստվերում են լավ բիզնես առաջարկը»:
Թուրքիան խոչընդոտո՞ւմ է Նաբուկոյի կառուցմանը
Բաքվում ելույթով հանդես եկավ նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` թվարկելով նավթի եւ գազի բոլոր այն գործող եւ ծրագրվող խողովակները, որոնք անցնում են Թուրքիայի տարածքով` Բաքու-Ջեյհան, Քիրքյուք-Ջեյհան, Սամսուն-Ջեյհան, Երկնագույն հոսանք, Բաքու-Էրզրում, Թուրքիա-Հունաստան-Իտալիա միջկապակցող, Նաբուկո, խողովակը Իրանից եւ Տրանսկասպյան գազամուղը:
Այս խողովակներով հոսող ծավալների մեծ մասը գալիս է Ադրբեջանից: Սակայն հայտնի է, որ Թուրքիան խոչընդոտներ է հարուցում իր տարածքով ադրբեջանական գազի արտահանման ճանապարհին: Սա մեկն է այն գործոններից, որ հետաձգում է հայտնի Նաբուկո ծրագրի իրագործումը: Նաբուկոն պետք է սկիզբ առնի Էրզրումից, այնուհետեւ Բուլղարիայով, Ռումինիայով եւ Հունգարիայով հասնի Ավստրիա եւ այլ եվրոպական երկրներ: Էրզրումում այն կարող է միանալ Թավրիզ-Էրզրում եւ Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղերին: Վերջինս Նաբուկոն պիտի կապի ծրագրվող Տրանսկասպյան գազամուղին (Կասպիցի հատակով Թուրքմենստանից Ադրբեջան):
Նաբուկոն խիստ կարեւոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար, սակայն մինչ այժմ տեղի ունեցած բանակցություններում Թուրքիան առաջ է քաշել մի շարք վիճելի պահանջներ` դրանով իսկ խոչընդոտելով ծրագրի իրականացմանը:
Իսկ նախորդ շաբաթ Թուրքիայի «Բոթաշ» պետական էներգետիկ ընկերության տնօրեն Հուսեյն Սալթուկ Դյուզյոլը հայտարարեց, որ Թուրքիան հետաքրքրված չէ Նաբուկոյի գազով, սակայն կցանկանա ստանալ մատակարարողների գազը Նաբուկոյով այն դեպքում, եթե առաջանա չօգտագործված արտադրություն: Նաբուկոյի հարցով շահագրգիռ պետությունների ընկերությունները հավանաբար կհանդիպեն մինչեւ տարեվերջ` ստորագրելու համաձայնագիր, որը վերջին փուլում կներկայացվի պետությունների խորհրդարաններին վավերացման համար:
Թուրքիան նախորդ շաբաթվա սկզբին Իրանի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր` բարելավելու համագործակցությունը բնական գազի բնագավառում եւ սկսելու ընթացիկ ծրագրերի իրականացումը: Համաձայնագիրը ստորագրվեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի եւ Իրանի նավթի նախարար Քոլամ Հոսեյն Նոզարիի միջեւ: Համաձայնագիրը, ինչպես նշեց Գյուլերը, «դրական ազդեցություն կունենա եւ՛ տարածաշրջանային, եւ՛ համաշխարհային մակարդակներով»:
Պայմանագրով Թուրքիան իրավունք է ստանում Իրանի Հարավային Պարսից տարածաշրջանում 3 գազի հանքեր շահագործել` արտադրել օրական մոտավորապես 46 մլն խմ գազ եւ օգտագործել այդ ծավալի ուղիղ կեսը: Նախատեսվում է նաեւ իրանական գազի փոխադրում Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Երկու պետությունները համատեղ ուժերով կկառուցեն 1850 կմ-անոց խողովակաշար հարավային Պարսից Ասսալույեհ նավահանգստից մինչեւ Թուրքիայի հետ Իրանի հյուսիսարեւմտյան Բազարգան սահմանային հատված:
«Մենք ներդրում ենք կատարում էներգետիկ մատակարարումների անվտանգության գործում, ինչը շատ կարեւոր խնդիր է: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Եվրոպան բնական գազի կարիք ունեն»,- հայտարարել է Հիլմի Գյուլերը:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան Թավրիզ-Էրզրում գծով տարեկան 10 մլրդ խմ գազ է ստանում: Թուրքիան եւ Իրանը էներգետիկ համագործակցության պայմանագիր են ստորագրել դեռ նախորդ տարի` 2007-ին: Այն ժամանակ այս հանգամանքը քննադատությամբ ընդունեցին Վաշինգտոնում: Իրանի հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության խորացումը ձգձգվեց կրկին Միացյալ Նահանգների ճնշման շնորհիվ: Սակայն Թուրքիան կարծես որոշել է լրջորեն ձեռնամուխ լինել նախ իր էներգետիկ անվտանգության ապահովմանը, այնուհետեւ, որպես տարանցիկ երկիր, Եվրոպային առաջարկել մի քանի տարբերակներ:
Ավելին, տարածաշրջանային գերտերության իր հավակնություններն իրականացնելու ճանապարհին, Թուրքիան նաեւ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրան-Արեւմուտք հարաբերություններում: Այս մասին մասնավորապես հայտարարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը նախորդ շաբաթ The New York Times-ին տված իր հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ այդ մեկնաբանությունները… բխում են Թուրքիայի բարի կամքից եւ Իրանի ու Թուրքիայի միջեւ լավ եւ աճող հարեւանական կապերից, ուստի, անշուշտ, խոչընդոտներ չենք հարուցի: Բայց իրականությունն այնպիսին է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առկա խնդիրները ավելին են, քան սովորական քաղաքական խնդիրներ երկու պետությունների միջեւ»,- հետեւեց Իրանի ԱԳՆ խոսնակ Հասան Քաշքավիի պատասխանը:
Արդեն հիմա վերլուծաբանները կանխատեսումներ են անում, թե ինչ երկակի խաղ է սկսել Թուրքիան, արդյոք նա կվտանգի՞ Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները Իրանի հետ համագործակցելու համար: Ամեն ինչ հանգում է նրան, որ Թուրքիան ցանկանում է զիջումներ ստանալ Վաշինգտոնից: Ամենակարեւոր խնդիրը այստեղ քրդական հարցն է: «Անկարան ունի Թեհրանի կարիքը Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից եկող սպառնալիքները նվազեցնելու համար»,- եզրակացնում են փորձագետները: Վաշինգտոնից Անկարան ցանկանում է զիջումներ ստանալ Իրաքի բնական գազի ծրագրում իր մասնակցության համար:
Անկախ ամեն ինչից, Թուրքիայի էներգետիկ դիվանագիտությունը խիստ հաշվարկված է` առավելագույն համագործակցություն բոլոր կողմերի հետ` առավելագույն զիջումներ բոլորից միաժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել