HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնապարծության թանգարան բաց երկնքի տակ

Մեր նորագույն պատմության ամենաառեղծվածային դրվագներից մեկը Շուշիի ազատագրումն է։ Լինելով շրջադարձային՝ այն գայթակղում է արցախյան պատերազմի բոլոր գլխավոր դերակատարներին։

Արկադի Տեր-Թադեւոսյանը Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպելիս ասում է, թե Շուշիի ազատագրման մեջ, ի թիվս այլոց, մեծ դեր է խաղացել նաեւ Սերժ Սարգսյանը, որի հրամանով էլ հենց գրավվել է Շուշին, մինչդեռ ՀՀ առաջին նախագահն այդ ժամանակ գտնվում էր Թեհրանում։

Թող ինձ ների Արկադի Տեր-Թադեւոսյանը, բայց ես նրա խոսքին չեմ հավատում։ Ու չեմ հավատում ոչ այն պատճառով, որ այդ բարդ ու պատասխանատու օպերացիայի հրամանը շնորհում է մեկ մարդու, ոչ էլ այն պատճառով, որ նշում է ՀՀ առաջին նախագահի գտնվելու վայրը, այլ որովհետեւ նման խոշոր ձեռնարկները սովորաբար իրականացվում են հիերարխիկ ձեւով։ Եւ ասել, թե ով է առաջինը գոռացել «վպերյոդ», կամ ով է բացակայել հանրապետությունից, ամենեւին լուրջ չէ։

Անդրադառնալով Տեր-Թադեւոսյանի այս հայտարարությանը` ԼՂ բանակի առաջին համանատար Արկադի Կարապետյանն ասել է. «Շուշին ազատագրելու ժամանակ չորս ուղղություն կար, ես մի ուղղության հրամանատարն եմ եղել՝ Շոշ գյուղի ուղղությամբ»։ Կարապետյանն ասել է նաեւ, թե Շուշիի ազատագրման համար անցկացվող շտաբային քննարկումներում հիմնական գործող անձինք եղել են այդ չորս ուղղությունների հրամանատարները՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիչյանը, ինքը՝ Արկադի Կարապետյանը, ինչպես նաեւ Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյան) եւ Ֆելիքս Գզողյանը։ «Մենք էինք, որ հաճախակի հավաքվում էինք, մտածում էինք՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք։ Մնացածն այդ քննարկումների ժամանակ կարող է եւ եղել են, բայց ես չեմ տեսել։ Սա է իրականությունը, իսկ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է Թեհրանում, դա էլ է իրականություն»։

Թող ինձ ների Արկադի Կարապետյանը, բայց ես իրեն էլ չեմ հավատում, որովհետեւ Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա այդ ժամանակ եղել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի (ԼՂԻՈՒԿ) նախագահը։ Կարո՞ղ էր ԼՂ ԻՈՒԿ նախագահն անմասն մնալ նման կարեւոր օպերացիայի մշակումից, կարծում եմ՝ ոչ։ Իսկ եթե անմասն է մնացել, այդ դեպքում ինչու՞, ի՞նչ նպատակով էր ստեղծվել ԼՂԻՈՒ կոմիտեն, ի՞նչ գործառույթներ ուներ։

Երկու հրամանատարներն էլ՝ եւ՛ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ՛ Արկադի Կարապետյանը չեն տալիս Վազգեն Սարգսյանի անունը։ 1992-ի մայիսին Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր։ Կարո՞ղ էր ՀՀ ՊՆ-ն անմասն մնալ նման կարեւոր օպերացիայի մշակումից, կարծում եմ՝ ոչ։ Իսկ եթե անմասն է մնացել, այդ դեպքում ի՞նչ էր անում պաշտպանության նախարարն այդ օրը կամ ի՞նչ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանության գործողություններին առհասարակ։

Ինձ եւ Էդիկ Բաղդասարյանին տված մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանը պատմում էր, որ Շուշիի ազատագրման օրն ուղիղ կապի մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ, ով ի պաշտոնե կոորդինացնում էր օպերացիան։ Մի այլ առիթով նա իրեն հատուկ առողջ ծիծաղով հերքեց այն լուրերը, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն անտեղյակ է եղել Շուշիի ազատագրումից կամ դեմ է եղել դրան։ Հատուկ ուզում եմ նշել, որ հարցազրույցը եղել է 1996-ի հունվարին, իսկ նախագահի մասին խոսակցությունը՝ 1999-ի օգոստոսին կամ սեպտեմբերին։

Որտե՞ղ կարող էր լինել Հայաստանի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարն այդ օրը՝ Ստեփանակերտու՞մ, Գորիսու՞մ, Երեւանու՞մ, թե՞ երկրագնդի ցանկացած կետում։ Կարծում եմ՝ տրամաբանականը վերջինն է։ Ի՞նչ կարող էր լինել այդ օրը Հայաստանի նախագահի ու գերագույն գլխավոր հրամանատարի ձեռքում՝ Կալաշնիկովի ավտոմա՞տ, հեռադիտա՞կ, ռացիա՞, թե՞ օտարերկրյա դիվանագետի ձեռքը։ Կարծում եմ՝ տրամաբանականը վերջինն է։

Սա համոզմունք է դառնում, երբ ծանոթանում ես գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի կարծիքին։ «Ես այն ժամանակ եղել եմ գլխավոր շտաբի հրամանատարը, ռազմական գործողությունից երկու ամիս առաջ ես ստացել եմ այդ հանձնարարությունները, դրանց քաղաքական նպատակը, եւ ուրիշ ոչ մեկը չի միջամտել։ Հետո արդեն հանձնարարություններն ուղղվել են հրամանատարներին, ամեն ինչ գնացել է իր հերթով, վերեւից որեւէ մեկը չի ճնշել մեզ՝ ո՛չ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը, ո՛չ էլ պաշտպանության նախարարը»։

Գեներալ-գնդապետի այս խոսքը ոչ միայն բացահայտում է ճշմարտությունը, այլ առաջացնում կարեւոր մի հարց՝ ի վերջո, ո՞վ է ազատագրել Շուշին՝ պետությու՞նը, թե՞ անհատները։

Եւ հիմա՝ տասնվեց տարի անց, երբ քայլում ես Շուշիի փողոցներով, տեսնում ավերված ու այրված շենքերի կմախքները, կողպված-անբնակ տները, մուրացկան երեխաներին ու կանանց, ավելի արժանահավատ է թվում երկրորդը։ Մի խումբ անհատներ մշակել են Շուշիի ազատագրման պլանը, իրականացրել օպերացիան ու հեռացել՝ քաղաքը դարձնելով սնապարծության թանգարան բաց երկնքի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter