
Ոստիկանները «Նովոյի դեմ անզո՞ր են»
Այս պահին, թեեւ կեսգիշերն անց է, Արմավիրի մարզում մոտ 150 վարորդներ հավաքվել են Արմավիր քաղաքի ավտոկայանում եւ իրավապահներից պահանջում են ապահովել իրենց անվտագությունը: Նրանք Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող թիվ 207 երթուղային տաքսու վարորդներն են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխանցելով հավաքվածների խոսքերը, հայտնում է, որ մի քանի ժամ առաջ մի խումբ երիտասարդներ կտրել են 207 երթուղու «Գազել»-ների ճանապարհը, բռնություն գործադրել որոշ վարորդների նկատմամբ եւ սպառնացել, որ եթե շարունակեն երթուղին սպասարկել, ամեն ինչ շատ վատ կավարտվի:
Թիվ 207 երթուղին մոտ 10 տարի է՝ սպասարկում է «Գալակտիկա տրանսսերվիս» ՍՊԸ-ն, իսկ երիտասարդները, որ փորձել են ընկերության գործունեությունը կասեցնել, վարորդների խոսքերով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (մականունը՝ Նովո) շրջապատից են:
Հավաքվածներն ասել են, որ պատգամավորի որոշ մեքենաներ անօրինական ձեւով, առանց համապատասխան լիցենզիայի, սպասարկում են Երեւան-Արմավիր երթուղին, ու հիմա Նահապետ Գեւորգյանը որոշել է «ամբողջ գիծն իրենով անել»:
Ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվածից տեղյակ են: Իրավապահները տարածքում հետախուզական շրջայցեր են կատարում: Սակայն միեւնույն է, հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, թե վստահ չեն, որ վաղն առավոտյան նույնը չի կրկնվի, քանի որ ոստիկանները, վերջիններիս համոզմամբ, «Նովոյի դեմ անզոր են»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել