HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանի հաշվետվությունը՝ հոկտեմբերի 3-7-ը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասին

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հաշվետվությունը 2011 թ. հոկտեմբերի 3-7-ը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների մասին

 - 3 հոկտեմբերի - Հարց ԵԽ  Նախարարների կոմիտեի նախագահող, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար պարոն Կ.Գրիշչենկոյին.

Ելույթը տես այստեղ

Հարց - Տիկին ՓՈՍՏԱՆՋՅԱՆ (Հայաստան) – Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Նախարարների կոմիտեի կողմից, որպեսզի Թուրքիայում լուծվեն  ազատազրկված լրագրողների, խոսքի ազատության եւ Հրանտ Դինքի գործով շարունակական դարձած արդար դատաքննության բացակայության,  մասնավորապես` Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի առկայության վերաբերյալ խնդիրները:

Պատասխան - Պարոն ԳՐԻՇՉԵՆԿՈ  - Թույլ տվեք ընդգծել, որ խնդիրները կապված մամուլի ազատության, եւ լրագրողների հնարավորությունը` ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական  ունակությունը, ​​կարեւոր են եւ պարբերաբար քննարկվում են  Նախարարների կոմիտեում` անդամ պետությունների ներկայացուցիչների  եւ քարտուղարության կողմից: Այլ երկրներում ևս այդ խնդիրները  պետք է մանրակրկիտ վերլուծվի և ուսումնասիրվի, ես կզեկուցեմ Ձեզ, երբ Նախարարների կոմիտեն նման որոշում կունենա:

- 4 հոկտեմբերի - ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանը ներկայացրել  է Խոսքի ազատությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում զեկույցի և բանաձևի նախագիծ, որը վերջնական քննարկվել է և քվեարկության կդրվի ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովում 2011 թվականի դեկտեմբերին:

4 հոկտեմբերի - Ազգային ինքնիշխանությունը եւ պետականությունը ներկայիս միջազգային իրավունքում. պարզաբանման անհրաժեշտություն ունի զեկույցի և բանաձևի քննարկման ժամանակ  Զարուհի Փոստանջյանը  ելույթ է ունեցել.

Ելույթը տես այստեղ

Կայսրություններում ապրող ժողովուրդների պայքարը հանուն ազատության և անկախության գաղութային տերությունների կողմից գրեթե մշտապես ենթարկվել է բիրտ և հալածասպան քաղաքականության, որի  ամենասահմռկեցուցիչ օրինակն է Օսմանյան կայսրությունը և նրա իրավահաջորդ Թուրքիան: Առաջինը պետականորեն կազմակերպեց հայ ժողովրդի Ցեղասպանությունը և Մեծ հայրենազրկումը, իսկ երկրորդը, առանց ապաշխարելու` մինչ օրս  օգտվում է հանցագործության «պտուղներից»:

Ցավալի է, երբ արդարացի լուծումները փոխարինվում են շահերի գերակայությամբ: Ասվածի վառ օրինակը ոչ միայն Հյուսիսային Կիպրոսի, այլ նաև Արևմտյան Հայաստանի բռնազավթումը Թուրքիայի կողմից` հանդուրժելն է: Թուրքիան մինչ օրս մարդկության դեմ գործած հանցագործության` հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության ու նրանց տարածքների բռնազավթման համար չի մեղանչել և արժանիորեն չի դատապարտվել, ինչն իր հերթին նաև հանդիսանում է Եվրոպային Թուրքիայի ինտեգրման  խոչընդոտներից մեկը: 

Տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող  գործունեության ապացույցներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության հետ ներկայումս գոյություն ունեցող սահմանի միակողմանի փակումն է, ինչը փաստացի հանդիսանում է պատերազմական գործողություն: Սահմանը բացելու համար շանտաժի դիմելը` հավելյալ նախապայմանի թելադրումը կապված է ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որն իր անկախության այս 20 տարիների ընթացքում ժողովրդով, տարածքով, օրենսդրությամբ, ժողովրդավարական ձեռքբերումներով և ընտրություններով փոփոխվող պետական իշխանությամբ այսօր պատրաստ է դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ` հետագայում Եվրամիությանը անդամակցելու հեռանկարով:

Կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը իր հետագա քաղաքականությունը վարելիս պետք է առավել խիստ վերաբերմունք որդեգրի հատկապես Թուրքիայի հանդեպ` հաշվի առնելով, որ վերջինս իր իշխանության ներքո գտնվող ներկայիս տարածքը զավթելով բնիկ ժողովուրդներից և նրանց վերածելով էթնիկ փոքրամասնությունների` այսօր ևս շարունակում է չհարգել այդ փոքրամասնությունների իրավունքներն ու մշակույթները, ինչի ապացույցներից մեկն էլ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի» և «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» չստորագրելն ու չվավերացնելն է:

 5 հոկտեմբերի -  Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում զեկույցի և բանաձևի քննարկման ժամանակ  Զարուհի Փոստանջյանը  ելույթ է ունեցել և բանաձևի նախագծում առաջարկել է հինգ փոփոխություն.

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում բանաձևի նախագծում առաջարկները հետևյալներն են.

Բանաձևի նախագծի կետի վերաբերյալ առաջարկվել են հետևյալ փոփոխությունները.

  • 2008 թվականի մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ, որ ապագայում կանխարգելվեն նման իրավիճակների զարգացումները: Նախնական տարբերակը հայտարարում էր, թե` այդ առաջարկությունները ամուր հիմք են հանդիսանում: Այս առաջարկն ընդունվել է մասնակի և ստացել է հետևյալ ձևակերպումը` կարող է ադեկվատ հիմք հանդիսանալ:
  • Նոր ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ ավելացնել բանաձևի նախագծի 6.1 հոդվածում հետևյալ նախադասությունը` բայց միեւնույն ժամանակ մտահոգված է խորհրդարանական ընդդիմության կողմից «ՀՅԴ» եւ «Ժառանգություն» հիմնական կարեւոր փոփոխությունների մերժմամբ: Առաջարկը չի ընդունվել:
  • Ընտրական գործընթացի վերաբերյալ բանաձևի նախագծի 6.4  հոդվածից առաջարկվել է հանել հետևյալ նախադասությունը` և զերծ մնալ որեւէ գործողությունից կամ հայտարարությունները, որոնք կարող են սասանել հանրային վստահությունը ընտրական գործընթացի եւ նրա արդյունքների նկատմամբ: Առաջարկը չի ընդունվել:
  • Առաջարկվել է բանաձևի նախագծից ընդհանրապես հանել 2008 թվականի մարտի 1-ի փակման վերաբերյալ 11 հոդվածը: Առաջարկը չի ընդունվել: Որպես փոխզիջումային տարբերակ ավելացվել է մեկ նախադասություն, որ Վեհաժողովը շարունակելու է հետևել 10 զոհերի սպանության քննությանը` չթուլացնելով  իր ուշադրությունը:

Քննարկման բանավեճը և ելույթը տես այստեղ

Հայաստանի Հանրապետության հասարակությունը հավատացած էր, որ անդամակցելով Եվրոպայի խորհրդին` այլևս կբացառվեն ընտրությունների զանգվածային կեղծումները, որ խաղաղ բողոքի մասնակցելու համար չեն ենթարկվելու բռնության, հանիրավի հետապնդման ու ազատազրկման և այլն: Սակայն մեր հավատը իրականություն չդարձավ: Ավելին. 1995 թվականին ծնված հրեշը` ընտրակեղծումը, հասունանալով` 2008 թվականին արդեն որոշեց համտեսել նաև մարդկանց կյանքի գնով ձեռք բերած իշխանությունը:

Եվ ինչ, ԵԽԽՎ-ն կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել հանրային վստահությունը ընտրական գործընթացի և դրա արդյունքների հանդեպ: Ինչպիսի վստահություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով 1995 թվականից ականատեսն եղավ հրեշի ծնունդին, երբ կեղծիքով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը` ամրագրելով գործադիր իշխանության ամբողջական գերակայությունը դատական իշխանության նկատմամբ:

1996 թվականին հրեշն առաջին անգամ օգտագործելով ՀՀ զինված ուժերը և կրակելով միայն օդ, բռնություններով հետապնդելով և ազատազրկելով այլախոհներին` անհավատություն սերմանեց ընտրությունների նկատմամբ: Մնալով անպատիժ` հրեշը Եվրոպայի խորհրդի կազմում նորից կատարեց հանցագործություն. 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը առաջին անգամ համտեսեց խաղաղ բողոքի մասնակիցների արյունը` չզրկելով նրանց կյանքից: Սակայն արյան համը նրան շատ դուր եկավ և մեծ լիցքեր տվեց, ինչը 2008-ին հանգեցրեց 10 մարդու սպանության:

Իհարկե, հրեշի ծնունդը, նրա կենսունակ կյանքը և ավտորիտար ռեժիմի գոյությունը պայմանավորված էին առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով. մենք թույլ տվեցինք, որ նա զինվի իրեն ենթակա դատական իշխանությամբ, լրատվամիջոցների բացառիկ վերահսկմամբ, իրեն վերարտադրող ընտրական օրենսդրությամբ և այլն:

Հրեշին նախ պետք է զինաթափել: ԵԽԽՎ-ն այս հարցում կարող է աջակից լինել: Սակայն ընտրությունների դիտարկումներից հետո նրա «մի քայլ առաջ» հայտարարությունները, իշխանություններին դրվատող խոսքերը կասկածներ են հարուցում, որ ԵԽԽՎ-ն ինքն է լծվել հրեշի ընտրակեղծումի զինտեխնիկայի վերազինմանը, որի ապացույցներից են նոր Ընտրական օրենսգրքի գովերգումը, ազատ հեռուստաընկերության բացակայության հանդուրժումը, մարտի 1-ի էջը փակված համարելու մասին  հայտարարությունները և այլն:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ազատատենչ քաղաքացիները հույսը չեն դնելու հրաշքի վրա, այլ դիմելու են առավել արդյունավետ միջոցների` ինքնակազմակերպման,  զանգվածային  ընդվզման և ինքնապաշտպանության:  Իսկ Եվրոպայի խորհրդից ակնկալում ենք հրեշի զինաթափման և դատապարտման գործընթացում լինել մեր դաշնակիցը:

5 հոկտեմբերի - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)» Գրավոր հռչակագիրը ( Doc. 12758) Զարուհի Փոստանջյանի կողմից դրվել է շրջանառության մեջ, որին միացել են ԵԽԽՎ 14 երկրի 32 պատվիրակ:

Փաստաթուղթը տես այստեղ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)»

«20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:

Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:

Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`

մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ»:

Հռչակագիրը ստորագրել են`
Զարուհի Փոստանջյան, Հայաստան EPP/CD
Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE
Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE
Գագիկ Բաղդասարյան, Հայաստան ALDE
Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC
Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD
Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC
Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD
Իտալո Բոչինո, Իտալիա, NR
Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD
Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD
Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD
Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD
Հանս Ֆրանկեն, Նիդերլանդներ, EPP/CD
Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG
Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD
Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD
Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD
Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD
Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE
Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD
Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC
Արմեն Մելիքյան, Հայասատն ALDE
Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE
Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD
Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD
Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD
Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC
Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC
Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC
Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE

EPP/CD: Group of the European People’s Party -Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ
SOC: Socialist Group -Սոցիալիստների խումբ
ALDE: Alliance of Liberals and Democrats for Europe -Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք
EDG: European Democratic Group -Եվրոպական դեմոկրատների խումբ
UEL: Group of the Unified European Left- Միացյալ եվրոպական ձախերի խումբ
NR: not registered in a group- Որեւէ խմբում չգրանցված

Ոչ պաշտոնական թարգմանություններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter