
Շուշոն իրար է խառնել Արմավիրի ավտոկայանը
Արդեն մի քանի ամիս է՝ Արմավիր քաղաքի ավտոկայանը ամեն առավոտ վերածվում է թատերաբեմի: «Արտակ-Քաջիկ» ՍՊԸ-ն այս տարվա ամռանը մրցույթով նոր երթուղու հաղթող է ճանաչվել: Նախկինում Լեռնագոգ, Դալարիկ, Խանջյան, Արեւիկ եւ Մյասնիկյան գյուղերից Երեւան գնացող ուղիղ երթուղի չի եղել: Գյուղերից մարդիկ «Գալակտիկա» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցներով 200 դրամով եկել են Արմավիր, այնտեղից էլ 400 դրամով հասել են Երեւան: Այժմ նշված գյուղերից միանգամից դեպի Երեւան եւ հակառակ ուղությամբ երթուղին սպասարկում է «Արտակ-Քաջիկ» ՍՊԸ-ն, ինչն էլ կռիվների եւ «ռազբորկաների» պատճառ է հանդիսացել:
Նշենք, որ «Արտակ-Քաջիկը» սպասարկում է 300 դրամով, իսկ «Գալակտիկան»՝ 400 դրամով:
Արմավիրի «Հայավտոկայան» ՓԲԸ-ի պետ Լաուրա Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արմավիրում այլեւս անհնար է աշխատել: Ըստ նրա՝ Արմավիրի ավտոկայանում երթակարգավորողները չեն կարողանում աշխատել, քանի որ «Գալակտիկա» ՍՊԸ-ի վարորդներն աշխատում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ չվացուցակը բանի տեղ չեն դնում:
Ամեն առավոտ Երեւանից Շուշո անունով մի կին գալիս է Արմավիրի ավտոկայան եւ սկանդալ սարքում: Նա ներկայանում է որպես «Գալակտիկայի» սեփականատեր: «Ամբողջ ցավն այն է, որ մեր ազգաբնակչությունն ամեն օր այս կռիվներին է ականատես լինում: Իմ կարծիքով՝ այդպես են անում, որովհետեւ մտածում են գյուղերից Երեւան գնացող ավտոմեքենաներն իրենց խանգարում են»,- ասում է Լ. Մկրտչյանը:
Նույն սկանդալային վիճակն էլ Երեւանի ավտոկայանում է: Շուշոն նույնիսկ տարբերակում է մտցրել ուղեւորների միջեւ: Նա հագուկապից եզրակացնում է, թե որն է գյուղացի, որը՝ քաղաքացի եւ գյուղացի ուղեւորներին չի թողնում «Գալակտիկայի» գազելներից օգտվել:
«Ցավն այն է, որ 2 ինստիտուտ եմ ավարտել, բայց Աստված գիտի՝ ինչ մակարդակի մարդ կարող է այսօր գալ ու բացահայտ ամենավերջին վիրավորանքը տա ինձ: Ես էլ ստիպված պիտի կուլ տամ, որ շանտաժի զոհ չդառնամ: Սա վերեւի օղակի հարց է եւ պիտի լուծում ստանա: Այս վիճակը երկար ձգվել չի կարող»,- ասում է Լաուրա Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ շրջանում բոլորն իրեն ճանաչում են եւ ամաչում է դիմել դատարան:
Լաուրա Մկրտչյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Ասում է՝ պատերազմի մասնակից է, ունի 4 շքանշան եւ ամաչում է այս վիճակի համար:
Արմավիրում խոսում են, որ «Գալակտիկա» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանին եւ հենց նրա հրահանգով են կռիվներ լինում: Լաուրա Մկրտչյանն ասում է, որ այդ լուրերը դիտավորյալ ինչ-որ մեկն է տարածում, ինչը իրականության հետ կապ չունի:
«Ինձ սպառնում են, թե պիտի փասա-փուսեդ հավաքես գնաս: Այդ աղջիկը հոկտեմբերյանցիների գլխին պատուհաս է դարձել: Գալիս, հայհոյանքներ է տալիս, կռիվ է սարքում: Ամբողջ Հոկտեմբերյանն այսօր պրոբլեմատիկ է դարձել: Քաղաքացին չի կարողանում ազատ նախընտրի իր տրանսպորտը»,- նշում է Լ. Մկրտչյանը:
Ըստ տիկնոջ՝ Շուշոն նաեւ շանտաժներ է անում, ինչը գնալով էլ ավելի անտանելի է դառնում: «Ինձ ասում է՝ լսի այ բառիկ, դու իմ վրա դեղ ես վաճառել: Զանգել եմ «շեստոյ», որ գան բոլորին տանեն: Ինձ ասում է՝ դու վենետիկյան պոռնիկ ես: Ես ընտանիք ունեմ, հիմա սկսեմ կռիվ անել, հա՞, տղամարդ կանչե՞մ, ի՞նչ անեմ: Ու դա ամեն օր, չգիտենք, թե ինչ պետք է անենք: Մարդն ինչ որ հույսեր ունի, չէ՞, որ նման բաներ է անում: Ես կարող եմ իմ մարտական ընկերներին էլ կանչել եւ այլն, բայց ամաչում եմ, ընտանիք, երեխա ունեմ, դրանից եմ վատ զգում»,- ավելացնում է Լաուրա Մկրտչյանը:
Ավտոկայանի պետի ասելով՝ այս վիճակի մասին գիտեն նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, սակայն փոփոխություն չկա:
Հ.Գ. Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավոր Նահապետ Գեւորգյանի օգնականը նշեց, որ ՀՀԿ-ականը կապ չունի «Գալակտիկա» ՍՊԸ-ի հետ:
Լուս.՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել