HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանատու դարձնենք ավագանուն

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության, մարզպետարանների եւ համայնքապետարանների գործունեությունը թափանցիկ դարձնելու, բնակիչ-համայնքապետարան կապն ապահովելու խնդիրներն են շաբաթներ առաջ քննարկել «Հետաքննող լրագրողների» հրավիրած կլոր սեղանի մասնակիցները` ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ անդամ Սոս Գիմիշյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) քարտուղար Հովհաննես Ազիզյանը, «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանը, «Հետքի»խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: 

Ս. Պետրոսյան - «Հետքը» մեկ տարի հանրապետության 5 մարզերում` Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատ, ուսումնասիրում էր Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Հայտնաբերված խնդիրները քննարկել ենք տվյալ մարզի համայնքապետերի եւ մարզային իշխանությունների հետ: Որոշ հարցերում համաձայնության եկել ենք, որոշ հարցերում շատ սուր դիմադրության ենք հանդիպել: Բայց, կարծում ենք, որ եթե մեր բարձրացրած հարցերի 1/3-ը լուծում ստանա, ուրեմն մեր հանրապետությունում բավականաչափ բան կփոխվի:

Ուսումնասիրությունն իրականացրել էինք մի շատ կարեւոր խնդիր նկատի ունենալով. անկախության 17 տարիների ընթացքում բավականին բան է փոխվել հանրապետությունում, բայց մեր 6 տարիների աշխատանքը մարզերում ցույց տվեց, որ մարզային համայնքներում այդ առաջընթացը չափազանց դանդաղ է տեղի ունենում կամ բնավ չի նկատվում: Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ բեւեռացումը չափազանց մեծ է: Մեր խնդիրն է եղել որոշ միջոցառումներ նախաձեռնել, որոնք, մեր պատկերացմամբ, կարող են բեկումնային լինել մարզային համայնքների զարգացման առումով: Մասնավորապես, չափազանց վատթար վիճակում է տեղեկատվության մատուցման խնդիրը` գավառամտությունից չենք կարողանում հեռանալ: Եթե Երեւանում այս տարիներին մեզ հաջողվել է ինչ-որ բան փոխել իշխանությունների աշխատաոճում, ապա մարզերն այդ առումով ուշադրության չեն արժանացել: Մարզերում բարեփոխումներ չեն իրականացվել, որի հետեւանքով էլ համայնքապետերը չեն պատկերացնում, թե ինչպիսի կառավարում պետք է իրականացնեն եւ ինչպիսի համագործակցություն պետք է ունենան լրագրողների եւ ՀԿ-ների հետ: Պիտի ասեմ, որ տեղեկատվության տրամադրման օրենսդրական առումով դժգոհություներ չունենք, բայց կիրառման հարցում դրանք տեղաշարժ չեն ունեցել: Այսօր մենք նույնիսկ դատական պրոցես ունենք ավագանու որոշումը ստանալու հետ կապված:

Ինձ համար անհասկանալի է այն մոտեցումը, որ Կառավարությունն այսօր շատ նախանձախնդիր գործընթաց է ձեռնարկել խանութների, կրպակների, հարկերը չթաքցնելու, հնարավորինս օրինականությունն ապահովելու առումով, բայց թե ինչու նույն նախանձախնդիր մոտեցումը չկա բյուջետային միջոցների ծախսումների հետ կապված, երբ ավագանու ինստիտուտը չի գործում, ՏԻՄ գործունության թափանցիկությունն ապահովող օրենքները չեն գործում, որով նրանք պարտավորված լինեն հաշվետու լինել բնակչությանը:

Բայցեւ եթե նկատի ունենանք, թե ինչպես են այսօր «ընտրվում» համայնքապետերը, աբսուրդ է դառնում նաեւ նման քննարկումը: Հասկանալի է, որ օլիգարխի նշանակած համայնքապետը իրեն հաշվետու չի զգալու բնակչության առջեւ: Պատահական չէ, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցությունը մարզերում մեծ տեղաշարժ չի առաջացրել, եւ հնարավոր էլ չէ պատկերացնել այդպիսի մի գլոբալ ծրագրի իրականացում, որտեղ չկա հանրության կարծիքը լսելու, հանրությանը հաշվետու լինելու գործընթաց: Սակայն, կարծում եմ, որ մեր աշխատանքով որոշակի բեկում կարող ենք մտցնել:

Մեր ուսումնասիրության մեջ ներառված համայնքներ կան, որտեղ միանգամից մի քանի կազմակերպություններ համայնքային կառավարման թափանցիկության ծրագրեր են իրականացնում, բայց այդ համայնքների գործունեության մեջ առաջընթաց չի արձանագրվում: Որոշ համայնքների գործունեությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ ծրագիրն ավարտելուց հետո նրանք շարունակում են նույն աշխատաոճը` որեւէ առաջընթաց չարձանագրելով իրենց գործունեւության մեջ: Այնինչ, այն մեծ գումարները, որ հատկացվել են տեղեկատվական համակարգը ներդնելու, զարգացնելու առումով, մարզպետարանները պարտավոր էին տարածել նաեւ մյուս համայքներում: Այն կարծիքին չեմ, որ յուրաքանչյուր գյուղում կամ քաղաքում կազմակերպությունները նման ծրագիր պետք է իրականացնեն: Սա նաեւ իշխանությունների խնդիրն է, որը պետք է այդ դրական ցուցանիշը աշխատաոճ դարձնի բոլորի համար:

Է. Բաղդասարյան, «Հետքի» խմբագիր - Ինձ ամենից շատ ինչն է զարմացրել, որ ծրագիրն իրականացնելու այս մեկ տարվա ընթացքում` ոստիկանություն, դատախազություն, Կառավարության վերահսկողական ծառայություն, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն եւ այլ մարմիններ, արձագանքել են մեր հրապարակումներին, բացի Ազգային ժողովից: Ես իսկապես չեմ հասկանում, թե ԱԺ-ն ինչու չի արձագանքել, որովհետեւ բազմաթիվ փաստեր կան, որոնք կապված են հենց Ազգային ժողովի հետ: Մենք գրում ենք, որ Գեղարքունիքի մարզում ճորտատիրական հասարակարգ է, գյուղապետեր են նշանակված Վարդենիս քաղաքից, որոնք տարվա մեջ մի քանի անգամ են գալիս այդ գյուղերը, ԱԺ-ն ինչու՞ նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ասենք՝ արգելել այլ բնակավայրի բնակիչներից գյուղապետ առաջադրելը:

Հ. Մարգարյան - Բոլորովին վերջերս է ձեւավորվել ՏԻՄ հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը, եւ այս ամսում մեկ նիստ է գումարվել: Գեղարքունիքի մարզի հետ կապվածի համար խոստանում եմ հետեւողական լինել: Այդ խնդրի լուծումը ես այս պահին տեսնում եմ հետեւյալ միջհամայնքային միավորումներ ստեղծելով: Այսինքն՝ ավելի խոշորացնենք համայնքները:

Է. Բաղդասարյան - Եթե մի անգամ այդ համայնքապետի կատարած խախտումները հայտնաբերեին եւ պատասխանատվության ենթարկեին, ալեւս այդ մեծ ցեղից ոչ ոք համայնքապետ չէր ցանկանա դառնալ:

Հ. Մարգարյան - Ձեր ուսումնասիրության մեջ էլ է արձանագրվել, որ մարզպետարանի վերահսկողությունն օբյեկտիվ չի կարող համարվել: Չեմ կարծում, որ Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում որեւէ համայնքում խախտումներ հայտնաբերի եւ այն չներկայացնի ԱԺ-ին: Սկսած հոկտեմբեր ամսից՝ մեր հանձնաժողովը նախարարության հետ ամիսը մեկ անգամ մարզ է այցելում` համայնքների անձնագրավորումը կյանքի կոչելու համար, որն արդեն ընդունել է ԱԺ-ն: Դա ենթադրում է համայնքների առաջնային լուծման երեք խնդիրները գրանցել եւ ժամանակացույց կազմել, որում նշվեն դրանց իրականացման ժամկետերը, ֆինանսավորման աղբյուրները, իրատեսական լուծման ճանապարհները: Այսինքն՝ սա իր լուծումը կունենա:

Ս. Պետրոսյան - Պրն Մարգարյան, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համայնքներում այդ ուսումնասիրությունն էլ է կատարվել, խնդիրներն էլ են առաձնացվել, ժամանակացույցն էլ է կազմվել, բայց ծրագիրը չի իրականացվել կամ արդյունավետ չի իրականացվել, որովհետեւ իրական վերահսկողություն չի եղել: Համայնքի բնակիչները տեղյակ չեն եղել, թե ի՞նչ ծրագիր է իրականացվում իրենց համայնքում, եւ ո՞վ է իրականացնողը:

Ս. Գիմիշյան - Նախ` մի համայնքից մյուս համայնքում գյուղապետ նշանակելն անօրինականություն է, օրենքը բացառում է դա, այլ բան է, որ կենտրոնական իշխանություններն այդ անօրինականությունը կիրառում են եւ զարգացնում: Այստեղ դժգոհություն հնչեց նաեւ, որ գյուղերում մեծ ազգությունը համայնքապետ է ընտրում: Ժողովրդավարության սկզբունքներից մեկն էլ այն է, որ մեծամասնությունն է հաղթում ընտրությունում, եւ դա դրական է: Այսօր մեր երկրում եզակի է, որ իշխանության ուզած թեկնածուն չի անցնում, այլ անցնում է գյուղացիների ուզածը, երբ որ համախմբված մեծ ցեղը պայքարում է եւ իր ուզած մարդուն անցկացնում է գյուղապետ: Այլ բան է, որ նրանք անվերահսկելի են, շատ վատ են աշխատում եւ զբաղված են թալանով: Խնդիրն այստեղ ընտրված թեկնածուի մեջ չի, խնդիրն այն է, որ կենտրոնական իշխանությունները չեն ցանկանում, որ գյուղապետերն օրինական աշխատեն: Այսինքն՝ նպաստում են, դրդում են նրանց հանցագործ գործելակերպի, միասին կիսվելու:

Հակառակ դեպքում, կառավարությունն ունի իր վերահսկողությունը, եւ եթե 50 տոկոսով իր այդ պարտականությունը կատարեր, եւ մեկ գյուղապետ պատժվեր գողության համար` այդպես չէր լինի: Իշխանություններին չենթարկվելու համար նստողներ կան, մարզպետին չլսելու համար աշխատանքից ազատվածներ կան, բայց գողություն կատարելու համար եզակի դեպք կարող է լինել, այն էլ՝ զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Չկա վերահսկողություն, եթե կա էլ` դա համայնքապետերին ինչ-որ բան հարկադրելն է, բայց ոչ օրինականության շրջանակում աշխատեցնելու առումով:

Ինչ վերաբերում է միջհամայնքային միավորումներին, դա համայնքների խոշորացում չի, համայնքների խոշորացումը մի խնդիր է, միջահամայնքային միավորումները` մեկ այլ խնդիր: Այո, կողք-կողքի գտնվող համայնքները պետք է միավորվեն, մենք ունենք 925 համայնք, որն անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար: Դա ժամանակին թույլ տրված սխալ է եղել: Նույնիսկ կոմունիստների ժամանակ մենք ունեցել ենք 400 գյուղական եւ ընդհանուր 520 համայնք: Ինչ վերաբերում է միջհամայնքային միավորումներին, սա Սահմանադրությամբ ամրագրվել է, սակայն Ազգային ժողովը, չգիտես ինչու, չի ընդունում այդ օրենքն արդեն երկու տարի: Այսինքն՝ մենք զարգացում պետք է ունենանք մի կողմից` համայնքների խոշորացում, մյուս կողմից` համայնքային միավորումների ստեղծում: Դրա արդյունքում քայլ առ քայլ մարզպետների ազդեցությունը կպակասի, որովհետեւ մարզպետարանները միայն կասեցնում են համայնքների զարգացումը, եւ այդ պրոցեսը շարունակվում է:

2002-ից հետո ԱԺ-ի ընդունած բոլոր օրենքներն ի վնաս տեղական ինքնակառավարման են եղել եւ նպաստում են համայնքերի ստրկացմանը: Նպատակը մեկն է` քաղաքական ընտրություններ: Ներկայումս համայնքներին վերահսկելու իրավունքը տրված է ԱԺ Վերահսկիչ պալատին, այդպիսի իրավունք տալը հակասում է Եվրոպական խարտիային, այսօր ուժեղացվում են համայնքների վերահսկողության մեխանիզմները, որի բյուջեն հանրապետության բյուջեի 7%-ն է կազմում, իսկ 93%-ը, որի տնօրինողը կենտրոնական իշխանությունն է, բարձիթողի վիճակում է, ոչ ոքի չի հետաքրքրում, ամբողջ երկրի վերահսկողությունն այդ 7 տոկոսի վրա է: Համոզված եմ, որ Վերահսկիչ պալատի գործառույթը ոչինչ չի տա, այստեղ կա քաղաքական դիրքորոշում. նպատակը նա չի, որ համայնքը աշխատի, բոլոր վերահսկող մարմինների նպատակը համայնքապետերին ենթարկեցնելն է ու իրենց քաղաքական շահերին ծառայեցնելը:

Ա. Ղուկասյան - Այո, ձեր ասած երեւույթը կա Վարդենիսի տարածքում, սակայն այնտեղ ոչ թե մեկ ուրիշ համայնքի բնակիչ է նշանակվում համայնքի ղեկավար, այլ այստեղ ուրիշ երեւույթ կա: Նախկին ադրբեջանաբանակ գյուղերում, որտեղ հիմա փախստականներն են բնակվում, նրանց հետ միասին գրանցվել եւ ապրում են վարդենիսցիներ, նրանք կարողացել են ժամանակին ճիշտ գնահատել պահը. ամեն մեկն իր հարազատին, բարեկամին գրանցել է այդ գյուղում, եւ բոլոր համայնքներում վարդենիսցի ընտրողների թիվն ավելի շատ է, քան փախստականներինը: Եվ մենք որքան էլ ուզում ենք, որ փախստականներից ընտրվի համայնքապետ, միեւնույնն է, ընտրվում է վարդենիսցին, որը եւ՛ Վարդենիսում ունի սեփականություն, եւ՛ այդ համայնքներում: Եվ շատ հաճախ շատ համայնքներում մենք համայնքապետերին չենք գտնում, որովհետեւ նրանք բնակվում են Վարդենիս քաղաքում: Այսպիսին է իրավիճակը: Դրա հետ կապված մի քանի անգամ մարզպետը գրություններ է գրել ե՛ւ ԱԺ-ին, ե՛ւ կառավարությանը, որ առանձնակի մոտեցում պետք է հանդես բերվի: Մտածենք, թե ի՞նչ անենք, ո՞ր օրենքով կարողանանք այդ հարցը կարգավորել: Վերին Շորժայում երկու անգամ անվստահություն է հայտնվել համայնքապետին` չարաշահումների համար, սակայն նույն համայնքապետը նորից ընտրվել է, որովհետեւ նրա ազգականներն այնտեղ գերակշիռ մեծամասնություն են կազմում:

\"\"Ս. Գիմիշյան - Ինչի՞ համար է անվստահություն հայտնվել:

Ա. Ղուկասյան - Չարաշահումների:

Ս. Գիմիշյան - Իսկ ինչո՞ւ այդ համայնքապետը պատասխանատվության չի ենթարկվել:

Ա. Ղուկասյան - Մարզպետարանը չի նստացնողը, դիմել ենք եւ՛ դատարան, եւ՛ կառավարություն, բայց նա նորից ընտրվել է: Միջհամայնքային միավորումների հետ կապված՝ մենք Վարդենիսում դարձյալ խնդիր ունենք: Յուրաքանչյուր համայնք մեկը մյուսից հեռու է նվազագույնը 5 կմ-ով: Բնակչության թիվը յուրաքանչյուր համայնքում միջինը 100 մարդ է: Այստեղ ոչ այն է` առանձին համայնք պահենք, ոչ այն է` համայնքային միավորում, որովհետեւ ձմռանը որոշ համայնքերում 4 ամիս փակվում է ճանապարհը: Եթե ստեղծվում է միջհամայնքային միավորում, բնականաբար, այդ համայնքի ղեկավարությունը մի տեղ պետք է նստի, իսկ ի՞նչ կլինի այն համայնքի վիճակը, որտեղ 4-5 ամիս ճանապարհը փակ է: Մարզպետարանը լիազորված է միայն վարչական վերահսկողություն իրականացնելու` երեք տարին մեկ անգամ կարող ենք վերահսկողություն իրականացնել կառավարության կողմից հաստատված ցուցակներով:

Է. Բաղդասարյան - Դուք ասում եք, որ մարզպետարանը չի միջամտում, բայց ես կարող եմ ասել, որ մարզպետարանն է որոշում՝ ով պետք է լինի գյուղապետը: Վարդենիսի վարչատարածքի Նորաբակի ընտրությունները հիշեցնեմ, երբ համայնքապետ էր ընտրվել փախստականը, եւ մարզպետարանը չէր ուզում հաստատել: Միայն հանրապետության նախագահի միջամտությունից հետո կարողացանք հասնել նրան, որ նա հաստատվեց գյուղապետ:

Ա. Ղուկասյան - Ես շատ կուզեի, որ նա գյուղապետը չլիներ, նա գյուղի հովիվն էր, իր անունը գրել չգիտի, կնիքը տվել ենք, եւ նա չգիտի՝ որտեղ պետք է կնիքը խփի:

Ս. Գիմիշյան - Միջնակարգ մասնագիտությամբ ցանկացած մարդ, ըստ օրենքի, կարող է համայնքապետ դառնալ, եւ ԿԸՀ-ն որոշում ունի, այդ կետը չի գործում:

Ս. Պետրոսյան
- Մենք այսօր շատ կարեւոր հարց ունենք քննարկելու` հասարակության վերահսկողության ապահովումը: Ի՞նչ անենք, որ բնակչությունը մասնակից դառնա այդ կառավարմանը: Արդեն ասվեց, որ իշխանության բոլոր օղակներին վերահսկելու ֆունկցիա տրվել է, բայց ոչ` բնակչությանը: Ո՛չ կառավարությունը, ո՛չ ՀԿ-ները, ո՛չ էլ լրագրողները չեն կարող ամենօրյա վերահսկողություն իրականացնել: Պարզապես համայնքի բնակչությունը պիտի հասկանա, թե ինչպես է համայնքապետը ծախսում իր վճարած հարկերը, ինչ ծրագրեր ունի համայնքի հետ կապված, ինչպես է պատկերացնում իր ղեկավարած համայնքի զարգացումը: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իրականացվի, օրինակ, Աղքատության ռազմավարական ծրագիրը:

Ս. Գիմիշյան - Շատ եմ կարեւորում հանրային վերահսկողությունը, եւ մեր կազմակերպությունը լուրջ ուշադրություն է դարձնում ե՛ւ բյուջեի քննարկմանը, ե՛ւ ծախսումներին, ե՛ւ փաստաթղթերի ստացմանն ու հրապարակայնությանը: Կարծում եմ՝ օրենսդրությամբ լուծել ենք քաղաքացու տեղեկատվություն ստանալու խնդիրը, բայց կյանքը ցույց է տալիս, որ գործնականում այն չի գործում: Համայնքապետարանների հետ աշխատելն արդեն տհաճ է դարձել, այնտեղ արդեն ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ աշխատելու նպատակ: Նրանց ցանկությունը քաղաքական գործընթացներին մասնակցելն է, որը նրանց համար շատ ավելի մեծ շահույթ է ապահովում եւ քաղաքական դիվիդենտներ է բերում: Օրենսդրորեն եթե արդեն լուծված է, էլ ի՞նչ կարող ենք առաջարկել, ես, օրինակ, առաջարկ չունեմ: Այս ոլորտում ես լուծում չեմ տեսնում: Այստեղ ո՛չ իրավական խնդիր ունենք, ո՛չ կառավարության որոշումների պակաս ունենք:

Գ. Խաչատրյան - Տարածքային կառավարման նախարարության հետ մի ծրագիր ենք իրականացնում, որը կոչվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ: Շուտով հանրապետության 217 համայքներում կներդրվի մի համակարգ, որը կապահովի ՏԻՄ մարմինների աշխատանքի ավտոմատացումը, ինչպես նաեւ կապահովի քաղաքացիների՝ տեղեկատվությունից օգտվելու իրավունքը: Այնտեղ բավականաչափ հնարավորություններ կան եւ՛ ինֆորմացիա ստանալու, եւ՛ հղումներ կատարելու, եւ՛ վերլուծական նյութեր տեղադրելու առումով եւ այլն: Մինչեւ տարեվերջ այն ներդրված կլինի: Սակայն մի բան է ունենալը եւ տեղադրելը, մեկ այլ բան է այդ ամենն աշխատեցնելը, թափանցիկ լինելը եւ այլն: Մի համայնքի ղեկավար կարող է ասել` այո, ես ի՞նչ ունեմ թաքցնելու, թող քաղաքացիները տեղեկանան եւ՛ համայնքապետի, եւ՛ ավագանու որոշումների մասին, մյուսը կարող է ասել` պետք չի իմանան, թե ինչպես վաճառեցի այսինչ կամ այնինչ բանը եւ այլն: Համակարգն այնպես է ստեղծված, որ հնարավոր չէ մի որոշումը տեղադրել, մյուսը` ոչ: Դա ավտոմատ համակարգ է, որն ապահովում է գործընթացը, եւ կարող է հասանելի լինել ցանց մուտք գործող քաղաքացիներին: Դա կարող է վերաբերել բյուջեին, աճուրդներին, աշխատանքի թափուր տեղերին եւ այլն: Բայց պետք է կառավարությունը, նախարարությունը հետեւողական լինեն, որպեսզի դա կիրառվի:

Եթե կառավարությունն ուզում է իմանալ, թե այսինչ համայնքում ինչպիսին է վիճակը եւ տեսնի, որ տվյալներ չկան թարմացված, պետք է արձագանքի դրան: Հիմա ՏԻՄ ընտրություններ են, եւ չեք կարող նշել մի համայնք, որտեղ համայնքապետը հայտարարություն անի, որ բանիմաց մարդիկ առաջադրվեն ավագանու թեկնածու, հակառակը, փնտրում-գտնում են մարդկանց, որոնք ավերապահորեն ձեռք կբարձրացնեն: Եվ այս դեպքում, իրոք, խնդիր կունենանք ավագանու որոշում ստանալու առումով, ավագանին ներկայացուցչական մարմին դարձնելու առումով: Հակառակ դեպքում ի՞նչ խնդիր կա, որ ավագանին ձեւավորվի գրագետ եւ բանիմաց մարդկանցից:

Հ. Մարգարյան - Այստեղ մի խնդիր էլ կա, որին ես միշտ դեմ եմ եղել` կապված համայնքապետերի առաջադրման հետ: Ցավոք, 2006 թ. օրենքում փոփոխություն կատարվեց, եւ նրանց հնարավորություն տրվեց անընդմեջ ընտրվելու:

Ս. Պետրոսյան - Պրն Ազիզյան, Աղքատության ռազմավարական ծրագիրն իրականացնելու հարցում մարզային համայնքապետարաններն ի՞նչ դերակատարություն են ունենում, եւ ՏԻՄ մարմինների հետ ինչպիսի՞ խնդիրներ եք ունենում աշխատանքի ընթացքում:

Հ. Ազիզյան - Ծրագիրը վերանայման փուլում է եւ այնտեղ անդրադարձել ենք ՏԻՄ խնդիրներին, նրանց գործունեության հրապարակայնությանը՝ որպես կարեւորագույն խնդիր: Սակայն, ծրագրում չի մասնավորեցվում, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն այն ապահովելու համար: Ես համաձայն եմ պրն Գիմիշյանի հետ, որ այստեղ ավելի շատ ընթացիկ աշխատանքներ կազմակերպելու խնդիրներ են, եւ ավելի շատ երեւի նախարարությունների կամ մարզպետարանների կողմից այս խնդիրների բարձրաձայնումն ու կարեւորումը պետք է լինի: Հասկանալի է, որ փոքր համայնքներում այս խնդիրները դժվար է լուծել, բայց մեծ համայնքներում հրապարակայնության եւ թափանցիկության ապահովումը ֆիքսված է ԱՀՌԾ-ում: Հաշվի առնելով լիազորությունների սահմանափակումները՝ դժվարանում եմ ասել, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատանքները տարվեն: Իմ կարծիքով՝ այստեղ ավելի լուրջ դերակատարում ունեն ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, որոնք պետք է հետեւողական լինեն աշխատանքները կազմակերպելու իմաստով:

Պետությունը լրացուցիչ աշխատանքներ, դրամաշնորհային ծրագրեր պետք է իրականացնի, քննարկումներ կազմակերպի, որպեսզի տեղական մակարդակում գործող ՀԿ-ները հնարավորություն ունենան ակտիվորեն գործել այդ ոլորտում:

Տարածքային կառավարման նախարարությունը հնարավոր է որոշակի առաջարկություններով առաջընթաց ապահովելու հիմքեր ստեղծի, բայց, իմ կարծիքով, տեղում պետք է այս աշխատանքն իրականացնել, որովհետեւ որտեղ ՀԿ-ներն ակտիվ են գործել, այդտեղ որոշակի առաջընթաց կա: Փորձառու ՀԿ-ներին պետք է հնարավորություն տալ այդ աշխատանքում առավել մեծ ջանքեր ներդնել: Նաեւ բյուջետային հաշվետվությունները պետք է պարզեցվեն, բոլորին հասկանալի մակարդակով, դրա ընկալման խնդիրը պետք է ապահովվի: Մյուսը` առավել շատ աշխատանք պետք է կատարել պահանջարկի առումով: Բնակչությունը պետք է պահանջատեր դառնա այս հարցում, եւ դա պետք է ձեւավորեն ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները: Պետությունը ՀԿ-ների աշխատանքը պետք է բարձրացնի նոր մակարդակի:

Ս. Պետրոսյան - Անվիճելի է, որ համայնքապետերի համար վերեւից արված ցանկացած առաջարկ ընդունելի է, իսկ ներքեւից ինչքան ուզում ես աշխատիր, մինչեւ վերեւի պարտադրանքը չլինի` չեն կատարի: Ուզում եմ շեշտել նաեւ, որ հանրությունը մարզերում բնավ իրազեկված չէ իր իրավունքներին, նա չգիտի, որ իրավունք ունի փաստաթղթերին ծանոթանալու պահանջ ներկայացնել, ծախսումների մասին հաշվետվություն պահանջել եւ այլն: Եվ այդ բարիերը դրա համար էլ այդքան ամուր է դրված: ՀԿ-ների ու լրատվամիջոցների վրա է բնակչությանն իրազեկելու բեռը, եւ իմ համոզմունքն էլ այն է, որ ներքեւից պետք է դա արվի: Սակայն մենք այսօր մի շատ լուրջ խնդիր ունենք` թերթերը մարզեր չեն հասնում, որպեսզի հրապարակումների միջոցով բնակչությանը կարողանանք հուշել, դաստիարակել, կրթել եւ այլն: Մարզերում ունենք լրատվամիջոցներ` հեռուստատեսություն, թերթեր, սակայն տեղական իշխանությունները ցանկություն չունեն բնակչության հետ հաղորդակցվելու, իրենց ծրագրերն ու աշխատանքները ներկայացնելու: Բնակչությունը կարիք ունի իր խնդիրների մասին խոսելու, սակայն անգամ մարզպետն ուզում է Երեւանում իր ասուլիսը անցկացնել:

Ա. Ղուկասյան - Հանրային իրազեկումը կարեւորում ենք, սակայն սահմանամերձ փոքր համայնքները վերանում են, այս մասին մտածենք: Ճամբարակի տարածքում մասսայաբար հողերից հրաժարվում են: Մարդիկ չգիտեն էլ, թե իրենց հողերն ով է մշակում, ապառքները միլիոնների են հասել: Ձեր աշխատանքից հետո մարզպետի կարգադրությամբ գրաֆիկով համայնքապետերի հաշվետվություններ են ներկայացվում հանրությանը: Տեղական հեռուստատեսությամբ հայտարարություն ենք տալիս, որ այսինչ տեղում համայնքապետի հաշվետվությունն է լինելու: Հաշվետվություններ ներկայացնելը մարզպետի առաջարկով է եղել, եւ ինքն էլ օրը 3-4 համայնքում մասնակցում է:

Ս. Գիմիշյան - Թափանցիկության խնդիրը լուծելու համար պետք է ավագանու ինստիտուտը կայացնել եւ ավագանու ու համայնքապետի միջեւ կոնֆլիկտ ստեղծել, մրցակցություն, պայքար եւ այդ դեպքում ամեն մի կողմը կձգտի հրապարակայնության: Եթե մի անգամ ավագանու ապօրինի որոշման համար պատժվեն համայնքապետն ու ավագանին, մյուս անգամ միայն գրագետը կընտրվի: Ի՞նչ պետք է անենք մենք ներքեւից. իմ համոզմամբ՝ ավագանուց պետք է նախագահ ընտրել եւ նրան վարձատրենք, որ ինքը նախագահի նիստը, ոչ թե համայնքապետը: Մենք դրանով կփրկենք միլիոններ: Համայնքապետը որոշման նախագիծը կներկայացնի ավագանու քննարկմանը, նա թող քննարկի: Շահերի բախում պետք է ստեղծել, որը կբերի որոշումների ընդունման նկատմամբ պատասխանատվության: Շատ անգամ համայնքապետն ասում է` ավագանին որոշել է, ես էլ արել եմ, ես ի՞նչ մեղք ունեմ: Պատասխանատու դարձնենք ավագանուն: Համայնքի ղեկավարը քաղաքական որոշում ընդունելու իրավունք չունի: Թափանցիկությունն ապահովելու երկու առաջարկ ունեմ`

1. ավագանին դարձնել ինքնուրույն. ունենալ ավագանու նախագահ, որը կվարի նիստերը,

2. համայնքին բյուջետավորել ըստ աշխատանքի արդյունքների:

Մեր կազմակերպությունը երկար տարիներ բյուջեի հանրային քննարկումներ էր կազմակերպում, բայց դա հետաքրքիր չէր: Ըստ արդյունքների ներկայացնելն արդեն պարզ ու հասկանալի է բնակչության համար: Եվ այդ նպատակի համար պետք է օգտագործել մարզային լրատվամիջոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter